Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸՏագնապ ազդանշանը ստանալուն պես դիրքի ավագ Գրիշա Ծուղունյանի ստորաբաժանումն արագ դիրքավորվում է ու մարտի բռնվում  ադրբեջանական մեծաթիվ ուժերի դեմ։

-Դիպուկ կրակով սկսեցինք ճնշել թշնամուն՝ թույլ չտալով  մոտենալ: Բոլորս մեկ մարդու նման, մեկս մյուսին պահելով ու աջակցելով աննահանջ կռվել ենք,- հիշում է դիրքի ավագը:

-Տեղավորվեցինք մեր խրամաբջիջներում ու համար մեկով սկսեցինք կրակել: Մոտ մեկ ժամ տևած հրետանային փոխհրաձգությունից հետո թշնամին անցավ հարձակման: Մեր ստորաբաժանումն անցավ շրջանաձև պաշտպանության ու գրագետ գործողություններով փախուստի մատնեց թշնամուն: Մարտի դաշտում նրանք թողեցին տասնյակ դիակներ: Անձամբ ես լիցքավորված պահունակներ ու նռնակներ էի հասցնում իմ կռվող ընկերներին,- պատմում է ժամկետային զինծառայող Գոռ Մուշեղյանը:

-Մեր մարտական ոգին բարձր է: Մենք մեր Հայրենիքն ենք պաշտպանում ու պաշտպանելու ենք մինչև վերջ,- վստահեցնում է դիրքապահ Ժորա Մելիքյանը:

Առաջնագծի այս հատվածում թշնամին միաժամանակ մի քանի մարտական դիրքերի ուղղությամբ է հրետանի աշխատեցրել: Մեր տղաներն անգամ սաստիկ հրետակոծության պայմաններում  խուճապի չեն մատնվել, ավելին, կազմակերպված պաշտպանվել ու համարժեք գործողություններով փախուստի են մատնել թշնամուն:

Նման դրվագները շատ են: Խրամատում թրծված ընկերությամբ, միասնաբար, մեկը մյուսին օգնելով ու գոտեպնդելով, իրենց երդմանն ու առաքելությանը հավատարիմ, Հայրենիքի պաշտպանները շարունակում են մարտական հերթապահությունը:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ