Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԱՆՑԵԼ ԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ



ԵՐԲ ԱՆՑԵԼ ԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ2023 թվականին իրականացավ Արման Կոմշույանի նվիրական երազանքը. նա դարձավ հայկական բանակի սպա՝ ստանձնելով դասակի հրամանատարի պաշտոնը։ Նվիրվածությունը երկրի սահմանների պաշտպանության գաղափարին Արմանի մեջ ավելի քան ընդգծված է։ Եվ դա պատահական չէ. երիտասարդ սպան այդ ուղին ընտրել է գիտակցաբար՝ հաղթահարելով բազում դժվարություններ, անցնելով 44-օրյա պատերազմական գործողությունների ամենաթեժ կետերով և անգին մարտընկերների մահն ու պատերազմի մյուս արհավիրքները տեսնելով՝ կրկին վերահաստատել զինվորականի դժվարին ուղով անցնելու իր որոշումը։

 

Ֆրանսիայում ծնված ու հասակ առած Արման Կոմշույանը պատկերացնել անգամ չէր կարող, թե հետագա իրադարձությունների ի՜նչ բուռն շղթա է սպասում իրեն, երբ առաջին անգամ որոշեց ու Հայաստան եկավ՝ ճանաչելու իր արմատները։ Երիտասարդը, որ Ֆրանսիայի բուհերից մեկում փիլիսոփայություն էր ուսումնասիրում և անգամ մայրենիով գրել-կարդալ չգիտեր, Հայաստանում մի քանի ամսում խորապես զգաց իր կապն այս հող ու ջրի հետ, հասկացավ, որ իր տանն է։ Այժմ արդեն՝ 5 տարի անց, այս ամենի մասին պատմում է փայլուն հայերենով:

-Ծնողներս 1993 թվականին են Հայաստանից տեղափոխվել Ֆրանսիա։ Շրջապատումս, ընկերներիս մեջ շատ հայեր կային։ Միշտ ուզում էի տեսնել Հայաստանը։ 2018-ին եկա ու այստեղ գտնվելուս չորս ամիսների ընթացքում մշտական բնակություն հաստատելու որոշում կայացրի։ Ֆրանսիայում ուսումս ավարտելուց հետո վերադարձա Հայաստան։ Ծնողներս չէին հավատում, որ որոշումս վերջնական է։ Ասում էին՝ կգնաս, որոշ ժամանակից կվերադառնաս։ Իհարկե, այստեղ գտնվելուս ընթացքում և՛ լավը, և՛ վատը տեսա, բայց, անկախ ամեն ինչից, զգացի, որ այս բոլորը իմն է, հարազատ է։ Խնդիրներն այստեղ, իհարկե, շատ են։ Բայց, պատկերացրե՛ք, քո տունը վերանորոգման կարիք ունի, իսկ հարևանիդ տունը շատ լավ, բարեկարգ ու նորոգված է։ Կուզենաս, անշուշտ, որ քոնը շենացնես, ավելի լավը դարձնես և ոչ թե գնաս, հարևանիդ շքեղ տանը ապրես։ Դա ավելի արժանապատիվ մոտեցում է կյանքին։ Ես զգացի, որ այս տունն իմն է, այս ժողովուրդը, երկիրը իմն են, այս բանակն ու պետությունն իմն են։ Եվ մինչև օրս էլ ոչինչ չի փոխվել, էլի այդպես եմ մտածում։

…2020 թվականի օգոստոս ամսին Արմանը տեղափոխվեց Հայաստան, իսկ սեպտեմբերին սկսեց 44-օրյա պատերազմը։ Որոշումը կայացրել է առանց հապաղելու, և սեպտեմբերի 28-ին կամավորական ստորաբաժանման  կազմում  արդեն առաջնագծում էր…

ԵՐԲ ԱՆՑԵԼ ԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ-Քանի որ երբևէ չէի ծառայել, անորոշության վախն իմ մեջ մեծ էր։ Բայց պատվախնդրությունս, իմ դավանած արժեքներին հավատարիմ մնալու հաստատակամությունն ինձ ստիպեցին, որ մեկնեմ ու հենց առաջնագծում լինեմ։ Կարճ ժամանակում կարողացա հաղթահարել վախը, և ինձ համար արդեն սովորական դարձան կրակոցներն ու պայթյունները։

Խրամատ մտնելուց ընդամենը մի քանի վայրկյան անց ԱԹՍ-ն հարվածել էր նրանց դիրքից ոչ հեռու՝ խլելով զինվորներից մեկի կյանքը… Պատերազմն իր դժնի դեմքով  առաջին իսկ պահից  երևացել էր Արմանին։

Վերհիշելով պատերազմական օրերը՝ Արմանն ասում է, որ երբեք չի մոռանա իր կողքին, նույն խրամատում կռվող տղաների մարտական ոգին, անձնուրացությունն ու խիզախությունը։ Անմոռանալի է հատկապես Քարին տակի հատվածում հոկտեմբերի 30-ին մղած մարտը, երբ ընդամենը մի վաշտով, որի զգալի մասը ծառայության երեք ամիսը դեռ նոր բոլորած զինվորներ էին, հերոսաբար կասեցրել էին հակառակորդի գումարտակի առաջխաղացումը։

-Մեր տղաների հաղթելու կամքը անկասելի էր։ Ութ ժամից ավելի աննահանջ մարտ մղեցինք։ Սա իրոք հերոսական դրվագ է, քանի որ տղաները կռվում էին բացառիկ քաջությամբ։ Մարտի էինք գնում երգելով։ Հայրենիքի նկատմամբ սերն ու հողը պաշտպանելու գաղափարը վեր էր ամեն ինչից, անգամ՝ մարդկային կյանքից։ Ոչ ոք չէր մտածում զոհվելու մասին։ Մեր մարդկային ու տեխնիկական ռեսուրսները շատ ավելի սահմանափակ էին, քան հակառակորդինը, բայց դա նշանակություն չուներ։ Այդ օրը երեք անգամ հետ մղեցինք թշնամու գրոհները, և դա միմիայն բարձր գաղափարների ու ոգու ուժի շնորհիվ էր։

Մինչև պատերազմը Արմանը ՀՀ զինված ուժերում ծառայելու նպատակ չի ունեցել։ Սակայն հենց մարտի դաշտում տեսնելով, գիտակցելով հայ սպայի, հայկական բանակի դերը մեր սահմանների պաշտպանության գործում, վճռել է ծառայության անցնել զինված ուժերում։ Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մեկամյա սպայական դասընթացները, զինվորագրվեց   հայրենիքի պաշտպանությանը։

-Հենց պատերազմն ինձ դրդեց, որ այս որոշումը կայացնեմ։ Երեք տարի է, ինչ մշտական բնակություն եմ հաստատել իմ հայրենիքում, երեք տարի է, ինչ ծառայում եմ հայկական բանակում։ Հայաստան գալուս պահից ես անընդհատ զինվորական համազգեստ եմ կրում. քաղաքացիական կյանք գրեթե չեմ տեսել։

Կարող էի համարել, որ կատարել եմ պարտքս ու զորքերից դուրս գալ, բայց ես գիտակցում եմ իմ առաքելությունը, հասկանում եմ, որ պատասխանատու եմ իմ ժողովրդի անվտանգության համար։

Երբ Ֆրանսիայում դեռ բուհում էր սովորում, երազում էր դառնալ մանկավարժ, իսկ երբ համալրեց բանակի շարքերը, հասկացավ, որ գիտելիքը, մանկավարժական կարողություններն ու հմտություններն իրեն այստեղ էլ են անհրաժեշտ։ Այժմ լեյտենանտ Կոմշույանը ԶՈՒ զորամասերից մեկում զինվորներին ծանոթացնում է հակատանկային միջոցի հնարավորություններին և կիրառման կարգին։

ԵՐԲ ԱՆՑԵԼ ԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ-Մարտական պատրաստությանը պետք է աչալրջորեն հետևել,– ասում է երիտասարդ, բայց փորձառու սպան,- օր չկա, որ ենթականերիս չհիշեցնեմ, որ պետք է ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինել։ Ամեն օր մարտավարական, մասնագիտական և տեխնիկական պարապմունքներ ենք անցկացնում, որ զորքը միշտ մարտունակ լինի։ Պակաս կարևոր չէ նաև գաղափարական պատրաստությունը։ Հաշվի առնելով զինվորների ամենօրյա ծանրաբեռնվածությունը՝ նրանց ձեռքը գիրք տալու փոխարեն նախընտրում եմ զրուցել նրանց հետ, ծանոթացնել այն բոլոր գաղափարներին, որ կարևոր են  զինվորական ծառայության մեջ, չէ՞ որ հայրենասիրական, հայրենապաշտպան ցանկացած գործունեություն հենց գաղափարախոսությունից է ծնվում։ Կարգապահությունը, պատասխանատվության զգացումը չեն կարող դրսևորվել, եթե գաղափարն այդ մարդու մեջ բյուրեղացած չէ։

Ինչ վերաբերում է ստորաբաժանման բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովմանն ու ենթակաների ղեկավարման համար կարևոր սկզբունքներին՝ Արմանը վստահ է.

-Առողջ մթնոլորտը առաջնահերթություն է։ Իմ ենթակաները պետք է իրար սիրեն ու հարգեն։  Զինվորական ստորաբաժանումը պետք է ոչ միայն զինվորական կոլեկտիվ լինի, այլև՝ ընտանիք։ Անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր զինվորին, տեսնելով յուրաքանչյուրի նվիրվածությունը, ծառայության որակը և գնահատելով այդ ամենը՝ նաև պետք է բոլորի հանդեպ հավասարապես  ուշադիր ու արդարամիտ լինի հրամանատարը։ Հավասարությունն ու արդարությունը հիմք են դնում սպայի հանդեպ հարգանքին։

Ինչ վերաբերում է այսօրվա իր երազանքներին ու նպատակներին՝ լեյտենանտ Կոմշույանն ասում է.

-Իմ կյանքի նպատակը նախ և առաջ ոչ թե իմ անձին է վերաբերում, այլ մեր հայրենիքի ապագային։ Կհամարեմ, որ իմ կյանքը հաջողվել է, եթե մեր ժողովուրդը կարողանա իր հայրենի երկրում անվտանգ ապրել ու ստեղծագործել։

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (1500) 06.09.2023 - 12.09.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/09/2023