Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

Բելառուսում մեկնարկել է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ զորակազմի  ավիացիոն ստորաբաժանումների համատեղ թռիչքային մարտավարական զորավարժությունը, որը կտևի մինչև փետրվարի 1-ը։ Զորավարժության գլխավոր նպատակը օպերատիվ համատեղելիության բարձրացումն է ուսումնամարտական առաջադրանքներ կատարելիս։

Ռուսական «Մարկեր» մարտական ռոբոտը փորձարկվելու է հատուկ ռազմական գործողության գոտում։ Ավելի վաղ «Մարկերն» արդեն փորձարկել են «Վոստոչնի» տիեզերակայանի պահպանության համակարգում։ Մարտական ռոբոտը կարող է մինչև 16 կվադրոկոպտեր-կամիկաձեի կրող դառնալ: Այն աշխատում է ինքնավար՝ ապահովելով թշնամու թիրախավորումն առնվազն 15 կմ հեռավորության վրա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. «Հատուկ ռազմական գործողության դինամիկան դրական է։ Ամեն ինչ զարգանում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի շրջանակներում»։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը և գլխավոր շտաբի պետը ներառվել են Ռուսաստանի «սև ցուցակում»։ Երկրի ԱԳՆ-ն հունվարի 12-ին ընդլայնել է պատժամիջոցները Մեծ Բրիտանիայի իշխանությունների դեմ Ուկրաինային Challenger 2 մարտական տանկերի խմբաքանակ հանձնելու որոշման համար։

Թուրքական Botas պետական ընկերությունը և ռուսական «Գազպրոմը» բանակցություններ են վարում Թուրքիային Ռուսաստանի Դաշնությունից բնական գազի մատակարարումների զեղչ տրամադրելու շուրջ։

ՆԱՏՕ-ն Գերմանիայից Ռումինիա կտեղափոխի AWACS հեռավոր հայտնաբերման ինքնաթիռները՝ ռուսական ռազմական ակտիվությանը հետևելու համար: AWACS համակարգերը կարող են ինքնաթիռներ հայտնաբերել հարյուրավոր կիլոմետրերի վրա, ինչը նրանց դարձնում է ՆԱՏՕ-ի համար զսպման եւ պաշտպանության կարեւոր բաղադրիչ:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հատուկ ռազմական գործողության ղեկավար կազմում նոր նշանակումներ է կատարել։

Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար է նշանակվել գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։ Նրա տեղակալներն են՝ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Քիմը։

Ռուսաստանը եւ Իրանը կքննարկեն Հնդկաստանի հետ նավագնացային առեւտրային ճանապարհով արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու նոր տարբերակը։

ՌԴ զինված ուժերի թվակազմն ավելանալու է՝ հասնելով 1,5 միլիոնի։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է ունենալ այնպիսի բանակ եւ հատուկ ծառայություններ, որ հավանական հակառակորդների մտքով անգամ չանցնի պատերազմել։ Նաև հավելել է, որ այժմ Մոսկվան Կիեւի հետ չի պատերազմում, հակամարտությունը ՆԱՏՕ-ի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի եւ Անգլիայի դիմակայությունն է Ռուսաստանին։ Որքան արագ Ուկրաինայի քաղաքացիները հասկանան, որ Արեւմուտքն իրենց միջոցով պայքարում է Ռուսաստանի դեմ, այնքան ավելի շատ կյանքեր կպահպանվեն։

Մոսկվան խաղաղ զարգացումից հրաժարվելու Ճապոնիայի քաղաքականությունը դիտարկում է որպես լուրջ մարտահրավեր Ռուսաստանի եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության համար։ Ճապոնիան մտադիր է ամբողջությամբ վերանայել պաշտպանական դոկտրինը, կտրուկ ավելացնել ռազմական ծախսերը և զարգացնել հարվածային ներուժը անմիջապես ՌԴ սահմանների մոտ։

Ռուսաստանը երկու ամսվա ընթացքում կսկսի անօդաչուների դեմ ռադիոէլեկտրոնային պայքարի նոր սերնդի համակարգերի սերիական արտադրությունը։ Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները մեծացնում են սպառազինության, ռազմական եւ հատուկ տեխնիկայի արտադրության տեմպերն ու ծավալները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ վտանգավոր կլիներ թերագնահատել Ռուսաստանին եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները Ուկրաինայի հակամարտության ֆոնին:

 

ԻՐԱՆ

Իրանում մահապատժի են ենթարկել պաշտպանության նախկին փոխնախարարին՝ բրիտանական հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով։

Իրանը Ռուսաստանից Սու-35 կործանիչներ կստանա։ Նախատեսվում է նաև ռուսական այլ միջոցների, այդ թվում՝ հրթիռային համակարգերի եւ ուղղաթիռների մատակարարում։

Իրանի կենտրոնական բանկը դիտարկում է Ռուսաստանի մասնակցությամբ Պարսկական տարածաշրջանի թոքեն կրիպտոարժույթ ստեղծելու հնարավորությունը, որը կարող է դոլարի, ռուբլու եւ իրանական ռիալի փոխարեն օգտագործվել որպես վճարամիջոց արտաքին առեւտրային հաշվարկներում։ Թոքենն ապահովվելու է ոսկով։ Հավանաբար, այն կգործի Աստրախանի հատուկ տնտեսական գոտում, որտեղ կընդունվեն բեռնափոխադրումներն Իրանից։

Իրանի հետախուզական ծառայությունները հայտարարել են իսրայելական Մոսադի համար աշխատող 2 խմբի վնասազերծման մասին, բացահայտվել է 23 գործակալ։

Իրանն ակտիվորեն ընդլայնում է իր հակաօդային պաշտպանության համակարգերի ցանցը Սիրիայում, Իսրայելը փորձում է խափանել այդ ծրագիրը պարբերական ավիահարվածների միջոցով։

Իսրայելի բանակի շտաբի պետը հայտնել է, որ Իրանը բավականաչափ ուրան ունի չորս ատոմային ռումբ ստեղծելու համար՝ երեքը 20% ուրանով, և մեկը՝ 60% ուրանով։

Իրանը օրական 1,2-1,5 մլն բարել նավթ է արտահանում նույնիսկ պատժամիջոցների տակ գտնվելով։ Ավելին, Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Գերմանիայի արտահանումն Իրան տարեկան կտրվածքով աճել է 12,7 տոկոսով՝ հասնելով շուրջ 1,5 միլիարդ եվրոյի և գերազանցելով 2021 թվականի արդյունքը։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Ռուսաստանն ու Իրանը հզոր ճակատ են ձևավորել Արևմուտքի դեմ, և նրանց դաշինքը գնալով ամրապնդվում է։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդունել է Թեհրանում Ռուսաստանի նոր դեսպան Ալեքսեյ Դեդովի հավատարմագրերը։ Նա Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները որակել է որպես ռազմավարական և ընդգծել, որ Իրանն ու Ռուսաստանը լավ հիմքեր ունեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում համագործակցության համար։

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտնել է, որ իրենց երկրի գլխավոր թշնամին Իրանն է և դրա հետ կապված խմբավորումները Սիրիայում և Լիբանանում։ Իրենք վճռական են և պատրաստ են դիմակայելու Սիրիայում և հյուսիսային սահմաններում հաստատվելու Իրանի ցանկացած փորձի։

 

ԹՈՒՐՔԻԱ

Հայաստանի հետ սահմանակից Կարսում 8 երկրների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել, որոնց նպատակը փոխգործակցության ապահովումն է, զորամիավորումների մարտական պատրաստականությունը ստուգելը, ինչպես նաև թիկունքային աշխատանքների թեմաներով ուսուցումը։

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը ասել է, որ Թուրքիան մտադիր չէ սահմանափակել կամ վերահսկել գործարքները Ստամբուլում ստեղծվող գազային հանգույցում։ Ոչ մի սահմանափակում չի կիրառվի ոչ մատակարարների, ոչ գնորդների համար։ Նախարարը կարծում է, որ այս հարթակում Եվրոպայից շատ հաճախորդներ կլինեն։

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը առաջիկա ամիսներին Ուկրաինայում պատերազմի սրացում է կանխատեսում։ Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ Թուրքիան կշարունակի իր ջանքերը բանակցությունների միջոցով հարցը լուծելու համար։

Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական հակաօդային պաշտպանության SIPER համակարգը։ Փորձարկումների ժամանակ կառավարվող հրթիռը թիրախը խոցել է ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա։ Թուրքիան ստեղծում է SIPER համակարգը՝ որպես այլընտրանք ռուսական հ-400 եւ ամերիկյան Patriot համակարգերի։

Էրդողան. 2022 թվականին Թուրքիան եւ Ադրբեջանը 12 համատեղ զորավարժություն են անցկացրել։

Անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերության արտահանման ծավալը 2022 թվականին ավելացել է մինչեւ 1,18 միլիարդ դոլարով, ընկերությունը պայմանագրեր է կնքել 18 նոր երկրների հետ։

Թուրքիան սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտության դեպքում Bayraktar հարվածային անօդաչուները շահագործողների դեմ ուղղորդելու հնարավորություն ունի, ասել է Baykar ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ Շվեդիան չի կարող կատարել Անկարայի առաջ քաշած բոլոր պայմանները ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնությունը ստանալու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն էլ նշել է, որ  Շվեդիան անհրաժեշտ ամեն ինչ արել է Թուրքիայի առարկությունները մեղմելու նպատակով։

Սակայն Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը հարվածի տակ է դրել Ստոկհոլմի քաղաքապետարանի մոտ հայտնված ոտքերից կախված Էրդողանի խրտվիլակը։ Մինչ այդ էլ քրդական բանվորական կուսակցության կողմնակիցների ցույց է տեղի ունեցել, որտեղ նրանք մի շարք վիրավորական արտահայտություններ ու ժեստեր են արել Թուրքիայի նախագահ Էրդողանի հասցեին։ Միջադեպի կապակցությամբ Անկարայում Շվեդիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ պարզաբանումների։ Նաև չեղարկվել է Շվեդիայի խորհրդարանի նախագահի այցը Թուրքիա։

Ամենահետաքրքիրը, սակայն, Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի մեկնաբանությունն է՝ Շվեդիան բավարար չափով չի քննադատել Ստոկհոլմում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խրտվիլակի հետ կապված միջադեպը։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

Թուրքական «Baykar» ընկերությունում տեղի է ունեցել «Bayraktar AKINCI» ԱԹՍ-ների կառավարման դասընթացներին մասնակցած ադրբեջանցի զինծառայողների առաջին խմբի ավարտական արարողությունը։

«Global Firepower» միջազգային վերլուծական կենտրոնը հրապարակել է աշխարհի բանակների հզորության 2023 թ.-ի զեկույցը: Զեկույցի համաձայն՝ 2023 թ.-ին Ադրբեջանը ռազմական հզորությամբ 145 երկրների շարքում զբաղեցրել է 57-րդ տեղը։ 2022 թվականին Ադրբեջանը զբաղեցրել էր 63-րդ տեղը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ Ադրբեջանը ցամաքային զորքերի հզորությամբ մտել է աշխարհի լավագույն 30 երկրների շարքը։ Երկիրն ունի 920 տանկ, 167 ինքնագնաց հրետանային կայանք և 323 հրթիռային կայան։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու թուրքական մարտական ինքնաթիռի արտադրությանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ՊՆ ղեկավար կազմն այցելել են ցամաքային զորքերի տանկային և հրետանային զորամասեր, ստուգել զորքերի մարտական պատրաստվածությունը։ Զաքիր Հասանովը կարգադրել է բարձրացնել պահեստազորայինների պատրաստվածությունը։

Ադրբեջանն իր վերահսկողության տակ գտնվող Բերձորում և Քարվաճառում շահագործման է հանձնել նոր ռազմական օբյեկտներ։

Ադրբեջանը սկսել է բնական գազ մատակարարել Ռումինիա: Անցած տարվա դեկտեմբերի 16-ին կնքված պայմանագրի համաձայն՝ նախատեսվում է մինչև ապրիլի 1-ը 300 մլն խորանարդ մետր գազի ներմղում Ռումինիա։

Ադրբեջանը Ուկրաինային էներգետիկ սարքավորումների երկրորդ խմբաքանակն է փոխանցել՝ պահուստային սնուցման 45 էլեկտրակայան՝ 94-150 կՎտ հզորությամբ։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #02 (1467) 18.01.2023 - 24.01.2023, Տարածաշրջան


20/01/2023