Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԷՈՒԹՅՈՒՆԸ



ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԷՈՒԹՅՈՒՆԸ44-օրյա պատերազմում հայրենիքը հերոսաբար պաշտպանելու համար ժամկետային զինծառայող Խաչիկ Պողոսյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Նրա նմաններն անմիջապես չեն նկատվում: Առերևույթ նրանք սովորական են, որովհետև չեն ջանում ուշադրություն գրավել, գովեստի խոսքեր չեն փնտրում, չեն մրցում, հեռու են բարձրագոչ բառերից, վերամբարձ պաթոսից: Նրանց ապրումները լուռ են, գույները՝ մեղմ, տարերքը՝ հանդարտ: Նրանց հոգու ապշեցնող ուժին ու գեղեցկությանը հասնելու համար պիտի թափանցես խորքերը, պիտի գտնես խեցին, որտեղ ապրում է ամենաթանկ մարգարիտը՝ սովորական մարդու արտասովոր էությունը:

Շատերն այն կարծիքին էին, որ Խաչիկը լսող երեխա է, թերևս միայն ծնողներն ու մտերիմները գիտեին, որ ամենափոքր տարիքից տղան ինքնուրույն է, ունի իր կարծիքը ու եթե մի բան որոշեց, դժվար է նրան տարհամոզել: Նրա անունը չկար դպրոցական գերազանցիկների շարքում, ավելին՝ ուսուցիչներից ոմանք դժգոհում էին, որ Խաչիկը չի սովորում դասերը, թեև չափազանց ընդունակ էր և արագ էր յուրացնում անգամ ամենաբարդ գիտելիքը: Խաչիկը սովորում էր այն, ինչը դուր էր գալիս իրեն: Օրինակ՝ անգլերենն ու ռուսերենը: Գեղարվեստական գրականություն էր կարդում երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Շախմատ էր պարապում, գնում էր լողի, կարատեի, անդամակցում էր «Ժայռ» ռազմամարզական կազմակերպությանը, սովորում էր կրակել տարբեր զինատեսակներից, կոփում էր մարմինը ու տիրապետում էր ողջ մնալու հմտություններին…

-Նախապատրաստվում էր գալիք զինծառայությա՞նը,- հարցնում եմ Խաչիկի մայրիկին՝ Նարինե Հարությունյանին, որը հոգեբանություն է դասավանդում Երևանի պետական համալսարանում, ու «չգիտեմ» պատասխանը զարմացնում է ինձ: Նարինեն բացատրում է.

-Նա երբեք չի խոսել զինծառայությունից, երբեք հերոսական տեքստեր չի ասել բանակի կարևորության ու տղամարդու պարտքի մասին: Հայրենիքի հանդեպ սիրո մասին չի խոսել նույնիսկ այն ժամանակ, երբ կյանքն էր զոհաբերում հայրենիքի համար…

Չի կարելի ասել, որ Խաչիկը դպրոցական միջոցառումների ու հավաքների հոգին էր: Նա հետաքրքրությունների իր շրջանակը ուներ ու ցանկության դեպքում կարող էր իրագործել իր յուրաքանչյուր մտահղացումը, ասենք՝ կազմակերպել արշավ կամ այցելություն իր նախընտրած վայրերը:

Նա կյանքի մարտահրավերներն ընդունում էր գրկաբաց: Երբեք չէր տրտնջում անհաջողության հանդիպելիս: Յուրաքանչյուր փորձություն սեփական ներուժը ճանաչելու պատեհ առիթ էր համարում ու պատրաստակամ գնում էր ընդառաջ վերահաս դժվարություններին:

…Մի օր արթնացավ ու որոշեց, որ պիտի իրավաբան դառնա: Ծնողները վախենում էին, որ չի կարողանա հաղթահարել մեծ մրցակցությունը, բայց նա ոչինչ չէր ասում ու պարապում էր: Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ ընդունվեց բարձր միավորներով: Երբ մայրը ոգևորված պատմում էր այդ մասին, ուսերն էր թոթվում՝ իսկ ինչո՞ւ չպիտի ընդունվեի, պարապեցի, ընդունվեցի:

Խաչիկի համար սովորական էին ուսումնական զորամասում իր արձանագրած հաջողությունները, սերժանտի կոչման արժանանալը, իրեն մարտական ծառայության ուղարկելու դիմում-խնդրանքը՝ ուղղված զորամասի հրամանատարությանը, սպաների մշտական գովասանքները՝ խելացի, պատասխանատու, պարտաճանաչ, ընկերասեր, եռանդուն, բանիմաց…

Սովորական ծառայություն է՝ ասում էր մորը ամեն անգամ, երբ Նարինեն խնդրում էր մանրամասներ պատմել բանակային կյանքից: Հազվադեպ, բայց պատահում էր, որ հույզերը չէին տեղավորվում հոգում, մատնում էին ապրումները: Մի անգամ ասաց. «Պուշկես էնքան լավն ա, մա՛մ, էնքան եմ սիրում»: Մայրը զարմացավ, ծիծաղեց. «Պուշկի լավը որն ա, Խաչի՛կ ջան»:

-Հրանոթի հաշվարկի հրամանատար, սերժանտ Խաչիկ Պողոսյանը իմ լավագույն տղաներից էր,- սա գնդապետ Վիգեն Մկրտչյանի կարծիքն է իր զինվորի մասին,- նա բոլոր հանձնարարությունները կատարում էր արագ ու անթերի: Կատարելապես տիրապետում էր իր զինվորական մասնագիտությանը: Խաչիկը կարգապահ զինվոր էր, բարեխիղճ, ազնիվ, ընկերասեր: Նրա սեղանին տարբեր լեզուներով գեղարվեստական ու մասնագիտական գրականություն կար…

Զինվորի հասցեին գովասանք են շռայլում նաև մյուս հրամանատարները, ու ինձ թվում է՝ ականջներիս մեջ հնչում է Խաչիկի ձայնը՝ սովորական բան է, ու ես շտապում եմ հասնել անխուսափելի արտասովորին:

…Անսպասելի գրոհով թշնամին հաջողել էր երկու դիրք գրավել: Ու մարտական առաջադրանքը շատ պարզ էր՝ հետ վերցնել կորցրած դիրքերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեին: Սերժանտ Խաչիկ Պողոսյանի հաշվարկը անօդաչու թռչող սարքերի ու հրետանու կրակի տակ կատարում էր մարտական առաջադրանքը: Պահ առ պահ հակառակորդի դիրքերը վեր էին ածվում ավերակների, կրտսեր հրամանատարի հաուբիցի կրակը արագորեն ոչնչացնում էր թշնամու կենդանի ուժն ու մարտական տեխնիկան… Մարտը տևում է տասը ու կես ժամ: Հայկական դիրքերում հաստատված ադրբեջանցի գրոհայինների մեծ մասը ոչնչացվում է, մյուսները փախչում են: Մեր համազորային ստորաբաժանումները շարժվում են առաջ ու կրկին ամրանում սեփական դիրքերում:

Ես վստահ եմ՝ եթե սերժանտ Խաչիկ Պողոսյանը ողջ լիներ, չէր հրաժարվի արտասովոր բառից՝ եթե ոչ իր, ապա գոնե զինակից ընկերների համար ու կյանքում թերևս առաջին անգամ գովեստին ի պատասխան չէր ասի՝ սովորական բան է:

Կհամաձայներ, որ ընկերներին թաքստոց ուղարկելն ու մեն-մենակ հրանոթային կրակով հակառակորդի ահռելի ուժերին դիմակայելը արտասովոր է, ու դա իր բարձր նշաձողն է, իր դրած սահմանը սովորականի ու անսովորի միջև:

…Հոկտեմբերի 2-ին ծանր մարտից առաջ Խաչիկ Պողոսյանը զանգեց իր կյանքի ամենակարևոր մարդկանց, խոսեց հոր, մոր, սիրած աղջկա հետ: Չէ, սրտաճմլիկ խոսքեր չեղան, ոչ էլ զրույցն էր հրաժեշտի նման: Խաչիկի տրամադրությունը սովորականի պես բարձր էր, խոսքը՝ խանդավառ ու գոտեպնդող:

-Ես հպարտ եմ, որ սերժանտ Խաչիկ Պողոսյանի հրամանատարն եմ եղել,- ասում է գնդապետ Վիգեն Մկրտչյանը: Ու այս բառերը կարող էին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ, սերժանտ Խաչիկ Պողոսյանի սովորական-արտասովոր դիմանկարի վերջին վրձնահարվածը լինել: Բայց ոչինչ չի ավարտվել:

-«Խաչիկ Պողոսյան» հիմնադրամը ստեղծվել է, որ կանգնի բանակի կողքին: Հիմա սահմանապահ գյուղի երեխաները հիմնադրամի աջակցությամբ ուսումնասիրում եմ անօդաչու թռչող սարքերը, որ առիթի դեպքում դրանց հանդիպելիս ավելի համարձակ ու պաշտպանված լինեն,- ասում է հերոս զինվորի մայրը: Հետո ավելացնում,- Խաչիկը շարքում է, նրա ծառայությունը հայրենիքին չի ավարտվել ու չի ավարտվելու…

Ավելին՝ ես մտածում եմ, որ 44-օրյա պատերազմի յուրաքանչյուր հերոսական դրվագ, հայրենիքի ազատության համար զոհաբերված կյանքի յուրաքանչյուր սխրալի պատմություն մեր հաղթական ապագայի նախերգանքն է, որովհետև քաջերի ոգեղեն բանակը երբեք չի զորացրվելու, մնալու է շարքում ու միշտ առաջնորդելու է մեզ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (1500) 06.09.2023 - 12.09.2023, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


11/09/2023