Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՐԵՆԱՑՈՒ ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՎԱՏԸ



ԽՈՐԵՆԱՑՈՒ ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՎԱՏԸՄովսես Խորենացին 5-րդ դարի հայ դպրության խոշորագույն ներկայացուցիչն է, ազգային պատմագրության հայրը, որին կոչել են նաեւ Պատմահայր, Քերթողահայր։ Գլուխգործոցն է «Հայոց պատմություն» երկը։

Հանրագիտարանային այս տվյալները, շատ բան ասելով Խորենացու մասին, այնուամենայնիվ՝ բավարար չեն այդ մեծագույն հայի անձի ու գործի քիչ թե շատ լիարժեք ներկայացման համար։ Փորձենք որոշ չափով լրացնել այդ բացը։

Խոսել Խորենացու մասին եւ չտալ Մաշտոցի անունը՝ նշանակում է նրան կտրել իր արմատից եւ այն իրականությունից, որի ծնունդն էր ինքը։ Խոսքը միայն այն մասին չէ, որ Խորենացին եղել է Մաշտոցի, լայն առումով՝ Սահակ-Մեսրոպյան դպրոցի կրտսեր աշակերտներից մեկը եւ, դեռեւս պատանի, հռչակվել որպես թարգմանիչ ու մեկնաբան, եւ նրա աշխարհայացքն էլ ձեւավորվել է իր հանճարեղ ուսուցչի անմիջական ազդեցության ներքո։ Խորենացուն հասկանալու համար սա, անշուշտ, կարեւոր հանգամանք է, բայց ոչ միակը եւ ամենաէականը։ Հայոց երկու հսկաների «արյունակցական կապը» պետք է փնտրել մեկ այլ՝ ավելի խորքային իրողության մեջ։ Ո՞րն է այն։

Մաշտոցն առաջինն էր, որ, ստեղծելով հայ գիրն ու դպրությունը, մեծանուն լեզվաբան Աճառյանի բնորոշմամբ՝ «հավերժացրեց հայերեն լեզուն», այն դարձրեց գրի եւ գրչության լեզու, իսկ լեզուն ամեն ազգի ինքնապահպանման ամենաիրական նախապայմանն է, նրա գոյության ամենազորեղ կռվանը։ Սա է Մաշտոցի մեծագույն ծառայությունն իր ժողովրդին։

Խորենացին առաջինն էր, որ, գրելով հայոց համապարփակ պատմությունը ¥սկսելով հայ ազգի ծննդյան ժամանակից եւ այն հասցնելով մինչեւ Արշակունյաց թագավորության անկումը¤, նույն Աճառյանի բնորոշմամբ՝ «հայ ժողովրդին գիտակից դարձրեց իր ազգային գոյությանը», նրան վերադարձրեց իր պատմական հիշողությունը եւ դրանով իսկ դուռ բացեց ինքնաճանաչման համար, որն ամեն ազգի հարատեւման ամենաստույգ գրավականներից է։ Սա է Խորենացու մեծագույն ծառայությունն իր ժողովրդին։

Այլ խոսքով՝ եթե Մաշտոցը հայ ժողովրդին մատնանշեց ազգային ինքնապահպանման ճանապարհը, ապա Խորենացին նույն այդ ժողովրդին խորապես իմանալ, հասկանալ ու գիտակցել տվեց այդ ճանապարհը, ճանաչել տվեց ինքն իրեն, եւ դա արեց հզոր զենքով՝ հայոց պատմությամբ։ Հիշենք նրա խոսքը. «Թեպետ մենք փոքր ածու ենք եւ շատ սահմանափակ թվով եւ շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց եւ այնպես մեր աշխարհումն էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու եւ հիշատակելու արժանի»։

Խորենացու մի գանգատից երեւում է, թե նա ինչ տեղ ու դեր էր հատկացնում պատմության իմացությանը։ Գանգատը հայոց թագավորներից եւ մեր մյուս նախնիներից էր. ահա մենք էլ, փոքրաթիվ  ազգ ¥ածու¤ լինելով, քաջության շատ գործեր ենք արել՝ հիշատակելու արժանի, բայց «նրանցից ոչ ոք հոգ չտարավ գրի առնելու» դրանք։

Բարեբախտաբար, Խորենացու ժամանակ հոգացող գտնվեց, ու նա Հայոց մարզպան Սահակ Բագրատունին էր, որի պատվերով ու հովանավորությամբ էլ Պատմահայրը ձեռնամուխ եղավ իր նշանավոր «Հայոց պատմություն» մատյանի ստեղծմանը։ Այստեղ կան հետաքրքիր մանրամասներ, որոնց հարկ է անդրադառնալ։

Խորենացին իր մատյանը գրեց 451 թվականի ազատագրական պատերազմից հետո եւ ազգային անկախության համար 480-ական թվականների սկզբին ծայր առած հզոր շարժման նախօրյակին։ Եթե նկատի առնենք նրա ծննդյան թվականը ¥մոտ 410թ.¤, ապա՝ բավական առաջացած տարիքում։ Դիմելով Սահակ Բագրատունուն՝ Խորենացին գրում է. «Որովհետեւ ես էլ մի մարդ եմ ծերացած եւ հիվանդոտ եւ թարգմանություններից անպարապ՝ միտքս դրի միայն շտապել…, որպեսզի քո կամքը կատարված լինի, եւ ես ազատվեմ քո ստիպողական խոսքերից եւ աղաչանքներից»։

Ո՞րն էր պատմիչի եւ նրա պատվիրատուի շտապելու բուն պատճառը։ Անշուշտ, մատյանի անավարտ մնալու տագնապը կար՝ Խորենացին, իրոք, ծեր էր եւ հիվանդ, բայց կար շտապելու ավելի զորեղ շարժառիթ՝ նախապատրաստվող ազգային-ազատագրական շարժումը, որը կարիք ուներ հայրենասիրական հզոր լիցքի։ Խորենացու մատյանն էր, ահա, որ դառնալու էր այդ լիցքը, իսկ դա նշանակում է, որ դառնալու էր նաեւ ազգային-քաղաքական գործիք՝ կազմակերպելու ժողովրդի ուժերը։ Շատ քիչ գրքերի է վիճակված մի ժողովրդի պատմության մեջ ունենալ նման դերակատարություն ¥որը շարունակվելու էր նաեւ հետագա դարերում¤, ուստի անվարան կարելի է ասել՝ Խորենացու «Հայոց պատմությունը» ըստ էության մասնակցել է հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր անցքերին` պարսկական ներխուժման դեմ 482-ի գարնանը տեղի ունեցած Ներսեհապատի ճակատամարտին ¥որտեղ Սահակ Բագրատունին գլխավորել է հայոց ծանրազեն այրուձին¤, եւ նույն թվականի ամռանը տեղի ունեցած Ճարմանայրի ճակատամարտին ¥որտեղ Սահակ Բագրատունին զոհվեց քաջաբար¤։

«Մովսես Խորենացին մեր հին պատմիչներից ամենից հանճարեղն ու ամենամեծ կրողն է այն բոլոր լավագույն գծերի եւ հատկությունների, որոնք որոշում են հայ հին պատմագրության տեղը համաշխարհային պատմագիտության մեջ»,- Պատմահորն այսպես է բնորոշել հայ դասական գրականության խոշոր մասնագետներից մեկը՝ Մ. Մկրյանն իր «Հինգերորդ դարի հայ պատմագրությունը» ուսումնասիրության մեջ։ Կարծում ենք՝ ասվածը, լինելով միանգամայն ճիշտ, այնուամենայնիվ կարիք ունի որոշ պարզաբանման։

Ըստ գրականագիտական բնորոշման՝ պատմիչ կամ պատմագիր են կոչվում հասարակական իրադարձությունների եւ դեպքերի նկարագրական շարադրողները, ի տարբերություն պատմաբանների, որոնք պատմությունը ոչ թե սոսկ շարադրում են, այլ ուսումնասիրում գիտականորեն, փորձում վերլուծել հասարակական իրադարձություններն ու դեպքերը, ըմբռնել, գնահատել պատմական երեւույթների էությունը։ Հենց այս բնորոշումը ելակետ ընդունելով՝ դժվար է Խորենացուն համարել միայն պատմիչ. մի՞թե նա բավարարվել է սոսկ հայոց պատմության նկարագրական շարադրմամբ եւ ոչ թե նաեւ փորձել վերլուծել, գնահատել նրա կարեւորագույն էջերը։

Զարմացնում է նախեւառաջ մատյանի խորը գիտականությունը։ Ներկայացնելով հայ ժողովրդի  առաջին երեքհազարամյա պատմությունը՝ Խորենացին այն բաժանել է երեք շրջափուլի կամ պատմաշրջանի, այսինքն՝ կատարել է պատմության գիտական պարբերացում։ Առաջինն ընդգրկում է հայ ժողովրդի ծագման վաղնջական ժամանակները եւ հասնում մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, որոնցով Հայաստանում հաստատվեց հելլենիստական աշխարհակալություն, երկրորդը՝ այդ շրջանից սկսած մինչեւ Հայաստանում քրիստոնեության տարածման ավարտը, եւ երրորդը՝ դրանից մինչեւ Մեծ Հայքի միասնական պետության կործանումը, միաժամանակ՝ հայ գրի եւ դպրության ստեղծումը, որով սկսվեց մեր ազգային գոյության պահպանման եռուն մի շրջան։

Նկատենք, որ Խորենացին հայ ժողովրդի պատմության պարբերացման, այն է՝ այն շրջափուլերի կամ պատմաշրջանների բաժանելու հիմքում դրել է համաշխարհային պատմության մեջ կատարված հեղափոխիչ իրադարձություններ` Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալ պետության ստեղծումը եւ դրանով պայմանավորված՝ քաղաքական եւ քաղաքակրթական նոր շարժումը, մյուս կողմից՝ քրիստոնեության, որպես համաշխարհային ուսմունքի, տարածումը եւ դրանով սկիզբ առնող քաղաքական ու հոգեւոր-մշակութային նոր իրողությունները, նոր կյանքի նշանները։ Այս է Խորենացու, որպես իր ժամանակի խոշոր մտածողի, աշխարհայացքի լայնությունն ու բացառիկությունը:

Զարմանալի է այն գիտական բարեխղճությունը, որ դրսեւորել է Խորենացին իր ձեռքի տակ եղած հսկայածավալ նյութն օգտագործելիս, այն է՝ անպայման նշել աղբյուրը, որից քաղում է իր օգտագործած այս կամ այն փաստը, տեղեկությունը կամ հիշատակությունը, եւ այս սկզբունքի շնորհիվ է, որ հետագա ուսումնասիրողները հնարավորություն ունեցան ¥եւ այսօր էլ ունեն) Խորենացու մատյանով ճշտելու բազմաթիվ օտար հեղինակների երկերի անվանումները, վերականգնելու ժամանակի ընթացքում այս կամ այն պատճառով աղավաղված դրանց բնագրերը, կատարելու համապատասխան խմբագրումներ։ Այլ խոսքով՝ Խորենացու մատյանը, հիշատակելով բազմաթիվ սկզբնաղբյուրներ, ինքն էլ դարձել է սկզբնաղբյուր, եւ այն էլ՝ հուսալի, հեղինակավոր։

ԽՈՐԵՆԱՑՈՒ ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՎԱՏԸԵվ ի՜նչ պատմական վավերագրեր են փրկվել Խորենացու մատյանի շնորհիվ։ Հենց միայն հայոց արքունական Գահնամակի եւ Զորանամակի օրինակը բավարար է՝ համոզվելու, թե ինչ արժեք ունեն դրանք. առաջինը արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի ¥գահերի¤ վավերական ցուցակն էր` ըստ պատվաստիճանների, երկրորդը՝ ըստ նրանց ունեցած տնտեսական ու ռազմական հզորության։

Եվ ի՜նչ բանահյուսական գոհարներ են փրկվել Խորենացու մատյանի շնորհիվ։ Հենց միայն հայոց հին «Վիպասանքի» պատառիկները, Արտաշեսի եւ Սաթենիկի, Տիգրանի, Արտաշեսի եւ Արտավազդի մասին զրույցները բավարար են՝ համոզվելու, թե ինչ արժեք ունեն դրանք, եւ ինչ արժեք ունի Խորենացու մատյանն ինքը, որը մեզ է հասցրել մեր ազգային քնարերգության զարդը՝ «Վահագնի ծնունդը», հայոց վաղնջական պատմության, գեղարվեստական մտածելակերպի եւ լեզվական արտահայտչաձեւերի անգնահատելի վավերացումը։

Խորենացին, ունենալով հանրագիտարանային գիտելիքներ, իր «Հայոց պատմությունը» դարձրեց հայ կյանքի հանրագիտարան, որից սնվել եւ սնվելու են բոլոր հայ սերունդները։ Եվ, այնուամենայնիվ, Խորենացու մատյանի բացառիկությունն ու կարեւորությունը փնտրենք այլ  իրողության համատեքստում. հայ իրականության մեջ առաջին անգամ համապարփակ ձեւով ուրվագծվեցին ազգային գաղափարախոսության այն պատկերացումները, որոնք այսօր էլ կենսունակ են եւ արդիական։ Դրանցից մեկը պետականությունն է՝ որպես ազգային ինքնապահպանման հենասյուն, ասյօրվա լեզվով ասած՝ քաղաքակրթական բարձրագույն մակարդակ, մյուսը հայրենասիրությունը՝ որպես հզոր արյունատար երակ, որը սնում է այդ պետականությունը հորդուն կենսալիցքերով։

Բնավ էլ պատահական չէ, որ Խորենացին իր մատյանն սկսում է հայոց անվանադիր նահապետի՝ Հայկի հերոսամարտով՝ ընդդեմ բռնակալ Բելի, որն ուզում էր ոչնչացնել հայ ազգը։ Չկարողացավ, որովհետեւ Հայկը, Խորենացու հիացական նկարագրմամբ, ազատագրական պայքարով դրեց Հայոց տան հիմնաքարը, եւ նշանաբանն էր՝ «Կամ կմեռնենք, եւ մեր ցեղը Բելի ծառայության տակ կընկնի, կամ նրան ցույց կտանք մեր բազկի զորությունը եւ կհաղթենք ու կապրենք ազատ»։

Ի՜նչ ակնածանքով է Խորենացին գրում հայոց Արամ թագավորի մասին. «Լավ էր համարում մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները, եւ օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա»։ Այդ այն Արամն էր, որ իր ստեղծած ընդարձակ պետության ողջ տարածքի համար պարտադիր էր համարում հայերեն խոսքը եւ հայրենիքի սահմաններն էլ որոշում էր հայոց լեզվի տարածման սահմաններով։ Սա նաեւ Խորենացու դավանանքն էր եւ սերունդներին ավանդած գլխավոր դասերից մեկը` պահպանեք հայոց լեզուն` որպես հայի կերպարի առաջին եւ գլխավոր հատկանիշ, հայ պետականության հիմքերի հիմք։

Եվ նույն Խորենացին, որ գովերգում էր հայոց զինական հաղթանակները պատերազմներում եւ զենքի ուժը, տեսեք ի՜նչ հիացմունքով է խոսում խաղաղ ժամանակների եւ հայոց երկիրը շենացնող հայ թագավորների մասին։ Իր այնքան սիրելի Տիգրան Մեծի մասին գրում է. «Նա խաղաղություն եւ շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով»։ Արտաշեսի մասին գրում է. «Սրա օրով, ասում են,  երկրի շեն լինելու պատճառով հայերի աշխարհում ո՛չ սարերում, ո՛չ դաշտերում չմշակված գետին չէր գտնվում»։

Դժվար է Խորենացուն մեղադրել անցյալն իդեալականացնելու, հայոց թագավորներին միայն լավ կողմերով ներկայացնելու մեջ։ Նա տեսնում էր նաեւ նրանց վարք ու բարքի, ընդհանրապես՝ հայ կյանքի արատները եւ անխնա դատափետում։ Դրա ամենացայտուն վկան նրա նշանավոր «Ողբն» է, որը կարող էր գրել միայն մեծ հայրենասերը ¥ի դեպ՝ «հայրենասեր» բառն առաջին անգամ հանդիպում է նրա մատյանում¤։ Հենց «Ողբի» տողերի տակ նաեւ պետք է կարդալ նրա մեծ դասը՝ պետականության կորուստը հանգեցնում է երկրի աղետալից վիճակի, մասնատում ազգային հավաքականությունն իր բոլոր տխուր հետեւանքներով։

 

ՆՈՐԱՅՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Խորագիր՝ #14 (1479) 12.04.2023 - 18.04.2023, Հոգևոր-մշակութային


14/04/2023