Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԱՐՏԱՆԻՇՈՒՄ



ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԱՐՏԱՆԻՇՈՒՄԱրտանիշ թերակղզին Սևանա լճի արևելյան կողմում է՝ առանձնացված Արեգունի լեռներից։ Այս թերակղզում 2015 թվականին բացահայտվել է մ.թ.ա. III հազարամյակի առաջին կեսին բնորոշ վաղբրոնզեդարյան բնակատեղի: Հուշարձանի տարածքում պեղումներ են անցկացվում 2019 թվականից և շարունակվում են առայսօր։ Այժմ այստեղ աշխատում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի համալսարանի մասնագետները՝ պատմական գիտությունների թեկնածուներ Արսեն Բոբոխյանի և Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։ Այս պահին պեղվում է վաղբրոնզեդարյան բնակատեղին՝ «Արտանիշ-9» և մեկ դամբարան։ Արշավախումբը ժամանակին պեղումներ է իրականացրել Շորժա գյուղի տարածքում գտնվող «Արտանիշ-23» կոչվող դամբարանադաշտում, որտեղ արդեն պեղված են 10 ուշբրոնզ-վաղերկաթեդարյան, իսկ «Արտանիշ 29»-ում ևս 2 երկաթեդարյան դամբարաններ։ Դամբարանադաշտը, հնարավոր է, ավելի մեծ տարածք է ունեցել, սակայն խորհրդային տարիներին այն հարթեցվել է վար ու ցանքի համար: Տարածքից պեղումների ընթացքում գտնվել են բրոնզե դաշույն, նիզակի ծայրեր, ապարանջաններ, ականջօղեր, սարդիոնից և մածուկից ուլունքներ, կավանոթներ և այլ նյութեր, որոնք տեղեկություն են տալիս ժամանակաշրջանի բնակչության մասին։ Հուշարձանի վաղբրոնզեդարյան բնակատեղիի հատվածում այս պահի դրությամբ կան բացված քարե հիմքով, կլոր և ուղղանկյուն հատակագծերով կացարաններ, դրանց կավե հատակները։ Կացարաններից մեկի կենտրոնում բացվել է օջախ, գտնվել են մի շարք վանակատից աշխատանքային գործիքներ, մի քանի տասնյակ խեցանոթների բեկորներ, անիվի մոդել, մածուկից պատրաստված ուլունքներ։ Ըստ հնագետ Մարիամ Սարիբեկյանի` պեղումների ընթացքում պարզվել է, որ բնակատեղիում ապրել են մի քանի սերունդ մարդիկ, յուրաքանչյուր սերունդ՝ իրեն բնորոշ ճարտարապետական լուծումներով։

Պեղումներին զուգահեռ արշավախումբի շրջանակներում բացված է նաև միջազգային ամառային դպրոց ուսանողների համար։ Հնավայրում աշխատում և հնագիտության դասընթացներին մասնակցում են ուսանողներ Հայաստանից, Կանադայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից։

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #31 (1496) 09.08.2023 - 15.08.2023, Հոգևոր-մշակութային


14/08/2023