Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՆԹԵԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ ՊԱՏԻՎ Է, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ



ՄՈՆԹԵԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ ՊԱՏԻՎ Է, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՀայաստանյան լավագույն կրթօջախներից մեկում ենք՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որտեղ ուսումնառության համար ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխանող գերազանց պայմաններ: Այստեղ հանրակրթական ավագ դպրոցի ծրագրով նախատեսված բոլոր առարկաներին զուգահեռ ուսուցանվում է նաեւ ռազմագիտական 9 առարկա։

-Վաժարանը քայլում է ժամանակին համահունչ, պարբերաբար թարմացվում են ռազմակրթական ծրագրերը,- ասում է վարժարանի պետի տեղակալ Աշոտ Պետրոսյանն ու խոսում վարժարանի վերջին նորամուծության մասին:

-Քանի որ մեր սաները հետագայում կրթությունը ռազմական ուղղությամբ շարունակելու դեպքում կարող են ուսանել նաեւ արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում, որոշել ենք օտար լեզուների երեք նոր խմբակ բացել՝ իտալերենի, ֆրանսերենի և հունարենի։ Դեռ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, խմբերը նոր են ձևավորվել, բայց ցանկացողները շատ են։

***

Ռազմամարզական վարժարանի լսարաններում, շարահրապարակում ու մարզասրահներում եռուն պարապմունքներ են ընթանում:

Մոնթեականների մի խումբ կուռ ու ձիգ քայլում է շարահրապարակում: Դասակի հրամանատար, կապիտան Գագիկ Մինասյանը հետեւում է տղաների շարային քայլքին, հրահանգավորում:

Սահմանային զորամասում ծառայած կապիտանը 2009 թվականից դասավանդում է ռազմամարզական վարժարանում, ինքն էլ նախկին մոնթեական է:

-1997-1999 թվականներին եմ սովորել Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում: Տարիների ընթացքում զգալի փոփոխություններ են կատարվել, համեմատության եզրեր չկան այն ժամանակվա ու ներկայի պայմանների միջև՝ շենքային համալիրից մինչեւ կենցաղային պայմաններ, նյութատեխնիկական հարուստ բազա… Վարժարանում ամեն հնարավորություն կա և՛ որակյալ ուսում ստանալու, և՛ մարզվելու, և՛ հանգստի համար,- մեզ հետ զրույցում ասաց կապիտան Մինասյանը:

Գագիկը զինվորականի որդի է, հիմա էլ իր որդին է շարունակում ավագների ճանապարհը, ռազմամարզական վարժարանում է սովորում, ցանկանում է ռազմական բժիշկ դառնալ:

***

ՄՈՆԹԵԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ ՊԱՏԻՎ Է, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԱրդեն քանի տարի մոնթեականների շարքերը նաև աղջիկներ են համալրում: Նարե Բազոյանը նրանցից մեկն է, արտաքինից փխրուն ու նրբիկ, սակայն բնավորությամբ բավականին հաստատուն ու նպատակասլաց մի աղջնակ:

-Փոքր տարիքից երազել եմ զինվորական դառնալ, բայց ծնողներս դեմ էին, ասում էին՝ աղջկական մասնագիտություն ընտրիր: Ընդունելության վերջին օրն եմ փաստաթղթերս հասցրել հանձնել՝ «Մոնթեն» ինձ համար իրական ճանապարհ է դեպի բարձունք, դեպի երազանքիս իրագործում: Անկեղծ կլինեմ՝ սկզբնական շրջանում բավականին դժվար էր, բայց ամեն ինչ աստիճանաբար իր հունի մեջ ընկավ, դասակիս տղաներն էլ շատ լավ են վերաբերվում, հարգանքով: Ի դեպ, եղբայրս էլ է որոշել «Մոնթե» ընդունվել:

-Ինքս անձամբ աղջիկների ծառայությանը դեմ չեմ՝ հայրենիքի պաշտպանությունը սեռ չի հարցնում,- մեր զրույցին է միանում երրորդ կուրսեցի Կարապետ Դարբինյանը,- մայրս էլ է զինծառայող, հայրս էլ արդեն պահեստազորում է:

Մանկուց տեսել եմ զինվորական կյանքի բոլոր դժվարությունները: Ծնունդով Արթիկից եմ, բայց Արթիկում համարյա չենք ապրել: Հայրիկիս ծառայության բնույթով պայմանավորված՝ մեր ընտանիքը անընդհատ մի բնակավայրից մի այլ բնակավայր է տեղափոխվել: Բայց ոչ մի դժվարություն չի կարող ինձ հետ պահել զինվորական դառնալու ճանապարհից: Հորս օրինակն է ինձ առաջնորդում, ինքն էլ է ռազմական կրթություն ստացել, կապավոր է: Հայրս մարտական գործողությունների մասնակից է, ես տեսել եմ նրա նվիրումը, տեսել եմ զինակից ընկերների հարգանքն ու ունկնդիր եղել հորս մասին նրանց պատմություններին: Այնպես որ՝ կրթությունս շարունակելու եմ ռազմական բուհում: Մեր երկիրն ամուր ու անառիկ պահելու համար պիտի ուժեղ լինենք, բանիմաց ու գրագետ կադրեր ունենանք,- շարունակում է Կարապետն ու Մոնթեի խոսքերը մեջբերում. ՄՈՆԹԵԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ ՊԱՏԻՎ Է, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ«Գրագիտությունը ավելացնում է հրացանի օգտագործման ճշգրտությունը»։ Վարժարանում զինվում ենք գիտելիքով ու տարբեր հմտություններով՝ անտառային պայմաններում ճիշտ կողմնորոշվելու, չմոլորվելու, առաջին բուժօգնություն, լեռնային պատրաստություն…

Մոնթեական լինելը պատիվ է, հպարտություն, ու պիտի առաջնորդվենք ազգանվեր հայի գաղափարներով ու պատգամներով:

-Մեր վարժարանում սովորող ամեն մեկը եւ ընդհանրապես յուրաքանչյուր հայ պետք է Մոնթեի նման անկեղծ ու անմնացորդ սիրի հայրենիքը,- իրար լրացնելով ասում են ճամբարակցի եղբայրներ Սերժն ու Տիգրանը:

-Համազգեստը միշտ էլ սիրել եմ, իսկ 44-օրյա պատերազմից հետո հաստատապես որոշեցի զինվորական դառնալ՝ մենք պիտի կարողանանք մեր երկիրը պաշտպանել,- ասում է եղբայրներից ավագը՝ Սերժը,- վարժարանն ինձ մեծ հնարավորություն է տվել պատրաստվելու, առաջին քայլերն անելու որպես ապագա սպա։

Ավագ եղբոր օրինակին էլ հետեւել է կրտսեր եղբայրը՝ Տիգրանը:

ՄՈՆԹԵԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ ՊԱՏԻՎ Է, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ-Ճիշտ է, մեր ծնողների համար դժվար է, որ իրենց զավակները տնից հեռու են, բայց նաեւ հպարտ են մեր ընտրությամբ, մենք հայրենիքի ապագա պաշտպաններն ենք։ Շատերին ենք խորհուրդ տալիս գալ այստեղ սովորելու: Հիանալի մասնագետներ են այստեղ դասավանդում, հնարավորինս մատչելի բացատրում դասանյութը, սպաներն էլ ավագ ընկերոջ պես են: Վարժարանի պայմանները շատ լավն են, եվրոպական չափանիշներին համապատասխան: Միանշանակ, այս ընթացքում և՛ մեր գիտելիքն է ավելացել, և՛ ավելի ենք ամրացել ֆիզիկապես,- վստահեցրեց Տիգրանը։

Սերժն այս տարի կավարտի ուսումնառությունը «Մոնթեում» եւ զինվորական ուղին կշարունակի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Վարժարանում ստացած հիմնարար գիտելիքների շնորհիվ պատանի մոնթեականը միջազգային օլիմպիադայում զբաղեցրել է պատվավոր երրորդ տեղը:

Կիրթ ու բանիմաց, բազմակողմանի զարգացած են մոնթեականները, տարբեր միջազգային մրցույթների են մասնակցում եւ մշտապես նվաճումներ գրանցում։

Կրթօջախի որդեգրած կարգախոսին համահունչ՝ նոր բարձունքների հասնելու վստահ քայլերով մոնթեականները շարժվում են առաջ։

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (1509) 27.11.2023 - 01.12.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/11/2023