Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

54-ամյա ավստրիացի Հարալդ Ալոյիսը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման` հօգուտ Ռուսաստանի լրտեսություն անելու համար: Լինելով ուղղաթիռներ արտադրող «Eurocopter» ընկերության ինժեներ` նա Ռուսաստանի հատուկ ծառայություններին 1997-2002թթ. տրամադրել է ռազմական և քաղաքացիական ուղղաթիռների վերաբերյալ տեղեկատու նյութեր և փաստաթղթեր: Դատարանի վճռում նշվում է, որ Ռուսաստանի նպատակն է եղել տեղեկություն ստանալը հատկապես «Tiger» գրոհային ուղղաթիռի վերաբերյալ:

Չինաստանի ռազմական բյուջեն 2011թ. կավելանա 12.7%-ով և կհասնի 91.7 մլրդ դոլարի:

Համակարգչային անվտանգության գերմանացի փորձագետ Ռալֆ Լանգների կարծիքով, Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված համակարգչային «Stuxnet» վիրուսի ստեղծման հետևում կանգնած է ԱՄՆ-ը, իսկ Իսրայելը սոսկ մասնակցել է այդ գործին:

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անցյալ շաբաթ հաստատեց Լեհաստանում հակահրթիռային համակարգեր և ավիաջոկատներ ծավալելու` Միացյալ Նահանգների մտադրությունը:

Անցյալ շաբաթ իր առաջին հաջող թռիչքը կատարեց ռուսական հինգերորդ սերնդի «Տ-50» կործանիչի երկրորդ նախատիպը, որը ստեղծվել է «Սուխոյ» ավիակոնստրուկտորական բյուրոյում: Առաջին նախատիպի թռիչքը իրականացվել էր անցյալ տարվա հունվարին, որից հետո կատարվել է ավելի քան 40 փորձարկում: Երկրորդ նախատիպն օդում անցկացրել է 44 րոպե:
Ռուսաստանն իր հինգերորդ սերնդի կործանիչը կատարելագործում է 1990-ականներից ի վեր: «Տ-50»-ի մրցակիցներն են ամերիկյան «F-22 Raptor»-ը և «F-35 Lightning II»-ը:

ԱՄՆ-ը մտադիր է Եվրոպան պաշտպանել բալիստիկ հրթիռների` օրեցօր մեծացող սպառնալիքից: ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆ.Փլամբի խոսքով, սպառնալիքն իրական է: Այն չեզոքացնելու համար առաջիկա տասնամյակի ընթացքում ստեղծվելու են հակահրթիռային պաշտպանության համակարգեր ծովում և ցամաքում: Առաջին փուլում նման համակարգեր կստեղծվեն նավերի վրա, իսկ երկրորդ փուլում, որը կսկսվի 2015թ.` նաև Ռումինիայում: ԱՄՆ-ում կարծում են, որ Եվրոպայի վրա բալիստիկ հրթիռներ կարող են արձակվել Միջին Արևելքից, մասնավորապես՝ Իրանից:

ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ

Մեծ Բրիտանիայի ազգային ֆինանսական տեսչությունը գնահատել է պաշտպանության նախարարության կատարած գնումների արդյունավետությունը և հայտարարել է, որ ոչ պատշաճ վերահսկողության պատճառով Eurofighter Typhoon կործանիչների գինն ավելացել է 20 տոկոսով: Մարտական ինքնաթիռների արտադրության և մատակարարման արժեքը աճել է մինչև 20,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ (32,7 միլիարդ դոլար), թեև պատվերի քանակը նվազել է սկզբնական 232-ից մինչև 160 միավոր: Կործանիչներն արտադրում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի կառավարությունների հիմնադրած Eurofighter համատեղ ձեռնարկությունը: