Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին  վեց ամիսը լրանալուց հետո, կառավարության սահմանած կարգով, անցնել պայմանագրային զինծառայության։

Ծառայության ժամկետը հինգ տարի է, այդ ընթացքում  ծրագրի մասնակիցը կստանա աշխատավարձ՝ օգտվելով պայմանագրային զինծառայողի  համար նախատեսված արտոնություններից, կունենա աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն, եթե ատեստավորում անցնի,  իսկ ծրագրի ավարտին էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար:

«Հայ զինվորը» հարցախույզ է իրականացրել՝ պարզելու «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին ինչ տեսակետ,  կարծիք, նկատառում ունեն քաղաքացիները։

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԱշխարհաքաղաքական նման բարդ դիրքում գտնվելը մեզ համար ճակատագրական է, ու  մեր անվտագության երաշխավորը Հայոց բանակն է։ Ցանկացած քայլ, որ միտված է պետության պաշտպանության ամրապնդմանը, բանակի զորացմանը, ողջունելի է ու հուսադրող։

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, վստահ եմ, մեր հասարակության ստվար զանգվածի համար հրաշալի տարբերակ է համատեղելու հայրենիքի պաշտպանությունը և ֆինանսական որոշակի  բալանսավորված կայունությունը, իսկ ծրագրի առանցքային նպատակը՝ արհեստավարժ  բանակին անցնելու գործընթացը, կարծում եմ, լավ կետից և ճիշտ տեղից է սկսվել։

Հայրենիքի անվտանգության երաշխավորման համար արված ամեն քայլ, ամեն որոշում, ամեն նկատառում արժանի է գնահատանքի ու շարունակականության։

ԹԱԴԵՎՈՍ ԾՊՆԵՑՅԱՆ

ապագա բժիշկ

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀատկապես հետպատերազմյան շրջանում կարևոր են այսպիսի ծրագրերը:

«Պաշտպան հայրենյացի» արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել միայն տարիներ հետո: Կարծում եմ՝ այն կարդարացնի իրեն, և շատերն իրենց կյանքը կկապեն բանակի հետ: Սա ինչ-որ իմաստով նաև սոցիալական ծրագիր է: Բայց դա չի նշանակում, որ միայն սոցիալական բաղադրիչի համար պետք է օգտվել այս ծրագրից: Կարևորը՝ հայրենիքի պաշտպան լինելու գիտակցումն է, սերը ռազմական գործի նկատմամբ: Այս ծրագիրը նաև լավ հնարավորություն է ժամկետային զինծառայողների համար: Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ ծառայում էի բանակում, իմ ծառայակիցներից շատերը մնացին որպես պայմանագրային զինծառայող: Հիմա, երբ ավելի գրավիչ պայմաններ են առաջարկվում, կարծում եմ՝ այդ թիվն ավելի մեծ կլինի: Այո՛, սա նպատակային, թիրախային ծրագիր է, ուստի պետք է հուսալ, որ հնարավոր բոլոր դժվարություններով հանդերձ, այն կկայանա: Այս հարցում լուրջ անելիք ունի նաև հանրությունը: Ցանկացած տեսակետ, քննարկում կարող է նպաստել ծրագրի կատարելագործմանը: Խորհուրդ կտամ անպայման քննարկել առաջարկները և դուրս գալ կաղապարներից: Մեր բանակն, առավել քան երբևէ, ունի բոլորիս ուշադրության ու աջակցության կարիքը, և բանակի մասին ցանկացած բացասական կարծիք կարող է ազդել պոտենցիալ զինծառայողի տրամադրվածության վրա: Ինչ վերաբերում է ատեստավորման գործընթացին, ապա գաղափարը վատը չէ, մնում է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով է այն իրագործվելու: Ողջունում եմ ծրագրի նախաձեռնողներին և մաղթում բարի երթ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հանրային հեռուստաընկերության լրագրող

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԾրագիրը  բավականին դրական կողմեր ունի, հենց թեկուզ՝ զինվորական ծառայության կարգ ու կանոնի ամուր պահպանման համար. մենք ինքներս էլ հասկանում ենք, որ 18 տարեկան զինծառայողների ու պայմանագրային կազմի տարբերությունները անհամեմատելի շատ են: Այս ծրագիրը կնպաստի մեր բանակի անվտանգության առավել ապահովմանը։ Ենթադրելի է, որ պարտադիր ժամկետայիններից շատերը  վեց ամիս անց կհամալրեն պայմանագրայինների շարքերը, և բանակի թիվը  կկրկնապատկվի,  բանակը կհամալրվի երիտասարդ կադրերով։

Որքան տեղյակ եմ, հնարավոր է նաեւ՝ ծառայության վայրն ընտրել, եւ առավելությունը պետք է տրվի այն զինծառայողներին, որոնք սահմանամերձ բնակավայրերում են բնակվում,  սա եւս լրացուցիչ առավելություն է, այսինքն` եթե զինծառայողի բնակության վայրին մոտ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս կա, նա կարող է զեկուցագիր գրել և հետագա ծառայությունն անցկացնել իր բնակավայրին հնարավորինս մոտ:

Ծրագրի շահառուին հինգ տարի հնարավորություն է տրվում կերտելու սոցիալապես առավել կայուն, հնարավորինս բարեկեցիկ կյանք: Նոր կյանք մտնող երիտասարդների համար, գաղտնիք չէ, ժամկետային ծառայությունից հետո դժվար է միանգամից բարձր աշխատավարձով աշխատանք գտնել, ուստի անցնելով պայմանագրային հիմունքներով ծառայության՝  առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն երիտասարդների համար։

Ինքս էլ պայմանագրային զինծառայող եմ, և եթե իմ ժամկետային ծառայության ընթացքում նման տարբերակ լիներ, միանշանակ ես կընտրեի «Պաշտպան հայրենյացը»:

Մի խոսքով՝ թե գաղափարական և ֆինանսական տեսանկյունից ողջունելի ծրագիր է:

ՆԵԼՍ ՄԻՐԶՈՅԱՆ

զինծառայող

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՅուրաքանչյուր որոշում, նախաձեռնություն, ծրագիր, որ  քայլ է բանակն առավել կատարյալ, առավել արհեստավարժ դարձնելուն, միայն ու միայն դրվատանքի է արժանի։

Ծրագրի գաղափարը հիանալի է եւ ողջունելի։ Ողջունելի է նաեւ սոցիալական բաղադրիչը. ծրագրի շահառուն կստանա կայուն աշխատավարձ,  ծառայության ավարտին էլ՝ հինգ միլիոն դրամ, բայց… կցանկանայի, որ զուտ ֆինանսական խնդրի լուծումով չդառնային պայմանագրային զինծառայող,  լոկ նյութական խնդիրը  չլիներ բանակը համալրելու դրդապատճառ…

Զինվորականի գործը նվիրյալների տեղն է, նրանց, ովքեր իրոք անմնացորդ սիրում ու գնահատում են իրենց հողն ու ջուրը։ Զինվորական համազգեստը պետք է կրեն կիրթ, բանիմաց, իրենց մասնագիտությանը լիարժեք տիրապետող, համազգեստի հարգն  ու պատիվն իմացող արհեստավարժ զինվորականները։

ՎԱՀՐԱՄ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

զինծառայող

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻմ կարծիքով՝ շատ լավ ծրագիր է,  երիտասարդներից շատերը ծառայությունից հետո էլ չեն կողմնորոշվում՝ ինչով զբաղվել, ինչպես գումար վաստակել։

Ծրագիրը հնարավորություն է տալիս վեց ամիս պարտադիր ժամկետային ծառայությունից հետո անցնել պայմանագրային ծառայության, ինչի շնորհիվ կունենաս կայուն աշխատանք, կայուն աշխատավարձ, պայմանագրի ավարտին էլ՝ հինգ միլիոն  դրամ պատվովճար ու գումարն էլ ազատ տնօրինելու հնարավորություն:

ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՊԲՀ ուսանող

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրբ ես ժամկետային ծառայության էի անցել ՀՀ զինված ուժերում,  ծառայության ժամկետը 18 ամիս էր, չկար նույնիսկ կանոնադրություն` շարային, ներքին և կայազորային, կարգապահական, կանոնագրքերը ստեղծվեցին  և հաստատվեցին  Ազգային ժողովի կողմից  ավելի ուշ,  այդ ժամանակահատվածում նույնիսկ հայկական  զինվորական համազգեստ չունեինք ` կրում էինք ռուսական (աֆղանկա) համազգեստները։

Տարիների ընթացքում լուծվել են բազմաթիվ խնդիրներ՝ համազգեստի, սննդի, սոցիալական։

Այն ժամանակ կերազեի զորակոչվել նմանատիպ պայմաններով ու ժամկետային ծառայությունից վեց ամիս անց անցնեի պայմանագրային ծառայության։

Հզոր հայրենիք ունենալու միակ ուղին ու հրամայականը արհեստավարժ բանակի ստեղծումն է։ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը  միտված է դրան։

Հայաստանի զինված ուժերը պետք է կարողանան ինքնուրույն լուծել առաջադրված խնդիրները և սեփական ուժերով, ռեսուրսներով պաշտպանել մեր հայրենիքի սահմաններն ու ազգաբնակչության անվտանգությունը։

Ամուր կառչած լինենք մեր  պապենական հողին, արարենք, ստեղծենք մեր հայրենիքում, պաշտպանենք ու պահպանենք մեր բնօրրանը, տերն  ու զինվորը լինենք  մեր թանկ ու հարազատ հողի:

ԱՐՏՅՈՄ ՍԱՖԱՐՅԱՆ

 

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ