Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԺԻ  ԲԱՆԱՁԵՎ



ՈՒԺԻ  ԲԱՆԱՁԵՎԶորամասի հրամանատարի բնութագրմամբ՝ փոխգնդապետ Վիգեն Ասրյանը զորամասի լավագույն սպաներից է, որը, ինչպես և սպասվում էր, բարձր գնահատականներով է հանձնել ատեստավորման քննությունները, և նրա փորձն ու ծառայողական կենսագրությունը օրինակելի են ծառայակիցների ու ենթակա անձնակազմի համար:

 

Պարո՛ն փոխգնդապետ, Ձեր օրինակով համոզվում ենք, որ նպատակասլացությունը, հաստատակամությունն ու աշխատասիրությունը մարդուն կարող են հասցնել բարձունքների:

-Կարևոր չէ՝ փոքր քայլերով ես առաջ գնում, թե մեծ, կարևորը ջանալու պատրաստակամությունն է ու երբեք կանգ չառնելու որոշումը: Չկան փոքր ու մեծ գործեր, խնդիրն այն է, թե ինչպես ես տիրապետում քո գործին և ինչի ես ձգտում: Ինքնակատարելագործումը սահման չունի, որքան էլ սովորես, էլի ինչ-որ բան կա յուրացնելու: Զինվորական ղեկավարը պետք է ենթակա անձնակազմի ծառայողական ակտիվությունը խթանելու միջոցներ գտնի: Այդ միջոցները ընդհանուր առմամբ սահմանված են կանոնագրքով, բայց գործնականում ստիպված ես լինում ընդունել նաև իրավիճակային որոշումներ: Ամեն դեպքում, ելակետը մարդուն վստահելու, իր ուժերի հանդեպ հավատ սերմանելու ու ծառայողական եռանդ արթնացնելու գործոնն է:

Յուրաքանչյուր ջանք պայմանավորված է դրդապատճառով: Ատեստավորման գաղափարի հիմքում սոցիալական շեշտադրումն է. բարձր արդյունք ցուցաբերած սպան, այսինքն՝ լավ մասնագետը, պետք է լավ վարձատրվի

-Չեմ կարծում, թե ատեստավորման գաղափարը սահմանափակվում է միայն սոցիալական բաղադրիչով: Դրա բարոյական կողմը նույնպես շատ կարևոր է: Ատեստավորման ժամանակ սպաները ցույց են տալիս իրենց մասնագիտական որակները՝ մտավոր և ֆիզիկական: Սպային ներկայացվող գլխավոր պահանջներն են՝ արհեստավարժություն և ֆիզիկական բարձր պատրաստվածություն: Ատեստավորումը կարևոր քայլ է սպայակազմի հավաքական նկարագիրը դրականորեն փոխելու ճանապարհին: Այն նշաձող է, որը սպային մղում է ինքնակատարելագործման: Զինվորականությունը հասարակության ամենահարգված, ամենաբարոյական ու ինտելեկտուալ խավերից է բոլոր զարգացած երկրներում: Եվ դա օրինաչափ է, որովհետև Հայրենիքի պաշտպանության գաղափարի հետ նույնացվող անհատը պետք է հասարակության ամենավեհ արժեքների կրողը լինի:

Այդ պատճառով էլ հայրենասիրությունը առաջնայիններից է բոլոր կրթադաստիարակչական ծրագրերում:

-Կրթադաստիարակչական ծրագրերը իրենց խնդիրն են լուծում, բայց պետք չէ մոռանալ, որ հայրենասիրությունը մարդու ներաշխարհում կազմավորվում է վաղ մանկության տարիքից: Պատկերավոր ասած՝ այն փոքրիկ ծիլ է, որի խնամքից է կախված՝ ապագայում ահռելի ծա՞ռ կդառնա, թե՞ փոքրիկ թուփ: Իմ բոլոր հաջողությունների ակունքը Ազոխ անունով գյուղում է, իմ մանկության մեջ, իմ հայրական տանը…

Մի օր հայրս ինձ ասաց՝ մեր գյուղի քարանձավներում շատ տարիներ առաջ մարդիկ են ապրել՝ քո պապերը: Այդ բառերը անպատմելի տպավորություն գործեցին ինձ վրա ու միշտ մնացին իմ հիշողության մեջ: Տարիների հետ եկեղեցիները, սրբատեղիները, անտառները, գետը, ամենասովորական փոշոտ փողոցները, մեր գյուղի մարդիկ ու ես դարձանք մի անբաժանելի ամբողջություն:

Ես 7 հոգանոց ընտանիք ունեի մանկության տարիներին՝ ծնողներս ու նրանց հինգ երեխաները: Հայրս միայն մի խրատ է տվել մեզ, ասել է՝ մի՛ նեղացրու ոչ մեկին, ոչ մեկին վերևից մի՛ նայիր, հարգանքով վերաբերվիր բոլորին: Մնացածը մենք մեծերից սովորել ենք ինքնաբերաբար: Տարիներ անց երեք ամուսնացած եղբայրներով, մեր կանանցով ու երեխաներով հորս տանն էինք ապրում՝ անտեսելով նեղվածքը, չէինք կարողանում մեր սիրտը պոկել հայրական տնից:

…Ժամկետային զինծառայությունից հետո զինվորական դառնալու իմ ցանկությունն ավելի ամրապնդվեց: Ու ես եկա բանակ: Ես սիրում եմ բանակը: Բանակում կարող եմ աշխատել առանց հանգստանալու ու առանց հոգնելու: Սիրում եմ կանոնիկ հարաբերություններն ու կանոնակարգված ռեժիմը: Ինձ դուր են գալիս կարգապահությունն ու հետևողականությունը, կոլեկտիվ ջանքն ու միասնական արդյունքը:

Ես ճի՞շտ հասկացա, որ Ձեզ բանակ, ասել է թե՝ դեպի Հայրենիքի պաշտպանություն բերող ճանապարհը սկսվել է մանկությունից, Ազոխի քարանձավներից, Ձեր տնից, Ձեզ շրջապատող մարդկանց կերպարից, ծննդավայրի հանդեպ Ձեր սիրուց:

-Նաև իմ բոլոր դրական հատկանիշներն են գալիս իմ ծննդավայրից: Հիմա ես որդուս եմ փոխանցում հորս խրատը՝ հարգիր կողքիդ մարդուն, մի՛ նեղացրու ոչ ոքի… Ու դրան ավելացնում եմ իմը՝ ձգտիր լավագույնին: Սա նշանակում է անվերջ ձգտում, որովհետև ինչքան էլ բարձրանաս, լավագույնը քեզնից մի քայլ առաջ է:

Ես ուրախ եմ, որ 16 տարեկան որդիս արդեն զինվորական դառնալու մասին է խոսում: Սա նշանակում է, որ նա ուզում է հետևել իմ օրինակին: Շատ պարտավորեցնող է այն գիտակցումը, որ քեզ հետևողները կան, լինի տանը, ծառայավայրում, թե հասարակության մեջ: Պիտի անկեղծ լինեմ. ես մեծ ջանասիրությամբ եմ պատրաստվել ատեստավորման քննություններին, որովհետև ուզում էի լավ օրինակ լինել իմ անձնակազմի համար:

Ինչ վերաբերում է զինվորական կոլեկտիվին, նրա հաջողության առաջին պայմանը, իմ կարծիքով, փոխհարգանքի մթնոլորտն է, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս կարևորել բոլորի աշխատանքը, պատասխանատվություն կրել մեկը մյուսի առաջ ու գործել միասին: Ես այն կարծիքին եմ, որ բոլոր մեծ ձեռքբերումների հիմքում միասնական ու համագործակցված աշխատանքն է: Քայլելիս պիտի միշտ հետ նայես, բռնես ինչ-որ մեկի ձեռքը, օգնես հասնելու քեզ: Ու քեզնից առաջ քայլողն էլ պիտի քեզ օգնի, պիտի բռնի մյուս ձեռքդ: Սա ուժի բանաձևն է: Սրանից է ծնվում քո ուժը, բանակիդ ուժը, երկրիդ ուժը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #42 (1507) 14.11.2023 - 21.11.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/11/2023