Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հունիսի 23-ին ռուս զինվորականներին մեղադրել է «Վագների» թիկունքային ճամբարը հրթիռակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ։ Թեև ՌԴ տարբեր շրջաններում իրականացվել են անվտանգության միջոցառումներ, «Վագների» ուժերը առանց մարտերի մտել են Դոնի Ռոստով, վերահսկողություն սահմանել ռազմական օդանավակայաններում, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ՝ զինված խռովության կոչելու մեղադրանքով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրավիճակն անվանել է հարված երկրի ու ժողովրդի թիկունքին և կազմակերպիչներին չեզոքացնելու հրաման տվել:  Նա իր ուղերձում հայտարարել է, որ՝ որպես Ռուսաստանի քաղաքացի ամեն ինչ անելու է երկիրը պաշտպանելու համար: Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ «Վագների» մարտիկները երկրում հարգանք են վայելել, իրապես արիություն եւ հերոսություն են ցուցաբերել մարտի դաշտում։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կողմերը որոշակի համաձայնության են եկել։ Եվգենի Պրիգոժինին և մյուս մասնակիցներին անվտանգության երաշխիքներ են տրվել, ինչպես նաև հնարավորություն՝ տեղափոխվելու Բելառուս, հարուցված քրեական գործը կարճվել է:

Եվգենի Պրիգոժինն ապստամբությունից հետո իր առաջին ելույթում նշել է, որ օրինական ընտրված իշխանությունը տապալելու մտադրություն չի ունեցել։ Արշավի նպատակն էր կանխել ընկերության ոչնչացումը և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր այդքան շատ սխալներ են թույլ տվել հատուկ գործողության ընթացքում: Նրա խոսքով՝ «Վագները» Ռուսաստանի ամենափորձառու և մարտունակ ստորաբաժանումն է, որը լավ արդյունքների է հասել Ուկրաինայում։ Խարդավանքների և չմտածված որոշումների արդյունքում՝ հուլիսի 1-ից այն պետք է դադարեր գործել։

«Ամբողջ երթի ընթացքում մենք անցանք 780 կիլոմետր։ Կանգ առանք մոտ 200 կիլոմետր՝ չհասած Մոսկվա, երբ ակնհայտ դարձավ, որ շատ արյուն է թափվելու։ Շարասյուները հետ դարձան դեպի ճամբարներ։ Մեր երթը բացահայտեց անվտանգության լուրջ խնդիրներ ամբողջ երկրում. մենք արգելափակել էինք բոլոր օդանավակայաններն ու զորամասերը։ 24 ժամվա ընթացքում հաղթահարեցինք այն տարածությունը, որը համապատասխանում է 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական զորքերի արձակման վայրից մինչև Կիև հեռավորությանը։ Եթե հատուկ գործողության սկզբում առաջադրանքները կատարեին «Վագների» մարտիկների պես զինվորականներ, գուցե հատուկ ռազմական գործողությունը մեկ օր տևեր»,- ասել է Պրիգոժինը։

Մեկնաբանելով իրավիճակը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանում խռովության մասին հաղորդագրություններից հետո իր հանձնարարությամբ մարտական պատրաստության են բերվել երկրի զինված ուժերը: Նա նաև պատրաստ է եղել մեկ բրիգադ ուղարկել Ռուսաստան՝ ռուսական իշխանություններին օժանդակելու նպատակով: Նրա կարծիքով, Ռուսաստանի փլուզումը՝ որպես պետության, կհանգեցնի աղետի։

Նա նաև նշել է, որ «Վագների» մարտական փորձը օգտակար կլինի բելառուսական կողմի համար։

Զինված խռովության կարգավորումից հետո հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ներքին անվտանգությունն ապահովող Ռոսգվարդիան ծանր սպառազինություն եւ տանկեր կստանա։

Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը։

Տարբեր պետությունների ղեկավարներ, նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարեցին, որ ուշադիր հետեւում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն դրանք համարում են տվյալ պետության ներքին գործը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գնահատմամբ՝ ճգնաժամը բացահայտեց ռուսական իշխանական համակարգի իրական ճեղքերը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի բանագնացը այցելել է Մոսկվա՝ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծում գտնելու համար։

Մեծ Բրիտանիայի հետախուզության տվյալներով՝ ռուսական ռազմածովային ուժերը մեծապես ընդլայնել են Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի գլխավոր բազայի անվտանգությունը: Նավահանգստի մուտքի երկայնքը ցանցերի և շղթաների առնվազն մի քանի շերտով կահավորելուց բացի, ավելացել է նաև վարժեցված ծովային կաթնասունների քանակը, որոնք նախատեսված են հակառակորդի սուզորդներին դիմակայելու համար։

Դեռ սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը օգտագործել են դելֆիններին՝ սովորեցնելով նրանց հայտնաբերել սուզանավեր, ականներ, նավահանգիստների և նավերի մոտ կասկածելի առարկաներ կամ անձանց:

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հերթական՝ 11-րդ փաթեթով փորձ կարվի կանխել նախկինում սահմանված պատժամիջոցների շրջանցման դեպքերը: Նոր գործիքակազմով հնարավոր կլինի սահմանափակել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների և տեխնոլոգիաների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը Ռուսաստանի ռազմական ու արդյունաբերական համալիրներին աջակցող որոշակի երրորդ երկրներ: Արդեն իսկ ցանկում ներառված Ռուսաստանի և Իրանի ընկերություններին կավելանան Հայաստանում, Չինաստանում, Ուզբեկստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սիրիայում գրանցված ընկերություններ։

Պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակում արգելվել է ռուսական նավթի մատակարարումը Գերմանիա և Լեհաստան «Դրուժբա» նավթամուղի հյուսիսային ճյուղով: Ընդ որում, երրորդ երկրներից հումքը նախկինի պես թույլատրվում է մատակարարել այդ  երթուղով: Եվրամիությունը արգելել է նաև էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների, ինչպես նաև ներքին այրման շարժիչով մի շարք ավտոմեքենաների և ավտոբաղադրիչների մատակարարումները:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈւ ԳՇ պետ Մոհամադ Բաղերին քննարկել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու միջազգային իրադրությանն առնչվող հարցեր, հաստատել են պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու մտադրությունը։

Միացյալ Նահանգները և Ճապոնիան մտադիր են զարգացնել համագործակցությունը և կատարելագործել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հնարավոր հարձակումներից զսպման միջոցները։ Կողմերը պայմանավորվել են տեղեկատվության փոխանակման, վարժանքների միջոցով միջուկային զենքի կիրառումը զսպելու հնարավորություններն ընդլայնելու շուրջ։

Աշխարհի խոշորագույն ավիացուցադրություններից մեկում՝ Լե Բուրժեի 54-րդ միջազգային օդատիեզերական ցուցասրահում ստորագրված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 150 միլիարդ դոլար, ինչը 10 միլիարդ դոլարով ավելի է, քան 2019 թվականին։ Ավիասրահի խոշորագույն գործարքն է դարձել 500 Airbus A320neo ինքնաթիռների վաճառքը IndiGo ընկերությանը։

Իրանը 2022 թվականին գազ արդյունահանող պետությունների շարքում զբաղեցրել է երրորդ, իսկ նավթի շուկայում՝ ութերորդ տեղը: Չնայած շարունակվող պատժամիջոցներին՝ 2022 թվականին Իրանում նավթի արդյունահանումն աճել է 4,1 տոկոսով:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի խոսքերը՝ դաշինք մտնելու Ուկրաինայի հեռանկարների մասին, դեմոտիվացնում են ուկրաինական բանակը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինան հուլիսի 11-12-ը կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չի ստանա։ Այնուամենայնիվ, նրանք պատրաստ են քննարկել, թե ինչպես կարելի է «Ուկրաինան մոտեցնել ՆԱՏՕ-ին»։ Զելենսկին դաշինքին անդամակցելու համար դիմել էր 2022 թվականի սեպտեմբերին։

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժության ժամանակ փորձարկել են անօդաչու թռչող սարքերի պարսի կիրառումը։

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի բանակում ստեղծվել են հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ։ Իսկ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերի մոդելով ադրբեջանական բանակի զարգացման աշխատանքների 70 տոկոսն արդեն իրականացվել է։ Նրա խոսքով՝ այս տարի նախատեսված Թուրքիայի զինված ուժերի հետ 16 համատեղ զորավարժություններից վեցն արդեն անցկացվել են։

Թուրքական «Baykar» ընկերությունը նախատեսում է 2025 թվականին Ուկրաինայում սկսել Bayraktar TB2 եւ Bayraktar Akinci մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, հայտարարել է գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։ Գործարանի կառուցման մասին հայտնի դարձավ անցյալ տարվա օգոստոսին։ Ռուսական զինված ուժերը հրթիռակոծեցին գործարանի տարածքը, իսկ պաշտոնյաները հայտարարեցին անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնելու և Ուկրաինան զինելու ծրագրերը խափանելու պատրաստակամության մասին։

Սերբիան հրաժարվել է թուրքական «Բայրաքթար»  ԱԹՍ-ներ գնել, քանի որ դրանք մատակարարվել են նաև Կոսովոյին։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչը տեղեկացրել է դրանց փոխարեն չինական և մերձավորարևելյան երկրներից մեկի արտադրության անօդաչուներ պատվիրելու մասին։

Թուրքական մի քանի մեդիա հոլդինգներ խզել են պայմանագրերը բրիտանական Reuters լրատվական գործակալության հետ՝ Թուրքիայի նախագահի և նրա որդու մասին հոդվածից հետո։ Շվեդական ընկերության հետ նրանց ենթադրյալ ֆինանսական գործարքների և կաշառակերության սխեմայում ներգրավվածության մեղադրանքները Թուրքիայում անհիմն են համարել։

Համաշխարհային բանկը Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման համար 1 մլրդ դոլար կհատկացնի։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (1490) 28.06.2023 - 04.07.2023, Տարածաշրջան


03/07/2023