Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ԶՈՒ ՇԱՐՔԵՐԸ
ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ԶՈՒ ՇԱՐՔԵՐԸ

Շարահրապարակում «Պատիվ ունեմ» ծրագրով բանակը համալրող տղաներն են։ Նրանց առջև հպարտ ծնողներն են ու հարազատները։ Երկուսուկես տարի քաղաքացիական բուհերում ուսմանը զուգահեռ նրանք կոփվել, յուրացրել են ռազմական գործը։

«Տերունական» աղոթքով մեկնարկեց ավարտական հանդիսությունն ու վկայագրերի հանձնումը:

Կուրսանտական ուսադիրները սպայականով փոխարինած  ծրագրի մասնակիցներն ստացան սպայի վկայականներ և, իբրև դասակի հրամանատարներ, շուտով կհամալրեն ազգային բանակի շարքերը։

Շնորհավորելով նորընծա սպաներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վստահություն հայտնեց, որ բուհերում ճշգրիտ գիտություններն ու հումանիտար առարկաները յուրացրած,  ռազմական գործը տեսական պարապմունքների և ուսումնավարժական հավաքի ընթացքում սերտած լեյտենանտները նոր շունչ և որակ կհաղորդեն զինված ուժերին։

Արսեն Բեյնալյանը մեկն է ծրագրի շրջանավարտներից։ Ասաց, որ շնորհիվ ծրագրի, ինքը ոչ միայն կրթություն ստացավ քաղաքացիական բուհում, այլև զինված ուժերը կհամալրի իբրև բանիմաց սպա։ Արսենի հետ համակարծիք է նաև Կառլենը, որն ի հավելումն նշեց, թե որպես սպայի զավակ պարտք ունի ե՛ւ հոր, ե՛ւ պատերազմի ընթացքում  զոհված ընկերների առջև։

Նույն օրը պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց ծրագրի շրջանավարտների վիճակահանությունը, որի ընթացքում ապագա դասակի հրամանատարներն ընտրեցին իրենց ապագա ծառայավայրերը։

ՆԵՐՍԵՍ  ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆԻ,

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ