Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող անվտանգության հարցերում ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը և պետք է կառուցի իր ռազմական ինքնիշխանությունը։ Նրա կարծիքով՝ առաջիկա տարիներին Եվրոպային աջակցող ԱՄՆ վարչակազմը կարող է փոխվել։

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է որոշակի տրամաչափերի փամփուշտների արտահանումը պետության շահերի պաշտպանության ապահովման նպատակով։ Արգելքը չի տարածվում ռուսական ռազմակայաններ և ԵԱՏՄ երկրներ մատակարարման վրա։

Իրանական աղբյուրների համաձայն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ավարտել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկում ուրանի մինչև 83,7 % հարստացման գործի հետաքննությունը, տեխնիկական քննարկումների ընթացքում բոլոր խնդիրները կարգավորվել են։ Մինչև 83,7% հարստացված ուրանի մասնիկների ծագումը Իրանն ավելի վաղ պայմանավորել էր հարստացման մակարդակի հնարավոր չկանխամտածված տատանումներով:

Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինը ստորագրել են ռուսական միջուկային զենքը Բելառուսի տարածքում պահելու կարգը սահմանող փաստաթղթեր։

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատրաստ են Ուկրաինային հատուկ կարգավիճակ առաջարկել՝ «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ» ձևաչափով։ Նման մեխանիզմը դաշինքի անդամ երկրների զինված ուժերի հետ Ուկրաինայի զինված ուժերի ավելի մեծ փոխգործակցության հնարավորություն կընձեռի։ ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնատար անձինք խոստովանել են, որ Ուկրաինայի արագ անդամակցումը ներկա փուլում անհնար է, և նման ձևաչափն այս փուլում ամենահարմարն է։

Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին»։

Ուկրաինայի հետ դաշնակցային հարաբերությունների եւ նրան ցուցաբերվող ռազմական աջակցության պատճառով Մեծ Բրիտանիան կարող է որակվել որպես պատերազմող պետություն, իսկ այդ դեպքում թագավորության ցանկացած պաշտոնատար անձ կարող է դիտարկվել որպես օրինական ռազմական թիրախ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին վերջնական համաձայնության են եկել պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ։ Այդպիսով՝ օրակարգից դուրս է գալիս ԱՄՆ դեֆոլտի վտանգը:

Մայիսի 29-ից մինչև հունիսի 9-ը Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ռազմաօդային ուժերը կանցկացնեն Arctic Challenge-2023 խոշորագույն զորավարժությունները։ 2013 թվականից ի վեր անցկացվող զորավարժություններն այս անգամ ղեկավարում են Ֆինլանդիայի զինվորականները։ Կմասնակցեն նաև այլ երկրների զինված ուժերի ստորաբաժանումներ՝ 150 թռչող սարքերով, Նիդերլանդներից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Դանիայից, Չեխիայից, ԱՄՆ-ից։

Կտրուկ սրվել է իրավիճակը Կոսովոյում այն բանից հետո, երբ ալբանացի քաղաքապետները սերբական մեծամասնությամբ համայնքներում ստանձնել են իրենց պաշտոնները: Սերբերն ապրիլին բոյկոտել էին ընտրությունները, ինչի պատճառով ընտրություններին մասնակցությունը կազմել էր ընդամենը 3,47 %, և ալբանացի թեկնածուները ինքնաբերաբար համարվել են հաղթող։ Բախումների հետևանքով վիրավորվել է ՆԱՏՕ-ի մի քանի տասնյակ խաղաղապահ:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրամանով բանակային ստորաբաժանումներ են տեղակայվել Կոսովոյի սահմանների մոտ՝ սերբ բնակչությանն անհրաժեշտության դեպքում պաշտպանելու համար։ Եվրամիությունը դատապարտել է բախումները Կոսովոյի հյուսիսում և կոչ արել թուլացնել լարվածությունը, ինչպես նաև երկխոսության միջոցով քաղաքական լուծում գտնել։

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին բարեկամ երկրների հետ ռազմական ոլորտում համագործակցությունը խորացնելու և պաշտպանական սարքավորումներ արտահանելու պատրաստակամություն է հայտնել:

Իրանական սեփական արտադրության տրանսպորտային ինքնաթիռը՝ «Simorgh»-ը, հաջողությամբ կատարել է իր առաջին թռիչքը։

Իրանի տարեկան արտահանումը Ռուսաստան աճել է 57 տոկոսով եւ գերազանցել 740 մլն դոլարը։

Բաքվում կայացել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հանդիպումը։ Կողմերը, այլ հարցերից բացի, քննարկել են իրենց գնահատմամբ՝ տարածաշրջանի անվտանգության համար վտանգ ներկայացնող «Իրանի սպառնալիքը»։

Իրանը ծրագրում է ավելացնել այլ երկրներում իր առեւտրային կցորդների թիվը:

Ջրօգտագործման շուրջ տարաձայնություններից հետո բախումներ են տեղի ունեցել Աֆղանստանի և Իրանի սահմանին, ինչի հետեւանքով զոհվել են իրանցի սահմանապահներ, խաղաղ բնակիչներ են վիրավորվել։ «Թալիբան» շարժման ուժերը սահմանին մոտ տեղակայել են տանկեր, ուղղաթիռներ։ Մեկնաբանելով միջադեպը՝ Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ թալիբների հետ բանակցությունների արդյունքում խնդիրը հարթվել է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Քվեարկության երկրորդ փուլի վերջնական արդյունքներով՝ նա հավաքել է ձայների 52,18 տոկոսը, իսկ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոսը։ Էրդողանի գնահատմամբ՝ երկու փուլով անցկացված ընտրությունները ցրեցին երկրում բռնապետության առկայության մասին պնդումները, ցուցադրեցին թուրքական ժողովրդավարությունը։

Ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնը մի քանի անգամ ավելացնում է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։

Ճապոնիան նախատեսում է ընդունել փաստաթուղթ, որը կխորացնի գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ եւ կապահովի փոխգործակցությունը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ դիմակայությունում։

Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու ԱՄՆ ցանկությունը լուրջ սխալ էր եւ հանգեցրել է ներկա հակամարտությանը, ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ ազգային անվտանգության գծով խորհրդական Հենրի Քիսինջերը։

Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի   հարաբերություններում  լարվածությունն աճում է, քանի որ Ռուսաստանն առաջարկում է ավելի էժան հում նավթի հսկայական ծավալներ և վիժեցնում է գները բարձրացնելու Սաուդյան Արաբիայի ջանքերը։

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #21 (1486) 31.05.2023 - 06.06.2023, Տարածաշրջան


05/06/2023