Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

ԱՄՆ 30 դեմոկրատ կոնգրեսականներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով ուղիղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատերազմի դիվանագիտական կարգավորման համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, քննարկվել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Օսթինը խոսել է կողմերի միջև հաղորդակցության ուղիների պահպանման կարևորության մասին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրել է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հետ՝ ուկրաինական ճգնաժամի լուծում գտնելու համար։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ արձագանքել է. «Ռուսաստանը բաց է բոլոր շփումների համար»։

«Իսրայելն ավելի ու ավելի է անհանգստանում Ռուսաստանի և Իրանի վտանգավոր մերձեցումից»,- ասել է վարչապետ Յաիր Լապիդը։

Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը շահավետ է ոչ միայն Իրանին, այլև Ռուսաստանին։ Եթե միջուկային համաձայնագիրը ստորագրվի, այն հարյուրավոր միլիարդների եկամուտ կապահովի երկու երկրներին։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը կտրականապես հերքել է մեղադրանքները, թե՝ Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարում՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար։ Նրա խոսքով՝ երկու երկրները համագործակցում են տարբեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ «Մենք և՛ զենք ենք ստացել Ռուսաստանից, և՛ նախկինում զենք ենք մատակարարել Ռուսաստանին, բայց ոչ ուկրաինական պատերազմի ժամանակ», -ասել է Աբդոլլահիանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սպառիչ պատասխանել են Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ օգտագործման մեղադրանքներին։

Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ «Առաջին ալիքով» հաղորդումներից մեկի ընթացքում հակաադրբեջանական ելույթների կապակցությամբ։

Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինայի գնահատմամբ՝ Ուկրաինայում ռուսական բանակը փաստացի ՆԱՏՕ-ի դեմ ռազմական գործողություններ վարելու փորձ է ձեռք բերում, քանի որ ուկրաինական բանակը պատրաստված է ՆԱՏՕ-ի չափանիշներով և ստանում է ժամանակակից սպառազինություն։

Ֆրանսիան և ԱՄՆ-ը լրացուցիչ զրահատեխնիկա և անձնակազմ են տեղափոխել Ռումինիա՝ Ռուսաստանի զսպման քաղաքականության շրջանակում ՆԱՏՕ-ի մարտական բաղադրիչի ուժեղացման նպատակով։

«The New York Times» պարբերականը գրել է, որ Իսրայելը Կիևին փոխանցում է իրանական անօդաչուների մասին տվյալներ, որոնք հարվածների ժամանակ օգտագործում են ՌԴ զինված ուժերը։ Իսրայելական մասնավոր ընկերությունը ուկրաինական կողմին նաև ռուսական զորքերի դիրքերի արբանյակային լուսանկարներ է տրամադրել:

Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է. «Մենք զենք չենք վաճառի Ուկրաինային»։

Էմանուել Մակրոն. «Ֆրանսիան կշարունակի երկխոսությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ՝ երկու երկրների միջև բանակցություններ սկսելու շուրջ»։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները կեղծ են որակել ՌԴ-ի մեղադրանքները, թե՝ Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ» ատոմային ռումբ կիրառել իր իսկ տարածքում:

 

 

Թուրքիա

 

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, թե Թուրքիան ռազմարդյունաբերության ոլորտում այնքան է զարգացել, որ կարող է ապահովել նաև իր դաշնակիցների ու բարեկամ երկրների պաշտպանական կարիքները՝ նշելով Ադրբեջանը, Լիբիան, Կիպրոսի թուրքական հատվածը։

Թուրքիան մտահոգված է Հունաստանի և Գերմանիայի միջև 5 մլրդ եվրոյի ռազմական գործարքից, որով վերջինս պատրաստվում է սպառազինություն և ռազմական տեխնիկա մատակարարել Հունաստանին:

Տվյալներ են հայտնվել, որ թուրքական բանակը «քուրդ ահաբեկիչների» հետ բախումների ժամանակ քիմիական զենք է օգտագործել՝ նյարդային համակարգը ախտահարող գազ: Թուրքիայի նախագահը հերքել է քրդերի դեմ քիմիական զենքի կիրառումը և սպառնացել նրանց, ովքեր կհամարձակվեն խոսել այդ մասին։

Թուրքիայի նախագահ Էրդողանը այցելել է Ադրբեջան և Ալիևի հետ միասին մասնակցել է Հայաստանի ու Իրանի հետ սահմանին՝ Կովսականում կառուցված օդանավակայանի բացման արարողությանը։

Թուրքիան պատրաստվում է օկուպացված Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել:

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Հայաստանի հարցում իր դիրքորոշումը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Հայաստանի հետ Թուրքիայի բանակցությունների վրա։

Ֆինլանդիայի պատվիրակությունը բանակցություններ է վարել Անկարայում՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության շրջանակում ձգտելով հարթել առկա տարաձայնությունները։ Թուրքիան խոչընդոտել էր Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը՝ նրանցից պահանջելով ահաբեկչական հայտարարել քրդական կազմակերպությունները, հանձնել ահաբեկչության մեջ կասկածվողներին եւ չեղարկել Անկարա զենքի մատակարարման արգելքները։

Թուրքական «Titra Teknoloji» ընկերությունը մշակել է «Deli» նոր անօդաչու-կամիկաձեն, որն առաջին անգամ ներկայացվել է Ստամբուլի պաշտպանական ցուցահանդեսում։ Մասնագետներն ակնկալում են մինչև տարեվերջ ավարտել ԱԹՍ-ի փորձարկումները ընդգրկել սպառազինության մեջ։ Անօդաչու թռչող սարքը կկարողանա աշխատել ինքնավար և կառավարման ռեժիմներով, զարգացնել 180 կմ/ժ առավելագույն արագություն, գործել 3,5 հազար մետր բարձրությունից։

 

 

Իրան

 

Սպիտակ տունն անուղղակի խոստովանել է իր ներգրավվածությունը Իրանում հակակառավարական ցույցերի կազմակերպման մեջ։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի խոսքով՝ Միացյալ Նահանգները մի շարք «ագրեսիվ քայլեր» են ձեռնարկում, որոնք ուղղված են Իրանում ցուցարարներին աջակցելուն։

Ամերիկյան «The Washington Post» պարբերականը հայտնել է, որ Իրանը պատրաստվում է Ռուսաստանին մատակարարել «Fateh-110» և «Zolfaghar» օպերատիվ-մարտավարական հրթիռներ։ Իրանը միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի կողմ չէ, Իսկ «Zolfaghar»-ի հեռահարությունը 700 կմ-ով ավելի է, քան հանրահայտ «Իսկանդերինը»։

Ուկրաինան Իրանին մեղադրել է Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ։ ԱՄՆ-ը նախազգուշացրել է, որ միջոցներ կձեռնարկի իրանական ԱԹՍ-ների ծրագրի հետ աշխատող ընկերությունների և երկրների դեմ, այն բանից հետո, երբ Ռուսաստանն այդ ներմուծումն օգտագործեց Կիևի թիրախներին հարվածելու համար:

Իրանը պատասխան գործողություններով սպառնացել է Ֆրանսիային, Գերմանիային և Անգլիային, որոնք ՄԱԿ-ին կոչ էին արել հետաքննել Ռուսաստանին անօդաչուների հնարավոր մատակարարումները։

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին ծաղրել է ԵՄ պատժամիջոցները, և եվրոպացիներին առաջարկել է բռնագանձել արտասահմանում իր ակտիվները փայտածուխ գնելու նպատակով. չէ՞ որ Եվրոպայում ձմռանը սաստիկ ցուրտ է կանխատեսվում։ Նրա խոսքով՝ եթե նախկինում օտարերկրացիներն իրանցի զինվորներին զրկում էին փշալարից, ապա այժմ նրանք հերթ են կանգնում Իրանից բարձր ճշգրտության հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր գնելու համար։ ԵՄ-ն Բաքերիին ներառել է «սև ցուցակում»՝ իբր Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու համար։

Չինաստանը հանդես է գալիս միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք իրավական հիմքեր չունեն. ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այսպես է մեկնաբանել ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները Իրանի երեք ֆիզիկական անձանց և մեկ կազմակերպության դեմ՝ իբր Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու համար։

Իրանի ցամաքային զորքերը Թուրքիայի սահմանի մոտ լայնածավալ զորավարժություններ են սկսել գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական պատրաստության նպատակով:

 

Ադրբեջան

 

Թուրքիայի ուսումնական թռիչքային կենտրոնում տեղի է ունեցել ադրբեջանցիների համար նախատեսված «Բայքար» ընկերության «Akinci» հարվածային ԱԹՍ-ների կառավարման դասընթացի ավարտական արարողությունը։

Ալիևը հայտարարել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռների տեղափոխման ծավալը մեծացնելու անհրաժեշտության մասին։

Ադրբեջանը նախատեսում է ավելացնել էներգակիրների մատակարարումները Վրաստանի տարածքով անցնող խողովակաշարերի և տերմինալների միջոցով։

Ադրբեջանի 2023 թ. պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման ծախսերը կկազմեն շուրջ 5,3 մլրդ մանաթ։

Թուրքիան և Ադրբեջանը քննադատել են ԵԱՀԿ դիտորդական առաքելության գործուղումը հայ-ադրբեջանական սահման։

Բաքուն վրդովված է տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխման անընդունելիության մասին Իրանի հայտարարություններից և Ադրբեջանի սահմանի մոտ ԻՀՊԿ-ի լայնածավալ զորավարժություններից։ Ադրբեջանում անգամ Իրանի հետ սահմանին բետոնե պատ կառուցելու առաջարկներ են հնչել։

Ալիևը դեմ չէ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ձևաչափով խորհրդակցություններին։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Կովսական քաղաքի մոտ, Իրանին և Հայաստանին սահմանակից տարածքում բացված նոր օդանավակայանը կարող է ընդունել բոլոր տեսակի օդանավեր։ Թռիչքուղու երկարությունը 3000 մ է, լայնությունը՝ 60 մ։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (1455) 26.10.2022 - 1.11.2022, Տարածաշրջան


28/10/2022