Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ թույլ չի տա պատերազմ ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ: Միևնույն ժամանակ, նա հավանություն է տվել Ուկրաինա Leopard 2 տանկեր մատակարարելուն՝ հավաստիացնելով, որ այդպիսի քայլերով հնարավոր է կանխել ռուս-ուկրաինական հակամարտության վերաճումը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմի:

Գերմանիայի ԱԳՆ-ն էլ ստիպված է եղել պարզաբանումներ տալ իր ղեկավար Աննալենա Բերբոքի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ հնչեցրած խոսքերի վերաբերյալ՝ «Մենք պատերազմում ենք Ռուսաստանի, այլ ոչ թե միմյանց դեմ»: Բերբոքի այս խոսքերը տարբերվում են Գերմանիայի կառավարության դիրքորոշումից:

ՌԴ ԱԳՆ-ն Էրդողանին անվանել է «հատուկ տրամաչափի» առաջնորդ, որը չի ենթարկվում արտաքին ճնշմանը: Նա քաղաքականություն է վարում առաջին հերթին ի շահ իր ժողովրդի, այլ ոչ թե երրորդ երկրների ցուցումներով։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել է, որ Հունգարիան վետո կդնի Ռուսաստանի միջուկային էներգետիկայի ձեռնարկությունների դեմ ԵՄ-ի ցանկացած պատժամիջոցների վրա: Հունգարիան միջուկային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի կայուն գործընկերներից է և մտադիր է ընդլայնել համագործակցությունը:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության երկու անդամներ՝ Էրքին Գադիրլին եւ Քոնուլ Նուրուլլաեւան կողմ են քվեարկել ՌԴ-ին ու Բելառուսին դատապարտող եւ Ուկրաինայի հարցով միջազգային տրիբունալ ստեղծելու պահանջով բանաձեւին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է այս լուրը. «Եթե պատասխանենք ամեն ելույթի, ապա ուժ չի մնա»:

Թուրքիայում լիահույս են մեկ տարվա ընթացքում սկսել Ռուսաստանի Դաշնության առաջարկած գազային հանգույցի շահագործումը։

ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջում է արգելել ռուսական ավիաընկերությունների թռիչքները ամերիկյան արտադրության ինքնաթիռներով:

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալեսան կարծում է, որ աշխարհն այժմ Ռուսաստանի «հարցերը լուծելու» հնարավորություն ունի։

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն իրավաբանորեն չի ձեւակերպել Գերմանիայի օկուպացիայի դադարեցումը, եւ իրավաբանորեն ԳԴՀ տարածքում դեռեւս ամերիկյան օկուպացիոն զորքեր կան»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Արևմուտքի երկրները 2022 թ. փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն սկսելուց հետո «պերսոնա նոն գրատա» են հայտարարել 574 ռուսաստանցի դիվանագետների։

 

Թուրքիա

Պակիստանում մեկնարկել են թուրք-պակիստանյան «Աթաթուրք-2023» զորավարժությունները, որոնց նպատակը ահաբեկչության դեմ պայքարի համատեղ քայլերի մշակումն է։ Համատեղ զորավարժություններն անցկացվում են 1998 թվականից՝ երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ՝ Թուրքիայում եւ Պակիստանում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Իրանը կարող է միանալ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ նախատեսված բարձր մակարդակի բանակցություններին տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ակնկալիքով:

Էրդողանը ակնարկել է, որ Անկարան կարող է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը համաձայնել ավելի շուտ, քան Շվեդիայի դեպքում: Երկու պետությունները հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել անցած տարի, սակայն Թուրքիան եւ Հունգարիան դեռեւս չեն տվել իրենց համաձայնությունը։ Թուրքիան դադարեցրել է բանակցությունները անցյալ շաբաթ Ստոկհոլմում կայացած բողոքի ակցիայից հետո, երբ շվեդ ծայրահեղ աջ քաղաքական գործիչն այրել էր Ղուրանը:

Մինչդեռ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը Թուրքիա պաշտպանական տեխնիկա արտահանելու թույլտվություն է տվել։

Թուրքիան լողացող էլեկտրակայաններ կմատակարարի Ուկրաինա: Դրանք կտեղակայվեն Մոլդովայի եւ Ռումինիայի նավահանգիստներում և ուկրաինական ցանցերին միանալու միջոցով կբավարարեն մեկ միլիոն տնային տնտեսությունների կարիքները:

Թուրքական «Savunma Teknolojileri MՖhendislik ve Ticaret AS» ընկերությունը ՆԱՏՕ-ի բոլոր շտաբների և բազաների միջեւ հետախուզական տվյալների փոխանցման ծրագրային ապահովում կմշակի։ Նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 3,5 տարի։

Սերբիայի իշխանությունները Թուրքիային խնդրել են ազդել Կոսովոյի վրա՝ Բելգրադի հետ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները կատարելու համար։

Իլոն Մասկի ընկերության ստեղծած Starlink արբանյակային ինտերնետային ծառայությունը 2024 թվականից կգործի նաև Թուրքիայում: Starlink-ն այս պահին ծառայություն է մատուցում ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում, Ուկրաինայում։

Թուրքական Baykar ընկերությունը երկու Bayraktar TB2 անօդաչու է նվիրել Ուկրաինային:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան ԱՄՆ-ից ո՛չ կործանիչներ է ստացել, ո՛չ էլ դրանց համար վճարված փողերը՝ ակնարկելով F-35-երի համար վճարված 1 մլրդ 400 մլն դոլարը և F-16-ներ գնելու վերաբերյալ բանակցությունների ձգձգումը: Նա նշել է, որ Թուրքիան միշտ պահում է տված խոսքը եւ գործընկերներից սպասում է, որ նույն կերպ վարվեն իր հետ։

 

Իրան

Իրանը պատժամիջոցներ է սահմանել Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի տասնյակ պաշտոնյաների եւ կազմակերպությունների նկատմամբ: Եվրամիությունն էլ պատժամիջոցներ է սահմանել անօդաչու թռչող սարքեր արտադրող իրանական «Iran Aircraft Manufacturing Industries Corporation» ընկերության դեմ: ԵՄ-ում կարծում են, որ իրանական անօդաչուներն օգտագործում է Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում։

Իրանի հետախուզական ծառայությունները հայտնել են Իսրայելի հետ կապված հերթական ահաբեկչական խմբերի անդամների ձերբակալման մասին։

Իրանն ու Ռուսաստանը բանկային փոխանցումների միջազգային SWIFT համակարգի նման բանկային համակարգ են գործարկել:

Զինված տղամարդը մտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատուն եւ կրակ բացել։ Սպանվել է Իրանում Ադրբեջանի դեսպանության պահպանության ծառայության ղեկավար Օրհան Ասկերովը, մեկ հոգի վիրավորվել է։ Թեև պարզվել է, որ հարձակման շարժառիթը անձնական է, իսկ իշխանությունները ձեռնարկել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ, Ադրբեջանը տարհանել է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին:

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ադրբեջանի իշխանություններին նախազգուշացրել է՝ հուզական որոշումներ չընդունել դեսպանատան վրա հարձակման հետ կապված։ Սկզբում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել, սակայն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին նրա հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանը թույլ չեն տա երկու ժողովուրդների հարաբերությունների վատացում:

Իրանը Կատարի արտգործնախարարի միջոցով մի քանի հաղորդագրություն է ստացել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններում ներգրավված կողմերից։

Իրանը մերժել է միջուկային համաձայնագրին վերադառնալու ներկա առաջարկը, սակայն Վաշինգտոնը դեռ հավատում է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ գործ ունենալու ամենաարդյունավետ միջոցը դիվանագիտությունն է, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ ընդունելի են բոլոր տարբերակները, որ Իրանին հնարավորություն չտրվի միջուկային զենք ձեռք բերել:

Անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Ըստ Իրանի պաշտպանության նախարարության՝ հարձակումը ձախողվել է. ԱԹՍ-ներից մեկը խոցել է ՀՕՊ համակարգը, մյուս երկուսը պայթել են հատուկ ԱԹՍ-ների դեմ պայքարելու նպատակով ստեղծված պաշտպանական ծուղակներում: Դեպքի հետևանքով տուժածներ չկան, թեթև վնասվել է գործարանի տանիքը։ Այդուհանդերձ, մի շարք լրատվական գործակալություններ հաղորդել են Իրանի տարբեր շրջաններում պայթյունների, նավթավերամշակման գործարանում հրդեհի մասին։

Թեհրանը պաշտոնապես որևէ մեկին չի մեղադրել հարձակման համար: Սակայն ենթադրություններ կան, որ հարձակման պատասխանատուն Իսրայելն է, որ բազմիցս հայտարարել է իրանական թիրախներին հարվածելու պատրաստականության մասին, եթե դիվանագիտության միջոցով չհաջողվի կանգնեցնել Թեհրանի միջուկային կամ հրթիռային ծրագրերը: ԱՄՆ-ն պաշտոնապես հերքել է իր առնչությունը հարձակմանը:

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Twitter-ի իր էջում գրել էր, որ իրանական Սպահանում ռազմական օբյեկտի վրա անօդաչուների հարձակումը կարող է կապված լինել Ուկրաինայի իրադարձությունների եւ Իրանից Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ՝ հավելելով՝ «Ուկրաինան ձեզ զգուշացրել է»։ Հարձակմանը Ուկրաինայի ենթադրյալ մասնակցության կապակցությամբ Թեհրանում այդ երկրի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոյին կանչել են Իրանի ԱԳՆ: Իրանում արդեն հաստատում են՝ տեղեկությունը հիմնավորելու դեպքում պատասխանը Ուկրաինայի համար կործանարար կլինի:

 

Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է վրաց-լեհական համատեղ մշակման անօդաչուները, որոնց սերիական արտադրությունը կսկսվի ապրիլին։ Մարտական և հետախուզական անօդաչու թռչող սարքերը օգտագործում են Լեհաստանի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների բանակներն ու հատուկ նշանակության ուժերը։ Վրաստանում կստեղծեն նաև անօդաչու սարքերի հետ աշխատանքի ուսումնական կենտրոն:

Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը չի բացառում Ուկրաինայի քաղաքացիների տարհանման հնարավորությունը, եթե նրանց վտանգ սպառնա Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ավիացիոն հաղորդակցության վերականգնումից եւ ռուսաստանցիների զանգվածային հոսքից հետո, ասել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։ Թբիլիսիում վրդովմունք են հայտնել դիվանագետի աղմկահարույց հայտարարության կապակցությամբ։ Կասյանովին կանչել են Վրաստանի ԱԳՆ պարզաբանումներ անելու համար։

Վրաստանը Ռուսաստան ապրանքներ չի մատակարարում՝ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու միջոցով, ասել է «Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ հրապարակելով իր խոսքերը հաստատող վիճակագրական տվյալներ 2022 թ. արտահանման մասին։

 

Ադրբեջան

Ադրբեջանի նախագահն առաջարկել է ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը՝ ավելացնելով Իսլամական համագործակցության կազմակերպության և Չմիավորման շարժման անդամ պետություններին (Շարժումը միավորում է այն երկրներին, որոնք իրենց արտաքին քաղաքական ուղղության հիմք են հռչակել ռազմաքաղաքական միավորումներին անդամակցության մերժումը)։ Նրա խոսքով՝ նման բարեփոխումները կնպաստեն «ավելի արդար ու անվտանգ աշխարհի» ստեղծմանը։

Բրիտանական «British Petroleum» ընկերությունն Ադրբեջանում գազի ռեկորդային արդյունահանման հույս ունի: Նոր պաշարների հետախուզման արդիականությունը մեծանում է՝ հաշվի առնելով Եվրոպայում գազի շուկայի փոփոխությունը. Եվրոպան ձգտում է առավելագույնս դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները եւ խուսափել ռուսական գազի կախվածությունից։ Շահ Դենիզի հանքավայրից գազի արդյունահանումը 2022 թվականին կազմել է 25,2 միլիարդ խորանարդ մետր, ինչը 11,5 տոկոսով ավելի է, քան 2021 թ.:

2027 թվականին Ադրբեջանը պատրաստ է կրկնակի ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա։ Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան եւ Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին՝ համապատասխան ենթակառուցվածքների կառուցման հարցում օգնելու խնդրանքով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ հայտարարել է. Ադրբեջանը հարյուր տարի կարող է Եվրոպայի համար էներգիայի հուսալի մատակարար լինել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #04 (1469) 01.02.2023 - 07.02.2023, Տարածաշրջան


02/02/2023