Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԻ ՆՎԻՐՈՒՄՈՎ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ
ԶԻՆՎՈՐԻ ՆՎԻՐՈՒՄՈՎ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ

ԶԻՆՎՈՐԻ ՆՎԻՐՈՒՄՈՎ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆԻվան Անտոնյանը մշակութային միջոցառումների համակարգող է, «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի հեղինակը, նաև խմբագրում է «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսը:

Նրա նկարահանած 30-ից ավելի ֆիլմերը, խմբագրած «Արվեստագետ» հանդեսը նվիրված են արվեստի, մշակույթի մարդկանց:

«Մշակույթի նվիրյալ Իվան Անտոնյանը աստվածահաճո գործ է անում. ճանաչված ու հայտնի մտավորականներին ներկայացնում է գալիք սերունդներին»՝ շնորհաշատ երիտասարդին այսպես է բնութագրում ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը:

«Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարը մի յուրատիպ մշակութային ու ազգանպաստ իրողություն է: …Մեր մշակույթի պահպանողներից մեկն էլ Իվան Անտոնյանն է, որը ստեղծեց ու եկող սերունդներին հանձնեց «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարը…»՝ պաշտպանության նախարարի խորհրդական, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանի գնահատանքի խոսքն է Իվանի կատարած աշխատանքին:

Թերթում եմ «Արվեստագետ» հանդեսը, ամեն համարում հայ ազգի մեծերն են՝ Արտավազդ Փելեշյան, Տիգրան Մանսուրյան, Համո Սահյան, Գևորգ Ջահուկյան, Ռուբեն Մաթևոսյան, Հակոբ Ազիզյան, Վանդոս Ղարագյոզյան, Էդվարդ Խլղաթյան, Արկադի Տեր-Թադևոսյան… Ամսագրում անդրադարձ կա նաև զինվորականներին, հայրենիքը կյանքով ու զենքով պահող մեր նորօրյա քաջերին…

«Արվեստագետը» շուրջ հինգ տարվա կենսագրություն ունի: Ամսագրի վերջին համարներից մեկն էլ նվիրված է Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանին՝ «Արձակագիր սպարապետը» վերտառությամբ, որտեղ հիմնականում սպարապետի մտավորական կերպարն է շեշտադրված, իսկ նրա մասին փոքրիկ պատմություններն ու հուշերը մի նոր երանգ են հաղորդում Վազգեն Սարգսյանի լուսավոր ու առինքնող կերպարին:

***

Իվան Անտոնյանը հաճախակի է այցելում դպրոցներ, զորամասեր, հայրենասիրական բանաստեղծություններ է ասմունքում:

-Արվեստն ունի կրթելու, դաստիարակելու, միավորելու, հոգեպես մաքրելու, դեպի կատարյալը մղելու հատկություն: Զինվորը հայրենիքն է պաշտպանում, արվեստի մարդն էլ՝ մեր հոգևոր սահմանները: Եթե կորցնենք մեր ազգայինը, կկորցնենք մեր ինքնությունը: Ուստի՝ զինվորի նվիրումով պետք է տեր կանգնենք մեր ազգային արժեքներին, մեր արմատներին,- ասում է Իվան Անտոնյանը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ