Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՂԱՍԵՌ



ԹԱՂԱՍԵՌԱրցախի հարավարևելյան հատվածում, Հադրութ քաղաքից 1 կմ հեռավորության վրա, Ընկուզագետ և Պարզագետ գետերի միջև է ընկած հրաշագեղ այս գյուղը։

17-րդ դարի սկզբներին, երբ Արցախում իշխանությունն իրենց ձեռքն էին վերցրել մելիքական տների ներկայացուցիչները, իրավիճակը համեմատաբար կայունացել էր։ Շատ հայկական ընտանիքներ, որոնք հեռացել էին իրենց բնօրրանից սելջուկ թուրքերի կամ թաթար մոնղոլների ասպատակիչ արշավանքների ժամանակ, վերադարձել էին և հաստատվել Հինգ շեն վայրում, որը ներկայիս Թաղասեռ գյուղից մոտավորապես 5 կմ հեռավորությամբ բարձունքի վրա է։ Այսպես ձևավորվում է Թաղասեռ բնակավայրը, որը, հնարավոր է, նախկինում նույնպես ունեցել է Թաղասեռ անվանումը։ Թաղասեռը Արցախի գրչության կենտրոններից մեկն է։ 1631 թ. Բաղդասար Գրիչը Թաղասեռում գրել է մի Ծիսարան, որի լուսանցքում կան հետևյալ տողերը.

Ձեռս գնաց, գիրս մնաց,

Ձեռս փտի, դառնա ի հող,

Գիրս մնայ յիշատակող…

Ծիսարանը հետո գերության մեջ է հայտնվում։ 1791 թ. թիֆլիսեցի Նալբանդ Սիսոյի որդի Եզչիսիսոն ազատել է գերված ձեռագիրը և որպես հիշատակ նվիրել Սուրբ Աստվածածին եկեղեցուն. «Որ եւ յիշատակն բարի եղիցի տէր Գրիգորի»։ Ծիսարանը վերջին անգամ 1804 թ. գնվել է դարձյալ Թիֆլիսում, բայց այս անգամ հանգրվանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ 1638 թ. Հովհաննես եպիսկոպոսի պատվերով Կիրակոս երեցը Ծիսարան է ընդօրինակել.

ԹԱՂԱՍԵՌԳրեցաւ սուրբ Աւետարանս ի երկրիս Աղուանից՝

Ի գաւառիս Դիզակայ, ի գեաւղս, որ կոչի Թեղասեռ՝

Ի դուռն սուրբ Սարգսիս, ի Շահ Սեփո երրորդ ամին

Ձեռամբ փծուն և անարհեստ գրչի սուտանուն

Մելիքսեդ երիցու և միաշունչ եղբաւրս իմոյ սրբամիտ

Եւ հեզահոգի տէր Կիրակոս քահանայի, որ ի միասին սկսաք և աւարտեցաք։

Հիշատակարանն այժմ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ XIX դ. սկզբներին Հին Թաղասեռի բնակիչները տեղափոխվել և հաստատվել են իրենց բնակավայրից ոչ շատ մեծ հեռավորությամբ տեղակայված մի վայրում, որտեղ հիմնվել է ներկայիս Թաղասեռը։

Սարդարապատի ճակատամարտում բոլորին քաջածանոթ մահապարտների գնդում են մարտնչել Թաղասեռի շատ երիտասարդներ, իսկ Տիգրան և Սարգիս Բաղդասարյանները զոհվել են այդ հերոսական ճակատամարտում։

Պատմական տեղեկությունները վկայում են, որ Թաղասեռում 17-րդ դարում եղել է 4 եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ, Անապատ և Սուրբ Սարգիս։ Մինչև 2020 թ. 44-օրյա պատերազմը Թաղասեռի եկեղեցիներից կանգուն էին միայն Սուրբ Աստվածածինը և Անապատը։

 

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

ԹԱՂԱՍԵՌՍուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Թաղասեռ գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք՝ Հին Թաղասեռ գյուղատեղիում, Պարզագետի ձախ ափին։ Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է 1635 թ. այստեղ գրված մի Ավետարանում. «Ի գեաւղ որ կոչի Թեղասեռ ընդ հովանեալ Սուրբ Աստուածածին»։ Կառուցված է կիսատաշ որձաքարով, կամարները շարված են սրբատաշ քարով։ Եկեղեցու պատերին ներսից ագուցված են մի քանի խաչքարեր, իսկ մեկ խաչքար էլ պահպանվել է հյուսիսային մույթերից մեկի վրա։ Ուսումնասիրողները նկատել են, որ Թաղասեռ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին շատ նման է Քյուրաթաղ գյուղի եկեղեցուն, և այն կարծիքին են, որ դրանք երկուսն էլ թերևս նույն ժամանակաշրջանի կառույցներ են։

 

ԱՆԱՊԱՏ ԵԿԵՂԵՑԻ

 

Թաղասեռ գյուղից 1 կմ արևմուտք, երկու ձորակներով կազմված բարձրադիր կետում է գտնվում Անապատ եկեղեցին։ Այստեղ եղել է մենաստան-անապատ, որը ժողովրդական լեզվով «Նապատ» է կոչվում։ Պահպանված միանավ, թաղակապ եկեղեցին մինչև 44-օրյա պատերազմը կիսավեր վիճակում էր։ Տանիքի մեծ մասը փլված էր։ Եկեղեցին կառուցված է տեղական կրաքարե անմշակ թերթաքարով և կրաշաղախով։ Այստեղ էլ, ինչպես նախորդ եկեղեցում, պատերի շարվածքում օգտագործվել են խաչքարեր։ Եկեղեցու շրջակայքում կային հին շինությունների մնացորդներ, իսկ անմիջապես կողքին փռված էին տապանաքարեր։

 

ՀԻՆ ԹԱՂԱՍԵՌԻ ԿԱՄՈՒՐՋԸ

ԹԱՂԱՍԵՌՀին Թաղասեռ կամ Հինգ շեն գյուղատեղիի արևմտյան եզրով հոսող Պարզագետի վրա է գտնվում այս կամուրջը։ Համաձայն կամրջի ձախակողմյան հոսքընթաց ճակատին ագուցված սրբատաշ զույգ քարերին փորագրված հնգատող արձանագրության՝ կառուցվել է 1763 թ. «Յիշատակ է գար/մուճս Յապոն/ Եկանի որդի Պաղտ(աս)արին, կողագից Փէրուին, (թ)վին ՌՍԺԲ ՈՒՆ (1763)։ Մի բերան Ածգ ողորմի ասէք»։

1915 թ. Թաղասեռ գյուղի մեծահարուստներից մեկի՝ Մովսես Հովսեփյանի դրամական միջոցներով կառուցվում է «Շենին» աղբյուրը, որը դարձել էր գյուղի խորհրդանիշներից մեկը։ Գյուղում գործում էին նաև «Կոճին», «Սիսեռն», «Տեղուն» աղբյուրները։

2020 թ. Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի ընթացքում և դրա հետևանքով հայ ժողովրդի մի հատվածի մշակութային ժառանգությունը ևս հայտնվեց ամբողջական ոչնչացման վտանգի առաջ։ Ուստի, այսօր մեզ համար խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ որ արդեն կան բազմաթիվ մշակութային կոթողներ, որոնք թիրախավորել են ադրբեջանական զինված ուժերը։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #42 (1464) 27.12.2022 - 29.12.2022, Հոգևոր-մշակութային


28/12/2022