ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՍՏՈՒԳԱՏԵՍ
Զինծառայողների գեղագիտական մակարդակը բարձրացնելու, մշակութային կյանքն աշխուժացնելու, արվեստագետ զինծառայողներին ստեղծագործելու հնարավորություն ընձեռելու նպատակով 2023 թվականի մարտի 20-ից մայիսի 25-ը զինված ուժերում անցկացվել է նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթ-ստուգատես «Սպարապետ» թեմայով: Միջոցառումը կազմակերպել և աշխատանքները համակարգել է ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչությունը:
Մրցույթ-ստուգատեսն անցկացվել է 3 փուլով: Ներզորամասային և կիսաեզրափակիչ փուլերում որոշվել են լավագույն աշխատանքներ ներկայացրած նկարիչներն ու քանդակագործները:
Մայիսի 25-ին ՀՀ նկարիչների միությունում անցկացվեց մրցույթ-ստուգատեսի եզրափակիչ փուլը: Բոլոր մասնակիցները հանդիսատեսին և ժյուրիի անդամներին ներկայացրին իրենց ստեղծագործությունները՝ բանավոր մեկնաբանությամբ:
Ժյուրին գնահատել է մասնակիցների՝ գեղանկարչության և քանդակագործության մեթոդների և ձևերի իմացությունը, դրանք գործնականում կիրառելու ունակությունը:
«Կտավ» անվանակարգում մրցանակային 3-րդ տեղը կիսել են սերժանտ Աշոտ Մանուկյանը և սերժանտ Հերմինե Դանիելյանը: 2-րդ տեղը զբաղեցրել է շարքային Արգամ Աբրահամյանը: «Կտավ» անվանակարգում համաբանակային մրցույթի հաղթող է դարձել շարքային Տիգրան Հակոբյանը:
«Քանդակ» անվանակարգում տեղերը դասավորվել են հետևյալ կերպ. 3-րդ տեղում է շարքային Արտավազդ Գասպարյանը: 2-րդ հորիզոնականը կիսել են շարքայիններ Աշոտ Հարությունյանն ու Կարեն Զոհրաբյանը: Տվյալ անվանակարգում մրրցույթի հաղթող է ճանաչվել Արտաշես Սարգսյանը:
Մրցանակակիրները խրախուսվել են արժեքավոր նվերներով և պատվոգրերով:
ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Խորագիր՝ #20 (1485) 24.05.2023 - 30.05.2023, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում