Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋՐԱԿԱՆԻ ԱՐԾԻՎԸ



ՋՐԱԿԱՆԻ ԱՐԾԻՎԸ…Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկում՝ Շիրակի փ. 68 շենքի դիմաց, տեղադրված է խաչքար… Երբ անցնելիս լինեք այս փողոցով՝ ձեր փոքրիկների ձեռքը բռնած, պատմեք, որ այստեղ՝ այս բակում է ապրել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկը՝ Հովհաննես Արմենի Գալստյանը: Ասեք նրանց, որ այս բակում էր ապրում մի լուսավոր տղա, ով իր մասնագիտական ուղին, երազանքները մի կողմ դնելով՝ գերադասեց նախ իր պարտքը տալ հայրենիքին: Սկսվել էր պատերազմը… Հովհաննեսը ծանր մարտերում թշնամուն դիմադրեց 32 օր և անմահացավ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին: Իսկ պատերազմի ամբողջ ընթացքում ծնողներին ասում էր.

-Ամեն ինչ լավ է լինելու, մի՛ անհանգստացեք…

Միայն հետո՝ շատ ուշ ծնողներն իմանալու էին, որ որդին եղել է հատուկջոկատային, կռվել է ամենաթեժ կետերում: Ոչնչից չէր վախենում: Ասում էր.

-Մենք մեր ընկերների վրեժը պիտի լուծենք…

Ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում՝ Արմեն Գալստյանի և Նաիրա Մանուկյանի գեղեցիկ և ամուր ընտանիքում: Ծնողների երկրորդ որդին էր՝ տան կրտսերը…Մայրը՝ տիկին Նաիրան, պատմում է, որ Հովհաննեսը դեռ վաղ մանկուց է աչքի ընկել իր պայծառ բնավորությամբ: Իր շուրջը տոն ստեղծող տղան բոլորի ուրախությունն էր: Նրա դեմքից ժպիտը երբեք չէր իջնում:

2006 թ.-ին Հովհաննես Գալստյանը հաճախել է Երևանի Սոս Հովսեփյանի անվան 115 դպրոցը։ Հիմնական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Երևանի Հայ-հունական պետական քոլեջի խոհարարական բաժնում։

2019 թվականի հունվարի 14-ին զորակոչվեց բանակ: Ծառայում էր Արցախում՝ Ջրականում: Ծառայակից ընկերները ևս նրան պիտի ճանաչեին որպես ընկերասեր, բոլորին օգնելու պատրաստ, հրաշալի մարդու: Եվ իր բարեսրտության ու խելամտության շնորհիվ շուտով նվաճեց նաև ծառայակից ընկերների ու սպայակազմի սերն ու հարգանքը։ Ծառայության ընթացքում ցուցաբերել է բարձր մարտական պատրաստվածություն, ինչի վկայությունն են արդեն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կատարած օպերատիվ ռազմական գործողությունները։

Հովհաննեսի խիզախությունը, թվում է՝ սահման չուներ: …Որքան ամրակուռ ոգի պիտի ունենար 19 տարեկան զինվորը, որ թշնամու սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրը անցներ հատուկ նշանակության ջոկատի շարքերը և հայտնվեր կռվի ամենաթեժ կետերում: Մինչդեռ նա իր մասնագիտությամբ կարող էր ծառայել նաև թիկունքում: Բայց նախընտրեց լինել կրակի առաջին գծում՝ ընկերների կողքին: Մասնակցել է կրակային դիրքի պաշտպանությանը՝ հետ մղելով թշնամու հարձակումները։

2020 թվականի հոկտեմբերի 3-ն էր: Հովհաննեսը ծառայակից ընկերների հետ ոչնչացնում է թշնամու կենդանի ուժն ու դուրս գալիս շրջապատումից: Նույնիսկ այսպիսի պահերին՝ կյանքի ու մահվան սահմանագծին, նա դարձյալ հանգստացնում էր ծնողներին.

-Ամեն ինչ լավ է լինելու…Կարող է՝ մի քանի օր չկարողանամ զանգել, որովհետև հեռախոսը լիցքավորելու հնարավորություն չունենք… Բայց, մի՛ մտածեք, լա՛վ է լինելու…

Երբ տիկին Նաիրան պատմում է այս ամենը, աչքիս առաջ հառնում է իր մանկությունից եկող այն լուսավոր տղան՝ մշտապես ժպիտը դեմքին…Թվում է՝ մարտի դաշտից հենց այսպես ժպիտով էլ հորդորել է ընտանիքին, որ չանհանգստանան…

2020 թվականի հոկտեմբերի 26-ն էր: Հերթական մարտական գործողության ժամանակ մերօրյա հերոսն ընկերների հետ դուրս մղեց թշնամու դիվերսիոն խմբին՝ կասեցնելով մեր դիրքերի ուղղությամբ պատրաստվող հերթական գրոհը… Սակայն օրեր անց՝ հոկտեմբերի 30-ին, անմահացավ՝ իր կյանքը տալով հանուն Արցախի ու Հայաստանի:

Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Ընկերոջ հետ մի հեռախոսազրույցի ժամանակ Հովհաննեսն ասել էր.

-Ընկերներս աչքիս առաջ զոհվում են… չես պատկերացնի՝ ինչ եմ զգում, երբ ձեռքիդ մեջ մահանում են, ու դու նրանց վերջին բառերն ես լսում…

ՋՐԱԿԱՆԻ ԱՐԾԻՎԸԵՍ ՉԵ՛Մ ԳԱԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԳՆԱԼՈ՛Ւ ԵՄ …ՀԵՏ ԳԱԼՈՒ ՃԱՄՓԱ ՉՈՒՆԵՄ, ՏՂԵՐՔԻ ՎՐԵԺԸ ՊԻՏԻ ԼՈՒԾԵՄ։

-Տղաս երազանքներ շատ ուներ…,- պատմում է հերոսի մայրը՝ տիկին Նաիրան,- բայց ամեն ինչ այդպես էլ երազանք մնաց… Երբեք որևէ բանից չէր կոտրվում: Պատերազմի ժամանակ, երբ զանգում էր, ասում էր. «Մա՛մ ջան, մի՛ վախեցիր… Լավ է ամեն ինչ: Մեր հողը մե՛նք պիտի պահենք» … Տղաս զորացրվելու էր հունվարի 14-ին: Որոշել էի, որ Ամանորը չենք նշի այնքան ժամանակ, մինչև Հովհաննեսս կզորացրվի ու ներս կմտնի …Հովհաննեսս չեկավ: Բերեցին: Նա որոշեց վերադառնալ հերոսացած: Տղաները սրբացան, իսկ մենք չգիտենք՝ ինչպես ենք ապրում այս հավերժ սպասումի ցավով…

Չէր վախենում ոչնչից: Այնքա՜ն վստահ էր խոսում… Հադրութում նա արդեն մտել էր հատուկջոկատայինների խումբ: Ու դա իմացանք պատահաբար, երբ պատերազմի օրերին հանկարծ կադրեր երևացին հեռուստաէկրանին. Արցախի նախագահն էր զինվորների մասին խոսում, թե ինչպես են մեր տղաները հետ բերել թշնամու գրաված մի քանի դիրք, և ահա պատահական հատուկջոկատայինների շարքերի մեջ նկատեցինք Հովհաննեսին: Տեսանյութը կա, պահպանվել է…

…Մենք ապրում ենք իր նկարներով, անկյունով…Մինչև զոհվելու օրը էրեխուց տեղյակ չենք եղել: Ասել էր՝ կարող է՝ մի քանի օր չզանգեմ, մի՛ վախեցեք: Այնինչ, շրջափակման մեջ էին ընկել, բայց մեզ չէր ասում:

Մեծ տղաս պատերազմի ժամանակ գնացել էր ռազմի դաշտ, որ եղբոր կողքին լիներ: 10 օր եղել է դիրքերում, այդ ընթացքում հեռախոսով խոսել է եղբոր հետ: Սակայն Հովհաննեսը չի ցանկացել, որ իր տեղն իմանա: Նա հորդորել էր.

-Մենք այստեղ շատ ապահով ենք: Դու գնա՛ տուն, տանը ինձ սպասիր: Դու ինձ այնտեղ` տանն ես պետք, մեր ծնողների կողքին…

Հերոսի մասին պատմությունները շատ են, որոնք մի օր ներհյուսվելով՝ դառնալու են նրա մասին պատմող մի վիպասք: Եվ ժամանակի մեջ սերունդների համար մարտակոչի նման է հնչելու հերոսի խոսքը, որ բազմիցս ասել էր պատերազմի դաշտից.

-ՄԵՐ ԹԻԿՈՒՆՔԻՆ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է… ՄԵՆՔ ՄԵՐ ՀՈՂՆ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ…

ՋՐԱԿԱՆԻ ԱՐԾԻՎԸԻսկ նա հողը պահեց իր արյամբ՝ մեր հազարավոր եղբայրների հետ ընդունելով նահատակության պսակը… Նրա նույնիսկ անմահանալու ժամերն էին խորհրդավոր: Հերոսի մայրը պատմում է, որ այդ օրը իրենց տարածքում հոսանքազրկում է եղել, անջատվել են նաև իրենց բնակարանի լույսերը…Վառ է մնացել միայն Հովհաննեսի ննջարանի լույսը: Հետո ավագ որդին զանգահարել է, որ հերթական անգամ խոսի եղբոր հետ… Սակայն… Հեռախոսազանգին պատասխանել է մեկ ուրիշ զինվոր, և լսափողի մյուս կողմից լսվել են ծանրագույն խոսքերը.

-Ախպե՛րս, կներես, մեր Փաշն այլևս մեզ հետ չէ…

Այս մականունով էին ընկերները դիմում նրան…

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացավ Ջրականի արծիվը՝ Հովհաննես Գալստյանը…Նա մեր բոլոր հերոսների հետ միասին մեզ թողեց մեր պատմության իրավատերը լինելու և պայքարից երբեք և ոչ մի իրավիճակում չնահանջելու դասերը: Եվ երբ զրուցում էի տիկին Նաիրայի հետ, անգամ այս անփարատելի վշտի մեջ նա կարողանում էր իր մեջ ուժ գտնել և ասել այս խոսքը, որն այսուհետ մեր գիտակցության մեջ ամրագրված գաղափար պիտի դառնա.

-Մեր զինվորները չեն պարտվել… Նրանք կռվեցին թշնամի պետությունների, նրանց դաշնակից երկրների դեմ… Հայ զինվորի տեսակը պարտվել չգիտի…

Այո՛, հայ զինվորը չի պարտվել: Ու մեր երկար տարիների պայքարով պիտի գա այն օրը, որ ունենանք ազգային, ուժեղ երկիր…Սա անմահների հրամանն է՝   մեր լինելիության իմաստն ու ճանապարհը:

 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (1474) 08.03.2023 - 14.03.2023, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


13/03/2023