Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԴՎԻՆՈՒՄ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԴՎԻՆՈՒՄ

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԴՎԻՆՈՒՄՀայոց 12 մայրաքաղաքներից 7-րդը՝ Դվինը, հիմնադրվել է Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ թագավորի կողմից 330-338 թվականներին։ 336 թ. արդեն հռչակվել էր Հայոց մայրաքաղաք։ Կարճ ժամանակահատվածում մոտ 400 հա տարածք ունեցող քաղաքի բնակչությունը 100 հազարից անցել է: Պահպանվել են Դվինի ավերակները, որոնց կենտրոնական հատվածում բարձրանում է Դվին անվանումով բլուրը, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը՝ հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Քաղաքային թաղամասերը ևս նույնպես ունեցել են հզոր պարիսպներ, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին: Հիմնականում հում աղյուսից կառուցված պարիսպներն այժմ վերածվել են հողաթմբերի։

Դվինը որպես բնակավայր հայտնի է եղել Ք.ա. 3-րդ հազարամյակից, այդ են վկայում հնավայրի տարածքից հայտնաբերված այդ ժամանակին բնորոշ գտածոները: Մինչ մայրաքաղաք հռչակվելը Դվինն Արտաշատ մայրաքաղաքի արվարձաններից է եղել՝ նրա տնտեսական մատակարարներից մեկը: Հռոմեական զորավար Կուրբուլունն արևելյան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), Արտաշատի հետ միաժամանակ գրավել ու հրդեհել է նաև Դվինը, որն ամայացել է մինչև հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորի՝ այն արքունական նստոց հռչակելը՝ Ոստան Հայոց:

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԴՎԻՆՈՒՄ481 թ. Սահակ Բագրատունին Դվինը հայտարարել է մարզպանական Հայաստանի մայրաքաղաք, որի կենտրոնում՝ Շահաստանում են 4-րդ դարավերջին և 5-րդ դարասկզբին հեթանոսական տաճարի տեղում կառուցված Կաթողիկե Ս.Գրիգոր եկեղեցին, որը 610-ական թվականներին հիմնովին վերակառուցվելով` փոխարկվել է խաչաձև հատակագծով կառույցի: Եկեղեցու նախկին Սուրբ խորանը դուրս է մնացել։ Մայր տաճարը 894 թ. երկրաշարժից ավերվել է և այլևս չի վերականգնվել: Այս տաճարի հյուսիսային կողմում է գտնվել 5-րդ դարավերջին կառուցված միանավ բազիլիկ եկեղեցին, որը նույնպես ավերվել է երկրաշարժերից: Աշխարհիկ կառույցներից է Արշակունյաց գահանիստ դահլիճը միջնաբերդի բարձրադիր արևելյան հատվածում:

1970-ական թվականների պեղումների ժամանակ Մայր տաճարից հարավ բացվել է առաջին հայրապետական աթոռանիստը՝ կառուցված Գյուտ կաթողիկոսի ժամանակներում (461-478 թթ.), որտեղ նստել են հայոց հայրապետները մինչև 564 թ.: Այս տաճարի արևմտյան կողմում է զրադաշտական տաճարի ավերակը՝ կենտրոնում կրակարանը։ Կաթողիկոսական երկրորդ պալատը կառուցվել է Մայր տաճարից հյուսիս, 7-րդ դարակեսին: Այստեղ պահպանվել են սյուների խարիսխները և մի նախշազարդ խոյակ։

Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը:

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԴՎԻՆՈՒՄԱրաբական արշավանքների ադյունքում՝ VII դարի վերջին Դվինը և ամբողջ տարածաշրջանն ընկնում են արաբների տիրապետության տակ: Արաբները Դվին կենտրոնով կազմել են Արմենիա վարչական միավոր՝ Հայաստան, Վրաստան, Աղվանք միացությամբ: Քաղաքը շարունակել է գործել մինչև 893 թ. ավերիչ երկրաշարժը: Սակայն կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվել և արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընդգրկվել է Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ:

1045 թ. Անիի հետ Բյուզանդիային անցավ նաև Դվինը, սակայն կարճ ժամանակ անց այստեղ հասան սելջուկ թուրքերը։ 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխաններն ազատագրել են Դվինը, Հայաստանի զգալի մասը՝ հիմնելով իրենց իշխանությունները: Դարերի պատմություն ունեցող քաղաքը 1236 թ. մատնվեց մոնղոլ-թաթարների ավերմանը։ Դվինը եղել է բնակեցված տարբեր ազգերով. առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ, սակայն հայերը միշտ մեծամասնություն են կազմել։ Ըստ արաբ մատենագիրների՝ Դվինի բնակիչները խոսել են հայերեն։ Դվին մայրաքաղաքին անդրադարձել են շատ պատմիչներ։ Առաջին հիշատակողը Փավստոս Բուզանդն է։ Իր «Պատմություն Հայոց»-ի՝ «Անտառներ տնկելու, պարսիկների հետ մղած պատերազմների և Բզնունյաց նախարարական տոհմի բնաջնջման մասին» գլխում տեղեկացնում է. «Եվ հրաման տվեց թագավորն իր զորավարին՝ երկրից բազմաթիվ մշակներ հանել, անտառներից վայրի կաղնի բերել ու տնկել Այրարատյան գավառում՝ սկսելով արքունի ամուր բերդից, որին ասում են Գառնի, մինչև Մեծամորի դաշտը, այն բլուրը, որ կոչվում է Դվին և գտնվում է Արտաշատ մեծ քաղաքի հյուսիսային կողմում։ Եվ այսպես անտառ տնկեցին գետի ընթացքով դեպի ներքև՝ մինչև Տիկնունի ապարանքը։ Նա այս անտառը կոչեց Տաճար մայրի»։ Ըստ Անանիա Շիրակացու «Մղոնաչափքի»՝ Դվինում եղել են վեց մայրուղիներ։ 7-րդ մայրաքաղաքի մասին իր «Հայոց պատմություն» գրքում մի քանի անգամ անդրադարձել է նաև 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին. «Խոսրովը, բավական համարելով իր մնացած երկիրը, պատերազմների մասին ոչ մի հոգ չի տանում, այլ խաղաղ կյանք վարելով՝ հնազանդվում է մեծ Վրթանեսի խրատին, Արտաշատ մայրաքաղաքը փոխում է Դվին ու տնկում կաղնու անտառներ»։

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԴՎԻՆՈՒՄԵզրից հետո կաթողիկոսությունն ստանձնում է տեր Ներսեսը՝ քսան տարի (641-661)։ Սա Դվինում կառուցեց Սուրբ Սարգսի վկայարանը… Դվին քաղաքում արաբների կողմից տասներկու հազարի կոտորածի ժամանակ սպանվածների արյունով ծածկվեց Սուրբ սեղանն ու ավազանը… Հայրապետն սպանվածների ոսկորներն ամփոփեց նույն վկայարանում. շինեց նաև Վիրապը՝ Սուրբ Գրիգորի տեղը, կառուցեց նաև տեսնողներին հիացնող «Սուրբ Գրիգորը», որ հետո արաբների կողմից ավերվեց»։

Արդեն 4 տարի է՝ Դվինի հնավայրում պեղումներ են իրականացնում հայ-իտալական արշավախմբի հնագետները։ Աշխատանքներին ծանոթանալու նպատակով եղա հնավայրում։ Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, որը մի քանի տարի շարունակ պեղումներ էր իրականացնում Արցախյան Տիգրանակերտում, ասաց. «4-րդ տարին է՝ ես եմ համաղեկավարը Ֆլորենցիայի համալսարանի միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ Միքելե Նուչոտինի հետ։ 2019 թ. տարածքում մաքրման ու ստուգման աշխատանքներ ենք կատարել։ Այնուհետև կատարվել են վերականգնողական աշխատանքներ կենտրոնական թաղամասի եկեղեցիներում և պալատներում։ Լուրջ պեղումներն սկսել ենք անցած տարի հայ-իտալական արշավախմբով՝ մոտ 15 հոգի, կեսը մերոնք են, կեսը՝ իտալացիներ, որոնք հատկապես շերտագրական դիտարկումներն են կատարում, որ հասկանանք՝ քաղաքն ինչու են լքել 13-րդ դարակեսից։ Հատկապես փորձում ենք հասկանալ՝ երբ մոնղոլները եկան, ո՞րտեղ էին նստում։ Դիմացի բլրի վրա պահպանվել է մոնղոլական դամբարան։ Այժմ պեղումների հիմնական աշխատանքները կատարում ենք քաղաքի՝ ժամանակին կենտրոնից մոտ 400 մ հեռու գոյություն ունեցած «շուկայի» տարածքում, որը հիմնադրվել է 5-րդ դարում և գոյատևել մինչև քաղաքի կործանումը։ Փորձում ենք պարզել այդ ժամանակաշրջանում ճարտարապետական ու շինարարական ի՞նչ փոփոխություններ են կատարվել այդ տարածքում։ Առաջիկա 2-3 տարիներին դեռ կզբաղվենք «շուկայի» ուսումնասիրությամբ։

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԴՎԻՆՈՒՄԴվինը տարբեր ժամանակներում պեղվել է փոքր հատվածներով, և փոխկապակցությունը բաց է մնացել։ Այժմ փորձում ենք ավելի ընդարձակ տարածքում պեղումներ անել։ Ունենք մի քանի ծրագիր, որից առաջինը Դվինի շրջակայքի ուսումնասիրությունն է, երկրորդը՝ քաղաքի հզոր ջրամատակարարման խնդիրը։ Ըստ էության՝ Արտաշատից մայրաքաղաքի տեղափոխությունը Դվին կապված է եղել Ազատ գետի հորդառատ ու մաքուր ջրի հետ։ Ունենք ծրագիր նաև զբաղվելու Դվինի խեցեղենի հետազոտությամբ։ Հայաստանում չունենք խեցեղենի հետազոտման հնարավորություն, և այդ աշխատանքներն իրականանում են արտասահմանում։ Արդեն երկու անգամ խեցեղեն ուղարկել ենք և սպասում ենք լաբորատոր պատասխաններին։ Սա կարևորվում է նաև նրանով, որ Հայաստանում այդ հարցով զբաղվող «միջազգային թիմ» է ստեղծվում։ Իտալացիների հետ համագործակցության նպատակներից մեկն էլ Դվինը ճանաչելի դարձնելն է արտերկրում, որը կնպաստի Հայաստանի մշակույթի լուսաբանման բարձրացմանը»։ Հարցին՝ «ինչո՞ւ» են որոշել աշխատել հենց իտալացիների հետ, Հ. Պետրոսյանը պատասխանեց. «Իտալացիների հետ արդեն 12 տարի է՝ աշխատում ենք, հատկապես «Մետաքսի ճանապարհի» հետ կապված, և շուտով լույս կտեսնի մեր առաջին գիրքը։ Հատկապես Վայոց ձորում ենք շատ աշխատել։ Իսկ Դվինը «Մետաքսի ճանապարհի» կարևոր հանգույցներից մեկն է, հիմնադրումից շատ չանցած՝ եղել է տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոն, որտեղով անցնում էին առևտրական ճանապարհները։ Այս հաշվի առնելով՝ որոշեցինք նաև այն ներառել այդ ծրագրի մեջ»։ Հ. Պետրոսյանը կարևորեց Ֆլորենցիայի համալսարանի աշխատանքները նաև այն առումով, որ այս գիտական ուսումնական հաստատությունն աչքի է ընկնում Հայաստանի հանդեպ իր դրական ու առանձնակի վերաբերմունքով։ Հատկապես այդ համալսարանի միջերկրածովյան մշակույթը հետազոտող գիտնականները շատ են հետաքրքրված Հայաստանով, և տարբեր արշավախմբեր, ՀՀ տարբեր վայրերում (ժամանակին նաև՝ Արցախում) իրականացնում են պեղումներ ու հետազոտական աշխատանքներ։ Սա խոսում է իտալացի ժողովրդի, նրա մշակույթի ու գիտական գործիչների՝ Հայաստանի հանդեպ հատուկ վերաբերմունքի մասին։

Պեղումների մասնակից հնագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ Համազասպ Աբրահամյանը տեղեկացրեց, որ աշխատում է «Դվինի հասարակ խեցեղենը» թեմայի վրա։ Սկզբում անդրադարձավ քաղաքի «շուկայի» տարածքում արդեն 2 տարի հայ-իտալական արշավախմբի կատարած աշխատանքներին։ Նա հիմնականում շերտագրական պեղումներ է կատարում Դվինի «շուկայի» տարածքում և «Ստորին բերդում»։ «Նոր պեղումների արդյունքում հայտնաբերվել են 2 բուրգի հիմքեր, որոնք միմյանց հետ կապված են եղել հաստ պարիսպ-պատով»,- նշեց Հ. Աբրահամյանը։

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԴՎԻՆՈՒՄՀ. Աբրահամյանի և պեղումներին մասնակից հնագետ Վանիկ Եպիսկոպոսյանի հետ շրջեցինք հնավայրի տարածքում։ Բլրի գագաթին, որտեղից երևում են Հայկական պարը, Գեղամա լեռները, և տարածքի հարթավայրը, որտեղ եղել է միջնաբերդը` հարակից շինություններով: Քաղաքի հյուսիսային կողմում է եղել նաեւ պաշտպանական Տիկնունի ամրոցը: Ըստ Հ. Պետրոսյանի՝ 5-13-րդ դարերում գոյություն ունեցած ու մշտապես գործած սալահատակ տարածքը, որը գիտությանը հայտնի է «շուկայի սյունասրահ», հնարավոր է՝ եղել է իջևանատուն, որի նման միջնադարյան Հայաստանում շատ կան։ Հնարավոր է՝ մաքսատուն է, որովհետև տարածքից դրամներ են գտնվել։ Շուկայի հյուսիսային հատվածում իտալացիները պեղել են 12-13-րդ դարերի շերտը և այս տարվա համար նախատեսված աշխատանքներն ավարտել են, փակել հատուկ ծածկոցով, որ պեղված հատվածը չվնասվի անձրևից, ձնից, քամիներից և այլ պատճառներով։ 2023-ին կշարունակեն աշխատանքները։

Հնավայրի տարածքում որոշված է կառուցել թանգարան, որտեղ կցուցադրվեն տարիների ընթացքում կատարված պեղումներից հայտնաբերված գտածոները։ Իհարկե, հնավայրի տարածքում անցած դարում պեղումներ կատարած հնագետների, թանգարանի ու լաբորատորիայի համար տեղադրել են փայտաշեն տնակներ, որտեղ այժմ էլ նյութերի որոշ մասը ցուցադրվում է բացօթյա տարածքում։ Հիմնական ցուցանմուշները գտնվում են Հայաստանի պատմության թանգարանում, սակայն, կարևոր է, որ տեղում ցուցադրվեն դրանք… Դվինը ժամանակին տարածված է եղել ներկայիս Հնաբերդ, Վերին Արտաշատ, Դվին, Վերին Դվին, Նորաշեն և Այգեստան գյուղերի որոշակի հատվածներում, և հնարավոր է՝ քաղաքի պատմական կառույցներ գտնվեն այս տարածքներում ևս։ Այդ նպատակով թանգարանի կառուցման համար նախատեսված տարածքում 20 մ երկարությամբ, մոտ 3 մ լայնությամբ, 1,5 մ խորությամբ հետախուզական խրամատ են բացում…

Հ. Գ. Քաղաքատեղին ուսումնասիրվել և պեղվել է 1899 թ. Նիկողայոս Մառի, 1907-1908 թթ. Խաչիկ Վարդապետ Դադյանի կողմից։ 1936-1939 թվականներին պեղումները գլխավորել է Սմբատ Տեր-Ավետիսյանը, 1946-1976 թթ.՝ Կարո Ղաֆադարյանը, 1976-ից մինչև 2010 թ.՝ Արամ Քալանթարյանը։ 2010 թ. արշավախումբը ղեկավարել է պ.գ.թ. Հ. Մելքոնյանը։ Քաղաքի կառույցների ճարտարապետության ուսումնասիրմամբ զբաղվել են Վարազդատ Հարությունյանը, Նիկոլայ Տոկարսկին եւ ուրիշներ։

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ