Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՀԱՅԵՐԵՆ ՉԵՄ ԳՐՈՒՄ, ԲԱՅՑ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԵՆ



ԵՍ ՀԱՅԵՐԵՆ ՉԵՄ ԳՐՈՒՄ, ԲԱՅՑ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԵՆՎիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թ. օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում՝ Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից գաղթած Արմենակ և Թագուհի Սարոյանների ընտանիքում։

1911 թ. հոր անժամանակ մահից հետո Սարոյանի մայրը իր չորս զավակներին տեղափոխել է որբանոց։ Վիլյամ Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել, իսկ դպրոց հաճախել է մոտավորապես վեց տարի։ Ընտանիքի հոգսը մի քիչ թեթևացնելու համար նա տարբեր աշխատանքներ է կատարել՝ սևագործ բանվորի, փոստատարի, այգիներում սեզոնային աշխատողի։

Սարոյանը հորը գրեթե չի հիշում։ Սակայն երբ նա դառնում է 14 տարեկան, մայրը նրան է հանձնում բանաստեղծ հոր թղթերի ու տետրերի մի տրցակ։ Օրեր շարունակ նա կարդում է հոր գրվածքները, հետո ուրիշ գրողների և հասկանում՝ չգրել չի կարող։

«Ես գրում եմ փոքր տարիքից, թեպետ այն ժամանակ ոչ մեկին չէի խոստովանում, որ ուզում եմ գրող դառնալ։ Մերոնք՝ բիթլիսցիները, հատկապես Ամերիկայում հիմնավորված, գրողներին լուրջ չէին վերաբերվում։ Նրանց համար կարևորն այն էր՝ կարո՞ղ ես փող աշխատել, թե՞ ոչ։ Իմ հորեղբայր Արամն ասում էր. «Դու այդ հիմարությունը թող, բայց ես նրան չէի լսում,- ասել է Սարոյանը»։

1934 թ. լույս է տեսնում Սարոյանի «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» վիպակը, որը մեծ ճանաչում է բերում նրան։ Սարոյանը հեղինակել է 1500-ից ավելի պատմվածքներ, վեպեր, վիպակներ ու պիեսներ։

1940 թ. Սարոյանն արժանացել է Պուլիցերյան գրական մրցանակին։ 1944 թ. «Մարդկային կատակերգություն» վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմի սցենարի համար Վիլյամ Սարոյանն ստացել է «Օսկար» մրցանակը։

Վիլյամ Սարոյանը վախճանվել է 1981 թ. մայիսի 18-ին իր ծննդավայր Ֆրեզնո քաղաքում։ Կտակի համաձայն՝ Սարոյանի աճյունի մի մասը բերվել է Հայաստան և հողին է հանձնվել հայ մեծերի պանթեոնում։

 

ԵՍ ՀԱՅԵՐԵՆ ՉԵՄ ԳՐՈՒՄ, ԲԱՅՑ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԵՆՄեծերը Սարոյանի մասին

 

«Ես լիապես երջանիկ մարդ եմ համարում Սարոյանին։ Անընդհատ զարմանալու ընդունակությամբ է օժտված այդ մարդը։ Երջանիկ են այն մարդիկ, որ տարիքն առնելու հետ չեն կորցնում զարմանալու ընդունակությունը։ Սարոյանը հենց այդ մարդկանցից է, ուղղակի մեծ երեխա է և այն էլ՝ հանճարեղ։ Զարմանքով գրում է բաների մասին, որոնք, թվում է, այնքան հասարակ են, պարզ, սովորական, որ հետաքրքրություն չեն ներկայացնում։ Բայց դրանց խորքում այնքան պայծառ իմաստնություն, փիլիսոփայական վեհություն, զգացմունքների այնքան բազմազանություն և մեծ արվեստ, հրճվանք կա»։

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

 

«Սարոյանն օժտված է մի այնպիսի ձիրքով, որ շատ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով։ Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց։ Ահա թե ինչու նա բացասական կերպարներ չունի։ Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է, բայց այդ բարությունը ոչ թե սառը հայեցողական է, այլ զարմանալի գործոն, իսկ սերը՝ այնքան արտահայտիչ, որ ցույց է տալիս նաև, թե նա ինչ չի սիրում և չի կարող սիրել։ Նրա երկերը լեցուն են հազար ու մի զրկանքներով, և նրա հերոսները հազար ու մի դժվարություն են կրում, բայց այդ ամենը ջերմացած է սրտի մի այնպիսի կրակով, որ ապրել ես ուզում, ոչ թե մեռնել, փառաբանում ես կյանքը և ոչ թե անիծում… Սարոյանը հավատում է աշխարհի ու մարդկանց լավացմանը։ Այդպիսին է Սարոյանը»։

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

 

«Վիլյամ Սարոյանը մարդկային ապրումների, հույզերի ու կարոտի մի հորդառատ գետ էր, որը երբեք չկտրվեց իր ակունքներից և երբեք չպղտորվեց։ Ուր էլ որ գնաց, տարավ իր զուլալ մաքրությունը և իրավունք ունեցավ ասելու՝ «Իմ սիրտը լեռներում է»։

ՆՈԴԱՐ ԴՈՒՄԲԱՁԵ

 

«Մեծացավ Սարոյանը Արևմուտքի գրականության ջունգլիներում՝ խլելով բնությունից իրեն սահմանված փառքի մեծ բաժինը, հպարտ և տիրական, մեծաքանքար և կորովի անցավ աշխարհի սրտի միջով՝ մնալով միշտ մարդ, միշտ Վիլյամ, մնալով, մանավանդ, միշտ Սարոյան…

Դժվարին մանկություն և նույնքան դժվարին պատանեկություն, պատանի, երիտասարդ, ապա չափահաս Սարոյանը պիտի ստեղծեր իր գրական-ստեղծագործական սարոյանական աշխարհը, որի բնակիչները պիտի լինեին իր ճանաչած մարդիկ։ Խորն է ապրել կյանքը համբավավոր գրողը, խորն է զգացել կյանքի հակասությունները և դժվարությունները, բայց այդ ծանրությունը նա տարել է միշտ լավատես ժպիտով, գրեթե մանկական անմիջականությամբ, միշտ իրական կյանքում լավը որոնելու և անպայման գտնելու ցանկությամբ տառապող հոգու մակընթացությունով և տեղատվություններով, հաճախ հակասական, չարի դեմ անզեն ու անզոր, բայց միշտ լավատես, բայց միշտ հումանիստ»։

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ասույթներից

ԵՍ ՀԱՅԵՐԵՆ ՉԵՄ ԳՐՈՒՄ, ԲԱՅՑ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԵՆ

«Ես աշխարհ եկա 1908 թվականի օգոստոսի վերջին օրը, Ֆրեզնո քաղաքում, մահու չափ հոգնած-ձանձրացած և միաժամանակ զարմանքով, բարությամբ ու խինդով լեցուն»։

 

«Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն»։

 

«Հայերենը հայուն խորհուրդն է»։

 

«Թեև գրում եմ անգլերեն ու ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող։ Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյանն է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է։ Ուրեմն, ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»։

 

«Տարօրինակ է, բայց Հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես, ինչպես ծնողներիդ»։

 

«Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք։ Ձեր բախտ հիմա չեք կրնար հասկընալ, հետո պիտի հասկընաք։ Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկընան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը»։

 

«Օտարության մեջ ապրող հայերի մեջ մեծ է հայրենիքի հանդեպ կարոտը։ Բայց դա հիվանդություն չէ։ Դա ուժ է։ Եվ այն օգնում է ճանաչելու ինքդ քեզ։ Ես՝ Վիլյամ Սարոյանս, Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակն եմ, և իմ արժեքն այն է, որ ես հայ եմ, գրող։ Ես չեմ կարող ինքս ինձ դավաճանել։ Եթե դավաճանեմ, չեմ կարողանա գրել և այն ամենը, ինչ կգրեմ, կլինի կեղծ։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու առաջին իսկ վաստակած գումարով եկա Հայաստան»։

 

«Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը։ Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից»։

 

«Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը»։

 

«Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին մեկ այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը»։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (1498) 23.08.2023 - 29.08.2023, Հոգևոր-մշակութային


28/08/2023