Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է



ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԶրույց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

 

-Պարոն Մարտիրոսյան, մեր օրերում համացանցը փաստացի դարձել է մարդու կյանքի անբաժանելի մասը: Եվ այն ոչ միայն հսկայական հնարավորություններ է ընձեռում անհատին՝ արագ և հարմարավետ կերպով անհրաժեշտ տեղեկություն ձեռք բերելու, այլև մարդկանց, ակամա, տարբեր սոցցանցերի գործունեությամբ ներքաշում է տեղեկատվական յուրահատուկ այս դաշտը: Ի՞նչ խութեր և վտանգներ կան այս բազմաշերտ ոլորտում, առանց որի ժամանակակից մարդն այլևս կարծես թե չի պատկերացնում իր կյանքը:

-Պետք է ասել, որ փաստացի այսօր համացանցը ահռելի ազդեցություն ունի մեր կյանքում, հատկապես որ՝ մարդիկ մեծ մասամբ այն դիտարկում են որպես տեղեկատվության աղբյուր և տարածման միջոց: Ցանկացած մարդ տիրապետում է կամայական տեղեկույթ տարածելու տեխնիկական միջոցների և հնարավորությունների: Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ նման հնարավորության ուներ, օրինակ, պետական հեռուստատեսությունը, մինչդեռ այժմ մի մարդ, անհատ կարող է տիրապետել գրեթե նույն մասշտաբի տեղեկատվական հզորությունների: Բնականաբար, սա իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում: Օրինակ՝ կամայական մի տեղեկույթ կարող է սկսել ակտիվ տարածվել շնորհիվ այն բանի, որ  մարդիկ սովոր են անքննադատ կերպով, առանց ստուգելու աղբյուրը, տարածել այն տեղեկույթը, որն այդ պահին հայտնվել է տեսադաշտում և հետաքրքիր է թվացել: Բայց ցավալիորեն այս ամենը կարող է կիրառվել նաև միտումնավոր՝ չարամտորեն ու նպատակային, ի վնաս պետությունների և հասարակությունների: Այսօր այս իմաստով տեղեկատվական դաշտը հանդիսանում է նաև ռազմական գործողությունների թատերաբեմ: Մերօրյա պատերազմները, որոնք հիբրիդային են, ներառում են ոչ միայն սովորական մարտական զենք-զինատեսակներ, այլ նաև հոգեբանական զենքերի, կիբերզենքերի այլևայլ տեսակներ, ինչի արդյունքում երբեմն ու հաճախ դրանք շատ ավելի խորը և բազմաֆուկցիոնալ զինատեսակ են դառնում: Այս իմաստով տեղեկատվական մարտագործողությունները իրենց ընդգրկումով և ազդեցությամբ ամենակարևորներից են, քանի որ թույլ են տալիս տեղեկություններ կորզել, մեծ ծավալի տեղեկատվություն հավաքագրել հակառակորդի զորքերի, բնակչության մասին, կարող են անգամ իրական մարդկանց հավաքագրել՝ կարևոր տեղեկույթ կորզելու համար, նաև՝ շատ արագ, թիրախային ապատեղեկատվություն, խուճապ առաջացնող «լուրեր, տեղեկություններ» տարածել և այլն, որոնք, ընդհանուր առմամբ, ազդում են տվյալ երկրի պաշտպանունակության վրա: Պետք է խոստովանել, որ նման տեղեկատվական «հարուստ գործիքակազմ» մարդկությունը նախկինում երբևէ չի ունեցել:

-Ինչպիսի՞ն են այդ գործիքները. մեր դեմ այս պահին ընդհանուր առմամբ ինչպիսի՞ տեղեկատվական զենքեր են կիրառվում:

-Գլոբալ առումով, այսպիսի «գործիքները» բազմազան են: Կոնկրետ մեր դեմ կիրառվող «գործիքները» հիմնականում մի քանիսն են: Իհարկե, ամեն ինչից զատ կա ավանդական մամուլը՝ իր համացանցային տարբերակով, որը կարող է օգտագործվել վճարովի հրապարակումներ տեղադրելու նպատակով: Հայաստանի դեմ տարբեր լրատվամիջոցներ նաև այսպես են աշխատում: Բայց, իհարկե, հիմնական գործիքը և միջոցը մնում են սոցիալական ցանցերը, որոնցում մարդկանց առավել մեծ քանակություն է ներգրավված: Այստեղ մի քանի հիմնական տեխնոլոգիա է կիրառվում:  Առաջինը տեղեկատվության հավաքագրումն է: Մարդիկ հիմնականում անընդհատ փորձում են ակտիվ լինել սոցցանցերում. ինչ-որ բան են լուսանկարում, տեղադրում, և եթե հատկապես ակտիվ ռազմական գործողությունների շրջան է, կամ սահմանի որոշակի հատվածում սրացումներ կան, երբեմն ինչ-որ մեկը կարող է անզգուշորեն լայվ մտնել կամ տեսանյութ, լուսանկար տեղադրել, ինչը հակառակորդին հնարավորություն է տալիս մի կողմից հասկանալ հասարակության տրամադրությունները, մյուս կողմից՝ հավաքագրելով տվյալ տեսանյութերն ու լուսանկարները, ստանալ որոշակի պատկեր, օրինակ՝ տեղանքի, այստեղ տեղակայված ռազմական տեխնիկայի շարժի, դրա քանակի, տեսակի, զորքի բարոյահոգեբանական վիճակի, տրամադրությունների վերաբերյալ: Մյուսը, երբ հակառակորդը իր ուզած տեղեկությունը փորձում է ներմուծել մեր տեղեկատվական դաշտ: Դրանք կարող են լինել կեղծ լուրեր, հոգեբանական ազդեցության տեղեկույթներ, նյութեր և այլն, որոնք լցվում ու տարածվում են սոցցանցերի միջոցով: Սա այսօր միայն մեկ կամ երկու սոցցանցի միջոցով չի արվում: Հիմնականում օգտագործվում են ֆեյսբուքը, տելեգրամյան, ինստագրամյան և այլ սոցցանցեր: Այստեղ նաև մշտական փորձեր են արվում մարդկանց հասցեները կոտրելու, դրանք այլևայլ նպատակներով գործածելու ուղղությամբ:

-Ինչպե՞ս արդյունավետ պաշտպանվել հասցեն կոտրելու վտանգից:

-Հաշիվը կոտրելու միջոցները շատ են ու բազմազան, և պետք է ասել, որ ամեն օր նորանոր ձևեր են մշակվում: Յուրաքանչյուր սոցցանցի պաշտպանողական համակարգը մյուսից տարբեր է, կոտրելու ձևերն ու դեպքերն էլ տարբեր են: Այնպես որ՝ դժվար է ինչ-որ մեկի վրա հակիրճ նկարագրությամբ կանգ առնելը: Եթե կարճ բացատրելու լինեմ, կասեմ, որ նախ և առաջ ուշադիր մարդու հաշիվը կոտրելը հեշտ գործ չէ: Եթե անգամ անվտանգության ամենահասարակ կանոնները պահպանվեն,  կարելի է ասել, մոտ 70 տոկոսով կնվազի հասցեն կոտրելու հնարավորությունը: Եթե մարդը ուշադիր է, թե ինչ են իրեն ուղարկում, որտեղից, ամեն կասկածելի բան չի բացում, ամեն հասցեի իր գաղտնաբառը չի ուղարկում, ապա նա արդեն իսկ բավականաչափ պաշտպանված է նման հարձակումներից: Հիմնականում մարդիկ անուշադրության և շտապողականության պատճառով են ծուղակն ընկնում: Իհարկե, կան նաև ավելի բարդ հարձակումներ, բայց հասարակ մարդկանց համար այս մի քանի պարզ պայմանները կատարելու, ուշադիր լինելու դեպքում վտանգները զգալիորեն նվազում են: Դիցուք, մարդուն մեսենջեր հավելվածով նամակ է գալիս հետևյալ գրառմամբ՝ «Տե՛ս՝ ինչ հետաքրքիր տեսագրություն եմ գտել քեզ համար»: Եթե ստացողը նկատում է, որ տվյալ ընկերոջից սովորականից տարբերվող և չսպասված մի գրառում է եկել, այսինքն՝ անսովոր, կամայական նամակ, պետք է մի պահ «շունչ քաշի», հետաքրքրությունից դրդված անմիջապես չբացի նամակը: Նման նամակների տեքստն էլ անընդհատ կարող է փոփոխվել, դա էլ պետք է հաշվի առնել: Այսինքն՝ հազար ու մի մոդիֆիկացիա է հնարավոր նույն այս դեպքի համար, և պետք է ամեն դեպքում զգույշ լինել: Կամ, ասենք, հնարավոր է, որ նման բովանդակությամբ նամակ գա. «Ձեր էջը խախտել է մեր կանոնները ու պետք է ջնջվի: Եթե չեք ցանկանում, որ ջնջվի, մտեք այս հղումով և լրացրեք բերված տեղեկանքը»: Ի դեպ, ադրբեջանական հաքերները հիմնականում այդպես են գործում: Տեսքից թվում է՝ ֆեյսբուքի պաշտոնական էջից է ուղարկվել, բայց ուշադիր լինելու դեպքում ակնհայտ է, որ գրությունը ֆեյսբուքին նմանեցված այլ հասցեից է ուղարկված: Այսինքն՝ բավական է, որ մարդն ուշադիր լինի և իր գաղտնաբառը չներմուծի, չեն կարող կոտրել: Ադրբեջանցիներն, ի դեպ,  հաշիվը կոտրելու ինչ-որ ֆանտաստիկ  ձևերի չեն տիրապետում: Պարզ խաբեություններով հնարքներ են կիրառում, որոնք սովորական մարդն էլ կարող է նկատել ու զգուշանալ:

-Հաշվի առնելով, որ մեր հանդեսը զինվորական է, ի՞նչ կարևոր խորհուրդներ կտաք մեր անձնակազմին:

-Զինվորականների և նրանց ընտանիքի անդամների պարագայում հիմնականում  լուսանկարների և տեսագրությունների փոխանակման, սոցցանցեր տեղադրման մասին կրկին կարելի է հիշեցնել: Դրանց մեջ թշնամու համար հետաքրքիր շատ բաներ կարող են լինել: Տեխնիկա, տեղանք և այլն: Երկրորդ վտանգն այն է, երբ զինվորը հարազատների հետ թեկուզ կիսաբերան կիսվում է ինչ-որ զինվորական տեղեկությամբ, իսկ վերջիններս արդեն բաց տեքստերով այն սկսում են քննարկել սոցցանցերում այլոց հետ՝ չհասկանալով, որ իրենց հասցեներին նույնպես կարող են հետևել: Ընդ որում, պարտադիր չէ, որ սոցցանցերում հետևեն: Շատերը չեն պատկերացնում, որ բաց բջջային կապով խոսակցությունները շատ հեշտ գաղտնալսվում են թշնամու կողմից: Դա կարող է լինել ինչպես առաջնագծից, այնպես էլ հետևյալ կերպ. երբ զինվորը տուն է գալիս և պատմում է ինչ-որ բաներ, հետո ընտանիքի անդամները այլոց հետ հեռախոսազրույցների ժամանակ կարող են հանգիստ ու բաց խոսել այդ ամենից՝ առանց հասկանալու, որ նույն Երևանի բջջային կապը կարող է հավանական հակառակորդից գաղտնալսման տակ գտնվել՝  նկատի ունենալով սահմանի մոտ լինելը: Այսպիսով, այս դեպքում ևս ամենամեծ խնդիրը անզգուշությունն է: Մեկ այլ դեպքում զինվորականներին և նրանց ընտանիքի անդամներին փորձ են անում հավաքագրել: Այս դեպքում, պետք է հասկանալ, որ եթե քեզ փորձեն շանտաժ անել, ավելի լավ է գնալ և մեր հատուկ ծառայությունների մոտ  ինքնաբացահայտվել: Քանի որ օրենսդրորեն էլ այդպես է. եթե մարդը նման դեպքերում գնում և ինքնակամ ժամանակին բացահայտվում է հատուկ ծառայությունների մոտ, որ նման խաբեության զոհ է դարձել, նրան պատասխանատվության չեն ենթարկում: Փոխարենը՝ կարողանում են օգնել ճիշտ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Սա շատ ավելի լավ է, քան թողնել, որ գործը գնալով ավելի բարդանա: Հավաքագրողները, որպես կանոն, շատ լավ տիրապետում են հոգեբանական ճնշման մեթոդներին, և յուրաքանչյուր շփում, ավելորդ ասված բառ, նախադասություն նրանց հետ ավելի է ծանրացնում ծուղակն ընկած մարդու վիճակը: Սկսում են շանտաժներով տեղեկություններ կորզել:

-Կոնկրետ օրինակներ կբերե՞ք:

-Հնարավոր ամենատարածված միջոցներից մեկը, երբ արտասահմանցի աղջկա անունից են հանդես գալիս, ներկայանում, գեղեցիկ լուսանկարով և այլն, հետո առաջարկում տեսանյութերով շփվել: Ինտիմ խոսակցությունների են դրդում, ձայնագրում են դրանք, այնուհետև այդ ձայնագրությունները պահպանվում և հետագայում գործածվում են որպես շանտաժի միջոց: Սպառնում են ուղարկել բարեկամներին, ղեկավարությանը, զինծառայողի կնոջը, ամուսնուն և այլն: Սա օրինակներից ընդամենը մեկն է: Կասկածելի և չսպասված ցանկացած ցանցային նամակի հարկավոր է զգուշավորությամբ մոտենալ և ի սկզբանե կասկածանքով վերաբերվել, որքան էլ գայթակղիչ լինի կոնտակտի դուրս գալու առաջարկը:

-Այս պահին ի՞նչ ակտիվ տեղեկատվական գործողություններ են վարվում հայ հասարակության դեմ:

-Այս պահին ՀՀ դեմ կիրառվող տեղեկատվական պայքարի միջոցները այնքան էլ ակտիվ չեն: Սակայն միշտ էլ այս ֆոնային աշխատանքները տարվում են ադրբեջանցիների կողմից՝ փորձ անելով հիմնականում ընկճվածություն, վիճակի անելանելիության մասին մտքեր, տրամադրություններ առաջացնել ու տարածել հայ հասարակության ներսում: Այժմ հիմնականում Արցախի դեմ են վարվում նման գործողություններ՝ կոնկրետ սոցցանցերի միջոցով տարածելով, օրինակ, տարհանման մասին ստահոդ տեղեկություններ, մարդկանց մեջ փորձելով արթնացնել շրջափակումից  դուրս գալու նպատակով տարածքը լքելու, դուրս գալու մտքեր, հատկապես որ, ինչպես գիտենք, Արցախում այսօր բարդ իրավիճակ է:

Նաև այս փուլում ակտիվորեն իրենց ապատեղեկատվական լուրերը, տեսագրությունները, հաղորդումներն են տարածում՝ այնուհետև դրանք դնելով որպես գովազդ և թիրախային խումբ ընտրելով հայ հասարակությանը: Այսպես, նման կայքէջերը հայտնվում են հայ օգտատերերի էջերում:  Սրանք էլ քարոզչական, կրկին հոգեբանական ազդեցություն թողնելուն ուղղված նպատակային «մարտական գործողություններ են», որոնք կրկին պետք է շրջահայացորեն և հետևողականորեն շրջանցել:

-Պատերազմի ընթացքում ի՞նչ գործիքակազմ է հիմնականում կիրառվում: 

-Այս ամենը, ինչն արդեն իսկ նշեցի, շատ ավելի լայնորեն ու ինտենսիվ հայ հասարակության դեմ կիրառվել է, օրինակ, 44-օրյա պատերազմի ընթացքում: Էլի ասեմ, որ սրանք ինչ-որ գերհզոր մեթոդներ չեն, պարզապես համակարգված, կազմակերպված կերպով մեծ ծավալի ապատեղեկատվություն են տարածում տարբեր կողմերից: Ընդ որում, մե՛կ հանդես են գալիս հայերի, մե՛կ ադրբեջանցիների, մե՛կ ինչ-որ անհասկանալի անուններով օգտատերերի անունից և այլն: Հոգեբանական ճնշման մեթոդներից մեկն էլ գերիների կտտանքների, գնդակահարությունների վերաբերյալ տեսագրություններն էին, որոնք կրկին ակտիվորեն և հաճախ նպատակային տարածում էին: Սրանք, իհարկե, միտումնավոր, կրկին տեղեկատվական գործիքակազմի մասը կազմող գործողություններ էին՝ ճնշվածություն, խուճապ տարածելու նպատակով:

Սովորաբար հսկայական գումարներ են ներդրվում՝ այլևայլ գովազդների տարածումն ապահովելու համար: Գումարներ են տրամադրվում նաև այլ երկրների սոցցանցերի ներկայացուցիչներին՝ անհրաժեշտ տեղեկույթը իրենց սոցցանցերով տարածելու համար և այլն:

-Նման իրավիճակներում ինչպե՞ս կարելի է հասարակությանը պաշտպանել այս կարգի «հարձակումներից»:

-Սա, բնականաբար, պետական գործառույթ է: Հասարակությանը պետք է անընդհատ և հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովել հատկապես  նման սրված իրավիճակներում: Մարդիկ սկսում են այլընտրանքային տեղեկատվություն որոնել, հիմնականում, երբ դրա պակասն է զգացվում: Հարկավոր է կոորդինացված և առանց ընդհատումների տեղեկատվություն ապահովել հասարակության համար: Եվ սա վերաբերում է ոչ միայն ճգնաժամային իրավիճակներին, այլև՝ սովորական, խաղաղ ժամանակներին:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #02 (1467) 18.01.2023 - 24.01.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


20/01/2023