Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ԱԿՈՒՆՔՆԵՐԸ



ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ԱԿՈՒՆՔՆԵՐԸ«Հայ զինվորի» հյուրասրահում ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին է:

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

Վանի տիրակալների համար Արարատյան դաշտավայրը ձեռք է բերում առաջնահերթ նշանակություն: Երևանի տարածքում կառուցվում է ևս մեկ խոշոր բնակավայր՝ Կարմիր բլուրը: Արդեն նշել եմ, որ դեռևս վաղ երկաթե դարում այստեղ գոյություն ուներ փոքր մի ամրոց: Ուրարտական միասնական պետության տրամաբանությունը պահանջում էր այս հանգուցային վայրում, որը մի կողմից փակում էր ճանապարհը դեպի Արարատյան դաշտ, մյուս կողմից վերահսկում էր դեպի նախալեռներ տանող ճանապարհը՝ ամրոց կառուցել: Եվ Թեյշեբաինին՝ երկրորդ կարևորագույն ամրոցը, հենց այդ գործառույթը ստանձնեց: Թեյշեբաինին ռազմավարական կենտրոն էր: Դրա տխուր ճակատագիրը, որ կործանվեց սկյութների հարվածների արդյունքում, ցույց է տալիս, որ Արարատյան դաշտի ամրացումը ամենևին էլ դատարկ մտահոգություն չէր:

Ինչ վերաբերում է Էրեբունիին, այն իր նշանակությունը պահպանում է անգամ Ուրարտուի թագավորության վերանալուց հետո, երբ որոշ բնակավայրեր դադարում են գոյություն ունենալ: Օրինակ՝ Կարմիր բլուրում, քաղաքային բնակավայրի տեղում, հետուրարտական շրջանում առաջանում է ընդարձակ մի դամբարանադաշտ: Այստեղ, մասնավորապես, հզոր աքեմենյան կենտրոն է ձևավորվում: Վերակառուցվում է Խալդիի տաճարը, կրակի տաճարներ են կառուցվում:

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ԱԿՈՒՆՔՆԵՐԸԱյժմ պետք է անդրադառնալ մի շատ կարևոր հարցի, ինչպե՞ս եղավ, որ Էրեբունին, որ հենց նույն Երևանն է, դուրս մնաց քաղաքից: Այսպիսի երևույթը աշխարհում հազվադեպ չէ: Դա բխում է քաղաքի զարգացման տրամաբանությունից: Այնպես է ստացվում, որ միջնաբերդը, որը տրամաբանորեն պետք է լինի քաղաքի կենտրոնում, դեպի այսօրվա երկաթուղային կայարանին հարող հատված, քաղաքի զարգացման արդյունքում սկզբում հայտնվեց Երևանի ծայրամասում, իսկ հետո ընդհանրապես դուրս մնաց դրա սահմաններից: Այս հանգամանքին ուշադրություն է դարձրել ականավոր հայ հնագետ և պատմաբան Կարո Ղաֆադարյանը: Քաղաքի միջնաբերդը սկզբում տեղափոխվում է դեպի Մուխանաթ-թափա: Քաղաքը այնուհետև շարունակել է իր զարգացումը մինչև ներկայիս Գրիգոր Լուսավորիչ փողոցը և, բնականաբար, ստացվում է, որ ամենահարմար բլուրը միջնաբերդի համար հենց Կոնդն էր: Անտիկ և վաղ միջնադարյան շրջաններում քաղաքի միջնաբերդը տեղադրված էր Կոնդում, որը բավականաչափ անառիկ բլուր էր և գերիշխում էր շրջակա հարթավայրի վրա: Եթե Կոնդը պետք է լիներ միջնաբերդը, ապա ներքևում՝ այսօրվա Մաշտոցի պողոտան և դեպի Թումանյան փողոցը պետք է լինեին բուն քաղաքի տարածքները: Օպերային թատրոնի տարածքում հայտնաբերվել են ուշ անտիկ ժամանակաշրջանի թաղումներ: Եվ մի շատ հետաքրքիր վկայություն ունի ականավոր հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը: Խոսքը Թումանյան փողոցի կառուցապատման մասին է: Այստեղ շինարարական աշխատանքների ընթացքում բացվել է մեծ քարերով սալահատակված փողոցի հատված: Քալանթարը չի թվագրում այդ գտածոն, սակայն, նշում է, որ ցանկացած հնագետ, տեսնելով նման կառույց, անմիջապես կհիշի խալդական, այսինքն՝ ուրարտական ժամանակաշրջանը: Այնպես որ, անտիկ ժամանակաշրջանում արդեն ձևավորվում է քաղաքն իր որոշակի լուծումներով, որն իր մեջ ընդգրկում է միջնաբերդը և բուն քաղաքի տարածքը, որն արդեն ուշ միջնադարում մեզ հայտնի է որպես Հին Երևան: Դա Երևանի Շահեստանն էր, այսինքն՝ միջնաբերդի շուրջ բնակելի երկրորդ գիծը: Եվ քաղաքում արդեն վաղ միջնադարում կառուցվում է խոշոր Պողոս-Պետրոս եկեղեցին՝ Մոսկվա կինոթատրոնի տեղում: Հետագայում արդեն կառուցվում են այլ եկեղեցիներ: Մասնավորապես՝ զարգացած միջնադարին է պատկանում Կաթողիկե եկեղեցին՝ ներկայիս Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում: Ասեմ, որ Էրեբունուց հետո այստեղ երկրորդ անգամ վիմագիր արձանագրության մեջ հիշատակվում է քաղաքը. սա քաղաքի երկրորդ ծննդյան վկայականն է: Ի դեպ, Կաթողիկե եկեղեցու հետ շատ հետաքրքիր մի պատմություն է կապված: 17-րդ դարում փոքրիկ եկեղեցուն կցվում է մեծ եկեղեցին՝ բազիլիկ մի սրահ: 1930-ական թթ. եկեղեցին քանդելու որոշում է ընդունվում: Քանդելիս տեսնում են, որ խորանը շատ տարօրինակ կառուցվածք ունի: Ղաֆադարյանը գրում է. «Մենք նման խորան երբևէ չենք ունեցել»: Եվ միայն քանդելուց հետո է պարզվում, որ Հին Երևան կոչվող թաղամասում գտնվող եկեղեցու այս խորանը հին եկեղեցի է եղել:

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ԱԿՈՒՆՔՆԵՐԸԲավականաչափ շատ վկայություններ են պահպանվել ուշ միջնադարյան Երևանի մասին: Մենք երբեմն զարմանում ենք, որ Էրեբունուց մեր միջնաբերդը տեղափոխվել է Կոնդ, բայց չենք զարմանում, որ հետո՝ արդեն ուշ միջնադարում, 15-րդ դարում էլ Կոնդից տեղափոխվում է Հրազդանի հրվանդանը (Երևանի բերդը): Այդ դեպքում էլ Կոնդն էր մնացել քաղաքի ծայրամասում: Պուշկինի և Ղազար Փարպեցու փողոցների շրջակայքը այդ ժամանակ արդեն իսկ արվարձան էր: Իսկ Կոզեռնը ընդհանրապես քաղաքից դուրս հայտնվեց: Քաղաքն այդ ժամանակ ավարտվում էր Օպերայի տարածքով: Բայց ասեմ, որ քաղաքի կազմի մեջ 15-րդ դարի վերջից և 16-րդ դարի սկզբից մտնում է նաև Ձորագյուղը: Սա Հրազդանի ձորակն է, որը բնակեցված էր մինչև մոտավորապես ներկայիս «Փոսի» դպրոցի տարածքը: Այդտեղ, ընդ որում, կային եկեղեցիներ, մենաստաններ, անապատներ… Առաքել Դավրիժեցին այդ ամենը մանրամասն նկարագրում է: Այսպիսով, ուշ միջնադարում Երևանի թաղամասերից էին՝ Հին Երևանը, Ցախի մեյդանը, որը մոտավորապես ձգվում էր Խորենացու փողոցից դեպի հրապարակ տանող ճանապարհով: Մյուս կողմում հյուրանոց Զարաբի խանն էր: Երևանի կազմի մեջ էր մտնում նաև Սիլաչի (ներկարարների) թաղամասը:

Քաղաքի ևս մի ուշ միջնադարյան կառույց է Զորավոր Աստվածածին եկեղեցին: Այս եկեղեցին կառուցվել է Անանիա առաքյալի մատուռի տեղում, որը բավականաչափ հին մի կառույց է, թերևս գոյություն ուներ դեռ զարգացած միջնադարից: Բայց այս ժամանակաշրջանում Երևանում հայտնվում է մի ավելի քան փայլուն անձնավորություն: Խոսքը ապագա կաթողիկոս Մովսես Տաթևացու մասին է, որը հետագայում դասվել է սրբոց շարքը: Տաթևացին հսկայական աշխատանք է կատարում Երևանում: Նա լիովին վերակառուցում է Անանիայի մատուռը, տեղում դպրոց է հիմնում: Այն ժամանակ այս տեղանքը Երևանի հյուսիսային արվարձանն էր: Դպրոցը հիմնելուց հետո մի շատ հետաքրքիր ձեռնարկ է սկսում: Իր տարբեր ճանապարհորդությունների ընթացքում, լինելով նաև Երուսաղեմում, Մովսես Տաթևացին սովորել էր սպիտակ մոմ հալեցնելու արհեստը: Եվ մի գեղեցիկ օր՝ երեկոյան ժամերգությունն անցկացնելուց հետո, երբ ճեմում էր քաղաքով, հանդիպում է Երևանի խանին՝ շահի նվիրակի ուղեկցությամբ: Նրանք էլ մզկիթից՝ ուրբաթօրյա աղոթքից էին դուրս եկել: Եթե մենք փորձենք պատմական դեպքերը տեղայնացնել, ապա այդ հանդիպումը պետք է որ կայացած լիներ այսօրվա Պուշկինի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում: Մովսես Տաթևացին երկուական սպիտակ մոմ է նվիրում խանին և նվիրակին: Խանը նրանց ծանոթացնելու առիթը բաց չի թողնում՝ ասելով, որ Մովսես Տաթևացին Երևան քաղաքի երևելի մարդկանցից մեկն է: Նվիրակը նայում է մոմերին և ասում. «Ես արժանի չեմ այս լավ իրերը ունենալու: Ես սրանք կփոխանցեմ շահին»: Խանը բավականաչափ խելոք մարդ էր: Նա այդ խոսքերից հասկանում է, որ նման նվեր ընդունելը կարող էր սխալ ընկալվել իր ղեկավարության կողմից, և նվիրակին խնդրում է իր մոմերն էլ փոխանցել շահին: Մոմերը փոխանցվում են շահին, իսկ վերջինս շատ է ոգևորվում և ասում. «Այս մարդը թող ինձ գտնի, որտեղ էլ որ ես լինեմ»: Շահը հետագայում հրամայում է սպիտակ մոմերի ձուլման արտադրություն հիմնել նաև Սպահանում: Այսպես, առաջին սպիտակ մոմերը Պարսկաստանում հայտնվեցին Մովսես Տաթևացու շնորհիվ: Այս դեպքն արտացոլված է Առաքել Դավրիժեցու «Պատմության» մեջ: Պատմագիտական գրականության համար սա թերևս մի փոքր տարօրինակ կհնչի, բայց Առաքել Դավրիժեցու համար Մովսես Տաթևացին իրոք սիրելի հերոս էր: Շատ տեղեկություններ են մեզ հասել այս սրբի մասին հենց նրա հիշատակությունների շնորհիվ: Մովսես Տաթևացու ձեռնարկով Երևանում կառուցվում է նաև մեկ այլ եկեղեցի՝ Կոզեռնի եկեղեցին, որը ևս դառնում է խոշոր կենտրոն, և պետք է ասեմ, որ հենց այդ եկեղեցում է Մովսես Տաթևացին հուղարկավորվել: Կոզեռնի եկեղեցին տեղակայված է եղել այժմյան Ազգային ժողովի շենքի և հարող տարածքների տեղում: Այստեղ բավականին ընդարձակ գերեզմանոց է եղել, որը վերջնականապես ավերվել է 1940-1950 թթ. և, բարեբախտաբար, Կարո Ղաֆադարյանը մինչ այդ գծանկարել, գրչանկարել է տապանաքարերի արձանագրությունները: Կոնկրետ որ մասում էր գտնվում բուն եկեղեցին, այժմ դժվար է ասել: Տարբեր տեսակետներ կան: Ըստ դրանցից մեկի՝ եկեղեցին լիովին հողին է հավասարեցվել, ըստ մյուսի՝ պահպանվել է մեկ կամ երկու պատ, որը ներկայումս ինչ-որ բնակելի շինության մասն է կազմում:

Պարսկական տիրապետության ժամանակաշրջանում Երևանը մշակույթների բավականին հետաքրքիր սիմբիոզ էր ներկայացնում: Քրիստոնեական հուշարձանները հարևանում էին մզկիթներին: Մզկիթներից պետք է հիշատակել հանրահայտ Կապույտ մզկիթը, Կոնդի Թափաբաշի մզկիթը:

Երևանի ուշ միջնադարյան հետաքրքիր հուշարձաններից են ներկայիս Հանրապետության հրապարակի տարածքի՝ միջնադարյան Դաշբուլաղ տեղամասի տակ պարսական շրջանին պատկանող ճարտարապետական կառույցների մնացորդները: Եթե մենք այժմ մտովի ընդգրկենք Ամիրյան և Խորենացի փողոցները, ապա դա Ամիրյանի շարունակությունն է, որ գնում է դեպի Տիգրան Մեծ պողոտա: Քաղաքի բավականաչափ երկար գոյատևած մի հատված է: Այն շահարկումները, թե՝ այստեղ «հին ադրբեջանական» շինություններ են, ևս ոչ մի տրամաբանության չեն դիմանում: Նույնանման աղյուսաշեն շինություններ կարելի է տեսնել Պարսկաստանում, Հնդկաստանում, կարող ենք տեսնել արաբական աշխարհում և այլուր: Ասել, որ աղյուսաշեն շինություն է, ուրեմն՝ թյուրքական կամ «ադրբեջանական» է, ծիծաղելի է. իսկ ինչո՞ւ ոչ՝ արաբական, կամ, ասենք, վրացական: Նույն հաջողությամբ մենք կարող ենք ցանկացած քարաշեն շինություն՝ Չուկոտկայից մինչև Հարավային Աֆրիկա, մեզ վերագրել՝ ասելով, որ մենք «քարերի երկիր» ենք: Արևելյան ոճի շինություններ են. որևէ ազգային ոճ, հետք դրանց մեջ որոնելը առնվազն աբսուրդի ոլորտից է ու շատ ծիծաղելի:

Երևանը համարվում էր Պարսկաստանի՝ եթե ոչ երրորդ, ապա գոնե չորրորդ քաղաքը՝ իր մեծությամբ: Իսկ նշանակությամբ Երևանի խանությունը երկրորդն էր: Մի խոսքով, բավականին մեծ ու լուրջ քաղաք էր խանական շրջանի Երևանը: Երևանի բերդը Արևելքի հզորագույն ամրոցներից էր, որի կառուցմանը մասնակցել էին եվրոպական ճարտարագետները: Եվ պատահական չէ, որ ռուսները միայն երրորդ փորձից հետո կարողացան գրավել այն:

Բնական է, որ այս պայմաններում պարսիկները ձգտում էին բարիդրացիական հարաբերություններ ունենալ տեղաբնակ հայերի հետ: Օրինակ՝ 17-րդ դարի կեսերին Երևանի զառաֆիի (դրամատան) տիրոջ պաշտոնը զբաղեցնում էր բավականաչափ լուրջ մի առևտրական, Ագուլիսի խոջաներից մեկը՝ հայազգի Սիմոն կամ Շմավոն Ագուլեցին: Այսինքն՝ այնպես չէ, որ հայերը պարսկական տիրապետության օրոք բոլորովին ճնշված ու տառապյալ վիճակում էին. կային նաև հայազգի շատ հարգված ու լուրջ պաշտոնյաներ: Եվս մեկ օրինակ: Երբ 19-րդ դարի ամենասկզբին ճանապարհորդ Հաքստհաուզենը այցելեց Երևան, նա ցանկացավ նաև քաղաքի տիրակալի՝ խանի հետ հանդիպել և այդ նպատակով խնդրեց Խաչատուր Աբովյանի միջնորդությունը: Ասում են, որ խանն անմիջապես արձագանքեց այդ խնդրանքին՝ իմանալով, որ այդպիսի երևելի ընտանիքներից մեկի ներկայացուցիչն է միջնորդում:

Բնականաբար, թյուրքական ինչ-ինչ բնակչություն Երևանում կարող էր լինել, բայց նրանց ասել ադրբեջանցի, ինչպես այսօր փորձում են ներկայացնել հարևան երկրի ներկայացուցիչները, նույնն է, թե փորձենք, ասենք, լեհի մասին ասել, որ նա ռուս է: Երևանում բնակվում էին նաև բոշաները, որոնք շատ ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին 18-րդ դարում թուրքական ինտերվենցիայի դեմ պայքարում: Երևանում կային նաև հույներ: Եվ ի վերջո մենք ունենք վկայություններ, որ քիչ թվով, բայց կային նաև վրացիներ, ինչպես վկայում է Կոզեռնի գերեզմանատան արձանագրություններից մեկը: Բնական է, որ դեպի Հայաստան տարբեր հրոսակային ներխուժումներից հետո որոշակի քանակությամբ տարբեր ցեղերի ներկայացուցիչներ բնակություն էին հաստատում քաղաքում: Խորհրդային ժամանակաշրջանում, ի դեպ, այդ բոլորին, որոնց մեջ կային թյուրքական ինչ-որ ցեղեր, մեծ թվով պարսիկներ և իսկական ադրբեջանցիներ (խոսքն, անշուշտ, Իրանի Ատրպատական նահանգի բնակիչների մասին է), ներկայացրին ուղղակի որպես «ադրբեջանցիներ»: Այսինքն՝ ճիշտ հակառակն է եղել. կովկասյան թաթարները, որոնք այսօրվա ադրբեջանցիներն են, ամենաքիչն են եղել այստեղ: Մի խանություն այս շրջանում Երևանն էր, մյուսը Շեմախանն էր, մի խանություն Շյաքին էր, մյուսը Գյանջան էր, մի խանություն էլ Բաքուն էր: Սրանք բոլորը Պարսկաստանի կազմում գտնվող խանություններ էին, ճիշտ այնպես, ինչպես խորհրդային շրջանում կար Թիֆլիսի գուբեռնիա, Երևանի գուբեռնիա, Բաքվի գուբեռնիա և այլն: Խանությունը պարսիկների վարչատարածքային միավորն էր, և ասել, թե դա ադրբեջանական էր, պարզապես ծիծաղելի է: Ինչ վերաբերում է «Էրիվան» անվանմանը, որ կրկին շատ է շահարկվում, դա պարզապես այդ ժամանակաշրջանում գործածվող հին՝ Երևան անվանման աղավաղված տարբերակն էր: Փաստ է՝ Երևանը եղել է մինչև պարսկական տիրապետության շրջանը, կա հիմա ու կլինի հետո: Այստեղ որևէ երկրորդ կարծիք լինել չի կարող:

 

Շարունակելի

Զրուցեց և պատրաստեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (1472) 22.02.2023 - 28.02.2023, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


24/02/2023