Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՎՈՐԵՆՔ ԱՊԱՇԽԱՐԵԼ



ԱՌԱՋՆԱԳԾԻ ՏՂԱՆԵՐԸ«Քո Տեր աստծու անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»:

 

Մենք բոլորս մեղանչում ենք՝ խախտելով տերունական այս պատվիրանը, եւ չենք էլ գիտակցում, թե որքան մեծ հանցանքներ ենք գործում, երբ

ա) դժբախտության կամ հիվանդության պահերին տրտունջ ենք բարձրացնում Աստծու դեմ՝ հակառակվելով նրա կամքին եւ նախախնամությանը:

բ) բացահայտ հայտարարում ենք՝ «Աստված չկա»:

գ) հանդգնում ենք մեղադրել Աստծուն՝ ասելով, թե իբր նա է թույլ տալիս մարդկանց մեղք գործել, երբ մտածում ենք՝ «Ես մեղավոր չեմ, իմ բնավորությունն  է այդպիսին, ես այդպիսին եմ ծնվել…», կամ՝ «Եթե լիներ Աստված, ապա թույլ կտա՞ր, որ լինեին պատերազմներ, թալան, սպանություններ, մանուկների կամ երիտասարդների մահ…»:

Մենք թերահավատության մեղքն ենք գործում, երբ փորձում ենք Աստծուն` ասելով. «Եթե դու կաս, Տե՛ր, ապա կատարիր իմ այս կամ այն ցանկությունը, իսկ եթե իմ ցանկությունը չկատարվի, ուրեմն Դու չկաս»:

Դրանով մենք սկսում ենք նմանվել այն հայհոյողներին, որոնք ծաղրում էին խաչված Տիրոջը: Հիշենք  Քրիստոսի  հետ խաչված ավազակներից մեկի խոսքը. «Եթե դու Քրիստոսն ես, ապա փրկիր քեզ եւ մեզ»: Մենք անընդհատ մեղանչում ենք` դատարկ խոսակցությունների ժամանակ Քո անունը տալով: Բացի այդ, մենք նաեւ հանդգնում ենք երդվել Աստծու անունով ու երբեմն ծածկում ենք դրանով սուտը: Եւ այս ամենը անում ենք Աստծու ամենատես աչքի առաջ:

Աստծու պատվիրանի դեմ մենք մեղանչում ենք նաեւ երդմնազանցությամբ: Քանի անգամ ենք խախտել Սուրբ խաչի եւ Ավետարանի առաջ տված մեր խոստումները: Ընդունելով Մկրտության սուրբ խորհուրդը` մենք ուխտել ենք հրաժարվել սատանայից եւ նրա չար գործերից եւ, միանալով Քրիստոսին, ծառայել Նրան մեր ամբողջ էությամբ: Բայց քանի՞ անգամ ենք խախտել այս խոստումը: Նաեւ քանի, քանի անգամ Խոստովանության եւ Ապաշխարության խորհրդի ժամանակ մենք խոսք ենք տվել հրաժարվել մեղսական սովորություններից եւ շարունակել ենք մնալ նույն կրքերի ու մեղքերի կապանքներում: Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ խախտել ենք մեր բազմիցս տրված երդումը: Լավ է՝ չխոստանաս որեւէ բան, իսկ եթե խոստացար` ապա իսկույն կատարիր: Քննենք մեր խիղճը. արդյո՞ք չենք ամաչել անհավատ մարդկանց շրջապատում երեւալ որպես քրիստոնյա եւ աստվածապաշտ: Հնարավոր է՝ մենք ինքներս անհարգալից եւ քմծիծաղով ենք վերաբերվել աստվածասեր եւ բարեպաշտ մարդկանց նկատմամբ. «…Ահա այս մեկը շատ է հաճախում եկեղեցի, երեւի մեղքերը շատ են…»: Չե՞նք մտածել:

Երբեմն հանդգնում ենք քննադատել նրանց, ովքեր հաճախակի են մոտենում Սուրբ Հաղորդությանը: Բայց դա արդեն մեր գործը չէ, այլ այդ մարդու խղճի եւ իր խոստովանահոր: Որտեղի՞ց մենք իմանանք, թե ով է արժանապես մոտենում Սուրբ խորհրդին, իսկ ով` ոչ: Իսկ եթե չդատենք ուրիշներին, այլ նայենք մեզ, ապա կտեսնենք, որ համարյա բոլորս մեղանչում ենք` անուշադրությամբ պատրաստվելով խոստովանությանը եւ սուրբ Հաղորդության խորհրդին:

Բոլորս պետք է միշտ հիշենք, որ Աստված` կյանքի Աղբյուրը, հաղորդվողներին կենդանացնող լինելու հետ մեկտեղ, նաեւ այրող Կրակի պես է, եւ չլինենք այս հարցում անտարբեր ու թեթեւամիտ: Արժանապես հաղորդվողը կյանք է ճաշակում, իսկ անարժանաբար հաղորդվողը` մահ: Ահա թե ինչ է ասում եկեղեցու կանոնադրությունը Սուրբ Հաղորդությանը պատրաստվելու վերաբերյալ. «…Երբ մեկը ցանկանում է հաղորդվել Քրիստոսի Սուրբ խորհրդին, նա պարտավոր է մեկ շաբաթ (7օր) պահքի եւ աղոթքի մեջ անցկացնել, որից հետո միայն մեծ երկյուղածությամբ եւ ակնածանքով թող մոտենա Սուրբ խորհրդին»: Շատերը, կենցաղային հոգսերի եւ այլ հանգամանքների պատճառով, չեն կարող մի ամբողջ շաբաթ պահք պահել, այդ դեպքում անհրաժեշտ է պահել գոնե երկու, երեք օր: Սուրբ պատարագից առաջ` նախորդ օրը, պետք է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգությանը: Իսկ կեսգիշերից հետո ոչինչ չուտել եւ չխմել, նաեւ ծխամոլությանը ենթակա անձինք թող չհանդգնեն ծխախոտով ապականել բերանը: Սուրբ հաղորդությանը նախորդում է Խոստովանության եւ Ապաշխարության խորհուրդը: Մեզնից շատերը չեն հասկանում՝ ինչ է խոստովանությունը, ի՞նչ եւ ինչպե՞ս խոստովանել: Բայց մեծամասնությանը հայտնի են Աստծու պատվիրանները: Ո՞վ ավելի լավ պիտի իմանա իր սեփական գործերի, մտքերի, զգացումների մասին, եթե ոչ ինքը` մարդը: Միայն թե մենք պետք է ջանանք կենտրոնանալ, հայացք նետել մեր ապրած կյանքին, մեզ վրա. ապրո՞ւմ ենք մենք Տիրոջ հրամանի համաձայն: Ընդհանրական խոստովանությունը բոլորի համար չէ: Դա ընդհանուր մեղքերի հիշեցումն է: Տարբեր հանգամանքների պատճառով անհատական խոստովանությունը այսօր չի կատարվում, բայց տանը գոնե, Աստծու առաջ քեզ դնելով, փորձիր վերլուծել քո կյանքը, Տիրոջ կամքին հաճախակի հակառակվելուդ պատճառները: Փորձիր քեզ, ինչպե՞ս ես վերաբերվում քո հարազատներին, գործընկերներին, անծանոթ մարդկանց… Ի՞նչ մտքեր են քեզ գրավում, ի՞նչ հետաքրքրություններ են ձգում, ի՞նչ բովանդակություն ունեն քո խոսակցությունները ուրիշների հետ: Արդյո՞ք համապատասխանում է քո` որպես քրիստոնյայի նկարագիրը այն չափանիշներին, որոնք պահանջում է քեզնից Աստված: Եթե սովորեցնես քեզ այս տեսակ ինքնաքննությանը, ապա քո առջեւ կբացվի սեփական մեղքերի մի անդունդ, այնպես որ մտքովդ անգամ չի անցնի ուրիշներին քննադատել: Ո՜վ, Տե՛ր, ներիր մեր մեղքերը եւ օգնիր մեզ, որ սովորենք ապաշխարել:

 

Տեր Սամուել քահանա ՍԱՐԳՍՅԱՆ

Երևանի կայազորի ավագ գնդերեց

Խորագիր՝ #40 (1462) 14.12.2022 - 20.12.2022, Հոգևոր-մշակութային


15/12/2022