Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ



ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐԶինվորական ծառայությունը նախկինում ընկալվում էր զուտ որպես տղամարդկային զբաղմունք, տղամարդկային տիրույթ, ու կանանց մուտքն այս տարածք սվիններով էր ընդունվում:

Ժամանակի հետ կոտրվում են  կարծրատիպերը, ավելին՝ այսօր աշխարհում այնպիսի երկրներ կան, որտեղ զինվորական ծառայությունը պարտադիր է ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց համար:

Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն կանանց համար. ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։

Ծառայության ժամկետը վեց ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։

Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում նրանք կստանան պատվովճար՝ 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ նշված գումարը վեց ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։

6-ամսյա ժամկետը լրանալուց հետո, ցանկության դեպքում, նրանք կարող են ծառայությունը շարունակել նաեւ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել հինգ  տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության, այդ դեպքում, բնականաբար, օգտվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր արտոնություններից:

«Հայ զինվորը» հարցախույզ է իրականացրել՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ, դիտարկումներ ու նկատառումներ ունեն ծրագրի վերաբերյալ։

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐԲանակի ստեղծման առաջին իսկ օրից ծառայել եմ զինված ուժերում, զորամասային օղակում, պահեստազորի կապիտան եմ։ Այժմ էլ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում զինղեկ եմ աշխատում։

Իմ հրամանատարն ասում էր. «Երբ շարահրապարակով կին զինծառայողներն են անցնում, տղամարդիկ առավել պատասխանատու են դառնում»: Բոլոր ժամանակներում էլ հայ կանայք Հայրենիքը պաշտպանելիս կանգնել են տղամարդկանց կողքին, աչքի ընկել խիզախությամբ ու նվիրումով։

Ուրեմն այսօր ինչու չօգտագործել նրանց ներուժը։ Կցանկանայի, որ վեց ամսով զորակոչված կանայք լոկ գումարի համար չգային բանակ, այլ առաջնայինը արժևորեին հայրենիքի պաշտպանությունը և շարունակեին ծառայությունը վեց ամիս հետո եւս:

ԳՈՀԱՐ ԿԶԼՅԱՆ

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

 

Ես ցանկանում եմ, որ այս ծրագիրը գործի միայն խաղաղության ամրապնդման համար. կոփի, հղկի, կրթի սիրասուն հայ աղջիկների և՛ միտքը, և՛ մարմինը, և՛ հոգին: Թող որ նրանք իրենց բանակային փորձն ավելի ամուր ընտանիքներ և անսասան հայրենիք պահելուն ծառայեցնեն:

ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

 

 

Բանակում կանանց ծառայության շուրջ միշտ էլ տարբեր ու հակասական կարծիքներ են հնչել եւ հնչում՝ թե դեմ, թե կողմ: Յուրաքանչյուրն իր տեսակետն ունի՝ տարբեր հիմնավորումներով: Իմ կարծիքով՝ հայ կնոջ դերը ազգին սերունդ տալն է, ազգը շարունակելը, միայն ծայրահեղ դեպքում կարելի է մասնակցություն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում, իսկ պատրաստված լինելը անհրաժեշտ է։ Ամեն դեպքում՝ կա ազատ կամք, և որոշումը հայ կնոջն է:

ԳԱՅԱՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐՈրոշ չափով ինքս էլ ներգրավված եմ եղել զինվորական կյանքում՝ ռազմագիտություն եմ դասավանդել դպրոցում: Կարծում եմ՝ շատ կարևոր է կանանց դերը բանակում. կնոջ ներկայությունը ավելի է զգաստացնում,  զգոնություն է արթնացնում:

Հարկ եղած դեպքում, կինն էլ պետք է սատարի տղամարդկանց, կանգնի նրանց կողքին: Բոլորս էլ պարտավոր ենք զինվորական որոշակի գիտելիքներ ունենալ:

Շատ աղջիկներից եմ լսել, որ ցանկանում են համազգեստ կրել, վստահաբար կարող եմ ասել՝ պատվով ու պատասխանատվությամբ կկատարեն իրենց առաքելությունը։

ԿԱՏՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐՀայոց պատմության տարբեր դրվագներում միշտ էլ հայ կինը կարևոր դերակատարություն է ունեցել՝ լինելով ընտանիքի հիմնասյունը, պահպանելով հայկական ավանդույթներն ու արժեքները։ Նուրբ ու գեղեցիկ և միևնույն ժամանակ՝ ուժեղ էակ հայ կինը տղամարդուն հավասար պաշտպանել է հայրենի եզերքը։

Այսօր էլ նույն նվիրումով հայ կանայք կկանգնեն հայրենիքի պաշտպանների կողքին՝ լավագույն օրինակ դառնալով մեր զավակների համար… Բոլորս էլ մեր հող ու ջրի զինվորն ենք։

ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

 

Պատրաստեց՝  ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #42 (1507) 14.11.2023 - 21.11.2023, Բանակ և հասարակություն


16/11/2023