Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԱՍԽԱՎԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ԿԱՄՈՅԻ ԵՎ ԱԶԱՏԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ
ԵՐԱՍԽԱՎԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ԿԱՄՈՅԻ ԵՎ ԱԶԱՏԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ

1990թ.

ՀՈՒՆՎԱՐ

Ամանօրյա տոներից հետո աստիճանաբար պարզվեց, որ միութենական ժողովրդավարական շարժումների շրջագծում Ադրբեջանում բնականաբար մուսավաթական «թեքումով» ստեղծված ԱԺՃ-ն (Ադրբեջանի Ժողովրդական Ճակատը) 1989 թվականի վերջին օրը Նախիջևանում սկսել էր աննախադեպ մի գործողություն, որը խորհրդային լրատվամիջոցները չգիտեին էլ, թե ինչպես ձևակերպել: Դեկտեմբերի 31-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում սկսվեց հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ու նաև խորհրդա-իրանական պետական սահմանի հարյուրավոր կիլոմետրեր ձգվող մի հատվածի բոլոր ենթակառուցվածքների ավերումը: Ադրբեջանը, Հայաստանն ու Արցախը մեծ իրադարձությունների նախաշեմին էին…

Հունվարի 2-ին Աղդամից Շուշի մեկնող խորհրդային բանակի մի ավտոշարասյուն, մտնելով Ստեփանակերտ, դիմեց սադրանքի, որին հետևեց ինքնաձիգներից բացված կրակը: 10 մարդ վիրավորվեց, 2-ը զոհվեցին: Նրանցից մեկը շնորհաշատ քանդակագործ Արմեն Հակոբյանն էր:

Հունվարի 3-ին Խոջալուի ադրբեջանցիները փակեցին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհը, իսկ գիշերը տարբեր հրազեններից գնդակոծեցին մոտակա հայկական տները:

Հունվարի 10-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը բեկանեց ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման վերաբերյալ Հայկական ԽՍՀ ԳԽ և ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի միացյալ նստաշրջանի համատեղ որոշումը` այն որակելով անօրինական: Դրան հետևեցին իրավիճակի նոր սրումն ու հերթական սադրանքները, որոնց նախադրյալներն արդեն իսկ կային: Դեռ նախօրեին պատանդ էին վերցվել Գետաշենում դաժանորեն սպանված երկու հայի հուղարկավորությունից վերադարձող Շահումյանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վ.Աղաջանյանն ու շրջանի ևս 19 ղեկավար աշխատող:

Նույն օրը լուծարվեց ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեն, որի փոխարեն հունվարի 12-ին Ադրբեջանի ԳԽ նախագահության որոշմամբ ստեղծվեց «ԼՂԻՄ կազմկոմիտեն», որը գլխավորեց նույնքան տխրահռչակ ու վատահամբավ Պոլյանիչկոն` Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի 2-րդ քարտուղարը: Մարզը փաստորեն վերաենթարկեցվում էր Ադրբեջանին: Իսկ նախօրեին Բաքվում տեղի ունեցած մարդաշատ հանրահավաքում առաջ էին քաշվել քաղաքը հայերից շուտափույթ մաքրելու և զանգվածաբար ԼՂԻՄ-ի վրա շարժվելու գաղափարները:

Նույն օրը ժողճակատի գրոհայինները Հադրութի շրջանի Հախուլլու և Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղերում սպանեցին և վիրավորեցին ռուս զինծառայողների: Վիճակը կտրուկ սրվեց Գետաշենում ու ողջ Շահումյանի շրջանում, բայց շուտով նկատելիորեն կայունացավ հունվարի 15-ին այնտեղ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի շուրջ 1200 զինծառայողների տեղաբաշխումից հետո: Ոչնչացվեց նաև ժողճակատի զավթած զրահամեքենան:

Հունվարի 13-ին սկսվեցին Բաքվի հայկական ջարդերն ու ռուսալեզու բնակչության բռնագաղթը: Լավ զինված բազմահազար խուժանի գործողություններն ուղղորդվում էին Ադրբեջանի ԽՍՀ իրավապահ մարմինների կողմից: Սպանդը, որի արդյունքում Բաքուն լրիվ հայաթափվեց, տևեց 6 օր:

Հունվարի 15-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության նիստի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և նրան հարող ադրբեջանաբնակ շրջաններում, խորհրդա-իրանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում ու Գորիսում հայտարարվեց արտակարգ դրություն, և հաստատվեց պարետային ժամ: Նույն գիշեր, երբ Կրկժանից վերստին գնդակոծեցին հայկական տներն ու մեկը հրկիզեցին, հայերն այրեցին ադրբեջանցիների երեք տուն ու բարձրախոսներով հայտարարեցին, որ հետայսու միշտ այդպես կլինի:

Նույն օրն Արարատի շրջանում հայկական աշխարհազորային ջոկատները երկօրյա մարտերից հետո ազատագրեցին Երևան-Մեղրի ռազմավարական նշանակության ավտոճանապարհը վերահսկող Քյարքի գյուղը, որի համար մղված մարտերում զոհված մարտիկի անունով էլ գյուղը վերանվանվեց Տիգրանաշեն:

Հունվարի 18-ին, ժամը 15.30-ին, սկսվեցին Երասխավանի կռիվները: Հարվածի ուղղությունը ճիշտ էր ընտրված. մայրաքաղաքից ընդամենը 40 կիլոմետր հեռու զինված ընդհարում էր, որն սպառնում էր փակել նաև ամբողջ Վայոց ձորն ու Սյունիքը Երևանին կապող մայրուղին: Զինված ընդհարումներ էին նաև Գորիսի ու Իջևանի սահմաններում:

Երկու հանրապետություններում էլ իրավիճակը լրիվ դուրս էր եկել վերահսկողությունից: Ամբողջ թափով գործում էր օդային կամուրջը Ստեփանակերտի ու Շահումյան-Գետաշենի հետ, կամավորական ջոկատներ, զենք ու զինամթերք էին տեղափոխվում վտանգված բնակավայրեր, ժողովուրդն ինքնաբերաբար զինվում էր ու զորամասերից և հատկապես ներքին գործերի տարածքային բաժիններից զենք էր հափշտակվում, օրինականացվում էր զինված աշխարհազորի գոյությունը: Այս ամենն այլևս անդառնալի գործընթաց էր, որը, երկու հանրապետություններում էլ ծավալվելով ու զարգանալով, սկիզբ էր դնելու ազգային զինված ուժերի կազմավորման գործընթացին: Հայաստանում, Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում պետական-կուսակցական իշխանություն կա՛մ չկար, կա՛մ երկիշխանություն էր, և առանց շարժման ղեկավարության` գործնականում անհնար էր որևէ որոշում ընդունել ու առավել ևս` իրականացնել:

Արծվաշենն արդեն զինված շրջապատման օղակում էր, իսկ հունվարի վերջից ողջ թափով սկսվեցին Գետաշենի ենթաշրջանի Ազատ և Կամո հայկական գյուղերի բնակչության «կամավոր վերաբնակեցման» փորձերը:

Հունվարի 19-ին Երասխավանի ինքնապաշտպանական մարտերում զոհվեց Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:

Հունվարի 20-ին, երբ Ադրբեջանի ժողճակատը, անցնելով թույլատրելիի բոլոր սահմանները, սկսել էր սպառնալ Ադրբեջանում խորհրդային իշխանությանը և ռուսներին ու ռուսախոս բնակչությանը, իսկ իրավիճակը լրիվ դուրս էր եկել վերահսկողությունից, քաղաք մտցվեցին զորքեր, որոնք գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդի ղեկավարությամբ իրականացված վճռական գործողությունների շնորհիվ արագորեն վերականգնեցին կարգուկանոնը: Նույն օրն Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վեզիրովն ազատվեց պաշտոնից:

Բաքվի ջարդերի օրերին զինվորականների ընտանիքների 30.232 անդամներ հեռացան Ռուսաստան: ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի պնդմամբ` Բաքվում սպանվել էր 60 ադրբեջանցի, զոհվել 11 և վիրավորվել 76 զինծառայող: Հունվարի 26-ին Բաքվում ընդհարումները դեռ շարունակվում էին: ԽՍՀՄ պաշտպանության նախարար մարշալ Դմիտրի Յազովը հայտարարեց, որ ԱԺՃ-ն ունի 40.000 միավոր հրազեն: Բայց ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Բակատինի հետ գալով Ստեփանակերտ` արգելեց Երևանի հեռուստահաղորդումների հեռարձակումն ու Հայաստանից իրականացվող ուղղաթիռային թռիչքները:

Հունվարի 21-ին հաղթականորեն ավարտվեցին Երասխավանի կռիվները: Հաղթանակը նվաճվեց ոչ միայն Մովսես Գորգիսյանի, այլև Երվանդ Սաղումյանի, Գևորգ Զեյնալյանի, Վարդան Պապիկյանի, Ռուբեն Բազիկյանի և Արամայիս Սահակյանի կյանքերի գնով:

Հունվարի 23-ին ԼՂԻՄ ու հարակից ադրբեջանաբնակ շրջաններում հայտարարված արտակարգ դրության պայմաններում շրջանի զինվորական պարետի պաշտոնում վերահաստատվեց տխրահռչակ գեներալ-մայոր Սաֆոնովը:

Հունվարի 27-ին Ստեփանակերտ ժամանեց Ադրբեջանի ԽՍՀ ԳԽ նախագահության որոշմամբ ստեղծված` այսպես կոչված «Ղարաբաղյան կազմկոմիտեն»` Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար, տխրահռչակ Պոլյանիչկոյի գլխավորությամբ: Նա ու գեներալ Սաֆոնովն արցախահայության նկատմամբ ձեռնարկեցին աննախադեպ բռնություններ:

Հունվարի 28-ին Երևանում զորամասից հափշտակված զենքն առգրավել փորձող բանակային ստորաբաժանման հետ բախման ժամանակ զոհվեց Էդիկ Մարկոսյանը:

ՓԵՏՐՎԱՐ

Փետրվարի 12-ին վերսկսելով հունվարի 13-ին ընդհատված նստաշրջանը` ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն իր որոշմամբ «իրավասությունից զուրկ, միջազգային իրավունքին անհարիր և անօրինական» համարեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու վերաբերյալ ՀամԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը, ինչպես նաև ԽՍՀՄ ղեկավարությունից պահանջեց դադարեցնել Բաքվում ու Ադրբեջանի մյուս բնակավայրերում ծայր առած հայկական ջարդերն ու տեղահանությունը և պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին ու իրականացնողներին:

Փետրվարի 15-ին պարետատունը չորս ուղերթով սահմանափակեց Երևան-Ստեփանակերտ ինքնաթիռային թռիչքները և զրահամեքենայով փակեց թռիչքուղին: Արցախի մատակարարման գործը վերստին մեծապես ծանրացավ քաղաքացիական ուղղաթիռների օդաչուների ուսերին, որոնք առանց այդ էլ ծանրաբեռնված էին Շահումյանի շրջան ու Գետաշենի ենթաշրջան կատարվող թռիչքներով:

Փետրվարի 19-ին ԽՍՀՄ ԳԽ փակ նիստում Յազովը հայտարարեց, որ Անդրկովկասում բնակչության ձեռքին 130.000 միավոր անպօրինի զենք կա:

Փետրվարի 27-ին հայկական ինքնապաշտպանական ուժերը Վայքի շրջանի Բարձրունի գյուղից հասցված հարվածով գրավեցին Նախիջևանի ԻԽՍՀ-ում գտնվող Քյարմաչաթաղ գյուղը, որտեղ կենտրոնացել էին հնգապատիկ գերազանցող ուժեր:

Փետրվարի վերջին Կամոն ու Ազատը հայաթափվեցին` էապես բարդացնելով Գետաշենի և Մարտունաշենի պաշտպանությունը: Բայց Գետաշենի ենթաշրջանն ու Շահումյանի շրջանը, թեև ծայրահեղ ծանր իրավիճակին, բնակչության տոկունության, տեղի ինքնապաշտպանական ուժերի կազմակերպվածության, Հայաստանից ժամանած կամավորական խմբերի ու ցուցաբերված զինական օգնության շնորհիվ դիմացավ:

Աստիճանաբար պարզ էր դառնում, որ կենտրոնական իշխանությունները, չցանկանալով սրել հարաբերությունները ղարաբաղյան խնդրի լուծման ուժային ճանապարհն ընտրած և հունվարյան դեպքերի ընթացքում Մոսկվայի հետ բացահայտ առճակատման մեջ գտնվող Ադրբեջանի հետ, որդեգրել էին վերջինիս կատարվող զիջումներով Արցախն ու Հայաստանն ընկճելու, իսկ Ադրբեջանը հանդարտեցնելու գործելակերպը:

Ադրբեջանում, Հյուսիսային Արցախում ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում 1990 թվականի հունվարյան դեպքերը վերջնականապես սասանեցին հավատը Ադրբեջանի հրահրած արյունահեղությունները բանակային ստորաբաժանումների կողմից կանխելու կարողության կամ դրա ցանկության նկատմամբ: Բոլորի համար պարզ դարձավ Հայաստանում ու Արցախում կազմակերպված ինքնապաշտպանության դիմելու և հատկապես` Շահումյանին ու Գետաշենին զինական ուժով սատար կանգնելու անհրաժեշտությունը:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ