Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ». ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՎԱՅՐԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ Է ԱՌՆՈՒՄ



«ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ». ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՎԱՅՐԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ Է ԱՌՆՈՒՄ«Կարմիր բլուր» հնավայրը, որն այսօր հիրավի համարվում է Ուրարտուի եւ տարածաշրջանի երկաթե դարի հնագիտությանը վերաբերող կարեւորագույն հայտնագործություններից մեկը, շարունակում է զարմացնել իր  հարստությամբ:  Օրերս այցելեցինք հնավայր, որտեղ պեղումները շարունակվում են, շրջեցինք տարածքով, հետեւեցինք ընթացող աշխատանքներին, զրուցեցինք դրանք իրականացնող գիտնականներից մեկի՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ:

 

-«Կարմիր բլուրն» այսօր առանց չափազանցնելու մեր տարածաշրջանի ամենակարևոր հուշարձաններից մեկն է, ոչ միայն Հայաստանի կամ Կովկասի, այլև ամբողջ հին Մերձավոր Արևելքի մասշտաբով: Համարվում է Մերձավոր Արևելքում վերջին երկու տարվա կարևորագույն հայտնագործություններից մեկը: Մոնումենտալ մի շինություն, որի առթիվ աշխարհի տարբեր ծագերից շնորհավորանքներ ենք ստացել: Ռուսաստանում գիրք է հրատարակվել՝ «100 великих археологических открытий», և «Կարմիր բլուրը» Հայաստանից միակ հուշարձանն է, որ ընդգրկված է այդ գրքում: Այն համարվում է ամենաշատ նյութ տրամադրած ուրարտական երեք հուշարձաններից մեկը: Շատ կարևոր է, երբ մենք՝ հնագետներս, սինքրոն պատկեր ենք ունենում բնակավայրի մասին: Այս տարածքում պեղվել է և՛ ամրոցը, և՛ դամբարանադաշտը, և՛ քաղաքային հատվածը: Կարևոր փաստ է նաև այն, որ «Կարմիր բլուրը» ունի ոչ միայն ուրարտական, այլև նախաուրարտական և հետուրարտական շերտեր: Այս տարածքում բացվել են նաև հելլենիստական ժամանակաշրջանի դամբարաններ, բավականին հզոր միջնադարյան շերտ է երևակվել, իսկ ամրոցի գագաթին պեղվել է միջնադարյան մատուռ:

«ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ». ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՎԱՅՐԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ Է ԱՌՆՈՒՄՄ.թ.ա. 7-րդ դարի կեսերին արդեն Ռուսա 2-րդ արքան որոշում է այստեղ քաղաք հիմնել, որը կոչվում է Թեյշեբաինի՝ ի պատիվ կայծակի ու ամպրոպի աստված Թեյշեբաի: Ստեղծվում են ենթակառուցվածքներ, կառուցվում է ջրանցք,  որը մինչև ներկայիս Էջմիածնի տարածք էր ձգվում: Այստեղ պեղումներ են իրականացվել 1939 թ.-ից մինչև 1971 թ.: Պեղումները գլխավորապես ղեկավարել է հայտնի հնագետ, «Էրմիտաժի» նախկին տնօրեն Մ. Պիոտրովսկին:  Պարզապես ֆանտաստիկ գտածոներ կան՝ և՛ կառույցների տեսքով, և՛ շերտերի, և՛ արտեֆակտների տեսքով. երկհարկանի ամրոցը, վերևում տաճարը՝ գինու մառաններով, հացահատիկի շտեմարաններով, գարեջրի անոթներով քանդակներով: Կարելի է անվերջ խոսել: Մի խոսքով, սա տարածաշրջանի կենտրոնն է եղել, որը  ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվում է Վազա անունով: Ըստ որոշ հետազոտողների՝ Վազա անունը կարող է խաղողի վազի հետ կապ ունենալ:  Անցյալ տարի «Էրեբունի» թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը հորդառատ անձրևներից հետո այս տարածքը դիտարկելիս մի օր նկատել է բացված պատի հետքեր: Խորհրդային ժամանակաշրջանում սա ծիրանանոցի տարածք է եղել: Մենք շարունակեցինք զննումները և գտանք մի շարք այլ պատեր: Հատկապես օդալուսանկարներում երևացող գծերը դիտելով՝ հասկացանք, որ իր նշանակությամբ լրջագույն կառույց է սա, ու սկսեցինք պեղումները: Պարզվեց, որ գործ ունենք մոնումենտալ, հսկայական տարածքով կառույցի հետ: Այժմ ահա այս հատվածում պեղումներ են ընթանում: Երևում են կլոր սյան խարիսխները՝ արդեն 11 շարք և հավանաբար դրան զուգահեռ՝ ևս մի շարք սյան խարիսխներով, կանոնավոր պատերով, սալահատակներով և այլն: Ի՞նչ կարող ենք ասել այս ամենի մասին: Սա Հայաստանում բացված դեռևս միակ նման ծավալների կառույցն է: Սրան շատ նման ուրարտական կառույց՝  6 սյան խարիսխով, Իրանի Բաստամ հնավայրում է բացվել: «Կարմիր բլուրինը» ավելի մեծ է իր ծավալներով: Վարկած կա, որ  այս հատվածում եղել է արքայական ձիանոց: Այս կառույցը շատ է հիշեցնում միջնադարյան հայկական քարավանատների հատակագիծը: Եթե այս վարկածը ճիշտ է, մենք այսպես կապացուցենք, որ մեր միջնադարյան հայկական քարավանատների նախատիպը գալիս է դեռ Ուրարտուից: Եվ կա շարունակականություն՝ քարավանատներ, որոնք հետագայում հանդես են գալիս նաև ախոռների տեսքով: Սա լուրջ կռվան է, որով ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ նախատիպն այստեղ է, և հայերիս մոտ դա շարունակականություն է ունեցել: Մենք բախտ ենք ունեցել ներկայացնելու այս գիտական փաստերը շատ ու շատ միջազգային գիտաժողովներում, և այս թեմայի հետ կապված որևէ հարց չի առաջացել. ամեն ինչ փաստագրված ու վավերագրված է: Սա քարավանատո՞ւն է, թե՞ շուկա, խնդիրը ենթադրում է լրացուցիչ հետազոտություններ և վերլուծություններ: Ունենք հնակենդանաբանական վերլուծություններ: Տարածքից հայտնաբերել ենք ձիերի ոսկորներ, սակայն հայտնաբերվել են նաև ցլերի, ոչխարների ոսկորներ և այլն: Կարևոր է նաև այն փաստը, որ այս կառույցը այստեղ բռնկված ուժեղ հրդեհից հետո ենթարկվել է բավականին լուրջ վերակառուցումների: Դա եղել է հետուրարտական փուլում՝ Երվանդունիների կառավարման ժամանակաշրջանում:

«ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ». ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՎԱՅՐԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ Է ԱՌՆՈՒՄՍա արդեն երկրորդ պեղաշրջանն է այս տարածքում: Դեռ պետք է պեղել ու պեղել, որպեսզի կարողանանք ամբողջացնել պատկերը: Մենք արդեն մեր պեղումների արդյունքների մասին հրատարակություններ ենք պատրաստում ինչպես անգլերենով, այնպես էլ հայերենով: Շատ կարևոր է, որ նախ և առաջ Հայաստանում լինի լսարան, մարդիկ լիովին իրազեկ լինեն այս ամենին, այս մեծ պատմական արժեքներին, որոնց ժառանգը լինելու բախտ է մեզ վիճակվել: Ներկայումս նմուշներ ենք ուղարկել Գերմանիա և Ռուսաստան՝ անհրաժեշտ վերլուծության ենթարկելու համար: Շուտով մեզ կմիանան նաև մեր ռուս գործընկերները, որոնք տեղում անելու են հողի վերլուծությունները. այստեղ ամենատարբեր մնացորդներ կան՝ մարդկային, կենդանիների, ձավարեղենի և այլն, որոնք շատ կօգնեն հասկանալու և ճշգրտելու կառույցների ֆունկցիոնալ նշանակությունը: Ընդհանուր առմամբ, ահա այսպիսի հսկայական տարածք դեռ սպասում է իր մանրազնին ուսումնասիրությանը:

Շրջում ենք հնավայրի տարածքով: Պարոն Բադալյանը ցույց է տալիս տարածքի այն հատվածը, որտեղ նախատեսվում է աղյուսի փոքր գործարան հիմնել:

-Ահա այստեղ նախատեսել ենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ աղյուս արտադրել: «Կարմիր բլուրի» աղյուսաշերտ պատերը, որ բավականին տուժել են ժամանակի ընթացքում, այսպես, վերարտադրելով այն ժամանակների տեխնոլոգիաները, պետք է ամրակայենք ու վերականգնենք: Աշխատանքները կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության ինստիտուտի և «Էրեբունի» թանգարանի համատեղ ջանքերով:

 

Այսօր ադրբեջանցիները այս տարածաշրջանում Ուրարտուի գոյությունն ընդհանրապես հերքելու քաղաքականություն են վարում,- նկատում է հնագետը:- Անգամ դրսի գիտնականներին փորձում են համոզել, որ այդ անունը չօգտագործեն, քանի որ այն ուղղակիորեն զուգորդվում է Հայաստանի, հայերիս հետ: Փոխարենը՝ փորձում են հանրահռչակել այնպիսի հակապատմական խեղաթյուրումներ, որոնք մասնագետների ծիծաղն են շարժում: Սակայն նրանք դա անում են համակարգված ձևով: Նույն ստահոդ «փաստը» միանգամից մի քանի տասնյակ հոգի են շրջանառության մեջ դնում՝ ուղղելով թիրախային լսարաններին: Այսպես մեծացնում են դրա «հավաստիությունը», ու մի «գեղեցիկ օր» կարիք է լինում հերքելու և ապացուցելու դրա սին լինելը: Այս իմաստով մենք շատ անելիք ունենք: Քանի որ հաճախ մեր ճշմարտությանը, մեր ունեցած արժեքներին, հսկայական պատմական ժառանգությանը արժանի ուշադրություն չենք հատկացնում:

 

«ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ». ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՎԱՅՐԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ Է ԱՌՆՈՒՄՀնավայրերի հայկականությունը ապացուցելու ամենակարևոր միջոցը տեր կանգնելն ու ուսումնասիրելն է: Ցավոք, այս կարևոր հուշարձանը տարիներ շարունակ լքված, անտեսված մի տարածք էր: Այս տարածքից բեռնատարներով շուրջ 1220 խորանարդ տոննա տարողունակությամբ շինաղբ է դուրս բերվել: Այժմ արդեն տարածքը բարենորոգված է. լույսեր, նստարաններ, մուտքը, ցուցանակների տեղերը, պահակակետերը և այլն: Հսկայական աշխատանք է իրականացվել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մենք բարձրաձայնել ենք մեր խնդիրների մասին, ու շատ բան է փոխվել: Այժմ արդեն այստեղ ընտանիքներով գալիս են զբոսնելու, ավելին իմանալու այս վայրի մասին: Պետք է գնահատենք ու կարևորը՝ տեր կանգնենք մեր պատմամշակութային արժեքներին, միայն այսպես՝ տիրոջ վերաբերմունքով կարող ենք լիարժեք պատկերացնել և հաստատել մեր դիրքն ու կշիռը տարածաշրջանում:

Հարկ է հանրահռչակել ու նաև մեր հասարակության մասը դարձնել այս ամենը: Տեսե՛ք, այստեղ հիմա դպրոցահասակ երեխաներն են, որոնք մասնակցում են պեղումներին, դառնում են այս հուշարձանի ընկերը, բարեկամը, մի մասը. նրանց մեջ տիրոջ վերաբերմունք է ձևավորվում: Ինձ համար՝ որպես հնագետի, սա շատ կարեւոր է. թող մեր սերունդները իրենց տեր զգան և տիրոջ վերաբերմունք ունենան մեր պատմության, մեր հնավայրերի հանդեպ:

Մոտենալով դպրոցահասակ երեխաների աշխույժ խմբին՝ ակամա վարակվում ես նրանց ոգևորությամբ ու խանդավառությամբ: Նրանք պեղումների համար նախատեսված հատուկ խոզանակներով զգուշորեն շերտ առ շերտ բացում են մեր հազարամյա պատմության ծալքերը՝ հեռացնելով դրանք ծածկող փոշին: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի՝ պատմական ուղղությունն ընտրած աշակերտների խումբն է, որ դասաժամն այստեղ է անցկացնում: Գործնական պարապմունք, որը երեխաներին ուղղակիորեն տեղափոխում է մեր պատմության, հայտնագործությունների զարմանահրաշ աշխարհը: Նրանք հմուտ հնագետների օգնությամբ ծանոթանում են այս մասնագիտության նրբություններին ու սովորում են սիրել այս գործը: Իրենց համար առանձնացված հատվածում երեխաները իրենց փոքր ու մեծ գյուտերն են անում, որոշում՝ հնագիտության տեսանկյունից արժեքավո՞ր է իրենց գտածոն, թե՞ ոչ, որոշում են դրա տեղադրությունը տարածության մեջ, հողի շերտի մոտավոր տարիքը և ստացված արդյունքները հընթացս համադրում պատմության իրենց՝ մինչև այդ ստացած տեսական գիտելիքի  հետ:

-Դա խեցու բեկոր է,- բացատրում է Միքայել Բադալյանը՝ մոտենալով երեխաների պեղած գտածոյին:- Զգուշությամբ խոզանակեք: Դժվար է, չէ՞: Երբեմն անհրաժեշտ է լինում պեղումը անգամ պառկած դիրքով անել՝ չվնասելու համար գտածոյի ամբողջականությունը: Հյուսիսի փոքր սլաք բերեք և կողմնացույց: Ա՛յ, այսպես պետք է լուսանկարել:- Քիչ անց, հնագետի ուղղորդմամբ և տեխնիկական համապատասխան միջոցների օգնությամբ խեցեղենի կտորը երեխաների հիացմունքով լեցուն աչքերի առաջ դուրս է բերվում հողի շերտի միջից:- Սափորի թռչնաձև բռնակներից մեկի հատված է: Երվանդունիների թագավորության ու աքեմենյան տիրապետության շրջանի «հոտ է գալիս» այս մասունքից,- բացատրում է պարոն Բադալյանը:

-Սա մեր առաջին այցելությունն է «Կարմիր բլուր»,- ասում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վարդան Կարապետյանը:- Նման գործնական պարապմունքները երեխաների համար բացի մեծ հետաքրքրությունից, նաև մասնագիտական կողմնորոշման լծակ են դառնում:

-Ընդհանուր առմամբ, Ուրարտական պետության հետքերը ձգվում են ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքով մեկ,- դպրոցահասակ երեխաների հետ ուսուցողական աշխատանքն ավարտելուց հետո շարունակում է պատմել Միքայել Բադալյանը:-  Սակայն դրա ազդեցությունը ձգվում է ընդհուպ մինչև միջերկրածովյան ավազանը: Ուրարտական պետության ֆենոմենը նրանում է, որ չնայած իր տարածքով շատ մեծ չէ, բայց գերկազմակերպված, պարզապես ֆանտաստիկ հաղորդակցություններով հագեցած համակարգ է ունեցել (ջրանցքներ, ջրահեռացման համակարգեր, ամբարտակներ, ամրոցներ, որոնք մեկը մյուսի հետ ուղղակի կապեր են ունեցել և այլն): Եթե, օրինակ, թշնամին հարձակվեր այս բլրի վրա, անմիջապես խարույկ էր վառվում, և Էրեբունին ակնթարթորեն իմանում էր այս մասին, այնտեղից էլ Արամուսին էին ազդանշան տալիս, ու այսպես մինչև Սևանի ավազան կարճ ժամանակամիջոցում արդեն տեղեկացվում էին: Ամեն ինչ համակարգված էր, փոխկապակցված, մի միավորը մյուսի հետ հստակ տեղեկատվական կապի մեջ էր: Հայաստանում այժմ բազմաթիվ բացված ուրարտական հնավայրեր կան: Վերջին շրջանում պեղումներ են ընթանում Էրեբունիի տարածքում, «Կարմիր բլուրում», Արամուսի ամրոցի տարածքում, Սոլակի ամրոցի տարածքում, Կոտայքում, Վայոց ձորում, Նոր Արմավիրում: Օձաբերդում էին շատ հետաքրքիր պեղումներ ընթանում:

Այսօր «Կարմիր բլուրը» նոր շունչ է առնում: Այցելուների հոսքը բազմակի շատացել է: Այժմ այստեղ քառալեզու ցուցանակներ ենք պատրաստում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն: QR կոդը պահելով հնավայրի որևէ հատվածի վրա՝ այցելուները տեսնելու են ամրոցի վերակառուցված, ամբողջական պատկերը:

Միայն Ուրարտուն չէ, կա Էթիունիի թագավորությունը, որի մասին կրկին շատ կարևոր տեղեկություններ կան, և մեր պատմական խորը հետքերի մի երկար շարք,- ասում է Միքայել Բադալյանը,- դրա թագավորի հայտնի անունը Դիուծինի է: Հայերեն՝ դից և ծին բառերից, որ նշանակում է աստվածածին:

Բայց այս մասին ավելի մանրամասն ու հետաքրքրական փաստերով կխոսենք մեկ այլ զրույցի ընթացքում:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (1455) 26.10.2022 - 1.11.2022, Հոգևոր-մշակութային


28/10/2022