Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԺՎԱՐ ՈՒՍՄԱՆ ՄԵՋ, ՀԵՇՏ՝ ՄԱՐՏՈՒՄ



ԴԺՎԱՐ ՈՒՍՄԱՆ ՄԵՋ, ՀԵՇՏ՝ ՄԱՐՏՈՒՄՈւսումնական գումարտակում շուրջ երեք ամիս ծառայող ժամկետայիններն  արդեն հասցրել են լսարանային պայմաններում բավարար գիտելիքներ ձեռք բերել զինվորական գործի վերաբերյալ և դրանք կիրառել գործնականում՝ վարժադաշտում ծավալված ուսումնական կետերում։ Օրերս եղանք սահմանամերձ զորամասերից մեկում և ուսումնական ու գործնական պարապմունքներից հետո զրուցեցինք ուսումնական գումարտակում ծառայող նորակոչիկներից մի քանիսի հետ:

-Հատկապես վերջին դեպքերից հետո մենք պետք է պատասխանատվություն վերցնենք մեզ վրա լինելու ամենալավը, ամենապատրաստվածը, ամենամարտունակը, վստահ լինեք, որ հարկ եղած դեպքում թշնամուն կտանք արժանի հակահարված: Այդ տրամադրվածությամբ էլ ամեն օր սովորում ենք, ինքնակատարելագործվում: Իմ զենքը «ֆագոտն» է: Մեծ սիրով ու ջանասիրաբար սովորում եմ այդ զինատեսակի հետ կապված ամեն ինչ, օրեցօր հմտանում եմ, որպեսզի հարկ եղած ժամանակ լավագույնս դրսևորեմ ինձ,- մեզ հետ զրույցում անկեղծանում է նորակոչիկ  Գերասիմ Զեյնալյանը:

-Մարտունակ զինվոր դառնալու համար ջանք ու եռանդ չեմ խնայում: Հիմա առավել ևս գիտակցում եմ, որ լավ սովորելով և իմ զինվորական մասնագիտության մեջ հմտանալով միայն կկարողանամ պետք գալ Հայրենիքին և հարկ եղած դեպքում գերազանց կատարելով առաջադրված մարտական ցանկացած խնդիր,- ասում է նորակոչիկ Բախշի Խաչատրյանը:

Մասնագիտական պատրաստության դասերը անցնում են հետաքրքիր ու հագեցած. ընդգծում են ոչ միայն նորակոչիկները, այլ նաև փորձառու սերժանտները՝ սեփական փորձով օգնելով նրանց ճիշտ ու հստակ կատարել մարտավարական ու մասնագիտական բոլոր հնարքներն ու հմտությունները։

ԴԺՎԱՐ ՈՒՍՄԱՆ ՄԵՋ, ՀԵՇՏ՝ ՄԱՐՏՈՒՄ-Փորձում եմ իմ ենթականերին ուսուցանել այնպես, որ առավելագույնս տիրապետեն իրենց հաստիքային զենքին, որպեսզի հետագայում կարողանան պատվով ու ճիշտ կատարել առաջադրված ցանկացած խնդիր: Նորակոչիկները ունեն ձգտում լավ սովորելու, խելացի տղաներ են, տրամադրված են մարտական: Նրանք գիտակցում են, թե ինչի համար են այստեղ: Նրանք ուզում են և կկարողանան պաշտպանել մեր Հայրենիքի սահմանները,- իր ենթակաների մասին այսպես արտահայտվեց սերժանտ Արշալույս   Այվազյանը:

-Պարապմունքների ընթացքում շեշտը դնում ենք զինվորական կարգապահության և մարտական պատրաստության բոլոր բաղադրիչների ուսուցման վրա: Դժվար ուսման մեջ, հեշտ՝ մարտում,- ասաց ուսումնական հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Հակոբյանը:

Մարտունակ զինվոր դառնալու ճանապարհը  նորակոչիկներն անցնում են իրենց հաստիքային զենքի ու զորատեսակի լավագույն մասնագետները դառնալու հստակ տեսլականով: Անձնվիրաբար ծառայում են, քայլ առ քայլ առաջադիմում, սովորում ու հմտանում։

-Նորակոչիկների՝ զենքից ճիշտ օգտվելու և այն անվտանգ կիրառելու, անսխալ նշան բռնելու և թիրախը խոցելու հմտությունները կատարելագործվում են օրեցօր ու ժամ առ ժամ,- վստահեցրեց հրամանատարի տեղակալը։

Ուսումնական առօրյան շարունակվում է ֆիզպատրաստության պարապմունքներով։ Սա եւս օրվա կարգացուցակի պարտադիր ու կարևոր բաղադրիչներից է. ոչ միայն առողջ ապրելակերպ պետք է վարել, այլ նաև մարտական առաջադրանք կատարելիս ուժեղ, ճկուն ու դիմացկուն լինել։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #31 (1453) 12.10.2022 - 18.10.2022, Ազգային բանակ


14/10/2022