Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇԱՇԿՈՒ ՀԱՅ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
ՇԱՇԿՈՒ ՀԱՅ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ՇԱՇԿՈՒ ՀԱՅ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄՀայ շաշիստները վերջին տարիներին թեև բավականին հաջող ելույթներ են ունենում միջազգային հեղինակավոր մրցաշարերում, բայց և այնպես, Հայաստանում շաշկին կարծես ուշադրության լուսանցքից դուրս է մնացել: Երբ իմացա, որ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում շաշկու խմբակ է գործում, մարզիչն էլ շաշկու Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Նշան Ալավերդյանն է, որի սաներն ի դեպ շաշկու աշխարհի և Եվրոպայի առաջնություններում աննախադեպ հաջողություններ են արձանագրել, անկեղծորեն ուրախանալու հետ մեկտեղ, նաև զարմացա. փաստորեն,  շաշկին Հայաստանում անտեսված ու մոռացված չէ:

Այս հինավուրց, խորհրդավոր ու կախարդիչ խաղի շուրջ է  զրույցը Հայաստանի շաշկու բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող, Գերմանիայի չեմպիոն, Հայաստանի շաշկու ֆեդերացիայի փոխնախագահ Նշան Ալավերդյանի հետ:

 

-Հարգելի՛ Նշան, եթե հիշողությունս չի դավաճանում, Էդգար Պոն է ասել, որ՝ «Շախմատը ուշադրության խաղ է, իսկ շաշկին՝ խելքի»: Իսկապե՞ս այդպես է, թե՞ սա սուբյեկտիվ կարծիք է: 

-Այդ միտքը արտահայտված է մի քիչ այլ ձևով. Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքում ասվում է,  որ շաշկի պարզ խաղը մտածելու շատ ավելի բարձր կարողություն է պահանջում և մտքին առավել բարդ և օգտակար խնդիրներ է առաջադրում, քան կարծեցյալ նրբին շախմատը։ Շախմատի ֆիգուրները հավասարարժեք չեն, և դրանց վերագրված են ամենաբազմազան ու քմահաճ քայլեր, և բարդությունը (ինչպես հաճախ պատահում է) սխալ կերպով ընդունվում է որպես խորություն։ Այնինչ, այստեղ ամեն ինչ վճռում է ուշադրությունը։ Բավական է թուլացնել ուշադրությունը, և դուք ցավալի պարտության կկրեք։ Եվ քանի որ շախմատի քայլերը ոչ միայն բազմազան են, այլ նաև բազմանիշ, ապա սխալ թույլ տալու հնարավորությունները համեմատաբար աճում են, և տասից ինը դեպքում շահում է ոչ թե ավելի  ընդունակ, այլ ավելի կենտրոնացած խաղացողը։ Այլ բան է շաշկին, ուր  թույլատրվում  է միայն մեկ քայլ, սոսկ աննշան տարբերակներով։ Վրիպելու հնարավորություններն այստեղ շատ ավելի քիչ են, ուշադրությունն առանձնահատուկ դեր չի խաղում, և հաջողությունը գլխավորապես կախված է խաղացողի խորաթափանցությունից։

-Բոլորս գիտենք, թե շախմատը որքան հին խաղ է: Այս տեսանկյունից շաշկին կարո՞ղ է համեմատվել շախմատի հետ:

-Շաշկին շատ ավելի հին խաղ է, քան շախմատը, որովհետև շաշկին ունի 5000 տարուց ավելի պատմություն, իսկ շախմատը՝ 3000, և դրա ապացույցը Լուվրում պահպանված եգիպտական փարավոնների շաշկու խաղատախտակներն են:

– Լավ: Շախմատ-շաշկի մրցակցությունը մի կողմ թողնենք և խոսենք այն մասին, թե մեր երկրում շաշկին առհասարակ զարգացման ի՞նչ մակարդակում է,  հասարակության մեջ ի՞նչ ընկալում կա, ինչպես դուք եք ասում, այս բավականին հին,  հետաքրքիր ու հմուտ խաղի մասին:

-Ցավոք սրտի, Հայաստանում շաշկու մասին պատկերացումները և այս խաղի իրական որակների,  օգտակար հատկությունների մասին ընկալումները. մեղմ ասած, ցածր են: Շատերն ունեն այն թյուր կարծիքը, թե շաշկին շատ հեշտ և  պարզունակ խաղ է: Ո՛չ, ընդհակառակը,  շատ դժվար և բարդ խաղ է:  Շաշկու հանճարեղությունը և բարդությունը նրա պարզության մեջ է: Թվում է, թե ամեն ինչ պարզ է և հասարակ, բայց դա միայն իլյուզիա է՝ երևակայական խաբկանք: Դրանում ինքներդ կհամոզվեք, եթե փորձեք լուծել շաշկու խնդիրներից մի քանիսը:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում շաշկու զարգացմանը, ապա նշեմ, որ մեր երկրում այսօր 500-ից ավելի երեխաներ զբաղվում են այս մարզաձևով, և Հայաստանի շաշկու ֆեդերացիայի ջանքերով տարվա մեջ անցկացվում են բազմաթիվ մրցումներ, որին մասնակցում են բազմաթիվ մարզիկներ՝ տարիքային տարբեր խմբերում: 2019 թ.-ից 40 մարզիկներ մասնակցել են միջազգային տարբեր մրցաշարերի, և հետաքրքությունը շաշկու հանդեպ երկրաչափական պրոգրեսիայով աճում է: 2018-2022 թթ.-ին Երևանում անցկացվել են 4 միջազգային մրցաշարեր՝ Արմենիա 2018, 2021, 2022, իսկ 2019-ին Աշխարհի գավաթի վերջին փուլը, որին մասնակցում էին բազմաթիվ գրոսմայստերներ,  Աշխարհի երկու նախկին չեմպիոններ և մի շարք հայտնի հեղինակավոր սպորտի վարպետներ:

-Իսկ շաշկու մասին կա՞ն գրքեր, ուսումնական ձեռնարկներ…

-Այո՛, կան: Ես հրատարակել եմ  ուսումնամեթոդական 6 ձեռնարկ, իսկ այժմ աշխատում եմ  7-րդի վրա, որը  կհրատարակվի 2023 թվականին:

-Մայրաքաղաքում շաշկին որոշակի հաջողությունների հասել է: Իսկ ինչպե՞ս է վիճակը մարզերում:

-Ցավոք սրտի, վիճակը վատ է, չնայած, որ մարզերում կան ուժեղ մարզիկներ: Մասնավորապես՝ Արարատի մարզից Հայաստանի նախկին չեմպիոն, սպորտի վապետ Արտակ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզից վարպետության թեկնածուներ՝ Գևորգ Գրիգորյանը, Արարատ Ասատրյանը…

-Վերջերս Գերմանիայի Սարբրյուկեն քաղաքում անցկացված  շաշկու երկու մրցաշարերում՝ Սարբրյուկեն-օպեն 2022-ում և Գերմանիայի բաց առաջնությունում հայ շաշիստները աննախադեպ հաջողությունների հասան: Ի՞նչ տարիքային խմբերում, և ովքե՞ր էին մեր երկիրը ներկայացնում այդ մրցաշարերում:

-Հայաստանից մասնակցում էինք 3 սպորտի վարպետներ՝ ես, Ռաֆայել Օրդյանը և պատանիների չեմպիոն Դավիթ Պողոսյանը, ով ի դեպ 44-օրյա պատերազմի մասնակից է և ծառայելով «Եղնիկներում», պատերազմի ընթացքում իր ընկերների հետ  անառիկ է պահել մեր սահմանները, և 3 վարպետության թեկնածուներ՝ Սամվել Ազիբեկյանը, Ալբերտ Պողոսյանը և Գագիկ Գրիգորյանը:

Սարբրյուկեն-օպեն 2022-ում փայլուն հանդես եկավ 2020 թվականի 100 վանդականի շաշկուց մինչև 27 տարեկանների պատանիների Եվրոպայի չեմպիոն Սամվել Ազիբեկյանը՝ դառնալով մրցաշարի հաղթող, 2-րդ տեղը գրավեց գերմանացի Ալեքսանդր Բլեյխերը, իսկ 3-րդ տեղը նույնպես գերմանացի Յակոբ Ֆրիսենը:

Գերմանիայի 64 վանդականոց շաշկու բաց առաջնությունում Գերմանիայի չեմպիոն դարձա ես, փոխչեմպիոն՝ Սամվել Ազիբեկյանը, իսկ 3-րդ տեղը գրավեց Գերմանիայի կրկնակի չեմպիոն Յակոբ Ֆրիսենը:

Մրցաշարերում պատանիների մեջ լավագույն արդյունք ցույց տվեց պատանիների 2019 թ.-ի աշխարհի բրոնզե մեդալակիր 15-ամյա Ռաֆայել Օրդյանը՝ նվաճելով 2 գավաթ:

Իսկ վետերաններից 60+ հաշվարկում  լավագույնն էր Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը, որն արժանացավ հատուկ գավաթի և կազմակերպիչների կողմից պարգևատրվեց հատուկ դիպլոմով՝ աշխարհում շաշկի մարզաձևը զարգացնելու համար: Հատուկ գավաթի  արժանացա նաև ես:

Գերմանիայում անցկացված երկու մրցաշարերում  նվաճեցինք 7 գավաթ, արդյունք, որն աննախադեպ էր Հայասատանի շաշկու պատմության մեջ, և հաղթանակից հետո լուսանկարվեցինք մեր Եռագույնով:

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ