Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«…ՈՐ ԴՈՒՔ ԱՊԱՀՈՎ ԶԳԱՔ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ»



«...ՈՐ ԴՈՒՔ ԱՊԱՀՈՎ ԶԳԱՔ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ»Հայրենիքի պաշտպան, հերոս զինվոր, սպա, կամավոր արտահայտությունները, որ Արցախյան ազատամարտից տարիներ անց, հարաբերական խաղաղության տարիներին, երբեմն արտաբերել ենք նաեւ պաթոսի որոշակի չափաբաժնով, այսօր այլևս պարզ ու անհերքելի առօրյա իրողություններ են: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը ձգվում ու ժամանակ առ ժամանակ ուղղակիորեն թակում է բոլորիս դռները, հուշելով. «Ես այստեղ եմ, չմոռանաք իմ մասին»: Իսկ իսկական, հզոր տղաները, ինչպես միշտ, իրենց գործին են. կռվում են, հերոսանում, նաև զոհվում՝ հանուն Հայրենիքի: Այսօր էլ նրանք մեր սահմանն են պաշտպանում օտար քամիներից, ինչպես մեր լեռները: Բառացիորեն կյանքի ու առողջության գնով մեր տղաները՝ սպաներն ու զինվորները, հարկ եղած դեպքում՝ կամավորները, մեր այսօրվա խաղաղ ու անհոգ կյանքն են ապահովում սահմանից: Իրենք հստակ գիտեն իրենց գործը ու գիտեն, որ այն արդա՛ր է:

 

Ծառայողական տարին չբոլորած ժամկետային զինծառայողներն այսօր արդեն մասնակցում են մարտական ամենալուրջ ու վտանգավոր գործողություններին: Ամիսներ առաջ ակնարկ էի գրել զինծառայության մեկնելուց անմիջապես առաջ իր ամուսնության արարողությունը «Եռաբլուրում» իրականացրած մեր զինվորներից մեկի՝ Խաչիկի մասին, իսկ այսօր նա արդեն պատերազմի մասնակից է: Նրանց մարտկոցը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններում իր խնդիրը պատվով է կատարել:

…Խաչիկի հայրը՝ Գրիգորը, զինվորական վերականգնողական կենտրոնում բուժում էր ստանում, երբ իմացավ մարտական գործողությունների մասին: Սիրտը կանխազգում էր մի բան. նախորդ երեկոյան, երբ Խաչիկը զանգել էր տուն, զգուշացրել էր նրան՝ «Առավոտյան ժամը 5-ից տղաներին կարթնացնե՛ս, պատրա՛ստ կլինեք. մի բան լինելու է»: «Ինչ-որ բա՞ն գիտես, պա՛պ»: «Չէ՛, տղա՛ ջան. սիրտս է անհանգիստ»: 44-օրյա պատերազմից մի օր առաջ էլ ընկերների շրջանում ասել էր. «Պատերազմ է լինելու»: Ընկերները հետո զարմանքով հիշում էին նրա խոսքերը:

-Երբ լսեցինք, որ մարտեր են ընթանում, այդ գիշեր վերականգնողական կենտրոնի ամբողջ բուժանձնակազմով ու ինձ հետ բուժվող զինվորական, պայմանագրային տղաների հետ արթուն լուսացրինք: Գրեթե բոլորը 44-օրյա պատերազմի մասնակիցներ, պատերազմով անցած զինվորականներ էին: Տղաներից մեկը, որ հաշմանդամ է, հենց իմացավ, վեր կացավ, թե՝ գնում եմ: Մի կերպ համոզեցինք, որ այդ վիճակում իմաստ չունի իր գնալը:

Ժամը 2:00-ի կողմերը՝ քիչ թե շատ հանդարտ մի պահի, Խաչիկը զանգեց. «Պա՛պ ջան, լավ ենք, հանգի՛ստ եղեք, հերներն անիծում ենք»: Ես էլ արագ-արագ, ձայնիս հանգիստ տոն տալով, ոգևորում էի. «Դե, տղե՛րք ջան, կռի՛վ տվեք, ձե՛զ տեսնեմ: Հետո հարմար պահ լինի՝ էլի կզանգես»: Խոսեցի, հեռախոսն անջատեցի, գլուխս բարձրացրի, տեսա՝ բոլորը շուրջբոլորս արցունքների մեջ էին… Մինչև լույս այդպես անհանգիստ ու անհամբեր նստեցինք: Առավոտյան ժամը 8-ն էր, Խաչիկը զանգեց. «Պա՛պ, մեր հրանոթը չի լռում. ալիք-ալիք գալիս են. անթիվ-անհամար: Մի ալիքը վերացնում ենք, մյուսն է առաջ գալիս»: «Ձեր միջից վիրավոր, զոհված հո չկա՞»: «Չէ՛»: «Դե, խփե՛ք, կռվե՛ք, տեսնենք՝ ինչ է լինում»: Հաջորդ անգամ, երբ հարմար եղավ զանգել, ասաց. «Պա՛պ, բոլորին վերացրել ենք: Մեր ուղղությունն արդեն հանգիստ է»:

Մի քանի օր անց Գրիգորը հոր՝ Արցախյան ազատամարտի հրամանատար Հրաչ Թադևոսյանի մարտական ընկերների հետ գնացել էր տղաներին տեսության: Տղաների հետ հանդիպումը Գրիգորին շատ էր ոգևորել. «Թեև ընկերներ էին կորցրել, բայց դա միայն ավելի էր ամրացրել նրանց մարտական ոգին, կամքը: Ու դա ինձ շատ ուրախացրեց: Ամո՛ւր են մեր տղերքը: Պատմեցին իրենց կռվից, խոսեցինք ամբողջ գիշեր: Խաչիկի դիրքերը ավելի հետևում էին: Նրա ընկերներից մեկը, որ առաջին գծում էր, հրաշքով էր ողջ մնացել: Մեր հանդիպման օրը այնտեղ էր, պատմեց. «Մոտ 400 հոգով հարձակվում էին, մինչև հասնում էին մեր դիրքերին, մի քանի հոգի մարդ էր ողջ մնում»:

…Ցանկությունս այս տղաներին խաղաղությունն է: Բայց, իհարկե, ես  գիտակցում եմ, որ խաղաղությունը միշտ էլ հաղթանակի պտուղն է: Ծիրանն առանց ծիրանենու կլինի՞: Ցավոք, ցեղասպանություն գործած և դա չխոստովանող թշնամին մեզ այլընտրանք չի թողնում: Ես վստահ եմ, որ մեր մեջ ճիշտ ներուժ կա, որը եթե մեկտեղվի, կարելի է բոլոր վտանգների առաջն առնել:

«...ՈՐ ԴՈՒՔ ԱՊԱՀՈՎ ԶԳԱՔ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ»…Մեր գյուղից Արարատի գեղեցիկ պատկերն է բացվում: Մի օր մի հավատացյալ քրիստոնյա ամերիկացի էր եկել մեր գյուղ՝ հատուկ Սուրբ լեռը մոտիկից տեսնելու նպատակով: Նա մեզ՝ գյուղացիներիս դառնալով՝ ասաց. «Ամեն անգամ Արարատին նայելիս պետք է հիշեք Նոյին, որը իջավ այդտեղ իր տապանից, ու կարևորը՝ հիշեք, որ այն մարդը, ով հույսը Աստծո վրա է դնում և արդար է ապրում, եթե անգամ աշխարհն էլ կործանվի, Աստված նրան պահելու է»: Զարմացանք: Մենք, որ ամեն օր աչքներս բացում ու տեսնում ենք Սուրբ լեռը, չէինք մտածել այս մասին: Եվ ճշմարտություն կա նրա ասած խոսքերում. Արարատը վկայում ու ազդարարում է՝ «Նա, ով հավատա, կփրկվի»:

Խաչիկի հետ կարճատև զրույցն էլ ոգևորիչ էր: Ինչպե՞ս էր պատկերացնում, ի՞նչ սպասելիքներ ուներ ծառայության մեկնելիս, ու ինչպիսի՞ն էր նրա առաջին մարտական  իրական փորձը՝ հարցիս Խաչիկը պատասխանեց.

-Շատ ավելի լավ, քան պատկերացնում եք: Ցավալին այն է, որ զոհեր ունեցանք, տարածքի կորուստ: Ուժերն, ինչպես միշտ, անհավասար էին, բայց դա մեզ չէր խանգարում. մենք մեր խնդիրը կատարեցինք շատ լավ:

Այդ օրը ես հերթապահության էի: Գիշերվա 12:00-1:00-ի կողմերը տարածքից բարձր պայթյունի ձայներ էին գալիս, երկինքը լուսավորվում էր: Մտածեցինք, որ հրետանի է աշխատում, բայց ավելի ուշ պարզվեց՝ «Բայրաքթարներն» էին: Զանգեցի գումարտակի հրամանատարիս. հրամայեց՝ «Տագնապ. տեղերո՛ւմ»: Ամբողջ զորքին արագ արթնացրինք, պատրաստ կանգնեցինք մեր դիրքերում: Անմիջապես մեզ սկսեցին նշանաթվեր տալ: Որպես հաշվարկի «համար»՝ լիցքավորող, այդպիսի ինտենսիվությամբ երբևէ չէի կատարել իմ մասնագիտական գործը: Բացի առաջնագծից մեզ կապ տվող և կրակ խնդրող մեր ընկերներից ոչ մի բանի մասին չէինք մտածում: Հակառակորդի առաջխաղացումն էինք կասեցնում մեր կրակով, օգնում յուրայիններին: Իմ մասնագիտական պարտականությունները, թերևս, ամենածանրն էին՝ արկերը տեղափոխելը, լիցքավորելը: Շուրջ 90 արկ միայն մեր հաշվարկն է կրակել:

Մեր մարտկոցով, մեր հաշվարկով գործել ենք ուժերի գերլարումով: Ոչ մեկը չի թերացել: Արագ կրակում ու դիրքավորվում էինք. «Պատրա՛ստ ենք, կրակե՞նք»,- հարցնում էինք անհամբեր: Մեր մարտկոցի հրամանատարը՝ կապիտան Թադևոսյանը, բոլորիս հանդեպ հոր պես էր: Նա քառօրյա պատերազմի մասնակից է, հմուտ հրամանատար: Նա էլ էր անհամբեր նշանակետերի սպասում, որ մեր օգնությունն ավելի արագ ու ավելի մեծ լիներ առաջնագծի տղաներին:

Իմ հաշվարկի հրամանատարը հիշում է, թե մի քանի արկ շատ արագ իրար հետևից լիցքավորելուց հետո ինչպես էի ծարավել: Հիմա արդեն հումորով ենք հիշում, թե ինչպես էի նրան խնդրում՝ «Ջո՜ւր տուր, մի կում ջո՜ւր»: Բայց «դիմացինները» չէին թողնում. դրա ժամանակը չէր: Մի պահ դադար եղավ, ու փորձեցի ծարավս հագեցնել, բայց մի կում չարած՝ էլի կրակելու հրաման ստացանք:

Առաջնագծից հրետակոծության հետևանքով զոհեր տալով՝ մերոնք ստիպված են եղել նահանջել որոշ տեղանքներից: Չգիտեմ՝ որն էր թշնամու վերջնական նպատակը, բայց փաստն այն է, որ մեծաթիվ զորքով գրոհում էին մեր դիրքերի ուղղությամբ, իսկ դիրքեր էին հասնում արդեն… փոքրաթիվ խմբերով: Ընկերս, որ առաջին գծում էր, պատմում է, որ անընդհատ հայտնվում էին տարբեր ուղղություններից: Եվ մեծամասնությանը մերոնք ոչնչացրել են: Երբ լսում էինք, թե որքան զոհեր է տվել թշնամին միայն մեկ օրվա ընթացքում, հասկանում էինք, որ խնդիրը իրոք լավ ենք կատարել:

Մինչև ամսի 13-ը չէինք պատկերացնում, թե մարտն ինչ է: Հիմա արդեն թե՛ ոգով, թե՛ մասնագիտական հմտությամբ շատ ավելի պատրաստված ենք: Կարեւորը ոչ մի խուճապ չկա, ու մեծ ցանկություն ունենք մեր զոհված ընկերների վրեժը լուծելու, կորցրած տարածքները հետ բերելու:

…Վտանգ կար, որ մենք էլ հրետակոծության տակ կհայտնվեինք, բայց մեր կյանքի մասին չէինք էլ մտածում: Մեր արագ գործողությունների շնորհիվ է, որ մեծ թվով արկ ենք «ուղարկել» թշնամուն: Մարտերից հետո շատերից ենք լսում, որ մեր կրակը ճակատագրական դեր է խաղացել իրենց համար: Ու կարևորը դա է:

Մենք այստեղ ձեր մասին ենք մտածում,- Խաչիկի ձայնն այնքան ջերմ է ու անկեղծ:- Ամենակարևորը մեզ համար այն է, որ դուք ապահով զգաք թիկունքում: Կարևոր է մեր հարազատների, ընտանիքի, բարեկամների, մեր ազգակիցների ու մեր Հայրենիքի ազատ, ապահով ու խաղաղ կյանքը: Ու մենք կանգնած ենք այստեղ դրա՛ համար:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #31 (1453) 12.10.2022 - 18.10.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/10/2022