Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ՝ ՄՈՎՍԵՍ…



ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ՝ ՄՈՎՍԵՍ...Տավուշի մարզի Մովսես գյուղն ուղիղ սահմանի պռնկին է ու մյուս սահմանամերձ-սահմանապահ բնակավայրերի նման բազմաթիվ օրհասական օրեր է ապրել. տների պատերին, տանիքներին չմարող հակամարտության հետքերն են՝ ինչ տրամաչափի զենքից ասես չեն կրակել այս ուղղությամբ:

Աշխատասեր, քարից հաց քամող, սրտաբաց ու հյուրասեր է մովսեսցին: Ռուսաստանաբնակ մովսեսցիներն էլ մշտապես իրենց ներդրումն են ունենում հայրենի գյուղը շենացնելու գործում:

-Ուրախալի մի փաստ նշեմ՝ ընտանիքներ կան, որ նախկինում հեռացել էին գյուղից, այժմ վերադարձել են, դրական միտումը կա՝ մի քանի ամսում արդեն երեք ընտանիք վերադարձել է,- ասում է Մովսես գյուղի վարչական ղեկավար Զավեն Պապյանը:- Գեղատեսիլ վայրերով, սառնորակ աղբյուրներով, շքեղ ու շռայլ բնությամբ հայտնի է մեր բնաշխարհը, ցավոք, վարելահողերի մի զգալի մասը չի մշակվում՝ հակառակորդի ուղիղ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ՝ ՄՈՎՍԵՍ...նշանառության տակ է… 90-ականներին հարյուրավոր մովսեսցիներ կանգնած էին սահմանին, այսօր էլ մեր բանակի կազմում բազմաթիվ պայմանագրայիններ ունենք:

44-օրյա պատերազմին գյուղը չորս զավակ է կորցրել՝ չորս հայրենանվեր ու հայրենապաշտ երիտասարդ…

Մեր գյուղի տղաները շատ լավ են ծառայում, նվիրումով, ծառայավայրից վերադառնում են պատվոգրերով, մեդալներով: Մովսեսում արդեն վաղուց ավանդույթ է դարձել, անխախտելի կարգ՝ նորակոչիկներին բանակ ենք ճանապարհում զուռնա- դհոլով, երգով ու պարով եւ հանդիսավոր էլ ընդունում:

***

Գյուղն ապրում է իր առօրյա կյանքով՝ պատերազմի եւ խաղաղության սահմանին: Մովսեսում մշակույթի տուն է գործում, մանկապարտեզ, դպրոց:

Պապիկ Ավալյանի անվան միջնակարգ դպրոցի ցուցատախտակին նշված է, որ կրթօջախը հիմնադրվել է 1852 թ.-ին:

-Ժամանակին դպրոցն ունեցել է 1200 աշակերտ,- ասում է դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը:- Մեր սաները մասնակցում են տարբեր օլիմպիադաների, հաղթանակներ գրանցում: Դպրոցի ուսումնանյութական բազան բավականին հարուստ է, ունենք բնագիտական առարկաների ժամանակակից լաբորատորիա՝ իր սարքավորումներով, ունենք «Մենամարտ» վարժասարքը, որից հարեւան գյուղերի աշակերտներն են նաեւ օգտվում:

***

Վաստակաշատ մանկավարժ Սերյոժա Անդրեասյանը Մովսես գյուղի հնաբնակներից է, խոսքաշեն է, հումորն ու եռանդը՝ անսպառ:

-Անձնական օրինակով ես դաստիարակում, չորս որդիներս ծառայել են, մենք ընտանիքով իրար գումարած՝ 18 տարի ծառայել ենք բանակում, հայրս էլ Մեծ հայրենականի մասնակից է,- իր օջախի համառոտ պատմությունը ներկայացնելուց հետո պապն անցնում է գյուղի պատմությանը,- Մովսեսը մեծությամբ Բերդ խոշորացված համայնքի երրորդ գյուղն է, ունի մոտ երկու հազար բնակիչ: Հերոսական ժողովուրդ է մովսեսցին, պատվախնդիր, մաքառող, միշտ աներեր կանգնած սահմանին, տեր իր տուն ու տեղին:

90-ի շեմին է Սերյոժա պապը, էս տարիքին էլ ձեռքը ծալած չի նստում, այգին է մշակում:

-Հողը թանկ է, անընդհատ կռիվ է բնության տարերքի դեմ, քարի դեմ, թշնամու դեմ… Հող հայրենին մեր անցավորները բազում փորձություններ հաղթահարելով ժառանգել են մեզ, ու մենք էլ սերնդեսերունդ պիտի փոխանցենք…

Մովսեսցի Գագիկ Բադալյանն էլ կյանքը հարազատ շենից դուրս չի պատկերացնում:

-Սա մեր երկիրն է, մեր հողն ու ջուրը, որ մեզ ուժ ու զորություն է տալիս… Աշխարհում շատ սիրուն վայրեր կան, մեկը մեկից գեղեցիկ, բայց ինձ համար իմ բնօրրանն ամենից լավն է, ամենից սրտամոտը, Երեւան էլ եմ գնացել, Ռուսաստան էլ՝ հարազատ-բարեկամի տեսակցելու, բայց ամենից ուշը մի շաբաթից հետ եմ եկել, հազար թելով կապված եմ իմ բնաշխարհին, եթե ամեն առավոտ ես էս սարը չտեսնեմ, մեղուներիս երգ-բզզոցը չլսեմ, հավատացեք, չեմ կարող ապրել, ես միայն այստեղ եմ շնչավորվում…

Խորհրդային բանակում ծառայելուց հետո, երբ Գագիկը զորացրվեց ու վերադարձավ Հայաստան, Շարժումը նոր էր սկիզբ առել:

-Երկրապահի կազմում հորս հետ կանգնեցի պոստի՝ գյուղը պահելու: Հայրս զոհվել է… Երկիրը պահում են զենքով ու կյանքով,- սա հողի մշակ ու հողի պաշտպան Գագիկի բանաձեւն է, եթե իմ որդին չծառայի, էն մյուսի տղան չծառայի, ո՞վ պիտի պաշտպանի մեր երկիրը: Մի պարզ ճշմարտություն կա՝ եթե քո բանակը չես ուզում կերակրել, ուրիշի բանակը ստիպված կլինես կերակրել… 90-ականներին, երբ երկիրը խառն էր, Ռուսաստանում ապրող հորեղբայրս կանչում էր, որ գնամ իր մոտ, բայց միշտ մտածել եմ՝ եթե ես դժվար ժամանակ գյուղս թողնեմ-գնամ, ի՞նչ երեսով հետո պիտի գյուղ մտնեմ… Իմ երեխեքին էլ նույն ձեւով եմ դաստիարակել…

Հինգ զավակ ունի Գագիկը, ավագ որդին զինվորական է, միջնեկը՝ 44-օրյայի ժամանակ արտերկրից վերադարձել էր, որ մասնակցի կռվին, կրտսեր որդին էլ ժամկետային է, վերջերս է զորակոչվել, մտադրվել է ծառայությունը շարունակել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով:

-Մենք մեզ ամուր ենք զգում, քանի որ սահմանին մեր քաջազուն տղերքն են,- ասում են մովսեսցիները:

Սահմանին ապրողից լավ ոչ մեկը սահմանին կանգնած զինվորի ու զորականի արժեքը չգիտի, ու սահմանին ապրող ամեն բնակիչ ինքն էլ մի սահմանապահ է…

 

ՈՐ ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐԸ ԱՆԱՌԻԿ ՄՆԱՆ

Հյուսիսարեւելյան սահմանագոտում ենք: Գնդի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Վ. Զաքարյանի ուղեկցությամբ բարձրանում ենք դիրքեր: Հայոց բանակի նվիրյալ զինվորականներից է փոխգնդապետը, շուտով կլրանա զինվորական կենսագրության 30 տարին: Պատերազմի թոհուբոհով է անցել, կռվել թեժ հատվածներից մեկում՝ Մատաղիսում: Փորձառու սպան իր մասին խոսել չի սիրում, փոխարենը պայմանագրայինների մասին ընդգծված ակնածանքով է խոսում՝ տղերքի ոգին տեղն է, պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրված յուրաքանչյուր բարդության խնդիր. «Երեք տարի անընդմեջ փոխգնդապետ Հրայր Չոբանյանի ղեկավարած գումարտակը լավագույնն է ճանաչվել որպես մարտական հերթապահություն իրականացնող, եւ փոխանցիկ դրոշն իր մշտական գրանցումն է ստացել գումարտակում: Հայրենիքի սահմանների համար մղված մարտերի քաջազուն մասնակիցներից է փոխգնդապետ Չոբանյանը…»:

Մարտական հենակետում մաքուր է, մեծ ծավալի աշխատանքներ են կատարված թե՛ ինժեներական, թե՛ ամրաշինական, թե՛ զինծառայողների կենցաղը բարելավելու առումով:

Ջրի խնդիր չկա, հոսանքի խնդիրը եւս լուծված է, գիշերային, ցերեկային տեսանելիության սարքեր, ապահով դիտակետեր, անվտանգ խրամուղիներ, կրակակետերը լրիվ ապահովված են կրակ վարելու համար…

-Գումարտակը պայմանագրայիններով է համալրված, հիմնական կորիզը տեղացիներն են,- նշում է գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հրայր Չոբանյանն ու հավելում,- տեղանքին քաջածանոթ լինելը ծառայությունը զգալիորեն հեշտացնում է: Թիկունքում իրենց ընտանիքներն են, իրենց սրբությունները… Սահմանին կանգնած զինվորի, սպայի համար կարեւոր է, երբ թիկունքում լույս է վառվում, ավելի են գոտեպնդվում, ավելի նվիրումով ծառայում…

Զրուցում եմ նաեւ դիրքապահ տղաների հետ:

Դիրքի ավագ սերժանտ Բենիկ Մելքումյանն արդեն յոթ տարի է սահմանին մարտական հերթապահություն է իրականացնում:

-Իմ երկու որդիների համար եմ կանգնած այստեղ, բոլոր երեխեքի համար…Կանգնած ենք՝ ոչ մի րոպե չթուլացնելով զգոնությունը:

-Ես էլ երեք զավակ ունեմ, մեծ տղաս՝ Լեւոնը, շուտով բանակ է գնալու, առաջարկել եմ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայի,- կրտսեր սերժանտ Սուրեն Հարությունյանն է միանում զրույցին:- Բոլորս էլ միանշանակ գիտակցում ենք՝ ոչ թե պարտք, այլ պատիվ, բախտավորություն ու երջանկություն է քո սեփական եզերքը պաշտպանելը…

-Միմյանց թեւութիկունք, մի բռունցք դարձած կանգնած ենք այստեղ, որ մեր հողն ու ջուրը անառիկ մնան,- զինակից ընկերների խոսքն ամփոփում է շարքային Գեւորգ Մարգարյանը:

***

Երեկոյանում էր, մութն իր տիրական թեւերն էր փռում շուրջբոլորը, երբ իջանք դիրքերից: Հետդարձի ճանապարհը գյուղերի միջով է անցնում: Գյուղերում վառվում են լույսերը…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (1486) 31.05.2023 - 06.06.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


05/06/2023