Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՄԱՅԵԼ ԷՐ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԴԻԱԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ԱՄՆ ԶՈւ հատուկ գործողությունների հրամանատարությունը ղեկավարող ծովակալ Ուիլյամ Մաքրեյվենը «Ալ-Կաիդայի» ղեկավար Ուսամա բան Լադենին ոչնչացնելուց տասնմեկ օր անց հրամայել է ոչնչացնել մարմնի լուսանկարները կամ դրանք հանձնել ԿՀՎ-ին: Այս մասին հայտարարել են ամերիկյան Judicial Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները, որոնց տրամադրության տակ է հայտնվել համապատասխան էլեկտրոնային նամակը:
Փաստաթուղթը մասամբ է գաղտնազերծվել, դրանում բացակայում են որոշ անուններ, պաշտոններ ու տարեթվեր: Մաքրեյվենի նամակը թվագրված է 2011թ.-ի մայիսի 13-ին:

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՅԱՑԵԼ ԹԱՅՎԱՆԻ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

65 տարվա մեջ առաջին անգամ կայացել են Չինաստանի ու Թայվանի միջև բանակցություններ՝ նախարարական մակարդակում: Ինչպես հայտնում է News.am-ը` երկու երկրների միջև պատմական հանդիպումը կայացել է Նանկինում: Դա երկու երկրների միջև բարձր մակարդակում առաջին հանդիպումն է՝ 1949թ.-ի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, երբ Թայվանն սկսեց ղեկավարել սեփական վարչակազմը: Երկու կողմերն էլ կառուցողական դիրքորոշմամբ են մասնակցում բանակցություններին:

ՀՈՒՅՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և թուրք կիպրացիների առաջնորդ Դերվիշ Էրողլուն համատեղ հայտարարությամբ հաստատել են բանակցությունները շարունակելու իրենց մտադրությունը, որպեսզի հնարավորինս շուտ հնարավոր լինի հասնել կղզու միավորման և դաշնային պետության ստեղծմանը:
Համատեղ հռչակագրում երկու առաջնորդները հայտարարել են, որ ձգտում են ստեղծել միասնական Կիպրոս, որը որպես միասնական պետություն կլինի դաշնային, երկգոտի և երկու համայնքներ ունեցող:

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐՋԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԸ BOEING-ԻՑ ԿՍՏԱՆԱ 2015-ԻՆ

Boeing օդանավաշինական ընկերությունը 2015թ.-ին կավարտի հեռահար ռադիոէլեկտրոնային հայտնաբերման և կառավարման B737 Peace Eagle ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային: Ինչպես հաղորդում է Tert.am-ը, ընդհանուր առմամբ, թուրքական ռազմաօդային ուժերը այդ տիպի 4 ինքնաթիռ պետք է ստանան, որոնցից առաջինը կհանձնվի 2014թ.-ի փետրվարի 21-ին: 2014թ.-ի ավարտին թուրք զինվորականներին կմատակարարվի ևս երկու Peace Eagle մակնիշի ինքնաթիռ, իսկ չորրորդը` 2015թ.-ի ընթացքում:

ԱԼԺԻՐՈՒՄ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 120 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Առնվազն 123 մարդ է զոհվել Ալժիրի արևելքում ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով: Ինչպես հաղորդում է News.am-ը` վթարը տեղի է ունեցել Ում-էլ-Բուախի բնակավայրի մոտակայքում, մայրաքաղաք Ալժիրից մոտ 400 կմ հեռավորության վրա: «Իլ» ինքնաթիռն ուղևորվում էր Թամանրասեթ քաղաքից Կոնստանիտին:

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ

Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասի նորակոչիկները երբեք չեն մոռանա 2014թ. փետրվարի 2-ը: Հենց այդ օրը նրանք կատարեցին իրենց կյանքի ամենակարևոր քայլը, զինվորական երդում տվեցին: Այո՛, երիտասարդ տղաները իրենց ընկերների, հարազատների, հրամանատարների առջև հպարտորեն երդվեցին անգամ կյանքի գնով պաշտպանել հայրենիքն ու հայրենի սրբությունները:

ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԸ ԵՎ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական շրջանում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանդիպումներ ունենալով զորամիավորումների, կայազորների սպայակազմերի հետ, հատկապես կարևորում էր վաշտերի (մարտկոցների) հետ տարվող աշխատանքը և զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների առջև խնդիր էր դնում ավելի ուշադիր լինել նշված ստորաբաժանումների հրամանատարների նկատմամբ և իրենց փորձից ելնելով՝ ցուցաբերել ամենօրյա գործնական օգնություն, որովհետև հենց այդ օղակներում են կյանքի կոչվում մարտական պատրաստության խնդիրները, ինչպես նաև այդ օղակներում են ձևավորվում կրթական, դաստիարակչական տարբեր պատրաստվածություն ունեցող զինծառայողների միջանձնային ե՛ւ դրական, ե՛ւ բացասական երևույթները, նրանց վերաբերմունքը զինվորական ծառայության և զորամասի՝ որպես իրենց ընդհանուր տան նկատմամբ: Իսկ գումարտակի հրամանատարը և ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող սպաները, որոնք ժամանակին վաշտերի (մարտկոցների) հրամանատարներ են եղել, պարտավոր են օգնել և իրենց փորձը փոխանցել զորամասերի հիմքը հանդիսացող ստորաբաժանումների երիտասարդ հրամանատարներին: