Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ 10 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում ժողովրդական հուզումների հետևանքով Ռուսաստանի ռազմարդյունաբերությունը կարող է կորցնել շուրջ 10 մլրդ դոլարի պատվեր:
Կորսված ամենամեծ շուկան լիբիականն է. 2010թ. Ռուսաստանն ու Լիբիան կնքել էին 1.3 մլրդ եվրոյի պայմանագիր, որի համաձայն` Ռուսաստանը այդ երկրին պետք է մատակարարեր մի քանի տասնյակ տանկ, մոտ 20 մարտական ինքնաթիռ, «Ֆավորիտ» զենիթահրթիռային առնվազն 2 համալիր, ինչպես նաև արդիականացներ ավելի քան 140 տանկ և այլ սպառազինություն:

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՄՆ-Ը ԿՎԱՃԱՌԻ ԿՐԿՆԱԿԻ ՇԱՏ ԶԵՆՔ, ՔԱՆ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ

ԱՄՆ-ը 2011թ. ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, կարտահանի 46.1 մլրդ դոլարի սպառազինություն: Դա համարյա կրկնակի ավելի է, քան անցյալ տարի:
2000-ական թթ. սկզբում ԱՄՆ-ը արտահանում էր 10 մլրդ դոլարի սպառազինություն: 2005թ. հետո այդ ցուցանիշը եռապատկվեց: Իսկ 2005-2010թթ. ԱՄՆ-ը արտահանել է 96.1 մլրդ դոլարի սպառազինություն: Ներկայում ԱՄՆ-ը ունի աշխարհի 165 երկրների հետ կնքված 13000 պայմանագիր, որոնց համաձայն` պետք է վաճառի 327 մլրդ դոլարի սպառազինություն:

ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՄՈՍԿՎԱՅԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ «ՀՆԱՑԱԾ Է»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակման ռուսական ծրագիրը համարել է միջոցների զուր վատնում և Մոսկվայի «հնացած մտածելակերպի» վկայություն: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում, ինչի ապացույցը հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցելու հրավերն է Մոսկվային:
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը այդ կապակցությամբ հայտարարել է, որ սպառազինությունների նախագծման ծրագրի կազմումը իրենց երկրի ներքին գործն է, և իրենք երկրի պաշտպանությունը ապահովելու են այն բոլոր միջոցներով, որոնք անհրաժեշտ են համարելու:

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿՏԵՂԱԿԱՅՎԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ

Լեհաստանն ու ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել 2013թ. երկրի ռազմական հզորությունն ամրապնդելու նպատակով Լեհաստանում ամերիկյան մարտական ինքնաթիռներ և ուսուցանող անձնակազմ տեղակայելու մասին: F-16 կործանիչներից և C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռներից, օդաչուների պատրաստման մասնագետներից բացի, ամերիկացիները նախատեսում են Լեհաստան ուղարկել նաև մինչև 30 հոգանոց մարտական ստորաբաժանում:

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը անօդաչու թռչող ապարատների համար գաղտնի ավիաբազա կկառուցի Պարսից ծոցում: Անօդաչուները կօգտագործվեն տարածաշրջանի երկրներում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների ժամանակ:

ՉԵԽԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԻԱՆԱԼ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Չեխիան հրաժարվել է Եվրոպայում ծավալվող ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգին միանալուց: Այդ մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վոնդրան` նշելով, որ իրենք պատրաստ են համագործակցել ԱՄՆ հետ, բայց ոչ` ներկայիս ձևաչափով:
ՀՀՊ համակարգին Չեխիայի մասնակցելու հարցը քննարկվել է դեռ ԱՄՆ նախորդ նախագահ Ջորջ Բուշի օրոք: Նախնական ծրագրերի համաձայն` այդ երկրում պետք է տեղադրվեր ռադար, իսկ հարևան Լեհաստանում` հակահրթիռներ:

ԻՐԱՆԸ ՏԻԵԶԵՐՔ Է ԱՐՁԱԿԵԼ «ՌԱՍՍԱԴ-1» ԱՐԲԱՆՅԱԿԸ

Իրանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Ռասսադ-1» արհեստական արբանյակը: Տիեզերական ապարատը 260 կմ բարձրության է հասցվել «Սաֆիր» հրթիռի միջոցով: «Ռասսադ-1»-ը կարող է օրական 15 անգամ պտտվել երկրի շուրջը և լուսանկարահանել:

Իրանի տիեզերական ծրագիրն սկսվել է 2008թ., 2009թ. սեփական ուժերով արձակել է առաջին արբանյակը: Այժմ իրանական տիեզերական գործակալությունը ձևավորում է սեփական արբանյակների ուղեծրային խմբավորում, իսկ մինչև 2020թ. նախատեսում է տիեզերք ուղարկել իրանցի առաջին տիեզերագնացին: