Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ



ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ-Ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ հանդիսավոր կերպով երդվում եմ՝ ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս: Ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և օրենքներին: Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանները, պահպանել ռազմական գաղտնիքը: Ու թե դրժեմ երդումս՝ թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ: Երդվո՛ւմ եմ:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում փոքր-ինչ հուզված նորակոչիկները երդվում են անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Շաբաթներ առաջ զինված ուժերի շարքերը համալրած տղաներն այսօր արդեն իրենց  հարազատներին են ներկայանում որպես ազգային բանակի զինվորներ:

Մինչ նորակոչիկները մեկը մյուսի հետևից իրենց զինվորական երդումն են տալիս, նրանց հարազատները փորձում են գտնել իրենց զինվոր որդիներին ու տեսախցիկներով պատմությանն ի պահ տալ հիշարժան օրվա ակնթարթները:

ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆՏիկին Արմինեն  երկար ճանապարհ է անցել սահմանապահ Մովսես գյուղից՝ ներկա լինելու զավակի երդման արարողությանը։ Ասում է՝ այսօր իրեն ամենահպարտ  մայրիկն է զգում. որդին՝ Դավիթը, համալրել է բանակի շարքերը՝ զինվոր դառնալու, Հայրենիքն  ու իրենց պաշտպանելու համար:

-Միշտ սպասում էր ծառայությանը, շտապում էր: Ասում էր. «Միևնույն է՝ պիտի ծառայեմ: Շուտ կծառայեմ, կգամ»: Դավիթը սահմանին է մեծացել. պատրաստ է, մենք էլ՝ իր հետ: Մենք ոչ մի րոպե մեր սահմանապահ գյուղից չենք հեռացել, մեր երեխաներն էլ մեզ հետ են եղել:

Դավիթը հաստատում է մոր վստահությունը:

-Հպարտ եմ, որ Հայրենիքի պաշտպան եմ դառնում,- ասում է երիտասարդը,- և հայրենիքիս համար պատրաստ եմ ամեն ինչի:

ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆՄեկ այլ զինվորի մայր՝ տիկին  Լուսինեն,  աչքը չի կտրում  շարքում  խրոխտ կանգնած  որդուց:  Ասում է՝ դժվարանում է նկարագրել, թե ինչ է զգում զինվոր զավակին  նայելիս:

-Մեծ հպարտություն, երջանկություն: Մեզ համար նա արդեն իսկական տղամարդ է: Միշտ է մեզ համար մեծ եղել, բայց այսօր բոլորովին ուրիշ աչքերով ենք նայում նրան:

Նույն անսահման հպարտության զգացումն են ապրում նաև Իսկանդարյանները։

-Սա մի զգացում է, որ հաճախ չես ապրում կյանքում,- ասում է Էմիլ Իսկանդարյանը՝ նորակոչիկ Ռոմանի հայրը,- իսկ հիմա  զգում եմ: Զինվորի ծնող լինելը նաև պարտավորեցնող է: Տղաս գոհ է ծառայությունից,  դա է կարևորը:

Երդման արարողության ավարտին նորընծա զինվորներին շնորհավորում ու բարի ծառայություն են մաղթում հրամկազմն ու նորակոչիկների ծնողները:

-Այսուհետ ամեն մի քայլ անելիս պետք է հիշեք ձեր այսօրվա երդման արարողությունը,- դիմելով նորակոչիկներին ասաց ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ Թեմուր Շահնազարյանը:

ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆԵվս մի ակնթարթ, և զենքերը հանձնած, կարճատև արձակուրդայիններ ստացած զինվորները վազքով միանում են ծնողներին ու հարազատներին։ Ամեն կողմից լսվում են զինվորներին  ուղղված բարեմաղթանքներ:

-Վստահ ենք, որ լա՛վ է լինելու,- ասաց նորակոչիկներից մեկի մայրը՝ Արմինե Հարությունյանը:

-Զարմիկս է,- գորովանքով գրկի երեխային նայելով՝ ասում է նորակոչիկ  Նարեկ Ադամյանը:- Նրան խաղաղ երկինք եմ ցանկանում: Թող մեծանա, մեր շարքերը համալրի ու մեր երկիրը անառիկ պահի:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #06 (1471) 15.02.2023 - 21.02.2023, Ազգային բանակ


17/02/2023