Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԿՍՎԵԼ ԵՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ



ՍԿՍՎԵԼ ԵՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸԶորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում աշխատանքային եռուզեռ է։ Պահեստազորի լեյտենանտ Սամվելը Սարգսյանը նոր ձևաչափով մեկնարկած 25-օրյա վարժական հավաքների առաջին փուլի մասնակիցներից է։ Եկել է ծանուցագիրն ստանալու և սահմանված օրը նախորոշված զորամաս մեկնելու համար։

Սամվելը նաև 44-օրյա պատերազմի կամավորներից է։ Աչքի առաջ ունենալով մարտական ծանր գործողությունների հետևանքները՝ լեյտենանտն իր դիտարկումներով կիսվեց մեզ հետ:

-Սահմանային առկա իրողությունների և մարտահրավերների պարագայում նմանօրինակ հավաքների անցկացումը խիստ կարևոր է, նույնիսկ պարտադիր։ Պահեստազորում գտնվողներս շատ քիչ ենք առնչվում ծառայությանը, և այս հավաքները մեզ հնարավորություն կընձեռեն է՛լ ավելի լավ տիրապետել մեր զինվորական մասնագիտությանը, չմոռանալ ծառայության ժամանակ մեր սերտածը՝ զենքի հետ վարվեցողության կանոններից մինչև մարտավարություն ու կրակային պատրաստություն: Կարծում եմ՝ 25 օրը նորմալ ժամանակահատված է, որ կարողանանք անցածը վերհիշել:

Ըստ իս, վարժական հավաքներին չներկայանալու համար պատճառներ փնտրելը մեր շահերից չի բխում: Եթե ուզում ենք ապրել խաղաղ և ապահով երկրում, ապա յուրաքանչյուրիս պարտքն է պատրաստ լինել: Եվ որքան հաճախակի լինեն այսօրինակ հավաքները, այնքան արհեստավարժ կլինի անձնակազմը, դրանով իսկ ապահով ու պաշտպանված կլինի մեր հայրենիքը,- համոզված է Սամվելը:

Վարժական հավաքների անցկացման նոր կարգի համաձայն՝ այսուհետ պահեստազորում հաշվառված քաղաքացիները նախ պետք է համալիր անվճար բուժզննման ենթարկվեն մի քանի փուլերով, ապա վերջինիս արդյունքները կներկայացվեն զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում, որտեղ էլ բժշկական հանձնաժողովը կկայացնի վերջնական որոշումը՝ պահեստազորում հաշվառված քաղաքացին ենթակա է զորակոչման, թե ոչ։

-Իմ փորձից ելնելով՝ ասեմ, որ հենց այնպես ոչ մեկին չեն զորակոչելու: Եթե մարդն ունի առողջական խնդիրներ, դրանք բացահայտվելու են բուժզննությամբ: Բանակին պետք են առողջ և ուժեղ մարտիկներ: Կարծում եմ՝ ոչ ոք չպետք է մտավախություն ունենա ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանում ներկայանալու, անցնելու բժշկական փորձաքննություն,- շարունակում է Սամվելը:

Փոխվել են նաև վարժական հավաքների անցկացման ժամկետները՝ ոչ ավելի, քան 25 օր, որի ընթացքում պահեստազորայինը կօգտվի զինծառայողին ու նրա ընտանիքի անդամներին տրվող սոցիալական բոլոր երաշխիքներից և, իհարկե, կստանա զբաղեցրած հաստիքին համապատասխան աշխատավարձ։

-Կան տարբեր կարծիքներ աշխատավարձի հետ կապված, կամ մարդն ինչպես թողնի աշխատանքն ու գնա ծառայության: Ասեմ, որ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումից արդեն տեղեկացրել են, որ դասընթացները վճարովի են: Ստանալու ենք մեր զբաղեցրած հաստիքին համապատասխան աշխատավարձ: Այնպես որ, պետք է բոլորս միասնական ու սրտով կպնենք գործի: Հայրենիքի պաշտպանությունը բոլորիս սուրբ գործն է, և մենք չենք կարող անմասն մնալ,- նշում է պահեստազորի լեյտենանտը:

Վարժական հավաքների անցկացման նպատակը անփոփոխ է՝ կատարելագործել պահեստազորայինների ռազմական ունակությունները, պահեստազորում հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմին մասնագիտական վերապատրաստման միջոցով սպայական կոչում ստանալու հնարավորություն տալ և ի վերջո զինվել ռազմական գիտելիքներով ու փորձով՝ հնարավոր մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանությանը ոչ թե խոսքով, այլ գործով մասնակցելու համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #06 (1471) 15.02.2023 - 21.02.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/02/2023