Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ԵՍ ԴՈՒ



ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ԵՍ ԴՈՒԷՐԻԿ ԴԱՎԹՅԱՆ

նկարիչ

 

Բարև, զինվո՛ր: Բարև, եղբա՛յրս: Նույնիսկ սիրած աղջկան նամակ գրելիս այսպես չեմ հուզվել, այսպիսի պատասխանատվությամբ չեմ հավաքել մտքերս: Որովհետև ես գրում եմ իմ երկրի ամենակարևոր մարդուն:

…Ես կապանցի եմ, իմ մանկությունն անցել է ապաստարանում: Երբ թշնամին ռմբակոծում էր, երբ ապաստարանը ցնցվում էր արկերի պայթյունից, ես մտածում էի, որ շուտով աղմուկը կլռի, կվերադառնանք մեր տները, որովհետև Երկիր պահող տղերքը արժանի հակահարված կտան հակառակորդին: Հիշում եմ՝ մի անգամ հերթական ռմբակոծությունից հետո, երբ դուրս եկանք փողոց, տեսանք՝ մարդիկ բանակին օգնելու համար փող են հավաքում: Ու ինչ սիրով, ինչ խանդավառությամբ են մարդիկ իրենց վերջին ունեցածը տալիս բանակին: Այսօր էլ նույնն է, ոչինչ չի փոխվել, նույնն են մեր սերն ու հավատը բանակի ու զինվորի հանդեպ: Եթե չլիներ մեր վստահությունը բանակի հանդեպ, այդքան ամուր չէինք ձուլվի մեր հողին: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ոչ մի վայրկյան իմ ընտանիքը դուրս չեկավ իր ծննդավայրից: Արկի հարվածից և՛ բուժքույր տատս վնասվեց, և՛ գյուղապետ պապս, բայց նրանք մնացին ու շարունակեցին աշխատել: Հայրս դպրոցի տնօրեն էր, մի անգամ առավոտյան միասին մտանք հորս աշխատասենյակ ու հատակին թափված փամփուշտներ տեսանք: Ադրբեջանցիները կրակել էին: Երջանիկ պատահականությամբ հայրս էդ պահին աշխատասենյակում չէր եղել: Եղբա՛յրս, մենք մեր հողը հեշտ չենք պահել: Հայաստանն անանուն հերոսների երկիր է: Բայց մեր ամենամեծ հերոսը զինվորն է: Դու ես, որ զենքը ձեռքիդ կանգնած ես սահմանին քո Հայրենիքի ու թշնամու միջև: Դու մեր կյանքի ժամապահն ես: Ու մեր սերը, մեր երախտագիտությունը, մեր ակնածանքը քո հանդեպ սահման չունի:

Ես էլ եմ զինվոր եղել: Էնքան բան սովորեցի բանակում: Կյանքը սովորեցի, յուրացրի մարդկային հարաբերությունների նրբերանգները, պատասխանատվություն, պարտաճանաչություն, լավը վատից, ճիշտը սխալից զատել սովորեցի… Փորձությունների միջով անցա ու հասկացա, որ կամքը բանեցնելով է կոփվում: Մեկ էլ տեսնում ես՝ ուժեղ ես: Շատ ուժեղ: Բանակում տեսա, թե ոնց են հարգում զինվորին ու մեծարում: Էդ մեծարանքը նույնիսկ վախեցնում էր. պիտի արդարացնեի, չէ՞… Ու կաշվից դուրս էինք գալիս, որ հուսախաբ չանենք մեզ սիրող ու հավատացող մարդկանց: Հիմա ես քեզ ասում եմ՝ հարգի՛ր ու պատվի՛ր հրամանատարիդ: Ուժեղ է այն բանակը, որտեղ հրամանատարը հարգված է, իսկ զինվորը՝ սիրված: Տե՛ս՝ ինչ եմ ասում. աշխարհում տասնյակ-հարյուրավոր մասնագիտություններ կան՝ փողաբեր, անվտանգ, հեշտ…Քո հրամանատարը սովորել է ռազմական ինստիտուտում: Էն ժամանակ, երբ իր ջահել ընկերները աղջիկների հետ զվարճացել են սրճարաններում, քո հրամանատարը զորանոցում է ապրել, քնել է հրամանով, զարթնել է հրամանով, ապրել է հրամանով, որ հետո գա բանակ ու մի ամբողջ կյանք կանգնի սահմանին՝ իր երկրի ու թշնամու արանքում: Ես հանում եմ գլխարկս նրա առաջ: Գնահատի՛ր նրան: Էլ չեմ ասում՝ մեր սպաներից շատերն անցել են քառօրյա ու 44-օրյա պատերազմներով: Հերոսացել են:

Դու մենակ չես, զինվոր եղբայրս: Մենք քեզ հետ ենք: Ամեն մեկս փորձում ենք ինչ-որ բան անել հայրենիքի համար: Քառօրյա կռվից հետո ես ծաղիկներ էի նկարում ու նվիրում զոհված զինվորների ծնողներին: Այն ծաղիկները, որ նրանց որդիները չկարողացան նվիրել իրենց մայրերին, թող հավերժ անթառամ մնան նրանց տներում:

Լավ սովորիր քո զինվորական մասնագիտությունը, եղբա՛յրս: Մեր ամենամեծ հույսը դու ես, մենք քեզ ենք ապավինել ազգովի: Բանակում ժամանակը շատ թանկ է, ու դու անգամ մեկ րոպե կորցնելու իրավունք չունես: Բանակում զինվորի ամեն րոպեն իր հայրենիքի անվտանգության երաշխիքն է: Իսկ քո հայրենիքի անունը Հայաստան է: Ու մենք հավերժ ենք: Ես փակում եմ աչքերս ու տեսնում եմ քո ապագա շքերթը Հանրապետության հրապարակով: Տեսնում եմ քեզ, գլուխդ բարձր, հպարտ, ինքնավստահ: Ես տեսնում եմ քո հաղթանակը:

…Ու հիմա Հայրենիք եմ նկարում, անընդհատ Հայրենիք եմ նկարում: Բանաստեղծուհի Մետաքսեն ասում էր՝ ես Հայրենիքս գրկած եմ ապրում: Ես էլ այսպես եմ գրկում իմ Հայրենիքը:

Իմ անունից շնորհակալություն ասա մայրիկիդ, եղբա՛յրս: Ասա՝ կապանցի նկարիչը խոնարհվում է քո մեծ սրտի առաջ ու համբուրում է զինվորին փայփայած ձեռքերդ:

Բարի ծառայություն, եղբա՛յրս: Բարով տուն դարձիր:

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (1472) 22.02.2023 - 28.02.2023, Հոգևոր-մշակութային


24/02/2023