Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԲԱՆԱԿԸ ԱՆՔՆՆԵԼԻ ԱՐԺԵՔՆԵՐ ԷԻՆ



ՆՐԱ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԲԱՆԱԿԸ ԱՆՔՆՆԵԼԻ ԱՐԺԵՔՆԵՐ ԷԻՆԳնդապետ Վահագն Ասատրյանը լավ գիտեր զինվորների հետ ինչպես շփվել ու նրանց մեջ առաջնորդի և հրամանատարի որակներ սերմանել: 23 տարվա  անբասիր ծառայության ընթացքում նրա ղեկավարած ստորաբաժանումները մշտապես լավագույնների շարքում էին։

Գնդապետ Ասատրյանը բացառիկ նվիրումով էր ծառայում, իսկ  զորքին առաջնորդում էր անձնական օրինակով, խորհուրդներով ու հայրական հոգատարությամբ։ Հաջողության և առաջընթացի գրավականը նա միակուռ կոլեկտիվն էր համարում։ Յուրաքանչյուր հարմար առիթ բաց չէր թողնում զորքի հետ մարտական դիրքեր բարձրանալու, զինվորների հետ զրուցելու, սեփական փորձը փոխանցելու համար։

Հրամանատարի համար բանակն ու հայրենիքը բարձրագույն և անքննելի արժեքներ էին, որոնց հավատարիմ էլ մինչև վերջ ծառայեց և հերոսի հավերժ փառքով պսակեց իր անունն ու մարտական ուղին։

ՆՐԱ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԲԱՆԱԿԸ ԱՆՔՆՆԵԼԻ ԱՐԺԵՔՆԵՐ ԷԻՆ…Մոնթեի գաղափարներին մշտապես հավատարիմ հրամանատարը 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը մարտական բնագծում էր՝ ենթակաների կողքին՝ ամենաթեժ ու ծանր ուղղություններում։

-Նույնիսկ այդ ծանր օրերին նրա հետ ունեցած կարճատև զրույցների առանցքում միայն Հայրենիքն էր, հայ զինվորն ու նրա մարտական ոգին,- հիշում է հերոսի մայրը՝ Սիմա Պետրոսյանը:

Հինգ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում ուսանած  Վահագն Ասատրյանը զինվորական հրամանատարի և առաջնորդի բացառիկ կերպար էր, որի մասին հպարտությամբ են խոսում ու պատմում նաև մարտական ընկերները, բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել ծառայելու գնդապետի հրամանատարությամբ գործող զորամասերում։

Օմարի լեռներում գնդապետը մարտնչեց ու բարձունքը անառիկ պահեց։ Անզիջում պայքարի հաջորդ կետը Արցախի հարավում էր՝ Մեխակավանում և Հադրութում: Հենց այս ուղղությամբ էլ Վահագն Ասատրյանն ընկավ՝ որպես մերօրյա հերոս։

…Գնդապետի զոհվելու տարելիցի օրը «Եռաբլուր» պանթեոնը կրկին մարդաշատ էր։ Ազգային հերոսի մասին խորը ակնածանքով էին պատմում բոլորը, հիշում նրա մարդկային պարզ ու անմիջական կերպարը, մարտական սխրանքները:

Ինչպես գնդապետի հարազատները, այնպես էլ զինակից ընկերները վստահ են՝ հայրենիքի պաշտպանության համար կռվելու պատրաստ տղաներն այսօր էլ քիչ չեն. գնդապետի կիսատ թողածը հենց նրանք էլ շարունակելու են՝ հարկ եղած դեպքում պատվով ու փառքով կատարելով մարտական առաջադրանքը՝ ճիշտ այնպես, ինչպես դա արեց «Հայաստանի Ազգային հերոս» Վահագն Ասատրյանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #32 (1454) 19.10.2022 - 25.10.2022, Ճակատագրեր


21/10/2022