Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

Զելենսկի. «Հոկտեմբերի 10-ից ուկրաինական էլեկտրակայանների 30 տոկոսը ոչնչացվել է, Ռուսաստանի հետ բանակցություններն այժմ հնարավոր չեն»:

Իսրայելի սփյուռքի գործերի նախարար Նահման Շայը Ռուսաստանին ԱԹՍ-ներ և բալիստիկ հրթիռներ տրամադրելու Իրանի պլանների մասին ԶԼՄ-ների հրապարակումների ֆոնին կառավարությանն առաջարկել է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այդ առթիվ  գրել է. «Ուկրաինային զենքի մատակարարումները կկործանեն Ռուսաստանի եւ Իսրայելի հարաբերությունները: Շատ անխոհեմ քայլ կլինի»։

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կազմակերպված հանդիպմանը ուկրաինացի զինվորականների  համար ուսումնական առաքելություն սկսելու որոշում են կայացրել: Հունգարիան դա լավ գաղափար չի համարել և չի մասնակցի առաքելությանը:

Ռուս-բելառուսական միութենական պետության զորքերի տարածաշրջանային խմբավորման ավիացիոն ուժերի մի մասը Ռուսաստանից Բելառուս է տեղափոխվել։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ ՆԱՏՕ-ն և եվրոպական մի շարք պետություններ դիտարկում են Մինսկի դեմ հնարավոր ագրեսիայի տարբերակները։ Դրա պատճառով էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ զորքերի միացյալ տարածաշրջանային խմբի տեղակայման շուրջ։ Միացյալ ուժերի ռուսական մասը կկազմի 9 հազար զինծառայող:

Lուկաշենկոն կարծիք է հայտնել, թե Ուկրաինայում պատերազմը կարող է դադարեցվել մեկ շաբաթում:

«Արևմուտքը հատել է վտանգավոր գիծը՝ «Հյուսիսային հոսք» գազատարի և Ղրիմի կամրջի վրա հարձակումներով»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«ՆԱՏՕ-ի զորքերի ուղիղ բախումը ռուսական բանակի հետ կհանգեցնի համաշխարհային աղետի»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում, տհաճ է, բայց հետագայում, ոչինչ չանելով, Ռուսաստանը կստանար նույնը, միայն ավելի վատ պայմաններում։

Եվրամիության 27 երկրների առաջնորդները Պրահայում կայացած գագաթնաժողովում որոշել են շարունակել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերել՝ համադրելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով:

Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիել Լանդսբերգիսը ՆԱՏՕ-ին կոչ է արել Ուկրաինային հանձնել պահեստներում առկա սպառազինությունը, թեև Եվրոպական շատ երկրներում զենք մատակարարելու հնարավորություններն արդեն սպառված են։

Սերբիան ժամանակավորապես դադարեցնում է դիվանագիտական ներկայությունն Ուկրաինայում՝ անվտանգության նկատառումներով։ Ավելի քան 15 երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան՝ ռուսական սպասվող հարվածները հաշվի առնելով:

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից բնական գազ գնելու իր կառավարության որոշման։ Նա նշել է, որ «նույնիսկ սառը պատերազմի տարիներին Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է եղել»:

 

Իրան

 

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը զորավարժություններ են անցկացնում Արաքս գետի՝ Ադրբեջանին սահմանակից շրջանում: Ցուցադրվում է ԻՀՊԿ ցամաքային զորքերի նորագույն ռազմական տեխնիկան:

Զորավարժության ընթացքում կիրականացվի պարաշյուտային դեսանտավորում, գիշերային հարձակման գործողություն, անօդաչուների վարժանք, ջրային արգելքների հաղթահարում և այլ գործողություններ։ Զորավարժությունների ուղերձը հարևան երկրներին խաղաղության, բարեկամության և կայուն անվտանգության ամրապնդումն է, իսկ թշնամիներին՝ ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի պատրաստ լինելը՝ պաշտպանելու երկրի սահմաններն ու պատասխանելու ցանկացած սպառնալիքի։

Տարածաշրջանի աշխարհագրության փոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար, հայտարարել է ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ Իրանը հավատարիմ է եղբայրության և բարեկամության քաղաքականությանը, քանի դեռ թշնամիները դավադրություն չեն նախապատրաստում։

«Մենք մեր հարևաններին կոչ ենք անում իրենց խնդիրները լուծել փոխգործակցության և ոչ ռազմական մոտեցումների միջոցով: Եթե մեր շահերը վտանգվեն, ապա մենք չեզոք չենք մնա, կպաշտպանվենք»,- ասել է գեներալ-մայորը:

ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել Ռուսաստան զենքի մատակարարման պատճառով: Իրանն էլ հայտարարել է ԵՄ-ի դեմ պատասխան պատժամիջոցների մասին:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանանին հերքել է Ուկրաինայի վարչապետի՝ ՌԴ-ին իրանական անօդաչուների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը՝ նշելով, որ Ուկրաինայում պատերազմի կողմերից ոչ մեկին զենք չի ուղարկել: Նրա խոսքով՝ Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է աշխարհի ցանկացած կետում պատերազմի հակազդմանը, և Իրանն իր հնարավորությունների չափով սեփական ջանքերն է գործադրում ուկրաինական ճգնաժամի դադարեցման համար:

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Բրյուսելն Ուկրաինայում մարտական գործողություններին Իրանի մասնակցության «կոնկրետ ապացույցներ» է փնտրում։

20-ից ավելի պետություններ հետաքրքրված են իրանական մարտական ԱԹՍ-ների մատակարարմամբ:

 

Թուրքիա

 

Թուրքիայի զինվորականները հոկտեմբերի 18-ին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ են փորձարկել: Նախագծի վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հրապարակվել:

Թուրքիայի պաշտպանական ծախսերը 2023 թ. կհասնեն ռեկորդային 25,2 միլիարդ դոլարի։ Մինչ այդ, Թուրքիայի ռազմական ծախսերն ամենաշատը եղել են 2019 թվականին՝ 20,6 մլրդ դոլար, անցյալ տարի՝ 15,4 մլրդ դոլար։

Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է Թուրքիայում գազային հանգույցի հարցի շուրջ: Էրդողանը էներգետիկայի նախարարությանը հանձնարարել է սկսել գազաբաշխիչ հանգույցի ստեղծման աշխատանքը: ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նշել է, որ Թուրքիայի տարածքով ռուսական գազի տարանցման հավանական ծավալը կարող է հասնել տարեկան 63 մլրդ խորանարդ մետրի։

Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները «Կովկասյան արծիվ-2022» միջազգային զորավարժությունների շրջանակում Վազիանիի զորադաշտում ցուցադրական վարժանք են կատարել։

Շվեդիայի նոր կառավարությունը խոստանում է կատարել Թուրքիայի հետ պայմանավորվածությունը, որը ճանապարհ է հարթում ՆԱՏՕ-ին միանալու գործընթաց սկսելու համար:

Եվրամիությունը և Թուրքիան մտադիր են աշխատանքային խումբ ստեղծել՝ կողմերի միջեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւանքով առաջացած լարվածությունը հաղթահարելու համար։ Համատեղ ջանքերը ուղղված կլինեն Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներից Թուրքիայի միջոցով խուսափելու ռիսկը նվազագույնի հասցնելուն:

«Այս պահին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր չէ»,- ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #32 (1454) 19.10.2022 - 25.10.2022, Տարածաշրջան


21/10/2022