Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԱԶԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է



ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԱԶԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԷԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես  վարդապետ Սարգսյանի և զորամիավորման հրամանատարի տեղակալի ուղեկցությամբ ոլորապտույտ ճանապարհով բարձրանում ենք բարձրադիր մարտական հենակետերից մեկը։ Ողջունելով մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին՝   Տեր Մովսեսը կարդում է  «Տերունական» աղոթքը,  մաղթում, որ Աստծո զորակցությունն անպակաս լինի նրանցից…

-Ուրախ եմ ձեզ հանդիպելու և փոխանցելու համար իմ օրհնությունն ու աղոթքները, մաղթելու ձեզ բարի ծառայություն,- ասում է Հայր Սուրբը,- կուզենամ, որ ձեր ծառայությունն ուղեկցվի հավատով ու աղոթքով, որովհետև բոլոր տեսակի առաքինությունների, սխրագործությունների հիմքը ոչ միայն ֆիզիկականն է, այլ նաև մարդու հավատը և հոգևոր էությունը։

Տեր Մովսեսը մշտապես գործուղումների է գնում զորքեր, այցելում է մարտական հենակետեր։ ԶՈՒ հոգևոր առաջնորդը  ասում է, որ մարտական հենակետերում զինվորներին, պայմանագրայիններին հանդիպելը բոլորովին այլ զգացողություն է։ Շրջելով դիրքերով  և տեղում զրուցելով մարտական հերթապահություն իրականացնող տղաների հետ՝  նա իր շնորհակալանքի խոսքն է ասում նրանց նվիրված  ծառայության համար, գոտեպնդում  և լուսաբանելով փոխանցում Աստվածաշնչյան պատգամները:

-Հայրենիքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է. սա է Աստծո մեզ ուղղված պատվիրանը։ Աստված մեզ ասում է, որ ոչ մի սեր չի կարող այնքան մեծ լինել, որքան բարեկամի նկատմամբ ունեցած սերն է և անձնվիրությունը։ Հետևաբար, դուք այս պահին՝ որպես դիրքապահ զինվորականներ մարմնավորում եք մարդու այն տեսակին, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր անձը վտանգելու իր ընկերների, հարազատների համար։ Վստահ եմ, որ ձեր առաքելությունը հաղթանակով եք պսակելու։ Բարի՜ ծառայություն։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԱԶԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԷԱմենակարևոր բանը, որ ես փորձում եմ փոխանցել մեր զինծառայողին, այն է, որ ինքը անմահ հոգի է,- ասում է Տեր Մովսեսը,- և իր համար կարևոր է այդ հոգու սնուցումը հավատի միջոցով։ Հավատն է ամենակարևորը, քանի որ այն օգնում է հաղթահարելու ցանկացած դժվարություն։

-Իհարկե, սրա հետ մեկտեղ լուծվում են մի շարք կարգապահական հարցեր,- ասում է Տեր Մովսեսը,- քանի որ հավատ ունեցող, իր գործին նվիրումով մոտեցող, գաղափարապես, հոգեպես կրթված անձը փնտրված է ցանկացած ոլորտում, ցանկացած հանգամանքներում։ Նա կարգապահ ու համաձակ է, քաջ է նաև իր ծառայության մեջ։ Սա է գնդերեցի առաքելությունը զինված ուժերում։

ԶՈՒ հոգևոր առաջնորդը  ավելացնում է՝ առաջնորդության քսանվեցերորդ տարեդարձը եկեղեցի-բանակ անքակտելի կապի ավելի քան 1700-ամյա պատմության ընդամենը մի փուլն է։ Հայ եկեղեցին եղել է ու այսօր էլ կանգնած է հայրենյաց պաշտպանների կողքին։

-Մեր պատմության ամբողջ ընթացքում հայ եկեղեցին, եկեղեցու հոգևորականները ոչ միայն ներգրավված են եղել Հայրենիքի պաշտպանության գործում, այլ շատ դեպքերում անգամ ղեկավարել, առաջնորդել են ազգային ինքնապաշտպանական մարտերը։

Հայրենիքի պաշտպանի հոգևոր-գաղափարական դաստիարակության մեջ գնդերեցների դերը կարևորում են նաև զինծառայողները։ Ասում են՝ հավատը  իմաստավորում և հեշտ հաղթահարելի է դարձնում  այն բոլոր դժվարությունները, որոնք անպակաս են բարձրադիր լեռներում Հայրենիքի սահմանները օր ու գիշեր պաշտպանելիս։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԱԶԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է-Բոլոր դժվար պահերին եկեղեցին գտնվել է բանակի կողքին և հույս ու հավատ ներշնչել մեր ազգի նվիրյալ զավակներին,- ասում է զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը,- մենք էլ միշտ մեր խնդիրը կատարել ու կատարում ենք հոգևոր, գաղափարական աջակցություն ստանալով մեր եկեղեցու հոգևոր ծառայողներից։

-Հոգևոր առաջնորդության կարիքը միշտ էլ զգում ենք թե՛ ծառայության մեջ, թե՛ քաղաքացիական կյանքում,-հավելում է պայմանագրային զինծառայող Սերոբ Սարիբեկյանը,- մենք միշտ էլ մեր ներսում կրում ենք Աստծուն ու է՛լ ավելի զորանում դրա շնորհիվ։

Մարտական դիրքում զինծառայողների հետ միասին «Տերունական» աղոթքը կարդալուց հետո Տեր Մովսեսը դիրքապահներին է բաժանում Աշոտ Երկաթի խաչով օրհնված սրբապատկերները և մեկ անգամ ևս հիշեցնում,  որ ուժեղ է այն մարտիկը, որ ֆիզիկականից առավել ամուր է ոգով։

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝  ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #43 (1508) 22.11.2023 - 29.11.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/11/2023