Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ



ՀԱՅԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄՀայ-լեհական բարեկամությունն ու մշակութային կապերը դարերի պատմություն ունեն։ Լեհաստանի հայ գաղթօջախը բացառիկ կարևոր դեր է խաղացել երկրի հասարակական-տնտեսական ու մշակութային կյանքում։ Հայերին բազմաթիվ արտոնություններ են տրվել Լեհաստանում, ունեցել են մեծ հեղինակություն։ Հայ զորախմբերը լեհական բանակի կողքին հերոսաբար կռվել են Լեհաստանի թշնամիների դեմ։ Առանձնապես գործուն մասնակցություն են բերել նրանք լեհ-թուրքական պատերազմներին՝ բարբարոսների ջախջախման մեջ տեսնելով իրենց հայրենիքի ազատագրության միակ ուղին։

XVI-XVII դդ. Լեհաստանում հաշվվում էր շուրջ 70 հայկական գաղթավայր, որոնցից նշանավոր էին Լվով, Լուցկ, Լիսեց, Յարոսլավ, Յազլովեց, Դուբրովիցա, Կամենեց-Պոդոլսկ, Կազիմիր Դալնի, Դուբնո, Ստանիսլավ և այլ քաղաքների գաղթավայրերը։

Հայերը Լեհաստանում հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ ու առևտրով, կաշվի մշակությամբ ու ոսկերչությամբ։ XVII դարի հայ ճանապարհորդ Սիմեոն Լեհացին Լվովում թվարկում է 15 արհեստներ, որ կենտրոնացած էին հայերի ձեռքում։ Հայերը Լեհաստան էին ներմուծում մետաքս, ներկեր, թանկարժեք քարեր, համեմունք, զենք-զինամթերք, գինի, խոշոր եղջերավոր անասուններ ու ձիեր։

Լեհ պատմիչները վկայում են, որ XVI-XVII դդ. հայերը լեհական աշխարհազորում (pospolite ruszenie) միշտ էլ ունեցել են առանձին ազգային զորամաս։ Յան Սոբեսկի թագավորը առանձնահատուկ համակրանք ուներ հայերի նկատմամբ։ Նա ձգտում էր Թուրքիայի թիկունքում, նրան հակազդելու համար, վերականգնել Հայաստանի անկախությունը, որը լինելու էր ուժեղ պետություն լեհական թագավորության և Հռոմի եկեղեցու հովանավորության ներքո։ Այդ նպատակով Յան Սոբեսկին բանակցում է Հայոց կոթողիկոսներ Հակոբ Դ Ջուղայեցու (1655-1680 թթ.) և Նահապետ Ա Եդեսացու (1691-1705 թթ.) հետ։ Սակայն Սոբեսկու մահվան պատճառով ծրագիրը չի իրագործվում։ 1683 թ. Յան Սոբեսկու Վիեննական արշավանքի ժամանակ հայերն ունեցել են լեհական բանակի կազմում 5000-անոց հայկական զորամաս։ Մասնակցելով պատերազմներին ու պաշտպանելով Լեհաստանը՝ հայերն ապացուցում էին, որ բացի իրավունքներից ու արտոնություններից, ունեն որոշակի պարտականություններ այդ երկրի ու ժողովրդի նկատմամբ։

Հետագայում պարբերաբար վերսկսվում էր հայերի արտագաղթն Արևմտյան Հայաստանից դեպի հյուրընկալ սարմաթների երկիրը (այսպես է կոչվում Լեհաստանի տարածքը հայ միջնադարյան մատենագրության մեջ)։ Եվ հայերը ի զորու եղան ապացուցելու իրենց հզոր ներուժը՝ դառնալով լեհական պետության համար օգտակար ու ցանկալի հասարակական տարր։

Լեհ թագավորները մշտապես սիրալիր վերաբերմունք էին դրսևորում հայերի հանդեպ՝ շնորհելով որոշակի կրոնական ու քաղաքական արտոնություններ։

ՀԱՅԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄԿազիմիր Գ Մեծը 1344 թ. շնորհել էր Կամենեց Պոդոլսկի և 1356 թ. Լվովի հայ բնակչությանն ազգային խորհուրդ հիմնելու իրավունքը՝ անվանելով խորհրդի անդամներին «Վոյթ» (ավագ, ղեկավար)։ 12 դատավորներից կազմված խորհուրդը հայերի հետ կապված գործերը վարում էր լիակատար անկախության պայմաններում, իսկ փաստաթղթերն ու որոշումների գրագրությունը կատարվում էր հայերենով և ազգային օրենքների համաձայն։

Լեհաստանի պատմության մեջ բացառիկ երևելի թագավորներից մեկն էր Կազիմիր Մեծը, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորական Գրիգոր եպիսկոպոսին տվել էր բացառիկ արտոնություններ։

Հայազգի Գժեգոժ Պիրամովիչը (Գրիգոր Փիրումյան) Լեհաստանի Սահմանադրության հեղինակներից է, Լեհաստանի Առաջին հանրապետության կրթության առաջին նախարարը։

1183 թ. Լվովի հայերը կառուցում են փայտե եկեղեցի, իսկ 1363 թ. հին շինությունը փոխարինվում է հիասքանչ քարե տաճարով, որը դառնում է Լեհաստանի թեմի առաջնորդի նստավայրը։

1516 թ. Սիգիզմունդ Ա թագավորը թույլ է տալիս Լվովի հարուստ և ազնվական կենտրոնում կառուցելու հայ դատարան՝ անվանելով այն «Ռատուշա»։ Լեհահայերը օժտված էին ոչ միայն լիակատար ազատությամբ ու բացառիկ արտոնություններով, այլև վարում էին ներքին ինքնավարություն և առաջնորդվում էին ազգային օրենքներով։ Դատարանում կիրառում էին Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»։

1627 թ. Լեհաստանի հայ գաղթավայրի բարեկեցիկ կյանքն ընդհատվում է, երբ մահանում է լեհահայոց հոգևոր առաջնորդը։ Լվով է ժամանում Էջմիածնի պատվիրակ Մելքիսեդեկը, որը փոխանակ նոր առաջնորդի ընտրություն կազմակերպեր, ընդունված կարգի համաձայն, լեհահայերի նոր առաջնորդ է կարգում քահանա Միկոլայ Թորոսովիչին, որը հանդես էր գալիս Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միավորելու գաղափարով։ Հայ համայնքում պառակտում է սկսվում, քանի որ մեծամասնությունը դեմ էր Թորոսովիչին և նրա գաղափարներին։ Հայությունն ըմբոստանում է Թորոսովիչի դեմ, իսկ վերջինս իր դիրքերն ամրապնդելու համար դիմում է Վատիկանի օգնությանը։ Ի վերջո, Լեհաստանի թեմը դաշինք է կնքում Վատիկանի հետ՝ ընդունելով կաթոլիկ եկեղեցու դավանանքը, սակայն պահպանելով հայ առաքելական եկեղեցու նվիրապետությունը ու կիրառելով հայկական ծիսակատարությունը։

XIV-XVII դդ. Լեհաստանում ապաստան է գտնում ավելի քան 100 000 հայ։

1410 թ., երբ Լեհաստանը վճռական ճակատամարտի է դուրս գալիս խաչակիրների Տևտոնական օրդենի (գերմանական կաթոլիկ հոգևոր-ասպետական միաբանություն) դեմ, ի թիվս այլ ուժերի, հայությունը 5000 մարտիկներից կազմված զորք է դուրս բերում գերմանացիների դեմ։

Հայերի դերը հատկապես նշանակալի է Լվով քաղաքի հիմնադրման ու զարգացման գործում։ Հայկական ճարտարապետական կոթողների մեծ մասը գտնվում է Լվովում։ XVI դարում հայերը Լվովում կառուցում են մի չքնաղ եկեղեցի՝ Անիի Մայր տաճարի նմանությամբ: Դեռևս XIV-XVI դդ. Լվովի հայկական փողոցն ու հրապարակը սալահատակված էր, գործում էր ձուլածո խողովակներով ջրահեռացման համակարգը։ Հայկական կենտրոնը Լվովի զարդն էր, ամենախնամված ու կոկիկ վայրը։ Լվով քաղաքի հիմնադիր Լևոն իշխանի հայրը՝ իշխան Դանիելը, արտաքին թշնամիների դեմ մղած կռիվներում օգտագործում էր հայերի զինվորական ուժը։ Իշխանի զորքի զգալի մասը կազմում էին հայերը։ Նրանք իրենց կրծքին խաչ էին կրում և այդ իսկ պատճառով կոչվում էին «կշիժակ», որ լեհերեն նշանակում է խաչակիր։ Լեհ պատմիչ Իվան Ալպնիկի վկայությամբ՝ հայերն աչքի էին ընկնում իրենց քաջությամբ ու հնարամտությամբ, իսկ իշխան Դանիելն ու Լևոնը հիմնականում վստահում էին հայոց զինուժին ու հայ զորահրամանատարներին։

ՀԱՅԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄԼվովի զինանշանի ընտրությունը նույնպես վստահվել էր հայերին։ Մոնղոլների՝ դեպի Եվրոպա 1241 թ. արշավանքի ժամանակ 40 000-անոց հայկական մի զորամաս, որը հիմնականում բաղկացած էր ղրիմահայերից, օգնության է շտապել հայաշատ Լվով և Կամենեց քաղաքներին։ Լեհ պատմիչը գրում է, որ Լվովից մինչև Ղրիմ հայերն անտարբեր չէին միմյանց նկատմամբ, կարծես բոլորը նույն ընտանիքից էին, նույն հարկից։

Լվովի հայ համայնքում էր պահվում ժամանակին մեծ հռչակ վայելած «Սկևռայի Ավետարանը»։ Նշանավոր մատենագիր, հասարակական-քաղաքական գործիչ, արքեպիսկոպոս Ներսես Լամբրոնացու պատվերով մանրանկարիչ Գրիգոր Սկևռացու ստեղծած Ավետարանը, որի վրա երդվել էր Կիլիկիայի Լևոն Բ Մեծ թագավորը գահ բարձրանալիս, ստեղծվել էր Կիլիկիայի Սկևռայի վանքում։ 1592 թ. լեհահայ մեծահարուստ Թորոս Բեռնարտովիչի ջանքերով Ավետարանը նորոգվել և մինչև 1830 թ. պահվել էր Լվովի հայ համայնքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ավետարանն անհետացել էր և միայն 1993 թ. գերմանացի բյուզանդագետ Պրինցիգի ջանքերով հայտնաբերվել ու ուղարկվել էր Գուտենբերգի թանգարան՝ վերանորոգման։ «Սկևռայի Ավետարանն» անվանում են նաև «Լվովի Ավետարան» երկար ժամանակ Լվովում հանգրվանելու համար։

Լվովի հայ համայնքը Եվրոպայում խոշորագույններից էր Վենետիկի ու Ամստերդամի գաղթօջախներից հետո։

1615 թ. Լվովի հայկական թաղամասում հայերը հիմնում են տպարան, որտեղ տպագրված «Սաղմոսարանի» միակ պահպանված օրինակն այժմ Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում է։

Դժբախտաբար, Լեհաստանի այն շրջանները, որտեղ կենտրոնացած էին հայերը, Յալթայի կոնֆերանսից հետո (1945 թ.) միացվում են Խորհրդային Միությանը, իսկ այնտեղ ապրող հայերը ցրվում են ամբողջ աշխարհով մեկ։

Հայերը Լեհաստանում հայտնի էին նաև որպես հայտնի դիվանագետներ։ Նրանք կանգնած էին Լեհաստանի դիվանագիտության ակունքներում։ Հայտնի է, որ Սիգիզմունդ Գ թագավորը Սեֆեր Մուրատովիչին, որ արևելյան լեզուների մեծ գիտակ էր, Շահ Աբասի մոտ դիվանագիտական առաքելություն է վստահում։ Այս մասին իմանում ենք հենց Մուրատովիչի ճամփորդական նոթերից։ Մուրատովիչին հաջողվում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Շահ Աբասի և Սիգիզմունդ արքայի միջև։ Այս միությունը ձեռնտու էր երկու տերությունների, ինչպես նաև Ռուսաստանի համար։ Նրանք ունեին մեկ ընդհանուր թշնամի՝ Օսմանյան Թուրքիան։ Լեհաստանից ժամանած դեսպանի հետ կարելի էր հաղորդակցվել առանց թարգմանչի, և շահը նույնիսկ արտահայտել էր իր հիացմունքը հայազգի դեսպանի հասցեին. «Քրիստոնյա պատվիրակներից ոչ մեկից այսքան գոհ չեմ, ինչպես նրանից, քանի որ նրա հետ կարող եմ խոսել իմ լեզվով»։

Լեհաստանի պետական արխիվում ի թիվս այլ նշանավոր փաստաթղթերի, որոնք վերաբերում են հայերին, պահվում է Յան Սոբեսկի թագավորի շնորհակալագիրը, ըստ որի՝ հայ Բերնարդ Կշիշտոֆ Բերտանովիչը ճանաչվել է ազնվական և զինանշան ստացել։

Հայ-լեհական պատմական բարեկամությունը չէր կարող չանդրադառնալ նաև նրանց մշակութային կապերի վրա, չէր կարող չարգասավորվել գրականության ու արվեստի մեջ։ Բավական է հիշել, որ XVII դարի լեհ չորս մեծ բանաստեղծները՝ Ֆաբիան Կլյոնովիչը, Հովսեփ ու Շիմոն Զիմորովիչ եղբայրները, Շիմոն Շիմոնովիչը հայ էին։ Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկի՝ Կրակովի Յագելոնյան համալսարանի հանքաբանության առաջին պրոֆեսոր Յան Յաշկևիչը հայ էր՝ լեհական երկրաբանության հիմնադիրը։

Հայ-լեհական միջնադարյան կապերին վերաբերող շատ տեղեկություններ կան Մինաս Թոխաթեցու, Հովհաննես Ավագերեցի, Ստեփանես Ավագերեցի, Սիմեոն Լեհացու գործերում։ Հիշարժան է Եղիա Կարնեցու աստղագիտական աշխատությունը, լեհերեն-հայերեն բառարանը։

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայումս պահվում են շուրջ 130 ձեռագրեր, որոնք ընդօրինակվել են Լեհ-Լիտվական թագավորության հայաշատ տասը կենտրոններում։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #42 (1507) 14.11.2023 - 21.11.2023, Հոգևոր-մշակութային


16/11/2023