Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔ



ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվեց գումարտակի դաշտային վարժանք՝ մարտավարական տարբեր դրվագների խաղարկմամբ: Վարժանքի հիմնական նպատակը անձնակազմի մարտավարական գիտելիքների մակարդակը բարձրացնելն էր, անհատական վարպետությունը կատարելագործելը: Ցուցադրական պարապմունքների ընթացքում մասնակիցները ծանոթացան ժամանակակից համազորային մարտում պաշտպանական գործողությունների կարգին և առանձնահատկություններին: Գործնականում ցուցադրվեց նաև գումարտակում առկա հիմնական սպառազինության կիրառման կարգը:

Սցենարի համաձայն՝ գումարտակի պահպանության տեղամասում պայմանական հակառակորդի հարձակումից հետո գումարտակի անձնակազմը կենտրոնացման շրջանից երթ է կատարում, բացազատվում է տվյալ տեղամասում, զբաղեցնում պաշտպանության նպաստավոր բնագիծ: Պայմանական մարտական գործողությունների ընթացքում կիրառվում են սպառազինությունում առկա տարբեր միջոցներ, ըստ անհրաժեշտության ներգրավվում են նաև աջակցող ուժեր: Բոլոր ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների շնորհիվ պաշտպանական մտահղացումներն իրագործվում են ամբողջությամբ, պաշտպանության բնագիծը չի փոխվում: Հընթացս, մարտական հրաձգությամբ նաև ստուգվեց զորամասում կրակային պատրաստության պարապմունքների արդյունավետությունը:

Դաշտային վարժանքին նախորդել է տեսական և գործնական պարապմունքների հագեցած շրջանը: Պայմանագրային զինծառայողները գործնականում ամրապնդել են առօրյա ծառայության ընթացքում ձեռք բերած մասնագիտական կարողությունները:

Փոխգնդապետ Տիգրան Վարդանյանը վարժանքին մասնակցող գումարտակի հրամանատարն է: Նրա գնահատմամբ՝ վարժանքը նպաստելու է ստորաբաժանման մարտունակության ամրապնդմանը:

-Ստորաբաժանման հաջողության հիմքում դրել ենք արագ գործելու և ճիշտ ղեկավարելու հմտությունների համատեղումը: Ուսումնական կետերում իրենց արդյունավետությունը փաստել են նռնականետային, հակատանկային մոբիլ խմբերը: Որպես գումարտակի հրամանատար, անձնակազմի գործողություններից գոհ եմ, բոլոր առաջադրանքները կատարվել են ճիշտ և ժամանակին:

ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՎարժանքի ընթացքում գերազանց գործեցին մեր տանկիստները: Տանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Էդգար Կարապետյանը նշեց.

-Անձնակազմն իր առջև դրված խնդիրը կատարել է, մարտական հրաձգության ժամանակ բոլոր նշանակետերը խոցվել են ընթացքից և կողային կրակով: Իրականացվել են ծխաքողարկման աշխատանքներ։ Հատկապես գոհ եմ հրաձգային անձնակազմի հետ համագործակցության մակարդակից: Մեր տանկիստներն իրենց հմուտ գործողություններով ապահովեցին բնագծի պաշտպանության կազմակերպումը:

Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Փիլոսյանը հինգ տարի է՝ ծառայության մեջ է, մարտական գործողությունների մասնակից է:

-Նմանատիպ իրական մարտական իրավիճակում եղել եմ: Հիմա նաև նոր մարտավարություն ենք փորձել մշակել: Լիարժեք կատարեցինք առաջադրված խնդիրները՝ դասակների միջև կրակային աջակցման ապահովումը, թիրախների խոցումը, համապատասխան բնագծերի զբաղեցումը: Դժվարություններ կային, իհարկե, սակայն դրանք հեշտ են հաղթահարվել, քանի որ յուրաքանչյուրս զգացել է զինակից ընկերոջ աջակցությունը:

Ամփոփելով վարժանքը՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանն ասաց.

-Մասնակից ստորաբաժանումները հիմնականում կարողացան իրենց գործողություններով լիարժեք կատարել առաջադրված մարտական խնդիրը։ Շատ դեպքերում հրամանատարները մարտը ղեկավարելու ընթացքում հմուտ օգտագործեցին տեղանքի հնարավորությունները։ Արդյունավետ կիրառվեցին խոցման միջոցները, որոնք սպասման շրջաններից ազդանշանով դուրս բերվեցին կրակի բացման բնագիծ։ Իհարկե, կային բացթողումներ, առաջիկայում վարժանքի արդյունքներն ամփոփելուց հետո միջոցներ կձեռնարկենք դրանք վերացնելու ուղղությամբ։ Կատարելագործվելու տեղ միշտ կա։

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #43 (1508) 22.11.2023 - 29.11.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/11/2023