Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#01 (1172) 11.01.2017 – 17.01.2017

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Ամանորին ընդառաջ խմբագրության փոստն ուղղակի հեղեղված է սահմանում դժվարին ու հերոսական ծառայություն իրականացնող հայ զինվորին հասցեագրված դպրոցահասակ երեխաների նամակներով, որոնցում հայրենիքի պաշտպանին ուղղված փոքրիկների անկեղծ-սրտաբուխ ցանկություններն ու մաղթանքները մինչեւ հոգու խորքը հուզում են մարդկանց:

ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ

Ամանոր է: Երևանից դուրս ես գալիս, եւ մոռացվում են տոնական շունչն ու գունագեղությունը։ Ճանապարհի երկայնքով տարածվում են սպիտակ ու ամայի դաշտերը, արահետները… Հեռվում Արարատ լեռն է` հաղթական ու վեհ… Ճանապարհը ձգվում է մինչև Վեդի քաղաք: Հասնում ենք գերեզմանատուն… Ապրիլյան չարաբաստիկ այդ օրը պատմության սպիտակ էջի վրա արյունով գրվեց ևս մի անուն` Անդրանիկ Զոհրաբյան… Ծաղիկներով ամփոփված սառած հողաթմբի տակ հանգչում է նա… Օդը սառն է, մաքուր, բայց դժվար է շնչելը։ Կյանքը կարծես կանգ է առել այս շիրիմի ու նրա շուրջ տարածված լռության մեջ։ Հերոսի գերեզմանին այցի եկել է հերոս ընկերը` Վակը՝ Վարդգես Ումրիկյանը։

ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՌԱՋ

Արթուր Գևորգյանը ծնունդով Կոտայքի մարզի Զովք գյուղից է: Այնքան էլ վաղուց չէ, որ զորացրվել է: Ծառայությունից վերադարձել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Քառօրյա պատերազմական գործողությունների մասնակից է, եւ ապրիլյան դեպքերը նրա հիշողության մեջ դեռ թարմ են:

ՁՄԵՌ ՏԱՏԸ

Գյուղը հենց սահմանի բերանին էր։ Թշնամու տարածքները գյուղին ավելի մոտ էին, քան հայկական շեները։ Մի կողմում թշնամին էր, մյուս կողմում՝ անտառը, որ հիմա դարձել էր ավելի դավադիր ու վտանգավոր։ Գյուղի դաշտերը, հողատարածքները անմշակ էին, կծղած։ Հողը մշակելու ամեն փորձ ծանր էր նստում հայ գյուղացու վրա. թշնամին գնդակների տարափ էր տեղում ու հողի մեջ սերմ ու հունդի փոխարեն երկաթե պարկուճներ «ցանում», իսկ անջրդի մնացած հողերը հայ գյուղացու արյամբ էին հեղվում։ Թշնամին այնքան էր լկտիացել, որ մութ գիշերով համարձակվել էր գյուղ մտնել, տան մեջ մորթել էր կնոջն ու պատանդ էր տարել նրա ամուսնուն:

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ

Ամանորից մի տասը օր առաջ էր: Զինվոր տղաների` Արմենի, Նորիկի, Հակոբի, Սահակի զորացրման ժամանակն էր եկել: Տղերքը անսահման ուրախացել էին հարազատների հետ մոտալուտ հանդիպումից եւ միաժամանակ անսահման տխրել. երկու տարի միասին էին ծառայել: Կատակ բան չէ` երկու տարվա ամեն օրը դիմավորել էին միմյանց բարի լույս մաղթելով, իրար հետ հազար ու մի դժվարություն կիսելով: Բա դիրքերում ինչքան էին մտերմացել… Մեկը մյուսի մասին ամեն ինչ գիտեր, մեկը մյուսի բարբառն այնպես էր յուրացրել, ասես հազար տարի էդպես էր խոսել: Հիմա բոլոր անհաշտությունները, փոքր ու մեծ վեճերը մոռացվել էին, միայն լավն էր հիշվում…

ՍԵՐԺԱՆՏ ՍԱՆԿՈ

Հաճախ այն տպավորությունն եմ ունեցել, թե կյանքում ամեն ինչ՝ ինձ համար անհետևանք, սահում-անցնում է իմ վրայով, և միայն մահն է, որ ժամանակ առ ժամանակ արթնացնում, զգաստացնում է թմրած զգացմունքներս, ստիպում հիշել անցյալը… Այլ բան է հուշը, որ ճշգրտորեն վեր է հանում, վերականգնում է անցած-գնացած դեպքերն ու փաստերը՝ հարկադրելով վերապրել եղելությունը՝ դավ, ավեր, պատերազմ…

ԿԱՐՈՂ ԵՄ ՎԿԱՅԵԼ

Բացեցի Գագիկ Սարոյանի «Դիցաբանական ապագա» բանաստեղծությունների ժողովածուն, ու առաջին տողից հաճելի մի կարոտախտ պարուրեց ինձ: Վաղուց այսպիսի վայելք չէի ստացել բանաստեղծություն կարդալուց: Շրջեցի գիրքը, որ տեսնեմ՝ ով է հեղինակը և կարդացի՝ «ծնվել է Գյումրիում, գրել է «Բաց դուռ», «Տարածական ծաղիկ» բանաստեղծական գրքերը, մասնակցել է Արցախյան պատերազմին, պարգևատրվել է «Շուշիի ազատագրության համար» և «Արիության համար» մեդալներով: Մտքովս անմիջապես անցավ` «մեր մարդն է»: