ԵՐԲ ԿԱ ՆՊԱՏԱԿ ԵՎ ԿԱՄՔԻ ՈՒԺ
Ավագ սպա, փոխգնդապետ Սերգեյ Մայիլյանը ներգրավված է ներկայումս զորքերում ընթացող ատեստավորման քննական հանձնաժողովում։ Փորձառու սպան վերջերս ինքն էլ է ատեստավորվել՝ արձանագրելով ամենաբարձր ցուցանիշները. «գերազանց» է հանձնել բոլոր չորս քննությունները։ Փոխգնդապետ Մայիլյանը ձեռնամարտի մասնագետ է: Մինչև ծառայության անցնելը՝ երկար տարիներ զբաղվել է արևելյան մարզաձևերով՝ քիքբոքսինգ, ուշու-սանդա։ Զորային բոլոր օղակներով անցած սպան հաղթահարել է նաև զինծառայության հետ կապված բոլոր դժվարությունները և համոզվել, որ հաջողության հասնելու համար զինվորականը անդադար պետք է կատարելագործվի, հղկի իր ֆիզիկական կարողությունները, որոնք կարևոր հիմք են հոգևոր, մտավոր և կամային որակների զարգացման համար։ «Դե, իսկ եթե նպատակասլացությանը գումարվում է կամքի ուժը, ցանկացած դժվարություն հաղթահարելի է»,- ասում է Սերգեյը։
1998 թվականին ավարտելով Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ՆԶՊ և ֆիզիկական պատրաստություն բաժինը՝ Սերգեյ Մայիլյանը ծառայության է անցել ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում։ Որոշ ժամանակ անց՝ որպես սպա, ծառայությունը շարունակել է սահմանապահ զորամասում, զբաղեցրել դասակի, այնուհետև՝ վաշտի հրամանատարի պաշտոնները։ 2005 թ.-ին նշանակվել է զորամասի, իսկ 2011-ին՝ զորամիավորման ֆիզիկական պատրաստության և սպորտի պետ։ 2016 թվականից ներկայիս պաշտոնին է։
-Յոթ տարի ծառայել եմ սահմանապահ զորամասում,- ասում է Սերգեյը,- բարդ էր, բայց և շատ հետաքրքիր։ Հիմա էլ միշտ մեծ սիրով ու հաճույքով եմ վերհիշում այդ տարիները։ Հատկապես գրավիչ էր հերթապահությունը մարտական հենակետերում։
Նախկինում պրոֆեսիոնալ մարտարվեստով զբաղված ուշու-սանդայի Հայաստանի չեմպիոն Սերգեյը 1998-ից զինված ուժերում շարունակեց մարզվել՝ զարգացնելով բանակային ձեռնամարտի հմտությունները և դրանք փոխանցելով ենթակա անձնակազմին։
-Ինձ շատ հոգեհարազատ է ձեռնամարտը, որի զարգացման մեջ ներդրում եմ ունեցել բոլոր այն զորամասերում, որտեղ ծառայել եմ։ Երբ զորքերում ծառայությանս բնույթը փոխվեց դեպի բուն ֆիզիկական պատրաստություն, որպես ֆիզիկական պատրաստության և սպորտի պետ՝ սկսեցի առավել մեծ ուշադրություն դարձնել հատկապես զինվորի անհատական պատրաստությանը։ Որոշակի դժվարություններ կային: Տարբեր սոցիալական պայմաններից, տարբեր ընտանիքներից եկած զինվորների մեջ կային ֆիզիկապես բավականին լավ պատրաստված և թույլ ֆիզիկական տվյալներ ունեցողներ։ Անհատական պարապմունքների շնորհիվ բավականին մեծ հաջողությունների հասանք։
Ներկայումս զորքերում կա բանակային ձեռնամարտը՝ որպես մարտարվեստ և սպորտային բանակային ձեռնամարտը։ Վերջինս ստեղծվել է 1979 թ.-ին։ Մենք այն զարգացնելով և տեղայնացնելով ՀՀ զինված ուժերում՝ հաջող ելույթներ ենք ունեցել միջազգային մրցույթներում, մրցանակային բարձր տեղեր ենք զբաղեցրել։
Այժմ տարին մեկ անգամ համաբանակային մրցումներ ենք անցկացնում (մինչև այդ՝ նաև ներզորամիավորումային մրցումներ), որոնց արդյունքում ի հայտ են բերվում լավագույն մարզիկները, որոնցից թիմեր են կազմվում։ Շատ լավ մարզիկներ ունենք։ Սա այն մարզաձևն է, որ մեր զինվորականներին ինքնավստահություն է ներշնչում, ապահովում ցանկացած խնդրի կատարման պատրաստության վիճակ։ Զուգահեռ՝ մենք նաև բանակային ձեռնամարտն ենք զարգացնում։ Տարբեր հնարքներ ենք ուսուցանում, պատրաստում ենք զորքերին և վերահսկում այդ գործընթացը։
Ժամանակակից մարտում, բնականաբար, ձեռնամարտը չի կարող առաջնային լինել,-նշում է փոխգնդապետ Մայիլյանը,- բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի դաշտում զինվորը պետք է վստահ լինի իր ուժերին, այդ հնարքներին տիրապետելը ամրացնում է մարտական ոգին, հոգեբանական առավելության գիտակցություն է տալիս մարտիկին։ Վերջին պատերազմում հայտնի են դեպքեր, երբ մերձամարտում մեր զինծառայողները լիարժեք կատարել են մարտական խնդիրը՝ ոչնչացնելով հակառակորդին։
Փոխգնդապետ Մայիլյանը վստահ է՝ ձեռնամարտը նաև դաստիարակչական կարևոր նշանակություն ունի զորքերում։
-Զինծառայողներն իրենց լիցքերը, իրենց էներգիան վարժանքների ընթացքում տատամիի վրա իրար դեմ կիրառելիս հակառակորդ են, բայց դրանից դուրս եղբայրներ են, որոնք հարգում են իրար, ամուր թիկունք են միմյանց համար։ Պետք է ասեմ, որ մեր լավագույն մարզիկները ամենահամեստ անձինք են։ Այդպես է՝ լավ մարզիկը պետք է համեստ լինի։ Նա երբեք ցուցամոլությամբ չի զբաղվում, իր ուժը անտեղի չի կիրառում, զուսպ է և հավասարակշռված։ Բայց միաժամանակ սրանք այն «տաք» տղաներն են, որոնք մարտական իրավիճակներում պատրաստ են ցանկացած խնդիր կատարելու։
Մենք ծրագրում ենք հետագայում ևս զարգացնել ձեռնամարտը՝ զորքերում այն բերելով բարձր աստիճանի։
Անդրադառնալով զորքերում այս օրերին ընթացող ատեստավորման գործընթացին՝ փոխգնդապետ Մայիլյանն ասում է.
-Ընդհանուր առմամբ, ատեստավորումը միանշանակ շատ դրական ազդեցություն է ունենալու մեր զինված ուժերի վրա։ Քննական չորս կարևոր առարկաներին պատրաստվելը պահանջում է որոշակի քայլեր։ Օրինակ՝ զինծառայողը գիտակցաբար հետ է կանգնում վատ սովորություններից։ Շատ ատեստավորվողներ այսօր լիովին անցել են առողջ ապրելակերպի՝ առողջ սննդակարգի և այլն։ Բնական է, բոլորն էլ երբեմն մասնակցում են խնջույքների, բայց անգամ խմիչք գործածելը նվազագույնի է հասցվում, այլապես ֆիզիկապես հնարավոր չէ բարձր արդյունքներ գրանցել։
Ատեստավորման առաջնահերթ նպատակը հենց այն էր, որ զինծառայողները է՛լ ավելի մեծ ջանադրությամբ զբաղվեն իրենց ֆիզիկական պատրաստությամբ։ Եվ այսօր արդեն թե՛ տղամարդ զինծառայողներն են բարձր արդյունքներ գրանցում և թե՛ կանայք։
Որևէ դժվարություն չկա. թվացյալ է բարդությունը։ Իրականում, ամեն ինչ միմիայն աշխատասիրությունից է կախված։ Սեփական փորձից ելնելով եմ ասում. եթե հետևողականորեն չզբաղվես ինքնապատրաստությամբ, ոչ մի բանի հասնել չես կարող։ «Բախտի բերումով» առաջադրանքի կատարում չի լինում։ Պետք է դրան հասնել քրտինքով, ջանքերով։
Ինչ վերաբերում է իմ ատեստավորմանը, անկեղծ ասած, լիովին վստահ էի իմ ուժերին. ոչ մի անհանգստություն չեմ ունեցել։ Միշտ լուրջ եմ մոտեցել իմ ատեստավորմանը։ Հղկել եմ շարային, մասնագիտական, կրակային պատրաստությունս։ Մշտապես աշխատել եմ գիտելիքներս ու հմտություններս զարգացնելու, միմիայն բարձր արդյունքներ գրանցելու ուղղությամբ։ Իմ գլխավոր խթանը այն է եղել, որ ինքս ինձ ապացուցեմ՝ պատրաստ եմ ցանկացած առաջադրանքի կատարմանը, եթե Հայրենիքիս շահն է պահանջում։ Գիտակցում եմ, որ հարկ եղած դեպքում ոչ միայն զուտ մասնագիտական գիտելիքներս պետք է կիրառեմ, այլև՝ զինվորական բազմակողմանի մարտական պատրաստություն ունենամ։ 1993 թվականն էր. 17 տարեկան էի, երբ հայրս ինձ համար շատ հետաքրքիր մի էքսկուրսիա կազմակերպեց մեր երկրով մեկ։ Վերաիմաստավորեցի Հայրենիքիս վերաբերող ամեն ինչ, գիտակցեցի դրա սահմանների պաշտպանության կարևորությունը։
Փոխգնդապետ Սերգեյ Մայիլյանը զինվորականի ընտանիքից է։ Մանկուց տեսել է, թե ինչպես է ընթանում զինվորականի կյանքը, մեծացել է զինավանում։ Շատ է սիրել զինվորականի համազգեստը, զինվորական կյանքը։ Սերգեյի հայրը՝ Վարդան Մայիլյանը, առաջին արցախյան ազատամարտից առաջ, որպես զինվորական, Ռուսաստանում էր իրականացնում ծառայությունը։ 1990-ականներին վերադարձել է Հայաստան։
-Հայրս զորացրվում էր, և մենք բնակարան էինք ստանալու Վոլգոգրադում: Բայց այդ ընթացքում երբ Հայաստան եկա, որոշեցի մնալ Հայրենիքում։ Ծնողներս էլ որոշեցին Հայաստան վերադառնալ, և առաջին իսկ օրվանից հայրս ներգրավվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից հավաքագրվող կամավորականների շարքերում. կազմավորեց Գյումրիի գումարտակը և անցավ ողջ պատերազմով։
Զինված ուժերում ծառայության անցնելու՝ Սերգեյի որոշումը հայրը սիրով էր ընդունել. որդին իր գործն էր շարունակելու։ Այսօր արդեն բանակի փոխգնդապետ Սերգեյ Մայիլյանը հստակ գիտի հայկական բանակում իր առաքելությունը։ Նա իր ամենօրյա ծառայությամբ նպաստում է զինված ուժերի զինծառայողների ֆիզիկական պատրաստության գործընթացի շարունակական կատարելագործմանը։
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
և Ս. ՄԱՅԻԼՅԱՆԻ անձնական արխիվից
Խորագիր՝ #43 (1508) 22.11.2023 - 29.11.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում