Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ



ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔՄոնթեականները պատվո տողանի են կանգնել վարժարանի շարահրապարակում. վերջին զանգի արարողությունն է։

Կրթօջախի որդեգրած կարգախոսին համահունչ, նոր բարձունքների հասնելու վստահ քայլերով՝ շրջանավարտները վարժարանից հեռանում են գիտելիքների հարուստ պաշարով և ռազմամարզական գերազանց հմտություններով։

-Վստահ եմ, որ վճռական եք ձեր ընտրության մեջ և դառնալու եք հայրենիքի արժանի պաշտպաններ: Ինչ ճանապարհ էլ ընտրեք, եղեք Հայաստանի Հանրապետությանն արժանի քաղաքացիներ, անմնացորդ սիրեք հայրենիքը, ձեր ապագան նվիրեք հայրենիքի շենացմանն ու հզորացմանը,- դիմելով շրջանավարտներին՝ պատգամեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը: Իսկ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ասաց.

-Դուք՝ որպես Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը կրող ռազմամարզական վարժարանի սաներ ունեք կարևոր առաքելություն՝ լինել ազնիվ, պատվախնդիր, նվիրված՝ պետությանը, բանակին և մեր հայրենիքին:

Ուսումնառության տարիները շրջանավարտների համար հետաքրքիր էին ու հագեցած։

-Ստացել եմ լավ կրթություն և հիասքանչ տպավորություններով եմ հեռանում իմ սիրելի կրթօջախից,- անկեղծանում է Գարիկ Կարապետյանը: Նա վարժարանն ավարտում է գերազանց գնահատականներով։ Նույնպիսի ցուցանիշներով էլ կարողացել է անցնել բարդ քննաշրջանի մի քանի փուլերով և ընդունվել աշխարհի ամենամրցունակ կրթօջախներից մեկը՝ Միացյալ Նահանգների Վեսթ Փոյնթ քաղաքի ռազմական ակադեմիան։

Շրջանավարտներին ուղղված բոլոր շնորհավորանքների առանցքում մեկ հիմնական ու կարևոր շեշտադրում կար՝ դառնալ Մոնթեի արժանի հետնորդները, լինել հայրենիքի նվիրյալ զավակներ, ազնիվ ու արժանապատիվ, ոգով արի ու, անկախ մասնագիտական ընտրությունից, մշտապես բարձր պահել մոնթեականի վեհ կոչումը, հայրենիքին ծառայել պատվով ու անմնացորդ նվիրումով:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը շրջանավարտներին ճանապարհում է այն համոզմամբ, որ կրթօջախում ստացած գիտելիքներն ու փորձը օգնելու են յուրաքանչյուրին կերտելու փայլուն ապագա, գտնելու կյանքի ճիշտ ուղին ու հասնելու նոր հաջողությունների տարբեր ասպարեզներում։

-«Ճանապարհ դեպի բարձունք» կարգախոսը լիովին համահունչ է մեր վարժարանին: Լավ կրթություն ու կյանքի փորձ՝ ահա թե ինչ տվեց ինձ իմ վարժարանը,- սա էլ Մկրտիչ Դավթյանի կարծիքն է:

Իսկ շրջանավարտ Աղասի Խաչատրյանին դեպի բարձունք ձգվող ճանապարհը շատ վերև է տանելու. նա ուզում է օդաչու դառնալ և վստահ է, որ վարժարանում ստացած գիտելիքներն ու կյանքի դասերը կօգնեն իրեն իրականացնելու բոլոր համարձակ երազանքները:

Շրջանավարտների շարքում քիչ չեն նաև աղջիկները։ Շրջանավարտների բացարձակ մեծամասնությունն ընտրել է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը՝ կյանքի երիտասարդ տարիներն աներկբայորեն Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին նվիրելու պատրաստակամությամբ:

-Ուսումս շարունակելու եմ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանում՝ որպես ավիացիոն մեխանիկ: Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սովորելը ինձ համար մեծ պատիվ էր, և ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի միշտ բարձր պահեմ վարժարանիս անունը,- վստահեցրեց Մարիամ Խառատյանը:

Իրենց որդու՝ Հայկ Գրիգորյանի մասնագիտության ընտրությունը ծնողների համար ի սկզբանե անակնկալ է եղել, սակայն ծնողները տեսնելով նրա ոգևորությունն ու նպատակասլացությունը, այժմ նույնքան ոգևորված են և իրենք:

-Ես որդուս խորհուրդ եմ տվել. եթե այս ճանապարհն ես ընտրել, ուրեմն պետք է լինել ամենալավը, քեզ դրսևորես որպես ազնիվ, հայրենիքին նվիրված զինվորական,- մեզ հետ զրույցում պատմեց Հայկ Գրիգորյանի մայրը՝ Արմինե Մաթևոսյանը:

Վերջին զանգի վերջին ակորդը շարահրապարակում հնչեց։ Դեպի բարձունք ճանապարհի նոր սկիզբն ազդարարող հանդիսավոր երթով մոնթեական շրջանավարտները հրաժեշտ տվեցին հարազատ կրթօջախին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (1486) 31.05.2023 - 06.06.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/06/2023