Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (1105) 17.09.2015 – 23.09.2015

ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՈՒԺԸ. ՃՇՄԱՐԻՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Երբեմն տարբեր մակարդակի «փորձագետներից կամ վստահելի աղբյուրներից» կարծիքներ են հնչում, թե ՀՀ զինված ուժերի մասին ամբողջական տեղեկատվություն չի տրամադրվում մեր հասարակությանը, պատկան մարմինները չեն հայտնում բոլոր միջադեպերի, արտակարգ պատահարների մասին, սահմանին մեր ունեցած զոհերի և վիրավորների իրական թիվն էլ կոծկում են: Նման «հեղինակավոր» կարծիքներ լսելով՝ ժողովրդի մի ստվար զանգված չի կարողանում ձերբազատվել այն թյուր մտածելակերպից, թե` «բանակի մասին խոսում են լավ կամ ոչինչ»: Օրերս էլ հրապարակումներ եղան, թե զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան ելքով դեպքերը գաղտնագրվում են: Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ տվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա մասնավորապես նշեց, որ գաղտնիք են համարվում ոչ թե կոնկրետ դեպքը, այլ զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխմամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երեւույթին, խիստ մտահոգված է եւ փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ:
Ինչ վերաբերում է սահմանագոտում իրականացվող թռիչքներին, ապա հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. «ՇԱՆԹ-2015»

Սեպտեմբերի 11-ն է: ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» ուսումնական կենտրոնի զորավարժարանում ժամեր անց կմեկնարկի «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ակտիվ գործողության փուլը: Նախքան մեկնարկը զորավարժության շտաբի ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ շրջում են զինտեխնիկայի ցուցադրության տաղավարներում: Այստեղ ներկայացված է ե՛ւ հայկական արտադրության զինտեխնիկան` հրազեն, զինամթերք ու սարքավորումներ, նաեւ «Կռունկ», «Բազե» անօդաչու թռչող սարքեր, ե՛ւ ՌԴ 102-րդ ռազմակայանի զինտեխնիկան՝ համազարկային կրակի «ՍՄԵՐՉ» ռեակտիվ կայան, «Ս-300Վ» եւ «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ:

ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ ԼԵԳԵՆԴԸ

1990-ականներին չափազանց ծանր իրավիճակ էր ստեղծվել Հայաստանի և սահմանադրական ճանապարհով իր ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու հայտ ներկայացրած Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմող հայերի համար: Հակամարտությունն ի սկզբանե ցույց տվեց, որ խորհրդային իշխանությունները կամք ու ցանկություն չունեն լուծելու կուտակված ազգային հարցերը: Սակայն Սումգայիթում, Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը, Երեւանում ու Արցախում պարետային ժամ մտցնելը, խորհրդային բանակի օգնությամբ ադրբեջանցիների հարձակումները հայկական սահմանային բնակավայրերի վրա ոչ միայն չընկճեցին հայ ժողովրդին, այլեւ ավելի ամրապնդեցին նրա անկախության ու ազատության ձգտման կամքը: Ինքնաբուխ կերպով ամենուր ստեղծվեցին կամավորական ջոկատներ, սակայն առանձին գործող այդ ջոկատների գործողություններն այնքան էլ արդյունավետ չէին:

ՃՇՄԱՐԻՏ ԵՄ ԱՍՈՒՄ` ՆՐԱՆՔ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ

Առաջին անգամ պետք է մարտական հենակետում հանդիպեի թշնամու դիվերսիան սանձազերծած հայ զինվորի և կացարանի առջև հավաքված զինվորների հետ, հրամանատար, փոխգնդապետ Ս. Խաչատրյանի առանձին-առանձին ձեռքսեղմումից, զրույցից հետո փորձում էի նրան ճանաչել առանց ներկայացնելու, բայց՝ չհաջողվեց: Թե ինչու` դեռ կասեմ: Տարբերել հնարավոր չէր, որովհետև բոլորն էլ կանգնած էին արտաքինից հպարտ ու ձիգ, իսկ նրանց դեմքերին հոգուց բխող անվրդով խաղաղություն էր, հանդարտություն, իսկ ամենակարևորը` ծիծաղկուն ժպիտ կար դեմքերին` պարզ, անմիջական, ոչ արհեստական: Առաջինը քեզ համար արդեն պարզ է, թե ինչպիսին է զինվոր-սպա, զինվոր-հրամանատարություն փոխհարաբերությունը, և երկրորդը՝ հենց դրանից էլ այն փաստը, որ մեկը մյուսից չես տարբերում, որովհետև բոլորի տրամադրություններն էլ բարձր են, և բոլորն էլ հերոսներն են: Ու երբ հրամանատարը ներկայացրեց շարքային Գարիկ Շահինյանին, ու ես նրա ձեռքը սեղմելով՝ ասացի. «Ահա և հերոսը», նա շատ հանգիստ պատասխանեց. «Այստեղ կանգնած իմ բոլոր ընկերներն էլ հերոսներ են»: Եվ ես ուրախացա, որ այդ խոսքերը ճշմարիտ, ճշմարիտ են ասված:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀ

Հայ օգնության միության (ՀՕՄ) Դավիթաշենի «Էդիկ Մելքումյան» մասնաճյուղը գործում է 2000թ.-ից և այս ընթացքում բազմաթիվ հայրենասիրական ծրագրեր է իրականացրել` ազատամարտիկների մեծարման երեկոներ, հիշատակի միջոցառումներ, այցելություններ սահմանամերձ բնակավայրերում ապրող հայրենակիցներին` նրանց մշտապես ցուցաբերելով նյութական օժանդակություն: Օգոստոսի 10-ից 15-ը ՀՕՄ Դավիթաշենի մասնաճյուղի երիտասարդ համակիրները և «Մասունք» ազգագրական երգի պարի համույթը (ղեկ.՝ Հայարփի Անանյան, Լուսինե Մկրտչյան) ՀՕՄ-ի Դավիթաշենի մասնաճյուղի ատենապետուհի Սուսաննա Թովմասյանի նախաձեռնությամբ Արցախ աշխարհում էին. Բերձոր, Շուշի, Ստեփանակերտ, Վարանդա, Գանձասար, Քարվաճառ, Դադիվանք. ամենուր թնդում էին մեր ազգային երգն ու պարը` ոգեղեն շունչ հաղորդելով տեղի բնակիչներին: ՀՕՄ-ը փոքրիկների համար ևս անակնկալ էր պատրաստել. նվեր փաթեթներում դպրոցական պայուսակներ էին և հեքիաթներ` աուդիո տարբերակով:

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»

նգլիացի հանրաճանաչ գրող Նոել Բարբըրը սերում է նշանավոր ընտանիքից: Գրել է 22 գիրք, որոնցից շատերի առանցքում պատմության խնդիրներն են: Նրա գրքերը բազմիցս վերահրատարակվել են: Վերջին` «Վազող շների պատերազմը» գիրքը Անգլիայում ամենից շատ վաճառված գրքերի շարքում է: Իսկ «Չարագույժ վերջալույսը» ստեղծագործությունը թարգմանվել է ութ լեզուներով:
Նոել Բարբըրի հեղինակած «Ոսկեղջյուրի տիրակալները» պատմական գիրք է: Աշխատությունը հրատարակվել է 1973 թվականին, Անգլիայում: Գրքի սյուժեն ընդգրկում է Օսմանյան 10-րդ գահակալ` Սուլթան Սուլեյմանի օրերից մինչև 1920-ական թվականները` Քեմալ Աթաթուրքի իշխանության պատմական ժամանակաշրջանը, որը հեղինակը բնորոշում է որպես Օսմանյան կայսրության անկման ու քայքայման շրջան: Գիրքն իր բնույթով պատմական վավերաթուղթ է. այդ մասին են վկայում ինչպես օգտագործված աղբյուրները, այնպես էլ կից ներկայացվող բազմաթիվ փաստաթղթերն ու լուսանկարները: «Ոսկեղջյուրի տիրակալները» աշխատությունն ընդարձակ տեղեկություններ է պարունակում Համիդյան ջարդերի` 1894-1896 թթ., Երիտթուրքերի և Մուստաֆա Քեմալի իշխանության գալու և Մեծ եղեռնի մասին: Էնվերից ու Թալեաթից բերված ծավալուն մեջբերումները, ըստ հեղինակի, ապացուցում են Հայոց ցեղասպանության կանխամտածված ու ծրագրված լինելը: