Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԻ ՀԵՏԱԳԻԾԸ



ԿՅԱՆՔԻ ՀԵՏԱԳԻԾԸՏեսանյութը փոխգնդապետ Արտուշ Բալյանի մասին է: Զինվորական լեզվով՝ այս պատմությանը մարտական ուղի են ասում: Ես գերադասում եմ «կյանքի հետագիծ» արտահայտությունը: Թերևս սկսենք 80-ականներից, երբ Չարենցավանի Կենտրոնաձույլ գործարանում աշխատող Արտուշ Բալյանը համախոհների հետ գիշերները թաքուն նռնակների, ականների, ականանետների և այլ զենքերի համար ձուլվածքներ էր պատրաստում: Մինչ օրս պահպանվում է մի գրություն՝ «նախազգուշացում» վերտառությամբ, որը դատախազությունից էին ուղարկել Արտուշին: Չի կորել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի նամակը. «Օգնիր գրաբերիս, 200 հատ»:

…Մնացածը լեգենդ է: Կարող ես իմանալ բոլոր մանրամասները, կարող ես և փակել աչքերդ ու հորինել, կարող ես հիշել պատերազմի մասին քո տեսած բոլոր ֆիլմերն ու բոլոր հերոսներին… Շատ բան չի փոխվի, ու հազիվ թե երևակայությունը ավելի հերոսական ու սխրալի լինի, քան իրականությունը: Արտուշ Բալյանի մարտական ուղին: Նրա կյանքի հետագիծը:

Այդուամենայնիվ, ես շարունակում եմ դիտել տեսանյութը, որտեղ Արտուշ Բալյանը երիտասարդ տղա է՝ զինվորական համազգեստով, ձեռքը՝ վիրակապված: Դեմքին ինչ-որ ազնիվ շեշտ կա, վեհություն կամ ներշնչանք: Ասում է.

-Սակրավորներ չկային, տարածքի ականապատումն ու ականազերծումը միայնակ էի անում:

Ապա խոսում է զինակից ընկերը, պատմում է, թե քանի մարտական վտանգավոր գործողության է մասնակցել Արտուշը, քանի զինվորի կյանք է փրկել, ինչ բարդ ճակատներում է կռվել:

-Վիրավորվեցի հակատանկային ականի պայթյունից:

Եթե ձայնը չլսես, քեզ կթվա՝ եղանակից է խոսում կամ մանկությունն է հիշել: Դեմքը խաղաղ է նույնիսկ այն ժամանակ, երբ ընկերն ասում է.

-Կրծքավանդակից վիրավորվեց, մարմնի մեջ մխրճված բեկորներին թիվ ու համրանք չկար, արնաքամ էր լինում… Հենց գիտակցության էր գալիս, ասում էր՝ պիտի գնամ տղերքի մոտ:

-Ուզո՞ւմ ես՝ քեզ ցույց տամ Արտուշի հիմնած այգին:

Մի պահ ինձ թվում է, թե ձայնը տեսանյութից է լսվում:

-Նրա ձեռքերի ջերմությունից քարերը ծաղկեցին…

Նարինեն է՝ Արտուշի կինը, նրա կյանքի վերջին 20 տարիների ուղեկիցը:

-Կգամ,- ասում եմ,- սիրում եմ ձմեռային այգին, երբ ճյուղերն ամբողջովին ճերմակ են, ու ծառերը նման են մեծ ծաղիկների՝ սպիտակ գորգի վրա բացված:

Նարինեն ծիծաղում է:

-Արտուշի նման խոսեցիր,- ասում է,- Արտուշն էր այդպես թևավոր խոսում: Նրա բառերը սիրուն էին ու թեթև, նրա խոսքը ասես ճախրում էր օդում: Երբ նա խոսում էր, մարդիկ հիացած լսում էին:

Այգին կոկիկ է, հավասար շարված ծառերով ու ձյունապատ:

Նարինեն շարժում է դեղձենու ճյուղը, ու մանրիկ, սպիտակ աստղիկները թափվում են ցած:

-Տարիներ առաջ այս այգու փոխարեն քար ու մացառ էր, օձ ու կարիճ: Բոլորն Արտուշին ասում էին՝ հող չկա, քարերի մեջ ո՞նց ես այգի հիմնելու, ուրիշ հող վերցրու՝ փափուկ, բարեբեր: Բայց Արտուշը որոշել էր, ու ոչինչ նրան հետ չէր պահի: Դժվարությունները նրան լիցքավորում-ներշնչում էին: Հիմա քարակույտերի փոխարեն այս դրախտն է: Առհասարակ, Արտուշն իր ճանապարհին հանդիպած ամեն բան գեղեցկության էր վերածում: Արտուշի հետ ապրած յուրաքանչյուր վայրկյանը երջանկություն էր…

Ամուսնու մասին խոսելիս կնոջ աչքերի մուգ տխրության մեջ լույսի ցոլքեր են հայտնվում:

Նարինեն պատմում է, իսկ ես ակամա հիշում եմ Արտուշի զինակից ընկերոջ խոսքերը:

-Մինչև կյանքի վերջին օրը Արտուշի մարմնից բեկորներ էին հանում: Ամբողջ մարմինը բզկտված էր: Բայց բոլորին օգնության շտապողն ինքն էր: Ասում էինք՝ ախր, ով է, որ էդքան ջանք ես թափում նրա համար: Մարդ է՝ ասում էր:

Նա տալիս էր ու հարստանում էր: Նա օգնում էր ու լցվում էր ուրախությամբ: Ես այդքան սիրող զավակ, այդքան հոգատար ամուսին, այդքան հավատարիմ ընկեր չեմ տեսել: Նա երեխայի պես անկեղծ էր, արդարամիտ ու ազնիվ, բայց և պողպատի պես համառ էր ու անկոտրում:

Մարդու կյանքի հետագիծը. այս երեք բառերը մեխվել են ուղեղիս մեջ: Մարդը չկա, բայց նրա կյանքի հետագիծը կա, ու ոչ ոք այն չի կարող ջնջել: Կան ապրողների հիշողությունները մարդու մասին, նրա գործերը: Կա նրա հիմնած այգին՝ քար ու մացառի փոխարեն: Կյանքը մարդու ապրած տարիների հանրագումարը չէ. կյանքը կարող է երկար շարունակվել մարդու մահից հետո և կարող է ավարտվել, երբ մարդը դեռ ողջ է:

-Մենք աշխարհ ենք եկել, որ քար ու մացառի փոխարեն այգի հիմնենք,- ասում եմ Նարինեին,- ամեն մեկս մեր բաժին քար ու մացառն ունի:

Նարինեն գլխով է անում.

-Գարնանը այգին ավելի սիրուն է լինում, ծաղկում է աննման, ամռանը լցվում է պտուղներով, աշնանը ծածկվում է գույնզգույն տերևներով, իսկ ձմռանը..

-Ձմեռն ամենագեղեցիկն է, որովհետև ձմռան մեջ գարնան սպասում կա,- ասում եմ,- նրանք, ովքեր իրենց կյանքից շատ են սիրել հայրենիքը, երբեք չեն հեռանում, այլ ապրում են այստեղ՝ մեր սրտի մեջ: Որ սովորեցնեն, թե ինչպես պետք է սիրել հարազատ հողը: Որ գարնան զարթոնքի հետ վերածնվեն…

ԿՅԱՆՔԻ ՀԵՏԱԳԻԾԸՁայնս կերկերում է:

Իմ անսպասելի հուզումն ու ակամա պաթոսը ամբողջ գիտակից կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսի այգում բոլորովին էլ չի զարմացնում Նարինեին, ու նա զրույցը շարունակում է նույն ոգով:

-Ես իմ բոլոր հաջողությունների մեջ Արտուշի ձեռքն եմ տեսնում: Ես նրա բաժին օրհնությունն եմ ստանում այսօր, ինչպես անհատույց ու շռայլ ստացել եմ նրա հետ ապրած 20 տարիների ուրախությունը:

…Նարինեն չի պատմում, թե ինչպես է հանդիպել Արտուշին: Ես այդ պատմությունը Նարինեի հետ Կենտրոնական հոսպիտալում աշխատող բուժքրոջից եմ լսել:

-Արտուշը արդեն 7 վիրահատություն էր տարել: Երբ հոսպիտալ բերեցին, մարմնի վրա անվնաս տեղ չկար: Ասում էին՝ իսկական ռազմիկ է: Երբ Նարինեն մտավ հիվանդասենյակ, Արտուշը ամբողջովին վիրակապված էր, միայն դեմքն էր բաց՝ այրված ու սևացած: Իսկ կրծքավանդակի ձախ մասում, սրտից մի փոքր վերև երևում էր հակատանկային արկի բեկորից առաջացած միջանցիկ վերքը, որից սիրտը մեծ հարված էր ստացել:

… Արտուշը մեր ամենանշանավոր ու սիրված հիվանդն էր: Բոլորը նրա քաջագործությունների մասին էին խոսում, բոլորը պայքարում էին նրա կյանքի համար:

-Անընդհատ վիրահատում էին ու վիրակապում: Հետո նա գնաց: …Մենք ավելի ուշ սկսեցինք հանդիպել: Մի անգամ պատահաբար տեսանք իրար ու …էլ չբաժանվեցինք,- ասում է Նարինեն:- Երբ զինվորական էր, ծառայության խնդիրներով էր ապրում: Բանակը նրա առաջին տունն էր, ամենակարևորը: Երբ Չարենցավանի Երկրապահ կամավորականների միության նախագահն էր, նրա օրը լցված էր ազատամարտիկների, նրանց ընտանիքների հոգսերով, հաճախ իր անձնական գումարով էր օգնում նրանց:

Երբ սկսվեց ապրիլյան կռիվը, գնաց ռազմաճակատ: Ընկերները փորձեցին հետ պահել, բայց չկարողացան: Սիրտը վատ էր, կապտած շուրթերով, գունատ՝ ճամփա ընկավ դեպի սահման: 44-օրյա պատերազմի ժամանակ այնքան անառողջ էր, որ ինքնակամ մնաց տանը: Տանը մնալն ավելի ծանր ազդեց Արտուշի վրա, քան, եթե ռազմաճակատում լիներ: Նա տառապում էր: Պատահում էր՝ ժամերով լռում էր ու մտածում: Մի օր էլ, առավոտյան…. րոպեներ տևեց: Շտապ օգնությունը չհասցրեց տեղ հասնել:

…Արևը վերջապես ճեղքեց ամպի քուլան ու շողերը փռեց այգու վրա: Ձյունն սկսեց փայլել:

-Այստեղ փոքրիկ անկյուն եմ կառուցելու՝ Արտուշ Բալյանի տունը, որը բաց կլինի բոլորի առաջ: Թող մարդիկ գան, վայելեն այգին, մտնեն ներս, կարդան, ճանաչեն, ներշնչվեն, հանգստանան… Ուզում եմ, որ Արտուշը իր մահից հետո էլ ուժ, սեր, բարություն ու լույս սփռի:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (1474) 08.03.2023 - 14.03.2023, Ճակատագրեր


13/03/2023