Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ



ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸՄարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում միջանկյալ ստուգումներ են.   քննություններից առաջ ստուգվում են  կուրսանտների գիտելիքները տարբեր առարկաներից,  մասնագիտական հմտություններն ու կարողությունները։

Օդաչուական խմբերում էլ  ավարտական փուլն է. ապագա օդաչուները քննություններից հետո կգնան թռիչքային պրակտիկայի։

Կուրսանտ Նարեկ Թադևոսյանն ապագա հակաօդային է, ՀՕՊ ֆակուլտետի  միջին եւ փոքր հեռահարության զենիթահրթիռային  համալիրների շահագործում մասնագիտությամբ  ավարտական կուրսում է սովորում:

-Ես մեր գերդաստանի առաջին զինվորականն եմ,- անսքող հպարտությամբ ասում է Նարեկը,- ծնողներս ցանկանում էին՝ ծրագրավորող  դառնայի, պոլիտեխնիկականի  անվճար բաժին էի ընդունվել, բայց այնքան մեծ էր սերս զինվորական գործի հանդեպ, որ որոշեցի ռազմական ավիացիոն համալսարանում ուսանել: Իհարկե, ամեն մասնագիտություն էլ իր կարեւորությունն ունի, բայց, կարծում եմ, մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները հաշվի առնելով՝ զինվորականի մասնագիտությունն առաջնային է, հրամայական:

Նարեկը դեռ փոքր տարիքից  է ծանոթ զինվորական գործի «այբուբենին».

-Պատանի երկրապահ  եմ եղել, մասնակցել ուսումնամարզական ճամբարների, «Կորյուն» ռազմամարզական  խաղերին,  պարապմունքների  ընթացքում այցելում էինք տարբեր զորամասեր, քիչ թե շատ ծանոթացա  ՀՕՊ  տեխնիկայի հնարավորություններին, ու մասնագիտությունն ինձ հետաքրքրեց, գրավեց: Հակաօդայինները մեր օդային սահմանների  պահապաններն են, իրենք են կանխարգելում, հակազդում հակառակորդի օդային ոտնձգությունները, նշանակետերը հայտնաբերում են, ուղեկցում, խոցում: Ես ընտրել եմ  ոչ թե հայտնաբերման, այլ նշանակետերը խոցող տեխնիկա ու փորձում եմ հնարավորինս կատարյալ տիրապետել մասնագիտությանս: Սիրում եմ զենքս, մարտի դաշտում քո զենքն էլ է մարտական ընկեր:

Կուրսանտ Թադեւոսյանը նաեւ ստեղծագործում է.

-Գրելու ձիրքը ժառանգել եմ պապիցս՝ Միշա Թադեւոսյանից, պապս Գյումրու մարզային գրադարանի տնօրենն էր, Հովհաննես Շիրազի հետ մտերիմ ընկերներ են եղել:

Նարեկը տարբեր թեմաներով է գրում, խոստովանում է՝ 44-օրյա պատերազմից հետո հայրենասիրական թեմաներն են գերիշխում։

Եւս մի քանի ամիս, ու շնորհաշատ կուրսանտը կավարտի ռազմական կրթօջախը եւ արդեն սպայական ուսադիրներով կտեղափոխվի զորքեր:

-Համալսարան նոր ընդունվողներին խորհուրդ կտամ՝  լավ սովորեն զինվորական գործի նրբությունները, հարստացնեն գիտելիքների պաշարը: Հայրս մի լավ խոսք ունի՝ զինվորական մասնագիտությանդ լավ տիրապետիր, բայց, Աստված տա, պետք չգա, խաղաղ լինեն երկիրն ու երկինքը…

-Մասնագիտությանդ մեջ հմտանալով՝ ավելի ինքնավստահ ես գործում,- կուրսանտ Վարշամ Իսրայելյանն է միանում  զրույցին:

Նա ապագա օդաչու  է:

-Հայրս էլ  է օդաչու, բայց քաղավիացիայի: Ինքն ապրում-շնչում է երկնքով,  օդաչու լինելն ապրելակերպ է… Օդաչուի մասնագիտությունը գրավիչ է համարվում, բայց բավականին բարդ է, առանց ջանք ու եռանդի, առանց նվիրումի չես կարող լավ օդաչու դառնալ։ Անկեղծ ասած՝ ես տասը տարի ֆուտբոլով եմ զբաղվել ու երկար ժամանակ երկմտում  էի մասնագիտություն ընտրելիս՝ ֆուտբոլիստ, թե օդաչու, բայց 44-օրյա պատերազմը որոշակիացրեց երազանքս՝ միանշանակ զինվորական օդաչու պետք է դառնամ…

Վարշամը դեռ առաջին կուրսում  է, թռիչքային «կենսագրություն» առայժմ չունի, անհամբեր սպասում է երկինքը «նվաճելուն»:

-Երկնքի անհունն ինձ էլ է միշտ գրավել,- ախուրյանցի Ռազմիկ Հովիկյանը պատմում է իր երազանքներից:- Երբ Գյումրու  օդանավակայանից  թռչում էին ինքնաթիռները,  մեր գյուղի վրայով էին անցնում,  երկար ժամանակ հայացքով հետեւում  էի  սլացքին, մինչև անհետանում էին տեսադաշտից… Ավիացիան ինձ ձգում էր։ Ու մի օր երազանքս մարմին առավ. ընկերոջս՝ Ժորայի հետ  ընդունվեցինք  ռազմական ավիացիոն  համալսարան,  ընկերս անօդաչու թռչող սարքերի շահագործում եւ սպասարկում բաժնում է սովորում, ես էլ  ավիացիոն սպառազինության տեխնիկ եմ,  երկրորդ կուրսում եմ: Հետագայում մեզ է վստահվելու մեր երկրի օդային  սահմաններն անսասան ու անառիկ պահելու  պատասխանատվությունը:  Ուսումնական գործընթացը հագեցած է,  դասախոսները մանրակրկիտ, հնարավորինս մատչելի բացատրում են թեման, շտկում նկատված ամեն թերություն ու բացթողում։ Համալսարանում բոլոր պայմանները կան մասնագիտական որակներն ու հմտությունները կատարելագործելու համար, գործում են մասնագիտական լսարաններ, լաբորատորիաներ, վարժասրահներ, կազմակերպվում են դաշտային ելքեր և ստաժավորումներ զորամասերում` համապատասխան փորձ և հմտություններ ձեռք բերելու համար:

Մեր վերջին զրուցակիցը՝  կուրսանտ Արթուր Մախսուդյանը, զինվորականի ընտանիքում է մեծացել.

-Գիտեմ՝ զինվորականի կյանքը դժվարություններով լի է, բայց, միեւնույն է, ընտրեցի այդ ճանապարհը։ Աչք եմ բացել՝ համազգեստ տեսել, ապրել զինավաններում, հայրս  պահեստազորի փոխգնդապետ է, մայրս՝ պլանշետավար, ես էլ ավիացիոն սպառազինության տեխնիկ եմ, երկրորդ կուրս։ Արթուրը կրտսեր սերժանտ է:

-Անձնակազմ ունեմ՝ ե՛ւ ջոկի հրամանատար եմ, ե՛ւ դասակի հրամանատարի տեղակալ։ Փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման ու փոխվստահության հենքի վրա են խարսխվում մեր հարաբերությունները,  պահանջելուց առաջ, նախ պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ, անձնական օրինակը դաստիարակիչ նշանակություն ունի։

44-օրյա պատերազմի ժամանակ Արթուրը շտապել էր տարածքային զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու, բայց մերժել էին՝ 18-ը չէր լրացել։

-Պատերազմն ապացուցեց եւս մեկ անգամ, որ մենք հերոս, քաջակորով տղերքի պակաս չունենք,  մեր տարեկից տղերքը մարտերում հերոսացան, կյանք տվեցին երկրի համար… Ամեն մեկս պարտք ունի նրանց առաջ, ու ամեն մեկս իր ներդրումը պետք է  ունենա երկրի հզորացման գործում։

***

Ավիացիոն համալսարանում քննությունները շարունակվում են:

Հստակ, անսխալ պատասխաններն ու վարժությունների անթերի կատարումը խոսում են թե՛ դասախոսական կազմի հետեւողական  ու հսկայածավալ աշխատանքի, թե՛ կուրսանտների պատասխանատու ու պարտաճանաչ մոտեցման մասին։

Սա է հաջողության գրավականը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #12 (1477) 29.03.2023 - 04.04.2023, Ազգային բանակ


31/03/2023