Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ



ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո հայտնվեց պատմական Ակնայի շրջանը։ Ակնա ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք Տիգրանակերտը՝ դարերով ձևավորված ու դրոշմված հայկական պատմամշակութային ժառանգությունը։

Արցախում, Վանքասար լեռան արևելյան թեք լանջին, Խաչեն գետի աջ ափին Տիգրան Մեծ արքան մ.թ.ա. 1-ին դարում կառուցել է հայկական տերության իր անունը կրող չորս քաղաքներից մեկը՝ Տիգրանակերտը։ Արցախի Տիգրանակերտը Տիգրան Մեծի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որտեղ հնագիտական հետազոտություններ են իրականացվել։

Արցախի Տիգրանակերտը հիշատակվում է Սեբեոս ու Մովսես Կաղանկատվացի պատմիչների երկերում, Եղիա Ա Արճիշեցու գրագրության մեջ։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար։

Տիգրանակերտի հնավայրը Տիգրան Մեծ արքայի կայսերական ուժն ու հզորությունն է ցույց տալիս, նրա ռազմավարական հմտությունները։ Կովկասյան տարածաշրջանում Տիգրան Մեծի ժամանակաշրջանը ներկայացնող ամենալավ պահպանված հնավայրն է։ Հենց սա է Տիգրանակերտի կարևորությունը։ Տիգրանակերտի պեղումներից երևում է, որ ամրոցի պարիսպներն ունեցել են աղյուսաշեն վերնամասեր, իսկ քարերի հիմքերն ունեն մինչև 6 մ բարձրություն։ Տիգրանակերտն իր կարևորությամբ նման է Տրոյային։

Տիգրանակերտը հայկական քաղաքակրթության նվաճումների մարմնավորումն է, որ ունի ակնհայտ հայկական դրոշմ ու ձեռագիր։ 2006 թ. սկսվում են հնավայրի պեղումները. գտնվում և ուսումնասիրվում են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին։ Քաղաքը հիմնականում կառուցվել է սպիտակ կրաքարով, և ապացուցվում է, որ ամբողջ Կովկասյան տարածաշրջանում Տիգրանակերտը կրաշաղախի օգտագործման առաջին օրինակն է։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» շարվածքը, որը թույլ չի տալիս, որ երկրաշարժերը քանդեն պարիսպներն ու պատերը։ Իսկ քաղաքից մի քիչ հեռու, Խաչենագետի ափին, մի ժայռ կա, որի ստորոտի ժայռափոր ջրանցքը մոտավորապես 5 կմ է հեռու Տիգրանակերտից։ Ջրանցքի կարևորությունը շատ մեծ է, քանի որ, ինչպես ուրարտական ջրանցքները Արարատյան դաշտում, այնպես էլ սա այս տարածքի միակ հիդրոտեխնիկական կառույցն է, որը Տիգրանակերտին ջուր է մատակարարել։

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՄ.թ.ա. 1-ին դարում հիմնադրված և մինչև 15-րդ դարը գոյատևած հելլենիստական ոճի բնակավայրը բաղկացած է երեք հիմնական տեղամասերից՝ ամրացված թաղամասից, անտիկ շրջանի տեղամասից և վաղ քրիստոնեական հրապարակից, որ ներառում է 2 եկեղեցի, դամբարանադաշտ, հուշակոթողի մնացորդներ, ընդարձակ գերեզմանատեղի։ Կան բազմաթիվ պատմական շերտեր, որոնք փորելով՝ հնագետները հայտնաբերել են, որ քաղաքը արվեստի, մշակույթի ու առևտրի զարգացած կենտրոն է եղել։ Կովկասյան տարածաշրջանում չկա մի հնավայր, որտեղից գտնված ու պեղված լինի այդ քանակության, որակի և բազմազանության խեցեղեն։ Մեծ արժեք ունեն հայտնաբերված հատկապես ջնարակապատ իրերը, որոնցից ամեն մեկը յուրօրինակ արվեստի գործ է։ Հայտնաբերվել են ապակե իրեր, ապարանջաններ, մետաղյա զարդեր, զինատեսակներ՝ տեգեր, նիզակի ծայրեր, դաշույնների բեկորներ, արծաթե զարդեր, կնքադրոշմներ, մի քանի տասնյակ դրամներ։ Քաղաքը կառուցել են ժամանակի հմուտ և առաջադեմ ճարտարապետներն ու վարպետները քաղաքաշինության բարձրակարգ հատակագծումով ու շինարարական տեխնիկայով։

Տիգրանակերտը, հնավայր լինելուց բացի, մշակութային կենտրոն է եղել։ Սա շատ լուրջ փաստարկ է ապացուցելու, որ տեղանքը հայկական քաղաքակրթության օրրաններից մեկն է։ Իսկ ամրաշինական համակարգը դասական համակարգ է՝ մշակված Ալեքսանդրիայում, որ հետո տարածվել է Փոքր Ասիայում։

Արցախի Տիգրանակերտի հնավայրն զբաղեցնում է ավելի քան 80 հա տարածք, որից հնագետները հաջողել էին պեղել ընդամենը 2 հա տարածքը։ Հնավայրում ուշագրավ է հատկապես վաղ քրիստոնեական եկեղեցին։ Պահպանված ավերակները հնարավորություն են տալիս վերականգնելու եկեղեցու հատակագիծը։ Եկեղեցու գոյությունը փաստում է, որ Տիգրանակերտը վաղ միջնադարում էլ պահպանել է իր նշանավոր հայկական բնակավայր լինելու կարգավիճակը։

Տիգրանակերտից գտնված ամենանշանավոր գտածոներից մեկը կավե սկավառակն է՝ հայերեն արձանագրությամբ, որը, փաստորեն, Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրություններից մեկն է և Խաչենագետի հովտի վաղ քրիստոնեական հայկական դիմագծի լավագույն փաստարկը։ «Ես Վաչ[է] (կամ՝ Վաչագան) ծառայ Տ[եառ]ն»։ Այս յուրօրինակ գտածոն փաստում է, որ հայերն Արցախում առնվազն 2000-ամյա ներկայություն ունեն։ Տիգրանակերտի եկեղեցու պեղումներից գտնված խոյակները նման են Հայաստանի տարբեր եկեղեցիներում պահպանված վաղ քրիստոնեական քանդակներին (Ծիծեռնավանք, Երերույքի վանք, Կողբ)։ Նախնական դիտարկումներով՝ այս բազիլիկ եկեղեցին կանգուն պիտի եղած լիներ մինչև 9-րդ դարի վերջերը, որից հետո ավերվել է։ Հնագետները այս եկեղեցու մերձակայքում պեղել են նաև մեկ այլ եկեղեցու ավերակներ, նույնպես սրբատաշ քարով կառուցված։

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՏիգրանակերտի վաղ քրիստոնեական ճարտարապետական համալիրի և բազիլիկ եկեղեցու առկայությունը կարևոր վկայությունն է այն իրողության, որ վաղ միջնադարում Արցախի Տիգրանակերտը պահպանել էր հայկական նշանավոր բնակավայրի իր կարգավիճակը՝ մեծաքանակ հայ համայնքով ու վեհաշուք տաճարով։

Տիգրանակերտի հնավայրի հարևանությամբ կանգուն է պարսիկ Փանահ խանի կառուցած ամրոցը, որը որևէ կապ չունի Տիգրան Մեծի հետ։ Կառուցվել է մեր թվարկության 18-րդ դարում, երբ Տիգրանակերտը վաղուց արդեն չկար, և տարածքում միայն հին քաղաքի ընդարձակ ավերակներն էին։ Հնավայրում աշխատող գիտնականները պարզել էին, որ հարևանությամբ կառուցված Փանահ խանի ամրոցի առաջին շարքերը շարվել են վաղ քրիստոնեական եկեղեցուց բարբարոսաբար պոկված սրբատաշ քարերով։ Տիգրանակերտի հնագիտական վկայությունները՝ անտիկ ամրոցն ու թաղամասերը, վաղ քրիստոնեական հրապարակն ու դամբարանադաշտերը, հին քաղաքի այլ կառույցները, որ բացվել էին պեղումների ընթացքում, որևէ կապ չունեն 18-րդ դարի ամրոցի հետ։ Խորհրդային տարիներին ռեստորանի վերածված ամրոցը հայ հնագետները դարձրել էին թանգարան, որտեղ պահվում էին Տիգրանակերտի հնավայրից գտնված իրեղեն ապացույցները՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանի խեցեղեն, մատանիներ, թաղման սափորներ, վաղ քրիստոնեական մշակույթի նմուշներ։

Տիգրանակերտը հայերի հայրենիք Արցախի և հայկական պատմամշակութային ամբողջական ժառանգության մի մասն է։ Իսկ պատմահնագիտական փաստարկների շղթան փաստում է, որ Արցախը բնիկ հայկական է և մինչև 18-րդ դարն ունեցել է գրեթե միատարր էթնիկ հայկական բնակչություն։

 

Պատրաստեց  ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #22 (1487) 07.06.2023 - 13.06.2023, Հոգևոր-մշակութային


12/06/2023