Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#27 (943) 12.07.2012 – 18.07.2012

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ

ԱՄՆ ռազմաօդային ուժերը գերգաղտնի հետախուզական արբանյակ են դուրս բերել ուղեծիր: Որոշ աղբյուրներ նշում են, որ դա անտեսանելիության տեխնոլոգիայով պատրաստված արբանյակ է, որը գրեթե անհնար կլինի հայտնաբերել, իսկ մեկ այլ ուղեծրով կթռչի արբանյակի նմանակը` շեղելով ուշադրությունը իրական օբյեկտից: Նշվում է նաև, որ այն նախատեսված է բալիստիկ հրթիռների փորձարկումների ժամանակ ռադիոտվյալների կալանման համար:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները ավելի մեծ ազատություն կստանան արտասահմանյան պատվիրատուների հետ գործարքներ կնքելիս: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ անհրաժեշտ է ավելի ակտիվորեն գումարներ վաստակել նախկինում արտասահման մատակարարված տեխնիկայի նորոգման և սպասարկման միջոցով, որին խանգարում է համաձայնեցումների չափազանց բարձր մակարդակը: Պատվիրատուների պաշտոնական դիմումների ուսումնասիրությունը, պայմանագրերի նախապատրաստումը, թղթաբանական քաշքշուկը շատ երկար են տևում:

ԿՍՏԵՂԾՎԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ

ՌԴ պետդուման հավանություն է տվել հեռանկարային հետազոտությունների ֆոնդ ստեղծելու մասին օրինագծին: Նոր ֆոնդը կգործի ինչպես ամերիկյան հետազոտական նախագծումների գործակալությունը (DARPA) և կզբաղվի բարձր ռիսկայնության նորարարական մշակումներով: Ներկայացնելով նոր ֆոնդի ստեղծման անհրաժեշտությունը՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը նշել է, որ վերջին քսան տարվա ընթացքում ռազմարդյունաբերական բնագավառում տիրող ոչ բարվոք իրավիճակի պատճառով իրենց շատ դժվար կլինի հասնել արևմտյան գործընկերներին, որոնք առաջավոր տեխնոլոգիաների հարցում չափազանց առաջ են գնացել:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ «ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐՈՎ»

Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները սպառազինության են վերցրել «Инфауна» և МКТК-1А Дзюдоист նոր բազմաֆունկցիոնալ համալիրներ: « Инфауна » ՌԷՊ համալիրը նախատեսված է անձնակազմը և ռազմական տեխնիկան ռադիոկառավարվող պայթուցիկ նյութերից, մերձամարտում հրաձգային զինատեսակներից պաշտպանելու, ինչպես նաև հակառակորդի կապի միջոցները ռադիոճնշելու համար: Նոր համալիրների առաջին չորս միավորները դեսանտայինները փորձարկել են այս տարվա սկզբին: Ներկայումս անձնակազմերը մարտական ներդաշնակում են անցնում ուսումնական կենտրոնում: