Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ



ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎՆկարիչ Վահե Բաղումյանը մասնակցել է Ապրիլյան մարտական գործողություններին: Նրա հայրը Սարգիս Բաղումյանը 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնել է ռազմաճակատ, այնուհետև զինվորագրվել բանակին ու այսօր էլ ծառայում է՝ որպես պայմանագրային զինվորական:

 

-Սիրելի Վահե, ձեր կտավներում ինչ-որ մանկական հրճվանք կա, մի անբացատրելի ջերմություն (նույնիսկ այն ժամանակ, երբ գույները մեղմ են), աշխարհը հենց նոր բացահայտողի հիացում…

-Այդ ջերմությունը ես բերել եմ իմ մանկությունից: Դա այն անկեղծ ու անխաթար խինդն է, որ մեծ տարիքում չես կարող ամբարել, մեր վառարանի տաքությունն է, որի շուրջ հավաքվում էին բարեկամ ու հարևան, իսկ վառարանի վրա միշտ եռում էր թեյնիկը: Սա և տուն է, և Հայրենիք, և սեր, և ապրելու նշանաբան, և երջանկության բանաձև…

Հրաշալի է, երբ ծնողները իրենց երեխաներին երջանիկ, ապահով, շքեղ մանկություն են նվիրում, կատարում են նրանց բոլոր քմահաճույքները… Բայց ես անչափ շնորհակալ եմ իմ ծնողներին, որոնք իրենց օրինակով, առանց քարոզների ինձ ու եղբորս սովորեցրին մեր ձեռքբերումները, հարմարավետությունը, ունեցածը ուրիշի հետ կիսելու վայելքը: Անգամ ամենամեծ երազանքները, եթե դրանք նյութական են, իրականանալուց որոշ ժամանակ անց կորցնում են իրենց հմայքն ու որպես ուրախության աղբյուր, ցամաքում են: Այն հրճվանքը, որ դուք տեսնում եք իմ կտավներում, կողքինին երջանկացնելու հնարավորությունից է ծնվել:

-Մանկո՞ւց եք նկարել:

-Ինչքան ինձ հիշում եմ, նկարել եմ: Նույնիսկ երազի մեջ էի նկարում: Ես շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել, որոնք ինձ սովորեցրել են մասնագիտության հմտությունները… Բայց դա բոլորովին էլ ամենակարևորը չէր, որ ստացել եմ նրանցից: Ի վերջո, միշտ էլ կարող ես տիրապետել մասնագիտական տեխնիկային: Էականը տեսնելու ու զգալու կարողությունն է, որ իմ ուսուցիչները աննկատ ներարկել են հոգուս մեջ:

-Ես էլ եմ այդ կարծիքին՝ ստեղծագործող մարդը՝ գրողը, նկարիչը, երաժիշտը, տարբերվում է այլ մասնագիտություն ունեցողներից նրանով, որ տեսնում է այն, ինչն ուրիշների համար աննշմարելի է, և ավելի խորն է զգում բոլոր հույզերը՝ լինի ցավ, թե ուրախություն, թախիծ, թե հրճվանք…

-Եվ արվեստի ուսուցչի առաջին խնդիրն է հղկել իր սանի հոգին, նրբացնել, որ նա զգա բոլոր բջիջներով… Պատահական չէր, որ արվեստի ուսուցիչ դարձա: Առաջին բանը, որ ես անում եմ՝ ոգևորում եմ իմ սաներին: Առհասարակ, պիտի քաջալերես, ոգևորես մարդուն: Պիտի նրան մղես մեծ գործերի, պիտի հավատ արթնացնես սեփական ուժերի հանդեպ, պիտի այնպես անես, որ նա սիրով ապրի ու ցանկանա գործել…

-Խոսենք ձեր զինվորական ծառայության ու մարտական գործողությունների մասին:

-Ես զորակոչվեցի նկարչական քոլեջի 4-րդ կուրսից: Բանակ գնացի՝ սպասվող դժվարությունները հաղթահարելու պատրաստակամությամբ ու զինվորի իմ առաքելությունը պատվով կատարելու վճռականությամբ: Ես ծառայել եմ Արցախում, եղել եմ հրետանավոր: Իմ ծառայությունն անցել է հետաքրքիր, իրադարձություններով լի: Ես հրաշալի տիրապետել եմ իմ զինվորական մասնագիտությանը, միևնույն ժամանակ նկարել եմ ու մասնակցել համաբանակային նկարչական երկու մրցույթի: Գրավել եմ առաջին տեղը: Ես մարտական քարտեզներ եմ գծել, ինչպես նաև պատկերել եմ մեր ազգային հերոսներին: Իմ կտավները մինչ օրս զորամասի բակում են:

ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎՍպա ընկերներիցս մեկը ասում էր՝ որոշ նկարներ ռմբակոծությունից վնասվել են: Զարմանալի մղում է. պատերազմի ժամանակ, երբ Հայրենիքս ու կյանքս վտանգված էին, ու ոչ ոք չգիտեր, թե ինչով կավարտվեն մարտական գործողությունները, պատերազմը ինչ ծավալներ կունենա, ես զինվորներ էի նկարում, բանակային պատկերներ: Դրանք գծանկարներ են, որոնք երբեք չեն ցուցադրվել: Հետո ես հասկացա, որ պատերազմը միայն պայթյունն ու մահը, բզկտված հողն ու զոհված տղաները չեն, պատերազմը նաև այն է, ինչ երկար տարիներ, գուցեև ընդմիշտ շարունակվում է քո ներսում: Ու դու աթոռին հանգիստ նստած զինվորի հայացքում պատերազմ ես տեսնում, բանակային առօրյա պատկերը շնչում է պատերազմի ցավով, որովհետև նրանք պատերազմի աչքերին նայած մարդիկ են:

-Ինչպե՞ս է արտացոլվել պատերազմը քո կտավներում:

-Ես 200-ից ավելի հերոս զինվորների դիմանկարներ եմ նկարել ու նվիրել նրանց ծնողներին:

44-օրյա պատերազմի ժամանակ ես դիմեցի, որ ինձ ճակատ տանեն ու մինչ սպասում էի, որ զինկոմիսարիատից կկանչեն, ժամանակը լցնում էի նկարելով: Ես ծաղիկներ էի նկարում: Դա ենթագիտակցական մղում էր… ես անընդհատ, տենդագին ծաղիկներ էին նկարում: Հետո հասկացա, որ դրանք մեր զոհված տղաներն են: 2022-ին բացված ցուցահանդեսը նվիրված էր Հայրենիքը պաշտպանելիս զոհված քաջորդիներին և «Գարուն» վերնագիրն էր կրում:

-Այդ ցուցահանդեսում միայն ծաղիկներ էին ցուցադրված:

-Նրանք բոլորը վերածնվելու են եկող գարնանը, ինչպես բնությունն է վերածնվում: Նրանք չեն հեռացել անհետ: Մեր Գարունը գալու է: Նրանք մեր սրբազան հողի մեջ ամենաբերրի սերմերն են, որ առատ հունդեր են տալու:

-Այնպիսի վստահությամբ եք ասում…

ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ-Ես նկարչություն եմ դասավանդում Նոր Գեղիի և Դավթաշենի արվեստի դպրոցներում: Իմ սաները ոսկե մեդալներ են բերում մրցույթներից, որովհետև նրանք հոգով են նկարում: Ես ամեն ինչ անում եմ, որ նրանք հավատան իրենց Հայրենիքի պայծառ ապագային: Ու նրանք զարթոնք են նկարում:

-Եթե չեմ սխալվում, այդ վերնագիրն ուներ այն ցուցահանդեսը, որտեղ Նոր Գեղիի նկարչական դպրոցը «Գրան պրիի» արժանացավ:

-Այո: … Ընկնելուց հետո, հաջորդ պահին դու պիտի փորձես ոտքի կանգնել: Այնպես ամուր կանգնել, որ էլ երբեք չընկնես: Այդպես են արել բոլոր խելացի ազգերն ու պետությունները: Պիտի սնես բարձրացող սերնդի ոգին: Հայրենիքը միայն ֆիզիկական տարածք չէ: Հայրենիքը քո հազարամյա պատմությունն է ու քո շքեղագույն մշակույթը: Եվ դա շատ ավելին է, քան հակառակորդի մի քանի մետր ավել հողը, մի քանի հատ ավել զենքն ու զինվորը: Մենք պիտի կարողանանք բարձրացող սենդին փոխանցել այս ժառանգությունը, մնացածը ինքը կանի:

-Սիրելի Վահե, շնորհակալ եմ այս լավատեսական ու ոգևորող զրույցի համար: Հիմա չեմ ուզում մեկ առ մեկ թվել այն հեղինակավոր մրցույթները, որտեղ դուք լավագույնն եք ճանաչվել, պատմել ձեր ցուցահանդեսների հաջողության մասին, միայն ուզում եմ հարցնել, թե ո՞րն է հաղթելու ձեր բանաձևը:

-Ամեն մեկը պիտի գտնի իր կյանքի գործը, հասկանա, թե ինչի է ինքը կոչված ու գործի ուժերի գերլարումով: Սա է հաղթելու իմ բանաձևը: Եթե դու միջակություն ես քո գործում, ուրեմն՝ քո տեղում չես: Գտիր քոնը, քո տարածքը, որտեղ դու տաղանդավոր ես, ինքնավստահ ես, հաղթող ես, կախված չես ոչ մեկից, վախեցած չես: Մի հաշտվիր փոքր լինելու մտքի հետ: Սա է հենքը անհատի հաղթանակի ու երկրի հաղթանակի:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #13 (1478) 0504.2023 - 11.04.2023, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


06/04/2023